ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ՈՒԽՏԸ

2015-ի փետրվարի 25-ին՝ Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի օրը, «Բագրատունյաց ասպետներ» հ/կ-ի, Շիրակի մարզի Երազգավորսի գյուղապետարանի նախաձեռնությամբ գյուղում կայացավ մեծ Զորավարի փառքի հուշակոթողի բացման և ծննդյան 150-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն: Փառքի հուշակոթողի հիմնադիրն է երազգավորսցի բանաստեղծ Սամվել Մարգարյանը, քանդակի հեղինակը՝ գյումրեցի քանդակագործ Կամո Սառիկյանը:
Երազգավորսի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը հանդիսությունը հայտարարում է բացված: Փառքի հուշակոթողը բացում են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և Արցախի հերոս, գեներալ- մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը):
Իրենց ելույթներում ժողովրդական հերոսի սխրանքները, ռազմական տաղանդը, մարդկային նկարագիրը բարձր գնահատեցին ու արժևորեցին, երազգավորսցիներին ողջունեցին ու բարեմաղթեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը, «Սողոմոն Թեհլերյան» հայրենասիրական հ/կ նախագահ Ռազմիկ Դարբինյանը, գրող Ռուզան Ասատրյանը, բանաստեղծներ Սամվել Մարգարյանը, Անդրանիկ Կարապետյանը և ուրիշներ:
Զորավար Անդրանիկին նվիրված բանաստեղծություններ ասմունքեցին գյուղի դպրոցի մի խումբ շնորհալի աշակերտներ, իսկ ազգագրական-հայրենասիրական երգերով հանդիսականներին հիացմունք պարգևեցին գյումրեցի սիրված երգիչներ Մուրադ Մալխասյանը և Նվարդ Հարությունյանը: Հանդիսությունը վերածվեց ժողովրդական տոնախմբության:
Ժայռերով, ժայռեղեն քարերով և կարմիր տուֆով կառուցված արծիվ-հուշակոթողը երազգավորսցի բանաստեղծի հիմնադրած թվով 9-րդ հուշարձանն է: «Երկու տարի առաջ Գյումրիում, Զորավար Անդրանիկի արձանի մոտ ուխտեցի, որ իմ հայրենի Երազգավորսում կանգնեցնելու եմ անմահ Զորավարի փառքի հուշակոթողը: Դա ինձ համար պատվի, պատվախնդրության գործ էր, հոգու պարտք, քանզի մեծ հայդուկապետը 1915-ին, գաղթի ժամանակ շատերի հետ փրկել է նաև իմ Հովհաննես պապի կյանքը»,- իր ելույթում ասաց Սամվել Մարգարյանը:

Գոհար ՄԿՐՏՉՅԱՆ
«Շիրակ» թերթի խմբագրի տեղակալ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։