Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

2000 թվականի հուլիս 2-ն էր: Լրագրողների մեր խումբը Ստրասբուրգից նախորդ օրը եկել էր Փարիզ: Աշխատանքային ժամանակացույցը, բարեբախտաբար, այնպես դասավորվեց, որ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնատի եզրափակիչ դուրս եկած Ֆրանսիայի ու Իտալիայի խաղին կարող էինք հետևել Փարիզում (խաղը Ռոտերդամում էր): Խոստովանեմ, մեծ ֆուտբոլասեր չեմ և այդ մի քանի ժամերը, երբ ընթանում էր խաղը, օգտագործեցի դիտելու, հետևելու և՛ քաղաքապետարանի հրապարակի մեծ էկրանին «կպած» ֆանատներին, և՛ այդ նույն պահին Սենայի առափնյա փողոցով ընթացող մեքենաների անընդհատ հոսքում երևակվող վարորդներին, որոնց խնդիրը մայթն ու փողոցը իրար խառնած մարդկանց միջով անվտանգ անցնելն էր ընդամենը: Առափնյա բազալտե եզրապատը դիտակետ դարձրած՝ ոչ այնքան տեսնում, որքան զգում էի մարդկանց ապրումները: Եղավ մի պահ, երբ ֆրանսիացիների հաղթանակը դարձավ անիրական: Օդում լարվածություն զգացվեց, հետո խտացավ, դարձավ, հավատացեք, շոշափելի… Ես, որ «աչքերս չորս արած» հետևում էի շուրջս կատարվողին, չնկատեցի, թե ե՛րբ, ինչպե՛ս և որտեղի՛ց հայտնվեցին ոստիկանական սև մեքենաները… Քիչ անց մայթերը զբաղեցրին «Շտապ օգնության» սպիտակ մեքենաները: Կարծես գետնի տակից էին բուսնում նորանոր ոստիկաններ, ու նրանց՝ անթափանց դիմակ հիշեցնող դեմքերն իրոք ոչինչ չէին ասում, բայց որ տասնապատկված հսկողություն էին իրականացնում՝ աներկբա էր: Արդեն ֆուտբոլը մոռացած՝ հետևում էի ու ինքս ինձ հարցնում՝ ի՞նչ է այս ամենը նշանակում: Հետո լրացուցիչ ժամանակ, հետո՝ Դէվիդ Տրեզեգեի ճակատագրական գոլը, ու Ֆրանսիան երկրորդ անգամ դարձավ չեմպիոն: Ֆուտբոլն ավարտվեց: Սկսվեց… մինչև հիմա չեմ գտել «սկսվածի» բնորոշումը: Խուլ հիասթափությանը հետևած խելահեղ ցնծությունը ինչ-որ պահ դարձավ անկառավարելի: Հազարավոր մարդիկ, դուրս հորդալով հրապարակից, սկսեցին կանգնեցնել մեքենաները, ինչ-որ տեղից հայտնված փայտի կտորները անխնա հարվածներ էին տեղում պաշարված փողոցով սողացող մեքենաների վրա: Իսկ երբ ավելի տաքգլուխները բարձրացան այդ նույն մեքենաների վրա… Ի դեպ, մեքենաները հիմնականում շքեղ ու թանկանոց էին, կողքիս նստածը անգլերեն նետեց. «Հերթը հասավ բուրժուաներին»: Իսկ այդ նույն բուրժուաները ամուր փակել էին մեքենայի դուռ-լուսամուտներն ու անվրդով նայում էին իրենց դիմաց: «Շտապ օգնության» մեքենաների կողքին հայտնվեցին սպիտակ խալաթավորներ, սև համազգեստով ոստիկաններն արդեն շարքերով էին երևում ու անհետանում մարդկային հորձանքի մեջ: Ինձ թվաց՝ ևս մի պահ, ու կտեսնեմ գլաքարը ձեռքում սեղմած Գավրոշին…
Օդը պայթում էր իրարամերժ զգացմունքներից, աշխատավոր Փարիզը տոնում էր իր հաղթանակն ու միաժամանակ, առիթը բաց չթողնելով, իր «բռունցքը» ցույց տալիս վերևիններին:
Արդեն եզրապատին կանգնած էի հետևում ու նորից չնկատեցի, թե ինչպե՛ս ոստիկանական փոքրիկ շղթաները միացան, պատ դարձան ու դանդաղ, բայց հաստատակամ ուղղորդեցին մարդկանց դեպի Ռիվոլի փողոց: Ավելի ճիշտ՝ ուղեկցեցին: Իսկ այնտեղից՝ դեպի Կոնկորդ հրապարակ, հետո՝ Շանզ Էլիզե, և քիչ առաջ ճանապարհին հանդիպածը ջարդելու պատրաստ ամբոխը վերածվեց ժպտացող, իրար գրկող ու համբուրող մարդկանց միասնության: Թնդաց «Մարսելյեզը», իսկ ոստիկանները… անէացան: Միաժամանակ «անհետացան» սև ու սպիտակ մեքենաները: Փարիզում այն տոնն էր, որ միշտ քեզ հետ է:
Հ.Գ. Երևանում 2015 թվականի հուլիսի 1-ն է, գրում եմ այս տողերը, իսկ խմբագրության բաց պատուհանից այն կողմ փակ Բաղրամյան պողոտան է, ինձ են հասնում պողոտան պաշարած քաղաքացիների ձայները: «Գրական թերթը» լույս կտեսնի հուլիսի 3-ին, չգիտեմ, այդ օրը ինչպիսին կլինի, իսկ ինձ համար Թալանին դիմակայության խորհրդանիշը մայթին նստած փոքրիկն է՝ իր վերնաշապիկի գրությամբ. «Չե՛ք ուտելու իմ բաժին կաթը»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։