Յավորովը` երկու ժողովուրդների կամուրջ ու հիմք

Հունվարի 12-16-ը Բուլղարիայի Սլավոնական գրականության և արվեստի ակադեմիայի հրավերով ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Բուլղարիայում մասնակցեց հայ ժողովրդի բարեկամ, բուլղար նշանավոր բանաստեղծ Պեյո Յավորովի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումներին:
Ծննդյան 140-ամյակի առթիվ տպագրվել է Յավորովին նվիրված «Ես չեմ ապրում` այրվում եմ» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն, որի առաջաբանը գրել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Խղճի բանաստեղծը» խորագրով առաջաբանում մասնավորապես ասվում է. «Ես շատ եմ ուզում ճշգրիտ ասել, թե մարդու և մարդկության պատմության ոչ երկար ընթացքում երբ է սկզբնավորվել մարդկային խղճի պատմությունը, ինձ թվում է` առաջին արտահայտությունը սրտահույզ երգն է, այսինքն` առաջին խղճի հրեշտակը երգիչն է, բանաստեղծը: Դրա լավագույն ապացույցը մեծ բանաստեղծների փաղանգն է և դրանց շարքում` երևելի շարքում, բուլղար ժողովրդի հանրահայտ զավակ Պեյո Յավորովը` մաքառողը, խիզախողը և վեհապանծը: Նա առաջինն էր, որ 1898 թ. դառնորեն արձագանքեց Օսմանյան Թուրքիայից հալածված, իրենց հայրենի հողից զրկված և Բուլղարիայի Ստրալջու քաղաք հասած հայորդիների տառապանքին` գրելով «Հայերը» հանճարեղ բանաստեղծությունը: Հիշենք, որ Յավորովը նույն ցավով արծարծել է հրեաների ճակատագրի կնճիռները: Նա կարծես կանխագուշակել է այս երկու ազգերի ապագա ցեղասպանությունը: Ահա թե ինչ հզոր տաղանդով էր օժտված երգիչը, մարտիկը, մարդասերը: Ափսոս, աշխարհի ոչ բոլոր բանաստեղծներն են այդքան աչալուրջ, այլապես կկանխվեն բազում չարիքներ: Սա էլ իմ` բանաստեղծի ռոմանտիկ ու միամիտ հավատը: Լինել Յավորովի նման, սա է իմ հավատամքը:
«Հայերը» բանաստեղծությունը ոտքի հանեց երախտապարտ 200 հայ ռազմիկների, որոնք Անդրանիկ և Գարեգին Նժդեհ զորավարների հրամանատարությամբ կռվեցին Բուլղարիայի ազատագրության համար: Եվ հենց Գարեգին Նժդեհը 1936 թ. գուշակեց, որ Անկախ Հայաստանում կբարձրանա Պեյո Յավորովի արձանը: Ասեմ` նրա անվան դպրոցի դիմաց: Մանուկների հոգում փողփողում է Բուլղարիա, Պեյո անունները: Այսպես է պոետն ապրեցնում իր երկրի ու մարդկության փառքը»:
Գրքում ընդգրկված է Յավորովի «Հայերը» բանաստեղծությունը, որը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, ինչպես նաև այդ բանաստեղծության հայերեն և ռուսերեն տարբերակները` Համո Սահյանի, Գևորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի և Գուրգեն Բարենցի (բուլղարերենից ռուսերեն) թարգմանությամբ:
Սոֆիայի Բուլղարական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին մասնակցեց և ողջույնի խոսք ասաց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցեցին ճանաչված գրականագետներ Սերբիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից: Էդվարդ Միլիտոնյանը իր ելույթում անդրադարձավ հայ ժողովրդի հիշողությանը` կապված Յավորովի հետ: Սոֆիայում նա հանդիպեց Բուլղարիայի գրողների միության քարտուղար Խրիստո Դիմիտրեևի հետ, քննարկվեց համագործակցության ծրագիր:
Առաջիկայում կներկայացվի համագործակցության նախագիծը:
Հունվարի 13-ին միջոցառումները շարունակվեցին մեծ բանաստեղծի ծննդավայրում` Չիրպան քաղաքում, որտեղ ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Բուլղարիայի փոխնախագահ Իլիյանա Յոտովան: Ողջույնի խոսք ասաց նաև Էդ. Միլիտոնյանը և վառեց Յավորովի պոեզիան խորհրդանշող ճրագը: Յավորովի պոեզիան հանրահռչակելու գործում ունեցած ավանդի համար Միլիտոնյանը պարգևատրվեց Չիրպան քաղաքի հուշամեդալով:
ՀԳՄ նախագահը Չիրպան թանգարանին նվիրեց քարակերտ հայկական խաչքար և եղեռնազոհ գրողների ռուսերեն ժողովածուն` նշելով, որ Յավորովի «Հայերը» բանաստեղծությունը` գրված 19-րդ դարի 90-ականների վերջին, կարծես կանխագուշակում էր ցեղասպանությունը:
Պլովդիվի գրադարանում տեղի ունեցավ հանդիպում քաղաքի գրասեր հասարակության, արվեստագետների հետ, որտեղ Էդ. Միլիտոնյանը ելույթից հետո ներկայացրեց Յավորովի մասին իր գրած բանաստեղծությունը: Պլովդիվի գրողների միության ղեկավարները ՀԳՄ-ին նվիրեցին դիպլոմ` Յավորովին հանրահռչակելու, հայ և բուլղար գրականություններին ծառայություն մատուցելու համար: Պլովդիվյան հանդիպումներին ներկա են եղել տարբեր քաղաքների գրական կազմակերպություններ, քննարկվել են համատեղ համագործակցության ծրագրեր: Փոխհամագործակցության ծրագիր է առաջարկել նաև Սլավոնական գրականության և արվեստի ակադեմիան: Էդ. Միլիտոնյանի հավաստմամբ` հետագայում գործունեության մեջ անպայմանորեն կներառվեն գրական հանդիպումներ, թարգմանական ծրագրեր, գրական հանդեսների, թերթերի փոխհամարների հրատարակում: Էդ. Միլիտոնյանը հանդիպեց նաև Պլովդիվի հայ համայնքի ներկայացուցիչների, քաղաքի մտավորականության հետ, քննարկվեցին հետագա փոխհամագործակցության ծրագրեր:
«Յավորովի անձը մեր երկու ժողովուրդների կամուրջն է ու հիմքը, որը ապագայում էլ կապելու է մեր ժողովուրդներին: Մենք պետք է սևեռվենք այն գաղափարի վրա, որ գրական մարդը մեծ դեր է խաղում աշխարհում խաղաղություն և բարեկամություն հաստատելու մեջ»,- ասաց ՀԳՄ նախագահը:
Պլովդիվում հայկական պատվիրակությունն այցելեց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի ու թանգարան:
Այս հանդիպումներին անձնական նախաձեռնությամբ մասնակցեց նաև «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, մանկագիր Անուշ Վարդանյանը: Պլովդիվ քաղաքի գրադարանին, Յավորովի տուն-թանգարանին, հայկական համայնքին և գրադարանին ՀԳՄ պատվիրակությունը նվիրեց բուլղարերենից թարգմանված, «Ծիծեռնակ» հրատարակչության հրատարակած չորս գրքերը և ՀԳՄ հրատարակած գրքերից: Առանձնահատուկ նշվեց թարգմանչուհի Մարգարիտ Թերզյանի մեծ ավանդը բուլղարերենից հայերեն կատարած թարգմանությունների գործում:
Միջոցառումների ընթացքում տեղի ունեցավ նաև մեծ բանաստեղծին նվիրված գիտաժողով:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.