Մայիսի 1-ին սիրված բանաստեղծի ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ նրա գրչընկերները, հարազատներն ու պոեզիայի երկրպագուները հավաքվել էին գրողի շիրմաքարի մոտ՝ իրենց խոնարհումը բերելու պոետի հիշատակին: Ծաղիկներ խոնարհվեցին նրա հուշաքարին, սրտի խոսքեր ասացին Արցախի ԳՄ նախագահ Վ. Հակոբյանը, բանաստեղծներ Էդ. Սաֆարյանը, Ս. Խանյանը:
Պոետի 80-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվեցին ծննդավայր Կոլխոզաշենում: Գրողի անունը կրող միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ: Աշակերտներն ասմունքեցին ու երգեցին բանաստեղծի ստեղծագործություններից: «Հրաչյա Բեգլարյանի բառը և գործը մեկ միասնություն էր: Նա ապրում էր իր գյուղի ու ժողովդրի հոգսերով և յուրաքանչյուր հարց՝ կապված հարազատ գյուղի հետ, գտնվում էր նրա անմիջական ուշադրության կենտրոնում,- իր խոսքում նշեց Վարդան Հակոբյանը: Բանաստեղծ Սոկրատ Խանյանն ընթերցեց իր բանաստեղծությունը՝ նվիրված Հրաչյա Բեգլարյանի հիշատակին: «Հրաչյա Բեգլարյանն իր բանաստեղծական փիլիսոփայությունը բերեց մի այնպիսի պարզության, որ դարձավ բոլորիս սեփականությունը և այս հողի վրա ստեղծված արժեքներից կարևորագույնն ու պահանջվածը»,- իր մտորումները կիսեց բանաստեղծ, արձակագիր Էդուարդ Սաֆարյանը: Բանաստեղծի բանաստեղծ Գագիկ Բեգլարյան որդին հաճելի անակնկալ մատուցեց: Նա կազմել և հրատարակել էր Հրաչյա Բեգլարյանի «Արցախ-Նամե»-ի 10-րդ հատորը, որի գինեձոնը կատարվեց բանաստեղծի ծննդավայրում՝ դպրոցի բակի թթենիների ներքո:
Մայիսի 2- ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի ԳՄ նախաձեռնությամբ կայացավ հուշ-երեկո, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար անձինք, մտավորականներ, արվեստասեր հասարակայնությունը: Հուշ-երեկոն սկսվեց ճանաչված լրագրող Արփեն Մովսիսյանի «Հայից հայ» տեսաֆիլմով, որտեղ ամբողջական կեպարով ներկայացված է Հրաչյա Բեգլարյան մարդը, բանաստեղծը, մտածողը, հայը: ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը իր խոսքում նշեց. «Հրաչյա Բեգլարյանը ներկան և անցյալը, և ընդհանրապես ամեն ինչ տեսնում էր ապագայի աչքերով: Նրա ցանկացած ստեղծագործության մեջ Ղարաբաղն է: Հրաչյան ինքը Ղարաբաղն է»,- ասաց Վ. Հակոբյանը: «Հրաչյա Բեգլարյանը առեղծված էր, խիզախ ու անվախ»,- հավաստեց Ս. Խանյանը:
Ելույթ ունեցան լրագրող Դավիթ Միքայելյանը, Արփեն Մովսիսյանը: Հրաչյա Բեգլարյանի Ռուզաննա դուստրը, թոռնուհի Արևիկն ու ծոռնուհի Մարիամը՝ արտասանեցին պոետի ստեղծագործություններից:
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ
Ստեփանակերտ