Փետրվարի 4–ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր, հրապարակախոս Անժիկ Հակոբյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:
ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, Անժիկ Հակոբյանին բնութագրելով իբրև սկզբունքային անձնավորություն, վստահեցրեց, որ նա այն անհատականություններից էր, ով իր խոսքի արժեքով, երանգներով և աշխատաոճով ուրույն տեղն ունի մեր գրական, մտավորական միջավայրում: Ընդգծելով երիտասարդների նկատմամբ Ա. Հակոբյանի վերաբերմունքը՝ Պ. Դեմիրճյանն ասաց. «Մամուլի այն բոլոր օրգաններում, որտեղ նա աշխատել է, ընդառաջել է երիտասարդներին»: Ըստ Ղ. Սիրունյանի՝ այն տարիներին «Գարունն» յուրօրինակությամբ, իր խենթությամբ, իր իմաստությամբ պահելու համար խմբագիրը բացառիկ շնորհք պետք է ունենար, ուստի Ա. Հակոբյանի մեծագույն արժանիքը համարեց այն, որ այդ գոլ ու գորշ, լճացման տարիներին կարողացավ պահել ամսագրի մշակութային, գեղագիտական և մարդկային գոյությունը մեր իրականության մեջ: «Այսօր մեր շուրջը անընդհատ դժժացող աղմուկ կա, որի մեջ հանիրավի կորչում են խնկելի անունները, նրա կերպարի կարիքը կա մեր իրականության մեջ»,- վստահեցրեց Ղ. Սիրունյանը: Բանաստեղծ Հակոբ Մովսեսը խոստովանեց, որ իրենք Ա. Հակոբյանի կողմից գրականություն ճանապարհվածներն են: «Եթե երբևէ 20-րդ դարի հայ մշակույթի և հասարակական կյանքի պատմությունը գրվի, Ա. Հակոբյանին պետք է առանձին գլուխ նվիրվի»,- ասաց նա: Նրա կարծիքով, Վարդգես Պետրոսյանի կողմից հիմնադրված «Գարունի» ազատական ավանդույթը շարունակելու և զարգացնելու համար մեծ անհատականություն պետք է լինել: Ըստ բանաստեղծ Արտաշես Արամի` Ա. Հակոբյանն իր ազնվական տեսակով մի բան էր ապացուցում` խմբագիր լինելը սևագործ բանվորի աշխատանք է: Ապա անդրադառնալով Ա. Հակոբյանի գործերին` նշեց, որ նրա գրքերի վերնագրերը` «Զուլալ առվակի պես» և «Հիրիկը քարափների մեջ», ինքնադիմանկար են հիշեցնում: «Լուսավոր մարդու տեսակ էր, որ գալիս էր իր տոհմից, իր արյունից, իր ծագումից: Նա մեզ համար ստեղծեց հուսալի, հավատի մի ճանապարհ, առանց որի, առանց այդ լավատեսության հնարավոր չէր անցնել այդ ճանապարհը»,- ամփոփեց Ա. Արամը: Ելույթ ունեցան նաև Գ. Ջանիկյանը, Ա. Վարդանյանը և ուրիշներ: Գայանե Սամվելյանը հատվածներ կարդաց Ա. Հակոբյանի արձակից: Հուշ-ցերեկույթը վարում էր Ղուկաս Սիրունյանը: