Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Օձաճապուկ, ոլորապտույտ
Գալարումներով
Հոսում է գետը սիրո:
Նրա ջրից խմողը չի էլ փորձում
Քննելու, թե ո՞վ է առարկան իր սիրո:
Սերն ընդառաջ է գնում նրան և
Դիմավորում որպես մունետիկ,
Որպես մշտաթարմ զգացմունք.
Անմոռաց պահերի զեղումներ,
Բազմախոստում ընծաներ…
Կախարդական օղակից սիրո
Ծածանվում են վարսերը սև,
Խեղդում պարանոցը այրական…
Բզեզների նման անշարժացած,
Շունչները պահած, նրանք
Հետևում են կախարդանքին այն,
Որ ստեղծում է սերը.
ՎԵՐԱԿԵՐՏԵԼՈՎ ՏԱՐՐԵՐԸ
ՄԱՐՄՆԻ…
ՓԱԽՈՒՍՏ ԲԱՆՏԻՑ
Մանկության կապույտ մոլորակից
Անցումը դեպ
զվարթ պատանեկություն:
Հետո, հետո Ալմա մատեր:
Ուսանողական համքարություն
զվարթ…
Հանկարծ հայտնվեցի հասուն կյանքի
Միջանցքներում բազմապիսի:
Խճանկար ուղիները հանց լաբիրինթ
Խորհրդավոր,
Խճողեցին իմ ուղին, բազում
Փլատակների մեջ իր նիզակը խրեց
Հաղթանակի աստվածը Նիկե,
Իսկ ես, ես շարժվեցի առաջ՝ ձեռքիս
Կծիկ Արիադնայի…
Միջանցքը մթնեց հանց
թունել անլույս:
Դեպրեսիվ հայացք,
ձանձրալի օրեր…
Միայն կծիկը, թելը փրկարար.
Դա լույսն է աստվածային՝
Ջերմ ու հոգեպարար,
Որ ուղեկիցն է կյանքիս մշտակա:
Հետո հայտնվեցի դռան առջև փակ,
Ձեռքիս կծիկը վերածվեց
Բանալու պղնձակոփ,
Բացեցի դուռը խորհրդավոր,
Եվ, օ՜, հրաշք…
Դա սենյակն է երջանկության,
Այն չունի սահման, պատուհան,
Բաց տարածքներ,
կանաչ ցողապատ,
Եթերի գունախաղ նրբագեղ
Եվ օդ, օդ ազատության…
Սիրելի ընթերցող,
Ահա բանալին,
Բանալին երջանկության,
Ես նվիրում եմ քեզ…
ԻՄԵՋԻՆ
Գլխիս ծածանվող վարսերը
Վերածվում են ոլորուն որդերի.
Նրանք կրծում են մտքերս
Կենաց ծառին աճող
Կարմիր խնձորի մասին:
Ինչպես վերծանել երաժշտությունը:
Սեպագիր արձանագրությունն այդ.
Դո-ն թռչում է ծիծառի հանգույն.
Րե-ն մռնչում է վագրի երախով.
Իսկ բոլորը միասին
ԻՄԵՋԻՆ
Հարդագողի ճամփորդ Ջոն Լենոնը
Բացում է պատուհանները գոց
Ճերմակ սրահի Յոկո Օնոն.
Եվ թռչում են, թևում աղավնիները՝
Ձիթենու կանաչ ճյուղը բերելու:
***
Թոռնիկս խզբզում է խառնիխուռն…
Ասես ջահել մայրիկ եմ նորից:
Խաղում եմ որդուս հետ
Չարաճճի…
Արարիչ ամենայնի,
Գնահատիր երջանկությունն իմ
Անպարագիծ…
Տուր ինձ, Տեր,
Երջանկություն անանձնական…
ՕՐԵՐԻ ՓՐՓՈՒՐԸ
Ես չեմ սիրում փրփուրը
գինու կամ սառը սուրճի:
Այն հիշեցնում է ապրած
կյանքիս օրերը սին…
Բայց չեմ սիրում և նստվածքը
Գինու կամ արևելյան սուրճի:
Այն հիշեցնում է
գուշակություն անմիտ…
Կենաց կշեռքի նժարները
Թե հավասարակշռեն,
Միգուցե խաղաղվի
Փրփրադեզ հոգիս…
Հնչում է երգը սաքսոֆոնի՝
Ջազային համանվագը Ջո Կոկերի…
ՇՈՒՐԹԵՐԻ ԴՐՈՇՄԸ ԿԱՐՄԻՐ
Ապակյա թափանցիկ
բաժակը վերցրի,
Եվ, օ՜, հրաշք,
Բաժակը կրում էր դրոշմը շուրթերիդ…
Թվում էր՝ անցյալը մոռացյալ է,
Սակայն հետքը ալ շրթներկի
Շանթեց սիրտն իմ,
Եվ հուշերը ջրվեժի նման
Թափվեցին շիթերով հորդառատ…
Ահա խմում ենք սուրճը արաբիկա
Պատշգամբում ապակեպատ.
Դու լվանում ես բաժակները.
ՉԵՄ ՍԻՐՈԻՄ ՔԻՄԻԱԿԱՆ
ՀԵՂՈՒԿՆԵՐԸ…
Եվ ցայում ես սրճի մրուրը ջրով,
Միայն ջրով կենարար…
Ահա արդյունքը,
Սեր իմ, սեր անցյալ… ներկա:
Քո թափանցիկ հանց
ուրու ներկայությունը
Այրում է ճակատս,
Սիրտս բաբախում է
ԽԵԼԱՀԵՂ…
Ես հասկացա, հասկացա վերջապես՝
Ես սիրում եմ, սիրում եմ քեզ,
Ցանկանում
ՍԻՐԱՏՈՉՈՐ…
ՉՍՏԱՑԱԾ ՆՎԵՐ
Ամենալավ նվերը կյանքիս
Ստացել եմ քեզնից, մայր:
Մի ժանեկազարդ գիշեր
Գրկեցիր գլուխն իմ և ասացիր.
Դուստր իմ, ստացել եմ պրեմիա:
Դու դառնում ես 17 տարեկան:
Վաղը քեզ համար կգնեմ
Ոսկե ապարանջան.
Այն արժե ճիշտ այնքան
Որքան ստացել եմ:
Ծիծաղեցի զվարթ, կատակի տվի,
Ինչ է, հարուստի աղջի՞կ եմ…
Եվ չթողեցի գնել կյանքիս
լավագույն նվերը.
Որովհետև ջուրը կաթում է,
Նոր ծորակ է անհրաժեշտ,
Ձմեռ է գալիս, վառելիքը չիք,
Մորս ձեռերը մրսում են,
Ձեռնոց է պետք…
Ամենալավ նվերը կյանքիս
Ստացել եմ քեզանից,
Մայր իմ.
Ոսկե ապարաջան, որ գնեցի,
Երբ դու վաղուց,
Վաղուց հեռացել էիր…
ԱՂՋԿԱԿԱՆ
Որպես դեղահաբ, որ ակնթարթում մի
Քո համբույրը ջնջում է
Ցավերը բոլոր, բոլոր…