Մանկության մի ընկեր ունեինք` Ռաֆիկ անունով: Պատմությունս Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքի սկիզբը հիշեցրեց, բայց մեր ընկերը Նեսոյի նման հեքիաթասաց չէր. «…ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջ-բոլոր նստում էինք, հիացած պըլշում Նեսոյի ոգևորությունից գեղեցկացած դեմքին: Ու պատմում էր նա հուրի փերիներից, զմրուխտ ղուշից, լիս ու մութ աշխարհից…»:
Մենք էլ այդպես պըլշում էինք Ռաֆիկի (Ռաֆոյի) ոգևորությունից գեղեցկացած դեմքին, ավելի ճիշտ, նրա դեմքի դիմախաղին, սրա-նրա խոսքի, շարժ ու ձևի անթերի նմանակումներին` հարստացված հանպատրաստի հորինվող, ծիծաղից թուլանալու աստիճանի դիպուկ սյուժեներով: Կրկնօրինակման նրա այդ շնորհը, անխոս, մեծ ու յուրօրինակ կարողություն էր, դերասանական բնատուր ու փայլուն արվեստ, բայց երբ թատրոնում փորձեցին նրա տաղանդն օգտագործել, ոչինչ չստացվեց: Տեքստերն անգիր չէր կարողանում անել: Առաջին երկու-երեք տողերից հետո շեղվում էր, չլսելով հուշարարին, արագ անցնում էր իր բառերին ու ժեստերին, որից դահլիճը ծիծաղից կոտորվում էր: Պարզ է, որ այդպես չէր կարելի: Թատրոնի ղեկավարությունը շատ էր շահագրգռված նրանից ինչ-որ բան դուրս բերել, անընդհատ աշխատում էին հետը, սակայն ապարդյուն: Անգամ փորձերի ժամանակ, երբ ամեն պահի դիտողություն էին անում, զգուշացնում չշեղվել, նա, հավատարիմ մնալով իրեն, իր սցենարն էր խաղում` նմանակելով մե՛կ ռեժիսորին, մե՛կ այս կամ այն դերասանին, կամ էլ բեմի բանվորներին: Ինչ արեցին-չարեցին, այդպես էլ բան դուրս չեկավ ու ճարահատյալ նրանից ձեռք քաշեցին: Իսկ նա շարունակում էր իր արվեստը բանեցնել ուր պատահի` տանը, փողոցում, դպրոցում, մարզադաշտում… Նա և՛ դերասանն էր, և՛ ռեժիսորը, և՛ սցենարիստը ու իր անսպառ եռանդն ու տաղանդը անմնացորդ ու անհատույց բաշխում էր ում պատահի և որտեղ պատահի: Ցավոք նրա եռանդը արտահայտվում էր միայն այդ բնագավառում: Մնացած հարցերում սարսափելի ծույլ էր ու անտարբեր: Տանը գործի ձեռքը չէր կպցնի, դպրոցում` գրքի: Մինչև յոթերորդ դասարան չհասավ ու դպրոցից դուրս գալով էլ ոչ մի տեղ չաշխատեց: Ոչնչի նկատմամբ հետաքրքրություն չուներ: Միակ կիրքը ֆուտբոլն էր: Բոլոր հայտնի ֆուտբոլիստների նկարներն ուներ, կենսագրությունները անգիր գիտեր և տեղյակ էր նրանց կյանքի այնպիսի դրվագների, որ քչերին էր հայտնի: Քիչ-միչ էլ խաղում էր, սակայն բացարձակ արագություն չուներ, հարվածներն էլ ո՛չ ուժգին էին, ո՛չ էլ դիպուկ: Խաղերին նրա ներկայությունը հանդուրժում էին (իհարկե, միայն որպես փոխարինողի) միմիայն ֆուտբոլի նկատմամբ նրա անսահման սիրո ու մեկ էլ իր արվեստով տղաներին լիցքաթափելու ու ոգևորելու համար: Հետագայում, երբ Մեղրիից տեղափոխվեց Մոսկվա և աշխատում էր Լուժնիկի մարզադաշտում (խաղադաշտի լուսավորության էլեկտրիկն էր), այնտեղ այնպիսի սեր ու հարգանք էր վայելում, որ հաջողացրեց պետական միջոցներով մոսկովյան մրցանակակիր մի թիմի Մեղրի բերել` ընկերական հանդիպման: Այն ժամանակ դա կատակ բան չէր: Անգամ կենտրոնական սպորտային մամուլն անդրադարձավ դրան: Հաճախ Ռաֆիկի անունից «Սովետական սպորտ» շաբաթաթերթում հոդվածներ ու մեկնաբանություններ էին տպագրվում: Թե դրանք ով էր գրում, հայտնի չէր: Իսկ նրա գրածն այս էր. Մարտի 8-ի առիթով ահա թե ինչ բովանդակությամբ հեռագիր էր ուղարկել երաժշտական դպրոցի դիրեկտոր Էդուարդ Մարգարյանին.
«Էդիկ ջան, շնորհավոր քո մարտի 8-ը, միշտ քաղցր Մեղրու թութը…»: Ու գրել էր դպրոցի հասցեով, որ այնտեղ աշխատող կանայք էլ կարդան: Էդիկը, որ կատակից բացարձակ չէր նեղացել (Ռաֆիկից կարելի՞ է նեղանալ), նրա հեռագրին լակոնիկ պատասխանեց` քոնն էլ:
Այս ամենն, իհարկե, հետո, երբ արդեն մեծ էր, իսկ մինչ այդ ընծա էր Մեղրու ու մեղրեցիների համար: Եվ դա բառի ամենաիսկական իմաստով: Նա Մեղրու ու մեղրեցիների ուրախությունն էր` նրանց կյանքը լցնելու, առօրյա հոգսերից կտրելու իր անձնվեր պատրաստակամությամբ: Նրան բոլորն էին սիրում, նա բոլորին, ու… մեկին: Աղջիկը ինստիտուտ էր ավարտում, գեղեցիկ էր ու խելացի: Տղաները շատ բան արեցին, որ նրանց մտերմությունն ստացվի (ծնողները դեմ էին), ու վերջապես երկար սպասված համաձայնությունը ստացվեց: Երբ մի քանի հոգով գնում էին աղջկա տուն` խոսք ուզելու (մեղրեցիք ասում են` ծաղիկ տանելու), տան շքամուտքի մոտ, սպորտկոմիտեի նախագահը, որ պատվիրակության կազմում էր, Ռաֆիկին զգուշացնում է. «Մայմունություններ չանես, հազիվ ենք համոզել»: Ռաֆիկը ծիծաղելով թե. «Էս գլխից ասեք՝ իմանամ, կոնկրետ ինչ է կարելի ու ինչ չի կարելի»: «Ինչ գիտեմ, թե տվյալ պահին քո բեյնն ինչ կբրթի: Համենայնդեպս, լեզվիդ շատ զոռ չտաս»: Մեկ ուրիշն էլ թե. «Կարճ. քեզ ծանր կպահես»:
Լսելով, արագ շրջվում է ու շքամուտքից դուրս է գնում: Մեկը հասնում է ու ձեռքից բռնում.
– Էս ո՞ւր, զուլումդ բըլի:
– Գնում եմ մի ծանր քար վերցնեմ, գամ:
Նշանդրեքը թեև կայացավ, սակայն կարճ ժամանակ անց նշանը ետ տվեցին: Թե ինչու, Աստված գիտի: Ռաֆիկի, շրջանից հեռանալու պատճառը, հավանաբար, հենց դա էր: Երկար տարիներ մղկտում էր այդ աղջկա համար և ում հետ նամակագրական կապ ուներ, անընդհատ նրանից էր հարցնում:
Մենք Ռաֆիկին Բեյբուդ էինք անվանում, և ահա թե ինչու:
Խրուշչովյան գահակալության շրջանում (60-ականների սկզբին) հացի պակաս կար, ու ժամերով հերթ էր: Ռաֆիկը հարևան հանրապետության Օրդուբադի շրջանում հյուր էր (եղբոր կինը այնտեղից էր), ու վերադարձին հետը մի հաց են դնում: Այդ օրերին մեքենայի հարցը լուրջ էր, ավտոբուսներ էլ չէին աշխատում ու կա՛մ պատահական մեքենայով (որ հազվադեպ էր լինում) պիտի գար, կա՛մ էլ ոտքով: Եթե մեքենան երկու-երեք ժամում էր գնում, մարդը` այն էլ տասներեք, տասնչորս տարեկան, Աստված գիտի, ինչքան պիտի քայլեր: Ռաֆիկը շոգին երկար է սպասում, սակայն մեքենա չի լինում, իսկ ոտքով գնալը տաժանակրություն էր: Ուստի ուղեղը տենդագին աշխատում է, երկար որոնումներից հետո վերջապես լուծումը գտնում է: Գնում է տեղի սահմանապահ ուղեկալ և հերթապահին համոզում է Մեղրի զանգել: Թե դա նրան ինչպես է հաջողվել, այն էլ ռուսերենով, Աստված գիտի: Ինչևէ, սրանք միանում են Մեղրի: Հավանաբար այդ հարցում օգնել է կրկնօրինակման իր անզուգական արվեստը: Ինչևէ, միանում են Մեղրի, և Ռաֆիկը թուրքի հայերենին նմանակելով, ասում է, որ Օրդուբադի կուսշրջկոմից է և խնդրում է միացնել շրջկոմի քարտուղարին: Զանգին պատասխանում է ընդհանուր բաժնի վարիչը, որին մեր հերոսը հաղորդում է, իբր, Ռաշիդ Բեյբութովը Օրդուբադում է և ցանկություն է հայտնել նաև Մեղրի գալ, ուստի պետք է մեքենա ուղարկել: Բաժնի վարիչը զեկուցում է առաջին քարտուղարին, նա էլ առանց ստուգելու (ինչ ստուգեր, նախ Օրդուբադի հետ հեռախոսակապ չկար, հետո էլ զանգը նրանց շրջկոմից էր, այն էլ զինվորական կապով) պետանվտանգության վիլիսը երկրորդ քարտուղարի ու մշակույթի բաժնի վարիչի հետ ուղարկում է պատվավոր հյուրին դիմավորելու և շրջան բերելու: Մեքենան տեղ հասնելուն պես ուղղվում է կուսշրջկոմ: Այստեղ զարմանում են, ասելով, որ Բեյբութովը Օրդուբադ չի ժամանել, իրենք էլ ոչ մեկին չեն զանգել: Կապվում են զինմասի հետ, որտեղից հայտնում են, որ իրենց մոտից միայն մի երեխա է զանգել տուն: Իսկ զանգողը, փաստորեն, մեծահասակ է եղել: Ռաֆիկը երկար մեքենային մոտ չի գնում, իսկ երբ ժամանածները դուրս են գալիս շենքից, մոտենում է ու հարցնում, թե ուր են գնում, իբր նոր է իմանում, որ Մեղրի են գնում, խնդրում է իրեն էլ տանել: Ճանապարհին քարտուղարն ու բաժնի վարիչը խորհրդակցում են, թե ով կարող է լինել խորհրդավոր զանգողը և, ամենակարևորը, ինչպես է զորամասից զանգել, որ այնտեղ տեղյակ չեն եղել: Վարորդն էլ քթի տակ խնդմնդում է ու Ռաֆիկին աչքով անում:
Իսկ Մեղրիում ժողովուրդը քաղաքի կենտրոնի փոքրիկ հրապարակում հավաք- ված, անհամբեր սպասում է նշանավոր հյուրի ժամանմանը: Նույնիսկ նվագախումբ էին հրավիրել, որին հրահանգավորված էր մեքենայի երևալուն պես հնչեցնել ԽՍՀՄ հիմնը: Հրապարակ չհասած՝ Ռաֆիկը խնդրում է մեքենան կանգնեցնել և հրապարակը շրջանցող ճանապարհով տուն է գնում: Մեքենան մտնում է հրապարակ, հնչում է հիմնը, փողկապավոր պիոներները ծաղկեփնջերով ու ժպտադեմ վազում են մեքենային ընդառաջ, ժողովուրդը ծափահարում է ու «Ուռռա… ուռռա…» վանկարկում… Իսկ առաջին քարտուղարը, բացելով մեքենայի դուռը, մնում է շվարած.
– Իսկ ո՞ւր է Բեյբութովը:
Վարորդը, առաջ ընկնելով պատասխանում է.
– Հացը թևի տակ, ճաշարանի դալանով տուն գնաց:
Այդ օրվանից Ռաֆիկը կնքվեց Բեյբուդով, կարճ` Բեյբուդ:
Մեծ բավականություն ստացա. Ընտիր սյուժե, ընտիր հումոր.