ՀԳՄ 80-ԱՄՅԱԿ / Շնորհավորական ուղերձներ

ԱՎԵԼԻ ՔԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ

Հետանկախության շրջանում հին ֆորմացիայի հասարակական կառույցները կազմաքանդելու վերաբերյալ ազգային-պետական հռչակագրերից զերծ չմնացին ստեղծագործական միությունները, այդ թվում նաև Գրողների միությունը: Փաստարկելով գրողի ստեղծագործական որոնումների անհատական սկիզբը՝ տեսակետ է հիմնավորված, թե այն որևէ առնչություն չունի որևէ միության պարտադրականության հետ, և որպես թե Գրողների միությունը Ստալինի թելադրանքով ստեղծվել է որպես կոմունիստական կուսակցության գաղափարական կցորդ, գրական-գեղարվեստական գործունեությունը սոցիալիստական ռեալիզմի մեթոդով ուղղորդելու կուսակցության գաղափարական պրոպագանդայի հասարակական ինստիտուտ: Նախ չշրջանցենք հարցի տրամաբանական ու փիլիսոփայական դրվածքը՝ մի՞թե անկախ պետականությունը չունի ազգային-պետական գաղափարաբանությանը գրական-գեղարվեստական գործունեությամբ նոր ուղղություն տալու անհրաժեշտությունը: Պատասխանը քննության ենթակա չէ: Ինչ վերաբերում է գրողի տաղանդի անհատականությանը, ապա այն միանգամայն ազատ է Գրողների միության կազմակերպական կանոնակարգի հանդեպ: Անհրաժեշտ է նկատի առնել, որ անկախ գաղափարական վերագրումից, Գրողների միությունը մշտապես ունեցել է նաև իր ներքին, ինքնուրույն խնդիրներն ու մտահոգությունները, իր բազմազբաղ որոնումները, որոնք իմաստավորել են նրա կազմակերպված գործունեու­թյունը: Այս իմաստով, իր գոյության տասնամյակների ընթացքում և հատկապես հիսունական թվականների ռեֆորմացիայից հետո, Գրողների միությունը արձագանքել է հասարակական մտքի ազատականացման, երկրի սոցիալ-ազգային խնդիրների իրականացմանը: Գրողների միությունը ազգի ինտելեկտուալ մակարդակի չափանիշներից մեկն է և իր կարգավիճակով առավել ու հաստատապես ստեղծագործական կառույց է, քան հասարակական կազմակերպություն: Նրա և պետության գործակցությունը նույնքան հավանական է, որքան պետության և եկեղեցու փոխադարձությունը:
Գրողների միությունը սոցիալ-մշակութային ան­հրաժեշտ կառույց է: Այն կոչված է համակարգելու գրական-գեղարվեստական գործունեության ընթացքը, բազմակի միջոցառումներով նպաստելու գրականու­թյան հասարակական ճանաչմանը, կապ ստեղծելու գրականության համաշխարհային զարգացումների հետ, նպաստելու տպագրական-հրատարակչական գործի կազմակերպմանը ու գրողի ստեղծագործական կենցաղի բարեկարգմանը:
Գրողների միության գոյությունը կենսական ան­հրաժեշտություն է: Ե՛վ այսօր, և՛ ապագայում:

Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ

Դպրոցը ավարտեցի 1956 թ., իսկ մեկ տարի անց` 1957-ին, դարձա Գրողների միության անդամ, ընդ որում` ո՛չ համաձայն իմ դիմումի, որովհետև այդ տարիքում չէի կարող նման համարձակու­թյուն ունենալ: Գրողների միությունն ինքը առաջարկեց ինձ դառնալ Միության անդամ: Քանի որ ես Միության շատ հին բնակիչներից եմ, արդեն վարժվել եմ մեր ներքին կյանքի լավ թե վատ կողմերին: Ուրախ եմ, որ այսօր, ի տարբերություն հին օրերի, մեզանում մթնոլորտը շատ ավելի խաղաղ է ու մարդկային: Մաղթում եմ, որ Գրողների միությունը, որ շատերիս տունն է, երկար կյանք ունենա և բանի տեղ չդնի այն հիմար խոսակցությունները, թե այսօր ստեղծագործական միությունները ավելորդ են: Ամեն օրգանիզմ պետք է մահանա բնական ձևով և ոչ թե սրա-նրա ցանկությամբ: Շնորհավորում եմ բոլորիս տոնը` Հայաստանի գրողների միության 80-րդ տարեդարձը:

Պերճ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Գրող­նե­րի միութ­յու­նը նախ շատ թանկ գա­ղա­փար է, ո­րը հղա­ցել է մեծն Հովհ. Թու­ման­յա­նը: Այն պատ­մա­կան երևույթ է, ո­րի ըն­թաց­քի մեջ կարևո­րա­գույն դեր են կա­տա­րել հայ ժո­ղովր­դի հան­ճա­րեղ ու տա­ղան­դա­վոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Գրող­նե­րի միութ­յու­նը ազ­գա­յին և հա­մա­մարդ­կա­յին լու­սա­վոր գա­ղա­փար­նե­րի օր­րան է, նաև առ ար­դա­րութ­­յունն ուղղ­ված մարդ­կա­յին հա­վատն ամ­րապն­դող միութ­յուն: Ես հա­մոզ­ված եմ, որ նրա­նում շա­րու­նա­կում է ապ­րել Մով­սես Խո­րե­նա­ցու ա­ռողջ հայ­րե­նա­սի­րութ­յունն ու բազ­մա­գի­տա­կութ­յու­նը և Վա­հան Տեր­յա­նի` մեր ազ­գին մշտա­պես սթափ պա­հող տագ­նա­պը (Մի՞­թե վեր­ջին պոետն եմ ես, // Վեր­ջին եր­գիչն իմ երկ­րի…): Գրող­նե­րի միութ­յունն ինձ հա­մար նաև հա­վա­քա­կան ազ­գա­յին մտա­ծո­ղութ­յուն է ու ճա­շակ, որն անհ­րա­ժեշտ է ա­մեն ազ­գի ա­ռա­ջըն­թա­ցի հա­մար:

Աե­լի­տա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ

Ես Գրողների միություն ընդունվել եմ այն ժամանակ, երբ Միությունը խորհրդային պետական համակարգի մի մասն էր և յուրատեսակ գրական նախարարության դեր էր կատարում: Այդ կարգավիճակը ուներ և՛ ակնհայտ առավելություններ, և՛ նույնքան ակնհայտ արատներ: Մի կողմից, Գրողների միության անդամները սոցիալական որոշակի հնարավորություններ էին ստանում, օրինակ` բնակարանի հարցը լուծելու: Ես իմ բնակարանը ստացել եմ Գրողների միության կոոպերատիվում, որտեղ գները, այսօրվա համեմատությամբ, շատ ցածր էին: Գրողների միության տրամադրության տակ էին ստեղծագործական տները ամբողջ ԽՍՀՄ տարածքում: ԳՄ-ն ուներ բազմաթիվ պարբերականներ, որտեղ տպագրվում էին հայ գրողների երկերը, ընդ որում, պատվավճարները բավական բարձր էին: Եվ այլն, և այլն… Այս բոլորը երիտասարդ մարդկանց համար շատ գայթակղիչ էր:
Գրողների միությունը շատ մեծ դեր էր կատարում երկրի հասարակական կյանքում, մանավանդ խորհրդային վերջին տասնամյակների ընթացքում: ԳՄ-ն լավ խողովակ էր ժողովրդի և մտավորականության կարծիքը ղեկավարությանը հասցնելու համար:
Բայց ԳՄ-ի բյուրոկրատական ապարատը և աշխատանքի մեթոդները երբեմն շատ ծանր մթնոլորտ էին ստեղծում նույն երիտասարդ մարդկանց համար: Այն հնարավորությունները, որոնց մասին խոսեցի, հմտորեն օգտագործվում էին երիտասարդ գրողների և գրականագետների վրա ճնշում գործադրելու համար: Ըմբոստությունը և անհնազանդությունը ամեն կերպ դուրս էին մղվում ԳՄ գործունեությունից: Իսկական ստեղծագործական մթնոլորտի փոխարեն տիրապետում էին զանազան հաշիվները, այն ամենը, ինչ բնորոշ էր խորհրդային բյուրոկրատական ապարատին: ԳՄ-ի գործունեության այս կողմն էլ ես հաճախ եմ զգացել:
Ինչ վերաբերում է բուն ստեղծագործական խնդիրներին, ապա Գրողների միությունը այստեղ շատ բան անել չէր կարող: Ամեն մեկը, իր գրասեղանի մոտ նստած, անում է այն, ինչ կարող է անել: Որևէ կազմակերպություն նրան չի կարող օգնել: Խանգարել կարող է:
Այսօր Գրողների միության աշխատանքի պայմանները շատ են փոխվել, փոխվել է ԳՄ-ի բուն տեղը հասարակության կյանքում: Միությունը պետք է կարողանա աստիճանաբար հարմարվել նոր պայմաններին, գտնել իր գոյության նոր ձևը:

Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Խոսել Գրողների միության 80-ամյակի մասին, ինձ համար նույնն է, ինչ խոսել «Գրական թերթի» մասին, որը Գրողների միության անունից յուրաքանչյուր ուրբաթ գալիս է հազարավոր ընտանիքներ: Իմ սերնդի համար «Գրական թերթ»-ը եղել է և մնում է սրբազան տուն և ռազմավարական շտաբ, որտեղ մենք մշակում էինք և ենք մեր գրական նյութերի գործունության և արդյունավետության հրատապ ծրագրեր:
Բավական է հիշել, որ Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի նոր բազմահարկ մասնաշենքը կառուցվեց միայն այն բանից հետո, երբ «Գրական թերթ»-ում տպագրվեց «Այստեղ մեռնում են գրքերը» վերնագրով սուր հոդվածը:
Նման օրինակները բազմաթիվ են:
Երկար տարիների կյանք լեգենդար թերթին, առանց որի դժվար է պատկերացնել մեր գրական կյանքի նորագույն պատմությունը: Եվ նույն երկարակեցության բարեմաղթանքները ՀԳՄ-ին՝ նորանոր ստեղծագոր­ծական հաջողությունների ակնկալիքով:

Սրտանց՝ Զորի ԲԱԼԱՅԱՆ

Ի՞նչ­ է ինձ հա­մար ՀԳՄ-ն: Հանգամանքների բերումով, Բաղ­րամ­յան 3 հաս­ցեով Գրող­նե­րի տունն ինձ հա­մար, կա­րե­լի է ա­սել, իմ մանկության օրերից հա­րա­զատ տուն է ե­ղել: Երբ Վար­պե­տը չէր լի­նում Գրող­նե­րի տա­նը, իսկ նա գրեթե ա­մեն օր գնում էր այնտեղ, ա­պա գրող­ներն էին հա­վաք­վում մեր տա­նը: Այն էլ ինչ գրող­ներ` Ստե­փան Զոր­յան, Հով­հան­նես Շի­րազ, Հա­մո Սահ­յան, Սիլ­վա Կա­պու­տիկ­յան… Դերե­նիկ Դե­միրճ­յա­նը լի­նում էր շա­բա­թը եր­կու ան­գամ, նա Վար­պե­տի ա­մե­նա­մո­տիկ ըն­կերն էր: Բայց ե­ղան ժա­մա­նակ­ներ, երբ ինչ-որ օ­տա­րա­ցում հայտն­վեց մեր և Գրող­նե­րի տան միջև: Այդ շեն­քում նույ­նիսկ չէին հե­տաքրքր­վում Ի­սա­հակ­յա­նի ձե­ռագ­րե­րի ճա­կա­տագ­րով, նրա գրքե­րի ա­կա­դե­միա­կան հրա­տա­րա­կութ­յամբ: Եվ տուն- թան­գա­րան էին բա­ցել, է­լի մի այլ նպա­տա­կով, որ­պես­զի վե­րահս­կ­ման տակ գտնվի Վար­պե­տի գրա­դա­րանն ու ար­խի­վը: Ժամանակի հետ, բանասերի մասնագիտու­թյունն ընտրելով, ես հաս­կա­ցա, որ ե­թե ու­զում ես մի բան տե­ղից շարժ­վի, դա ինքդ պի­տի ա­նես: Գրես, մանրամասն լուսաբանես և ներկայացնես մեծ դասականի ար­վես­տը: Եվ այս­պես, տա­րի առ տա­րի ինձ հա­մար Գրող­նե­րի միութ­յու­նը սկսեց իր հին ձևն առ­նել: Լ­ևոն Ա­նան­յա­նը հսկա­յա­կան դեր խա­ղաց, որ ա­մեն գրո­ղի հա­մար այն հա­րա­զատ տուն դառ­նա: Այդ բա­րի ա­վան­դույթ­ներն իր ու­ժե­րի պրկմամբ, ան­նա­հանջ նպա­տա­կամղ­վա­ծութ­յամբ շա­րու­նա­կում է այ­սօր Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը: Իր խառն­ված­քով լի­նե­լով կենտ­րո­նա­ձիգ անձ­նա­վո­րութ­յուն և հայ ա­վան­դա­կան օ­ջա­խի ջա­տա­գով, նա փոր­ձում է ա­մեն ինչ ա­նել, որ­պես­զի ա­մեն հայ գրող ի­րեն զգա թե՛ հա­րա­զատ եր­դի­կի տակ, թե՛ նաև մտքի տա­ճա­րում:

Ա­վիկ Ի­ՍԱ­ՀԱԿ­ՅԱՆ

ԳՐՈՂԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆԸ

«Հայ լեզուն տունն է հայուն աշխարհի չորս ծագերուն» բանաստեղծական տողի թելադրությամբ ասեմ. «Հայաստանի գրողների (այսօր արդեն նաև Սփյուռքի) «տունը» Հայաստանի գրողների միությունն է»: Ավելին՝ հայրական տունը (գոնե ինձ համար), որի «բնակիչն» եմ 1978 թվականից: Երբ մտածում եմ, որ այդ տան ընտանիքի առաջին անդամներն էին Չարենցը, Բակունցը, Մահարին, Զորյանը, Դեմիրճյանը, Իսահակյանը, նաև Սահյանը, Սևակը… և ուրիշներ, ակամա հպարտության ու պատկառանքի զգացումով եմ համակվում: Հարգանք ու պատիվ 80-ամյա մեր գրական օջախին և խորհուրդ նոր եկողներին՝ ավանդասեր հայորդու պարտականության զգացումով պահենք ու նորացնենք ոչ միայն նրա պատերը, այլև ներսում բոցկլտացող ստեղծագործական կրակը, որ ջերմացնի, մտերմացնի ընտանիքի ահել ու ջահել անդամներին, ու երդիկից բարձրացող ծուխը մշտապես հաստատի ընտանիքի կենդանությունը:

Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ԳՐՈՂԸ ԳՆՈՒՄ Է ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Ստեղծագործական միությունները ծնվել են կյանքի զարգացման ու առաջխաղացքի պարտադրանքով: Ուրախ եմ, որ իմ ստեղծագործական կյանքն ու գործունեությունը համընկել է հեղափոխական խժդժությունները հաղթահարած և բարեշրջման ճանապարհով աշխարհի հզորագույն երկիր դարձած Խորհրդային Միության վերընթացի ժամանակաշրջանին:
Հպարտ եմ, որ Աստծո տված շնորհներով ներշնչված` գրելով, նկարելով, գրքեր հրատարակելով ու ցուցահանդեսներ բացելով հնարավորություն եմ ունեցել դառնալու ՍՍՀՄ գրողների, ժուռնալիստների ու նկարիչների միությունների անդամ: Այդ միությունների հետ Գրողների միությունն ինձ համար դարձել է ազգային ու համամարդկային առաջադիմության, ստեղծագործական համագործակցության, անհատական ու անանձնական փոխհարաբերությունների դրսևորման օջախ:
Ես գնացել եմ նորարարական և փորձարարական արվեստի փնտրտուքի ճանապարհով` հնարավորություն ստեղծելով ինձ և ընկերներիս համար ունենալու ազատ մրցակցության և համերաշխ ձեռքբերումներ ունենալու բավարարվածության զգացումը: ԳՄ-ն հոգևոր մշակութային կյանքն առողջացնելու կոլեկտիվ պարտավորվածություն է ենթադրում, որը համընկնում է իմ և շատ ստեղծագործողների նախասիրություններին, բայց որը չի բխում նյութապաշտական հակումներով ապրողների շահերից: Նվիրյալ գրողները համախմբված ձևով գնում են և ընթերցողներին տանում են լույսի ճանապարհով:

Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

Գրողների միությունն ինձ համար նախ գրական հանդիպումների տուն է, գրական ավանդույթների շարունակություն, ընտանիք է, որը կարևոր դեր է խաղում նաև կրտսեր սերնդի համար: Գրողների միությունը շատ կարևոր է, որովհետև այն մեզ պահում է հարգանքի, իրար սիրելու գրողական մոդուսի անծայրածիր սահմաններում: Լավ ղեկավարի դեպքում, իսկ այդպիսին է ինձ համար հրաշալի բանաստեղծ Էդ. Միլիտոնյանը, այն հարազատ մթնոլորտ է ստեղծում բոլոր մասնակիցների համար: Գրողների միությունն ուժեղ գործոն է իրար հետ ստեղծագործական կապերը չկորցնելու համար: Այն ավելին է, քան սոսկ գրողների տուն, որովհետև մարդկային ձեռք է մեկնում և փորձում սիրով շրջապատել յուրաքանչյուր ստեղծագործողի: Նրա շնորհիվ հանդիպումներ ենք ունենում նոր սերնդի հետ, ավագ սերնդի հետ, և այդ կամրջի շնորհիվ գրական փոխադարձ կենսափորձի փոխանակում է տեղի ունենում, որը շատ կարևոր է գրական մթնոլորտը ճանաչելու և արժևորելու հարցում: Այն փարոս է, որը լույս է տալիս մեր գրական հասարակայնությանը: Այն նաև հասարակական ինստիտուտ է, որի ներքո իրականանում են բազմաթիվ կարևոր գրական ծրագրեր ի փառս մեր հինավուրց և նորացող հայ գրականության: Պահենք այն աչքի լույսի պես:

Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԹԵ ԱՆԿԵՂԾ

Հնագույն ժամանակներից ազնվականների սալոնները, հետագայում՝ քաղաքային սրճարանները կամ այլ հավաքատեղիներ գրողների համար ստեղծել են շփման ու կարծիքների փոխանակման հնարավորություններ, ձևավորել հասարակական կարծիք: Մեր ժամանակներում այդ դերը կատարել ու կատարում է Գրողների միությունը: Այնտեղ տեղի ունեցող քննարկումներն ու հանդիպումները ինձ համար, գուցե ենթագիտակցաբար, զուգորդվում են պրոֆեսիոնալիզմի հետ: Իմ պատկերացմամբ Գրողների միությունը ամենից առաջ գաղափարակիցների ընկերություն է: Թեկուզ տարբեր ճանապարհներով, բայց նույն նպատակին ծառայող արվեստագետների միությունը ուժ է, որ կարող է դիմակայել մարդասիրության ճգնաժամին: Գրողների միությունն է տալիս նաև գրողին գրականությունից դուրս, մարդկայնորեն ճանաչելու, ինչպես նաև մեծ նախորդների ոգին ու ստեղծած ավանդները ժառանգորդաբար փոխանցելու հնարավորություն: Ինձ թվում է նաև, որ Գրողների միությունը ինքնա­ստուգման ու սեփական չափանիշների ճշտման անհրաժեշտ հարթակ է:

Ժենյա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Ես գրա­կան այն սերն­դից եմ, որն աս­պա­րեզ ի­ջավ 50-ա­կան թվա­կան­նե­րին: Այն ժա­մա­նակ Գրող­նե­րի միութ­յու­նը գտնվում էր այժմ­յան Մով­սես Խո­րե­նա­ցի փո­ղո­ցի վրա:
Այդ տա­րի­նե­րին էլ ես ծա­նո­թա­ցա, նաև բա­րե­կա­մա­ցա մեր մե­ծա­նուն ու ան­վա­նի գրող­նե­րի հետ` Ա. Ի­սա­հակ­յան, Դ. Դե­միրճ­յան, Ս. Զոր­յան, Ն. Զար­յան, Վ. Ա­նան­յան, Գ. Սար­յան, Հ.­ Շի­րազ, Հ. Սահ­յան, Պ. Սևակ, Ս. Կա­պու­տիկ­յան, ո­րոնց ներ­կա­յութ­յու­նը զգում եմ միշտ, ա­մեն օր, ա­մեն ժամ: Նրանք իմ հպար­տութ­յունն են: Ես ե­րախ­տի­քով եմ հի­շում Ղ­ևոնդ Կո­մու­նուն և Խա­չիկ Հրաչ­յա­նին, ո­րոնք 1953 թ. հրա­տա­րա­կե­ցին իմ անդ­րա­նիկ ժո­ղո­վա­ծուն` «Ա­ռա­ջին երգ» խո­րագ­րով և նա­խան­շե­ցին իմ հաս­տա­տուն ճա­նա­պար­հը ման­կա­կան գրա­կա­նութ­յան մեջ:
Շնոր­հա­վո­րում եմ մեր միութ­յան 80-ամ­յա­կը, իմ գրչա­կից ըն­կեր­նե­րին և կազ­մա­կերպ­չա­կան ե­ռանդ ու թարմ մտահ­ղա­ցում­նե­րի ի­րա­կա­նա­ցում եմ ցան­կա­նում նա­խա­գա­հին` Է­դվարդ Մի­լի­տոն­յա­նին:

Սու­րեն ՄՈՒ­ՐԱԴ­ՅԱՆ

Ինձ համար Գրողների միությունը էն գլխից եղել է մի սրբավայր: Երբ դեռ հազվադեպ էի տպագրվում, երբ նույնիսկ երկու գիրք էի տպագրել, բայց ՀԳՄ անդամ չէի, շենքի առջևից անցնելիս շնչառությունս արագանում էր: Այդ անվան հետ էր կապված իմ ոսկե երազը, իմ կյանքի նպատակը:
Բնականաբար, ժամանակների փոխվելու հետ փոխվեցին նաև բովանդակությունն ու նշանակությունը: ՀԳՄ-ն մի տեղ է, որտեղ հանդիպում ենք, կիսվում կարծիքներով ու խնդիրներով, կարդում նոր ստեղծագործությունները, որպեսզի չկորցնենք միմյանց…
Չկան առաջվա անունները, ՀԳՄ-ի դերակատարությունը` պետական ու ազգային մակարդակներում: Այն հոգեդարձ արված մի մարմին է, որը պետք է խոր շունչ քաշի, ուժ ու կորով հավաքի… Չկա նախկին ակնածանքը գրողների ու գրականության նկատմամբ, ինչն էլ իջեցնում է հետաքրքրությունը կառույցի նկատմամբ…
Սակայն ՀԳՄ-ն ինձ համար առաջվա նման կարևոր ու թանկ է, և ես ամեն անգամ այդտեղ եմ գալիս, ինչպես եկեղեցի է գնում հավատացյալը:

Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Եթե ինձ հարցնեն՝ ի՞նչ է քեզ համար ԳՄ-ն, ես կասեմ. «Մի քանի դեպքերում եմ ինձ գրող զգում գրողներին չսիրող այս երկրում. մեկ՝ երբ գրում եմ, քանի որ ոչ ոք չի գրի այն, ինչ ես եմ գրում՝ ոչ ինձ պես, ոչ ինձնից լավ, ոչ ինձնից վատ, ոչ ոք իմ փոխարեն չի կատարի իմ քաղաքացիական պարտքը իմ այս պուճուրիկ հայրենիքի նկատմամբ: Հետո` երբ գալիս եմ դեպի Գրողների միության շենքը, դեռ մայթով քայլելիս` ուղեղիս մի հեռավոր ծալքում ինքս ինձ ամեն անգամ երանի եմ տալիս, որ արժանացել եմ այս շենքը որպես գրող մտնելու պատվին: Երբեմն մտածում եմ. «Եթե այստեղ էլ ինձ չճանաչեին, գոնե որոշները կարդացած չլինեին գրքերս, էլ որտե՞ղ էի արդարացնելու գրողական գոյությունս, որտե՞ղ էի գտնելու այն ամբիոնը, որտեղից կարող եմ ասել, ինչ ուզում եմ: Չէ՞ որ մի շատ հմուտ ձեռք վաղուց է այս սև գործն սկսել` փակել բոլոր դռները գրողների առաջ, ամենուրեք հայտարարել` «Ժողովո՜ւրդ ջան, մենք հիմա ո՛չ գրող ունենք, ո՛չ գրականություն. Անահիտ Սեկոյանից, Անահիտ Սահինյանից, Սիլվա Կապուտիկյանից, Շիրազից ու Սևակից հետո էլ ոչ մեկին մի սպասեք, չեն գալու»:
Երբեմն լսում եմ. «Ինչի՞ համար է ԳՄ-ն, մի Ծաղկաձորի ուղեգիր չի՞»: Բայց ինչքան գրողներ կային ու հիմա էլ կան, ում, այո՛, միայն Ծաղկաձորում են մի քիչ շփացնում, հարգում որպես գրող, ճանաչում են անուն-ազգանունով, դեմքով, նույնիսկ խառնվածքով ու բնավորության գծերով: Այստեղ է, որ գրողը կարողանում է փախչել աշխարհի խանգարիչ հանգամանքներից, մի քանի օրով մոռանալ բոլոր անլուծելի և դժվար լուծելի հոգսերը, փակվել հարմարավետ սենյակում, արժանավայել կերպով մտորել կուտակումները մարդասիրական տեսքի բերելու և նոր միայն լույս աշխարհ հանելու մասին:
ԳՄ-ն ինձ համար իմ գրող ընկերներն են, որոնցից ամեն մեկը մի եզակիություն է, մի աշխարհ: ԳՄ-ն ինձ համար Էմման է, Կարինեն, Հեղինեն, Մարգոն, Իրինան, Ալբերտը, Լիանան, Մարիամը, Սվետան, Լյուդան, Հերմինեն, Ալլան, Մանիկը, Անահիտը: ԳՄ-ն ինձ համար նստավայր է, որի ճիշտ գործողություններից շատ բան է կախված, նաև` աշխարհի բոլոր հայ գրողների համախումբ և համաձայն լինելը:
Երբեմն պատահել է, որ այստեղից սրտնեղած եմ գնացել, բայց ոչ երբեք խռոված: Ումի՞ց խռովեմ, իմ ընկեր, գրչընկեր նախագահի՞ց, քարտուղարների՞ց: Որքան որ ԳՄ անդամ եմ եղել, չի եղել թե՛ անցավորներից, թե՛ ներկաներից մի ղեկավար, որ ականջ չդնի իմ ասածին, եթե անգամ անկարելի կամ անհեթեթ բան եմ ասել: Հրանտ Մաթևոսյանից ոչ միայն ես, այլև շատերն են բարի ընդառաջում տեսել, Լևոն Անանյանի` իմ անզուգական ընկեր Լևոնի համար երբեք չի դադարի ծխալ սրտիս մի անկյունը, Լևոն Խեչոյանի` Գրական ֆոնդի ղեկավար լինելու օրոք դարձա ԳՄ անդամ և Ծաղկաձորի առաջին ուղեգիրը նրա ժպիտով ստացա: Այդ ժպիտի կարիքը շատ ունեի, որ ասում էր` դու գրող ես, դու մարդ ես, դու պետք ես, դու արժանի ես:
Ինքս եմ իմ ընտրաթերթիկը սահեցրել քվեատուփի մեջ և առանց ընտրակեղծիքի ընտրել եմ ընկերոջս` Էդվարդ Միլիտոնյանին: Մեծ ուրախություն եմ ապրում, երբ տեսնում եմ Պետրոս Դեմիրճյանի գործելու, այս ծանր սայլը տեղից շարժելու ջանքերը:
ԳՄ-ն ինձ համար նաև «Նորք» հանդես է, որտեղ առանց մի խոսքի Ֆելիքս Մելոյանը տպեց իմ երկու վիպակները: Ինձ համար ԳՄ-ն «Գրական թերթ» է, որի գլխավոր խմբագիրներից չեմ հիշում մեկին, որ մերժած լինի իմ պատմվածքի, էսսեի, քրոնիկոնի կամ որևէ գրվածքի տպագրությունը: Շատ հաճախ գրել եմ խմբագրի առաջարկով` նրան աչքիս առաջ ունենալով որպես հասցեատեր և դատավոր: «Գրական թերթը» ինձ համար նաև Ալբերտ Իսոյան, Նորայր Ադալյան, Սամվել Կոսյան, Կարինե Խոդիկյան է, ում խմբագրականները կարդալու կարիք ունեմ ես միշտ, և վստահ եմ` շատերը: ԳԹ-ն Շաքե Երիցյան է, Նառա Վարդանյան, Արմենակ Ղազինյան, Նելլի Բայրամյան: ԳՄ-ն ինձ համար նաև “Литературная Армения” է` իր ազնվազարմ գլխավոր խմբագրի` Ալբերտ Նալբանդյանի հետ:
Հայաստանի գրողների միությունը պետք է բոլորիս` գրող թե չգրող, պետք է, քանի որ հորիզոնում մի ուրիշ, ավելի լավ բանի հույս չի երևում հայ գրողի համար:

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թումանյանական ուղենիշով

Ի՞նչ է պետք գրողին երկերը լույս աշխարհ հանելու համար՝ թուղթ ու գրիչ, նաև սուր աչք ու արթուն միտք, մի խոսքով՝ տաղանդ: Եվ եթե թուղթն ու գրիչը կարելի է ձեռք բերել, տաղանդը անպայման պետք է տվածուրիկ լինի ի վերուստ: Բայց թուղթ ու գրիչից, տաղանդից բացի, լիարժեք ստեղծագործելու համար անհրաժեշտ է ևս մի շատ կարևոր բան, որ կոչվում է ստեղծագործական կամ պարզապես գրական մթնոլորտ: Իսկ դա արդեն ոչ թե տրվում է, այլ՝ ստեղծվում, կազմակերպվում նույն այդ գրողների համախմբման, իրար սատար կանգնելու, ընդհանուր ուժերով ազգային գրականության սայլը տեղից շարժելու համար: Ահա թե ինչ նպատակի են կոչված գրողների միություններն ու ընկերությունները: Հայաստանի գրողների միությունը 80 տարի շարունակ, չնայած դժվարին տարիների բոլոր փորձություններին, ըստ էության, իրագործել է իր այդ առաքելությունը, որի ակունքների մոտ կանգնած են եղել մեր գրականության այնպիսի հզոր դեմքեր, ինչպես Չարենցն ու Բակունցը, Դեմիրճյանն ու Իսահակյանը, Զարյանն ու Զորյանը… Բայց նրանց հետ նաև բազմաթիվ շնորհալիներ ու օժտվածներ, գրական ճշմարիտ մշակներ, առանց որի գրական դաշտը զրկված կլիներ իր բազմազանությունից ու ինքնատիպությունից: Տասնամյակներ առաջ, պատասխանելով Կովկասի հայոց գրական ընկերության մեջ ընդգրկված մեծ թվով անդամների կապակցությամբ իրեն հասցեագրված կշտամբանքներին, Հովհ. Թումանյանը գրում էր. «Ընկերության դռները, նշանավորների հետ ներս է հրավիրում և մեր մտավոր կյանքի համեստ աշխատավորներին, միասին հավաքվելու, միասին հոգալու գրականության ու գրողի հոգսը. ասացեք, Աստծու սիրու համար, ի՞նչ կա էստեղ սարսափելի ու դատապարտելի»: Եվ իրոք, գրական անդաստանը համեմատելի է ոչ թե գազոնային պուրակի, այլ վայրի անտառի հետ: Այստեղ վիթխարի կաղնու կողքին իր բնական ու օրինական տեղն ունեն մեծ ու փոքր բազմաթիվ ծառեր ու թփեր, որոնք՝ ամեն մեկը ի՛ր չափով ու դերով, լրացնում են անտառի համայնապատկերն ու էությունը: Հանճարների, մեծ տաղանդների կողքին կան գրական համեստ մշակներ, որոնք գեղեցիկի, բարու, արդարի, վեհի ու ազնիվի իրենց պաշտամունքը պատկերի ու կերպարի վերածելով, անպայման գտնում են իրե՛նց ընթերցողին, գիտեն ու երկից-երկ, գրքից-գիրք կատարելագործում են դեպի այդ ընթերցողը տանող իրենց խոսքի ուղին:
Ժամանակ առ ժամանակ, ու մեր օրերում ևս, խոսվում է գրականության, գրական կյանքի ճգնաժամի մասին: Տագնապի այդ ահազանգերը, անկասկած, արդի մեր կյանքին սպառնացող ոգու սովի ախտորոշման նշաններն են՝ «Ես ձեզ ասում եմ կգա ոգու սով / Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ»… Վարպետի հարյուրամյա վաղեմության մարգարեացումը նույն ուժգնությունն ունի այսօր: Եվ հենց այստեղ է, որ անխուսափելի աղետի սարսափից լայն բացված մեր աչքերը ոչ թե պիտի կուրանան, այլ միայն ավելի լավ տեսնեն այն ուղիները, որոնցով հայ ազգի մշակույթն ու գրականությունը դուրս են գալու ճգնաժամային վիճակից: Մեր ժողովրդի կյանքի արմատական հեղաշրջման առաջին տարիները ետևում են մնացել: Թվում է, արդեն երեկվա մեջ են նաև մեր առաջին շփոթմունքները, մոլորություններն ու սխալները: Հիմա սթափվելու ժամանակն է՝ մեծ վերաիմաստավորումների ժամանակը: Ճշմարտությունն այն է, որ ժողովրդի հոգևոր կյանքը չի կարող մեռնել՝ քանի դեռ ապրում է նա, քանի դեռ շնչում է նրա կենդանի օրգանիզմը: Իսկ արժեքներ ստեղծվել և ստեղծվում են բոլոր ժամանակներում՝ և՛ խավար միջնադարում, և՛ բռնապետական ստալինյան շրջանում, և՛ Հայաստանի փաստացի անկախության մեր օրերում: Հարցն այն է, թե մշակույթի, գրականության զարգացման ընթացքը որքանո՞վ է խորքային, ի՞նչ չափով է հիմնվում ժողովրդի հոգևոր-մշակութային ավանդույթների վրա և ի՞նչ չափով ներծծում, իրենը դարձնում համաշխարհային գեղարվեստական մտքի փորձը: Այսինքն՝ ի՞նչ է տալիս և ի՞նչ է վերցնում, ինչի՞ց է հրաժարվում և ինչի՞ն է ընդառաջ գնում: Նշանակում է՝ դասեր քաղելով մեր անցյալ պատմության, մեր գրական միության ութսունամյա փորձից, մեր ստեղծագործական աշխատանքի բնույթն այնպիսին պետք է լինի, որ հնարավոր դարձնի գրական ու մշակութային ամենատարբեր ուղղությունների, սկզբունքների, հոսանքների համագոյությունը, որի դեպքում միայն կարելի է խոսել դրանց առողջ մրցակցության մասին: Այդպիսի մոտեցման դեպքում իրենց ճշմարիտ գնահատությանը կարժանանան մեր ժողովրդի գեղարվեստական ինքնագիտակցությունը ձևավորող և մտածողության ամենատարբեր համակարգեր ներկայացնող շերտերն ու անհատականությունները: Գլխավորն այն է, որ այսօր, առավել քան երբեք, մենք ունենք աշխարհի հետ համաժամանակյա ընթացքի, ուրիշների և սեփական արժեքներն այսօր, այս պահին և ոչ թե ուշացած ու միջնորդավորված ճանաչելու և ճանաչեցնելու բացառիկ հնարավորություն: Եվ այստեղ, գրական-մշակութային նորագույն ուղղություններին հետևելու, նրանց հետ համաքայլ ընթանալու խնդրում, մեծ դեր է վերապահված նաև սփյուռքահայ գրողներին ու գրականությանը: Մենք պետք է կարողանանք ոչ միայն խոսքով, այլև գործով իրական դարձնել միասնական հայ մշակույթ, միասնական հայ գրականություն հասկացությունները, համատեղել մեր ջանքերը գրական նոր երևույթների ճանաչման, քննության, գնահատման հարցերում:
Կրկնում եմ, ստեղծագործական նման մթնոլորտի ձևավորման, գեղարվեստական մտածողության խոր ու ինքնատիպ, նոր ու անակնկալ ձևերի քննարկման, խրախուսման դժվարին գործը պետք է իրականացնեն գրողներին միավորող կառույցները՝ միություններն ու ընկերությունները: Միայն թե՝ կյանքի զարգացման նոր պահանջներին համընթաց, պետք է մշակվեն գրական կյանքի կազմակերպման ճկուն ձևեր (այդ մտայնության արդյունքն են, օրինակ, վերջին շրջանում Հայաստանի գրողների միությունում բացված բանավեճի, գրական, շախմատի ակումբները, պոեզիայի պարբերական ցերեկույթները, ստեղծագործական պլենումների ավանդույթի շարունակումը, ՀԳՄ կայքի վերագործարկումը և այլն), եղած միջոցներն առավելագույնս տրամադրվեն գրական մամուլի աշխուժացմանն ու ուժեղացմանը, մասնավորապես գրական մամուլի հոնորարային ֆոնդի ստեղծմանը, որը հնարավորություն կտա գրողներին բարձր վճարվող հրապարակումների միջոցով վաստակելու իրենց ապրուստի միջոցները, որն ավելի համապատասխան կլինի գրողի բարոյական սկզբունքներին:
Մի խոսքով՝ չնայած բոլոր տեսակի բնական ու արհեստական խոչընդոտներին, գրական կյանքը կա, ապրում է ներքին ու արտաքին կարգի իր խմորումներով, կասկածներով ու հաստատումներով: Իսկ գրողները այլ ճանապարհ չունեն բացի ստեղծագործելուց և դրա դիմաց միայն մի բան են ակնկալում՝ ուշադիր, սրտացավ վերաբերմունք, այն, ինչ դեռևս անցյալ դարի սկզբին հանճարեղորեն դիպուկ բնորոշել է մեծն Թումանյանը. «Գրականություն ունենալու համար ժողովուրդները պետք է ոչինչ չխնայեն. և նույնիսկ պաշտպանելու դեպքում էլ լավ իմանան, որ իրենց պահածներից ու պաշտպանածներից տասնից մինն է միջակ գրող դուրս գալու, հարյուրից մինը տաղանդավոր և հազարից մինը հանճարեղ:
Այո, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն վաղուց ասված է, կնշանակի ստեղծել»:

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Երախտիքի տոնական խոսք

Վերնագրային այս հանդիսավորությունն ինքնին հուշում է, որ ՀՀ Գրողների միության 80-ամյակի շեմին բացառիկ երախտավորների եմ հիշելու, զորօրինակ` Վարդգես Համազասպի Պետրոսյանին: Գեթ մի անգամ թող թույլ տրվի երախտագետի պանծանքով գրել, որ 1978 թ.-ին նրա նախագահական ձեռամբ վավերացվեց գրողական «կոչումս». Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, երևի ոչ ձմեռային մի օր, ի թիվս այլ գրչակիցների, վերջապես ես էլ անդամատոմս ստացա… Հայոց այս անխոնջ մտավորականի անվանն են առնչվում նաև այս իրադարձությանը նախորդած և հաջորդած իմ կարևոր կենսադրվագներից մի քանիսը. «Գարուն» ամսագրի անդրանիկ համարում տպագրվելս (1967 թ.), մասնակցությունը ԽՍՀՄ ԳՄ նախավերջին` 7-րդ համագումարին, ինչպես նաև` նույն միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներին (Մոսկվա, 1981-83 թթ.): Զուգահեռաբար չեմ կարող չհիշատակել դրամատուրգ Ժորա Հարությունյանի անունը` Գրական ֆոնդի նախագահի իր երկարամյա հարեհասությամբ…
Այնուհետև ՀԳՄ բանաստեղծ նախագահներ Հրաչյա Հովհաննիսյանի և Վահագն Դավթյանի անուշաբույր ավագությունն եմ վայելել շարունակական ակնածալի խանդաղատանքով, Հ. Մաթևոսյանի գորովալից եղբայրությունը…
Լուսահոգի իմ չեխի` բանաստեղծ ու թարգմանիչ Հովհաննես Հարությունյանի հետ պատանեկան բախտավորություն ենք ունեցել անմիջական հասցեատերը դառնալու Հովհ. Շիրազի, Մ. Գալշոյանի և Հովհ. Մելքոնյանի ուղղամիտ սրտացավության, Ալեք Խաչունցի ասպետական վարք ու բարքի բոլորանվեր ջերմությամբ: Գրողների միությունը ոգևորության ու հոգևորության ապաստան է եղել ոչ միայն երիտասարդ տարիներիս, քանզի մշտադալար ընկերակցության անմոռանալի համ ու հոտով է սնվել Գրագետների մեր Ընտանիքը (այս պարբերությունն ընծայվում է իմ սերնդակից նախագահ Լևոն Անանյանի հիշատակին):
Արդեն ճիշտ ժամանակն է, որ ընդհանրական բարի խոսք ասվի հույժ բարեկիրթ ու բարեխիղճ մի մարդու` երջանկահիշատակ Հայկ Խաչատրյանի մասին: ՀԳՄ ամբողջական պատմությունն անհնար է պատկերացնել առանց այս հմուտ մատենագետի կազմած «Գրական տեղեկատու»-ների, որքան իր պատումաշարերն ու պատմավեպերը: Համոզված եմ, որ ՀԳՄ յուրաքանչյուր անդամի գզրոցում մի հարգալիր հայցանամակ կգտնվի Հայկ Խաչատրյան համբերատար ստորագրությամբ…
Սիրելի համախոհներ, «Գրական թերթի» նախաձեռնությամբ մեր փառավոր Հոբելյանի առթիվ շնորհավորելով միմյանց` դառնանք օղորմի տանք անցած 80 տարիներին իրենց երկրային անցավորությունը կնքած մեր բոլոր գրչակիցներին: Միաժամանակ հատուկ շնորհավորենք իր ժամանակին նախագահած Ռազմիկ Դավոյանին, առանձնահատուկ` նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, հին օրերի երանությամբ ակնկալելով, որ մեր խավարամած խոկումները գոնե երբեմնակի կընդմիջվեն Աստծո տոնական օրերի փոխադարձ աչքալուսանքով…

Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ

Երբ 1969 թվականի աշնան մի օր ոտք դրեցի Գրողների միություն, բոլոր ապրող հայ գրողներին գրավոր էի ճանաչում, բացի Մուշեղ Գալշոյանից, թեև, նրանից առաջ, տակավին երեխա, Խաչիկ Դաշտենցին էի տեսել, բայց Աշնակում:
Գրողների միությունն ինձ համար դարձավ միջավայր, այնտեղ ես խմել-ծխել-խոսել սովորեցի, տղամարդավարի լացել ու ծիծաղել սովորեցի և ամենակարևորը` ինչ չգրել սովորեցի: Այժմ Գրողների միությունն ինձ համար մի լավ ու վատ պատմություն է իր քաղցր անցյալով, իր դժվար ներկայով և, այդուհանդերձ, այդ դառնանույշ միության կարիքն ունենք բոլոր գրողներս անխտիր, և Գրողների միությունն էլ նրանց կարիքն ունի անկասկած:

Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ

Կար ժամանակ, երբ Գրողների միությունը իր անդամին տալիս էր այնքան, որքան սիրագորով հայրը չէր կարող տալ զավակին՝ բնակարան, ամառանոց, ավտոմեքենա և այլն: Երիտասարդներս, որ այն ժամանակ ձգտում էինք Միություն ընդունվել, մեր աչքի առջև բարեկեցության այդ նշանները չէին, ուրիշ բան էր՝ անասելի թովչական, աշխարհի բոլոր կոչումներից, նյութից ու շահից շատ և շատ բարձր… Դա գրող գիտակցվելն էր Գրողների միության կողմից:
Երեսուն տարուց ավելի Հայաստանի գրողների միության անդամ եմ, այդ ամբողջ ժամանակ ինձ համար Միությունը եղավ ու մնաց կենդանի մի մարմին, որի մեջ ինձ զգացել եմ թրթռուն մի ջիղ: Կողքիս եղել է ընկերներիս, գրական հեղինակությունների կամ գրական մթնոլորտ ձևավորող սիրելի մարդկանց ներկայությունը: Ես էլ, համոզված եմ, գնահատելիորեն ներկա եմ եղել նրանց կյանքում: Սա է Միության խորհուրդը:
Այսօր Գրողների միությունը չի կարող հայրություն անել իր գրողին, այդ իսկ պատճառով ոմանք այլևս կարևոր չեն համարում նրա գոյությունը: Լավ, ընդունենք՝ վերանում է Բաղրամյան 3 հասցեն, չկա՛: Ապրենք առանձին, ցաք ու ցրիվ, ամենքս ընկած մեր անկյուններում, ո՛չ մեր ապրելուց տեղյակ լինենք, ո՛չ մեռնելուց… Այդպես լա՞վ է, այդպես մեծ բաների՞ կհասնենք… Չմոռանաք, աշխարհը միշտ գնացել ու գնում է միություններ ստեղծելու ճանապարհով, և միության ամեն անդամ, լինի պարզ ֆերմերային թե պետությունների միություն, այդ ընկերակցությանը տալիս է իր լուման, որպեսզի ստանա իր գոհության բաժինը: Ի՞նչ կարող է տալ գրողն իր միությանը: Իմ կարծիքով՝ գործուն մասնակցություն նրա ձեռնարկներին, նաև պատվի, սիրո և առաքինության իր պաշարից: Իսկ ի՞նչ կստանա միությունից: Ասացի՝ այսօր Գրողների միությունը չի կարող հայրություն անել առաջվա նման, թեև օգնության ձեռք է մեկնում նրան հանգստի, բուժման և այլ հարցերում: Սա նման է քնածի թիկունքը հայրաբար ծածկելուն, որը, հավանաբար, քիչ բան չէ:

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Մտորումներ հոբելյանի օրերին

Ի՞նչ ճանապարհ է անցել Գրողների միությունը, ի՞նչ ճանապարհ է անցել հայ գրողը վերջին 80 տարիների ընթացքում:
Յուրաքանչյուր հասարակություն ստեղծված է իր մասը կազմող անհատներից: Եվ հասարակությունը չի կարող լինել սպառողական կամ հոգևոր: Այդպիսին է յուրաքանչյուր մարդ-անհատը` HOMO SAPIENS-ը:
Ինչքան մեծաթիվ է հոգևոր հարուստ ներաշխարհով մարդկանց թիվը, այնքան հոգևոր է հասարակությունը: Մեր հասարակությունը միշտ փնովվել և գովերգվել է հենց անհատապաշտ լինելու հատկանիշով: Հիշենք Դ. Դեմիրճյանի «Հայը» էսսեն, Վ. Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքը:
Դժբախտաբար, շուրջ բոլորը հայացք նետելիս մենք տեսնում ենք հոգևորի տեղատվությունը և նյութականի` մատերիայի հաղթարշավը, որի փաստագրումն է Փակ շուկայի, Աֆրիկյանների, միով բանիվ, 19-րդ դարա­սկզբի փայլուն ճարտարապետության «սրբվել-մաքրվելը» Երևան քաղաքի քարտեզից:
Խ. Աբովյանի հավատամքը` «Հայ ազգին պահողը լեզուն ա ու հավատը», գործում է նաև այսօր:
Հավատի և լեզվի նկատմամբ ոտնձգությունները կատարվում են ամեն օր (աղանդներ, օտարալեզու դպրոցի հիմնադրում): 21-րդ դարի գրողի մտահոգությունների առանցքը զուգորդվում է 19-րդ դարի հայ գրողի տվայտանքների հետ. արտագաղթ, օտարամոլություն, պայքար ավանդների պահպանության համար:
Ես հուսով եմ, որ այս օրից, մեր 80-ամյա հոբելյանից, գրողների համախմբման պահից կսկսվի ժամանակի նոր շրջանի հաշվի մեկնակետը. մեր հաջողությունների, հայ ավանդական ընտանիքի պահպանման, հայալեզու կրթության, ճարտարապետության լավագույն ավանդույթների վերականգնման ժամանակը, համայն աշխարհի ազգերի ծիածանի մեջ մեր ուրույն բրդյա թելը նվիրաբերելու գործընթացը:

Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Գրող­նե­րի միութ­յու­նը միշտ հա­րա­զատ օ­ջախ է
ե­ղել ինձ հա­մար

Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յունն ինձ հա­մար հա­րա­զատ օ­ջախ է դեռևս­ ուսա­նո­ղա­կան տա­րի­նե­րից, երբ այ­ցե­լում էի «Սո­վե­տա­կան գրա­կա­նութ­յուն» (այժմ՝ «Նորք») ամ­սագ­րի խմբագ­րու­թյուն, ներ­կա լի­նում ան­վա­նի գրող­նե­րի հո­բել­յան­նե­րին (հի­շո­ղութ­յանս մեջ մնա­ցել են Գ­ևորգ Է­մի­նի և Վա­հագն Դավթ­յա­նի հո­բել­յա­նա­կան հան­դի­սութ­յուն­նե­րը):
Հե­տո հրա­տա­րա­կե­ցի գրքեր, դար­ձա ՀԳՄ­ ան­դամ և ա­վե­լի սեր­տա­ցան կա­պերս՝ հատ­կա­պես ՀԳՄ ­լու­սա­հո­գի նա­խա­գահ Լ­ևոն Ա­նան­յա­նի, այժմ­յան նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նի օ­րոք:
Գրող­նե­րի միութ­յունն ա­ռանձ­նա­պես վեր­ջին տա­րի­նե­րին մեր ստեղ­ծա­ծը գնա­հա­տան­քի ար­ժա­նաց­նե­լուն է ծա­ռա­յում, հա­յաս­տան­յան, ինչ­պես նաև ար­տա­սահ­ման­յան մեր գրչա­կից­նե­րի հետ շփվե­լու, մտեր­մա­նա­լու, գրա­կան կա­պեր ստեղ­ծե­լու հնա­րա­վո­րութ­յուն ըն­ձե­ռում:
Տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ Գրող­նե­րի տա­նը, այն­տեղ գոր­ծող «Նորք», «Լի­տե­րա­տուր­նա­յա Ար­մե­նիա», «Գրա­կան թերթ», «Գրե­թերթ», իսկ այժմ նաև «Նար­ցիս» ամ­սագ­րե­րի և թեր­թե­րի խմբագ­րութ­յուն­նե­րում այն­պի­սի ջեր­մութ­յուն եմ զգա­ցել, ո­րը ոչն­չով հնա­րա­վոր չէր փո­խա­րի­նել:
Հայ գրող­նե­րը ՀԳՄ 80-ամ­յա­կը նշում են լուրջ ձեռք­բե­րում­նե­րով, 21-րդ ­դա­րին հա­րիր գրա­կան բարձ­րար­ժեք գոր­ծե­րով:
Բո­լոր գրչա­կից­նե­րիս՝ իմ և Լոռ­վա գրա­կան ըն­տա­նի­քի ա­նու­նից մաղ­թում եմ ստեղ­ծա­գոր­ծո­ղի ա­մուր կամք և նո­րա­նոր հա­ջո­ղութ­յուն­ներ:

Ման­վել ՄԻ­ԿՈ­ՅԱՆ

ՀԳՄ-ի ութսունամյա ճանապարհը նույն մեր ժողովրդի անցած ճանապարհի վերջին հատվածն է` առավել խտացված տեսքով. վերընթացներ` ինչքան ուզես, վայրէջքներ, ցավոք, էլի շատ:
Բայց ինձ առավել քան հուզում է մի երևույթ, որը ոչ մի կերպ չեմ կարողանում տեղավորել տրամաբանու­թյան իմ համակարգում. հայ իշխանավորների բացահայտ թշնամանքը մեր գրական կազմակերպության, ընդհանրապես հայ գրողի և, ի վերջո, հայ գրի նկատմամբ: Հնարավոր և անհնարին ամեն ինչ արվում է հայ գրողին և ՀԳՄ-ն ժողովրդի աչքում արժեզրկելու և նսեմացնելու համար. է՛լ ընչազրկության եզրին հասցնել, է՛լ եթերով ու մամուլով հեղինակազրկելու բազմազան հնարքներ կիրառել, բայց միևնույն է, իր անցած ութսունամյա ճանապարհը հերիք է, որ ժողովրդի ենթագիտակցության մեջ ՀԳՄ-ն մնա իր բարի անվամբ և ուղղորդողի պարտականություններով, որի համար էլ ես` որպես ՀԳՄ-ի մի մասնիկ, հպարտ եմ:
Այսօր ՀԳՄ-ն առավել քան զորանալու կարիք ունի: Ասի, չէ՞, որ ՀԳՄ-ի ճանապարհը նույն հայ ժողովրդի ճանապարհն է, որքան զորացման կարիք ունի այսօր մեր ժողովուրդը:
Մնում է թև-թևի տալ, հավատ-հավատի ու շարունակել այս դժվարին, այս խոչուխութերով հարուստ, այս հաղթանակներ ենթադրող հետաքրքիր ժամանակների ճանապարհը…

Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։