ՀՈԳՈՒ ՊԱՅԾԱՌՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

ՀՈԳՈՒ  ՊԱՅԾԱՌՈՒԹՅԱՄԲ  ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՒԹՅԱՄԲՄայիսի 16–ին ՀԳՄ «Գրական ակումբ» սրճարանում տեղի ունեցավ Շանթ Մկրտչյանի «Հատընտիր» գրքի շնորհանդեսը: Գրքում ընդգրկված են ինչպես նախորդ չորս ժողովածուներում, այնպես էլ դրանցից դուրս մնացած և անտիպ գրքից բանաստեղծություններ: Ընտրանին առանձնանում է իր ուրույն կառուցվածքով: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բնութագրելով Շ. Մկրտչյանի պոեզիան, նշեց, որ նրա բանաստեղծությանը բնորոշ է և՛ ժամանակակից մտածողությունը, և՛ ավանդական շերտերը. «Ուղղակի ավանդականությունը ոչ միայն պոետական գրելաձևով է գտնում-ասում, այլև` վարքի, ճշմարտության, արդարամտության, հայի կերպարի, հայի ինքնության, մեր աշխարհի գույների մեջ»: Նրա հավաստմամբ` սերնդակից բանաստեղծների մեջ Շ. Մկրտչյանը առանձնանում է հենց իր հոգու պայծառությամբ և անմիջականությամբ: «Ինքը պարզ, արագ ընկալելի բանաստեղծություններ չի գրում, բայց իր արվեստով, ժամանակակից մտածողությամբ մեր ժամանակի, քաղաքի, մարդկանց տագնապները հասցնոււմ է քեզ, բայց մնում է մի պայծառություն, մի բարի բան, որը հավատ է ներշնչում, թե ամեն ինչ լավ կլինի»,- հավելեց բանաստեղծ Էդ. Միլիտոնյանը: Անդրադառնալով գրողի կատարած թարգմանություններին` նա ասաց. «Եթե ժամանակակից բարդ ձևերի, ծալքերի մեջ մտնելու, տարբեր տաղաչափական խնդիրներ լուծելու այդ զորությունը չունենար, արդի մեծ բանաստեղծների հայերեն հրաշալի թարգմանությունները բնականաբար չէինք ընթերցի»: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը խոստովանեց. «Գալիս է մի տարիք, երբ սկսում ես համադրել մարդու ստեղծածը մարդու ապրածի հետ: Շանթն իր ստեղծածով ցանկալի ներկայություն է հայ պոեզիայում»: Էդիկ Հախվերդյանը արտահայտվեց Շ. Մկրտչյանի մասին իբրև թարգմանչի, արժևորելով Սոհրապ Սեփեհրիի «Ջրի ոտնաձայնը» պոեմի թարգմանությունը. «Նրա` գրողի, բանաստեղծի զգացողությունը էնքան բարձր է, էնքան մեծ պատասխանատվություն ունի և էնքան սուր բնազդ, որ կարողանում է միջնորդ լեզուներով հասնել թարգմանվող նյութի էությանը»: Ըստ Բագրատ Ալեքյանի` Շանթի բանաստեղծությունը լավագույնս ընկալելու համար պիտի տարրալուծվել նրա պոեզիայում:
Բառի, բառաշերտի, բառագույների և բառահամի զարմանալի զգացողություն ունի Շ. Մկրտչյանը բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանի բնութագրամբ:
Շ. Մկրտչյանի գրական վաստակը արժևորեցին նաև նկարիչ Խաչիկ Ազիզյանը, բանաստեղծներ Ռոմիկ Սարդարյանը, Մանասեն, Մերուժան Սիմոնյանը:
Շնորհակալական խոսքում Շ. Մկրտչյանը նշեց, որ տպագրված գրքերից ընտրել է այն գործերը, որոնք այսօր իրեն դուր են գալիս:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։