ԵՐԲ ԲԱՌԸ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ Է ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿ / Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

«Արդեան» կենտրոնում հայ դասական ու ժամանակակից արվեստի ներկայացման հերթական մշակութային հինգշաբթին Ռազմիկ Դավոյանին էր նվիրված: Բանախոսը բանաստեղծի կինն էր՝ Լոնդոնի համալսարանի լեզվաբանության դոկտոր Արմինե Թամրազյան-Դավոյանը, թեման՝ Ռազմիկ Դավոյանը համաշխարհային գրականության համատեքստում: Այն բացառիկ հայ բանաստեղծներից է Դավոյանը, որի ստեղծագործությունը համաչափվում է համաշխարհային գրականության անդաստանում: Այդ մասին էր Արմինե Թամրազյանի բանախոսությունը: Նա ներկայացրեց Դավոյանի արտասահմանյան ելույթները, գրական ընթերցումները, անգլերեն պարբերականների (The Times, Wasafiri International և այլն) հարցազրույցները, հրատարակված գրքերն ու տարբեր լեզուներով տպագրված ստեղծագործությունները: Հիմնականում նա անդրադարձավ Մեծ Բրիտանիայում ճանաչված Arc publication-ի հրատարակումներին: Հրատարակչությունը «Ակնառու բանաստեղծներ» մատենաշարով տպագրում է աշխարհի հանրահայտ բանաստեղծների ստեղծագործություններ: Մատենաշարի խմբագիր Ջին Բայերը Դավոյանի՝ 2010 թ.-ին տպագրված «Հանդերի շշուկներն ու հևքը» գրքի առաջաբանում գրում է. «Մատենաշարի նպատակներից մեկը եղել և մնում է՝ հարստացնել մեր պոեզիան ամենաընտիր գործերով, որ ստեղծվում են այլ աշխարհամասերում»:
Արմինե Թամրազյանը խոսեց բանաստեղծի ստեղծագործությունների իր՝ անգլերեն թարգմանության մասին, որի վերաբերյալ ժամանակին գրվել էր. «Բանաստեղծության ընթերցանության սիրահար հասարակությունն այսօր ավելի է գիտակցում, քան դարասկզբին, որ թարգմանությունը չի կարող իրագործվել պարզապես երկլեզու անձի կողմից. պոեզիայի թարգմանությունը ստեղծագործական աշխատանք է, և թարգմանված պոեզիան կանգնում է պոետ-թարգմանիչ անհատի արվեստի հզորության վրա»: Նրա թարգմանությամբ տպագրվել են Դավոյանի «Ընտրանի» (Selected Poems, 2002), «Հանդերի շշուկներն ու հևքը» (Whispers and Breath of the Meadows, 2010), «Վեց հայ բանաստեղծ» (Six Armenian Poets, 2013), «Ռեքվիեմ» (Requiem, 2016) ժողովածուները: Կարևոր էին 2012 թ. Լոնդոնի միջազգային փառատոնին Ռազմիկ Դավոյանի մասնակցությունը, որին ներկա էին աշխարհահռչակ շատ բանաստեղծներ՝ ինչպես Շեյմըս Հինին, Վոլե Շոյինկան, և գրական ընթերցումները Royal Festival Hall-ում, նաև նրա բանաստեղծությունների տպագրությունը փառատոնի անթոլոգիայում հանրահայտ բանաստեղծների շարքում: Այնուհետև Արմինե Թամրազյանն անդրադարձավ «Ռեքվիեմ»-ի անգլերեն թարգմանությանը, որը Հայոց եղեռնի 100-ամյակի առթիվ հրատարակվել էր Arc Publications հրատարակչության կողմից: Հիշարժան են Դավոյանի ստեղծագործության մասին անգլիական պարբերականներում հրապարակված գրականագիտական կարծիքները. «Հակառակ մշակութային տարբերությունների՝ Դավոյանը մեծամասամբ խոսում է այնպիսի տոնայնությամբ, որ հաճախ շատ հարազատ է: Ամերիկյան ռոմանտիզմի սիրահարները կարող են նկատել ուիթմենյան տոնայնություն, հատկապես՝ «Ռեքվիեում»-ում» ( Փոլ Մաք Դոնալդ, Envoi 158, 2011): «Սա այնտեղ է, որտեղ հսկա տարածքները ծնում են մեծ զգացմունքներ, սա այնտեղ է, որտեղ բնության պատկերները միաձուլվում են անձնականի հետ այնպես, որ Թոմաս Հարդին թերի է թվում» (Իըն Փոուփլ, The Manchester Review, 2010):
«…Միշտ էլ վտանգի տակ է մեծ որբերգություն կրած մշակույթների բանաստեղծությունը, այն իմաստով, որ կարող է անթափանց մնալ բոլոր նրանց համար, ովքեր անմասն են այդ ճակատագրից՝ արդյունքում ունենալով մի երաժշտություն, որը կարող է գնահատվել միայն տվյալ մշակույթի ներսում։ Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունը խուսափել է այդ ճակատագրից՝ ձեռք բերելով մի հասանելիություն, որ վերացնում է անջրպետը՝ դա փոխարինելով տառապողի և ցնծացողի համար հավասարազոր ապրումով, երկուսի համար էլ գտնելով ձայն, որը ցույց է տալիս, որ նման հակասություններն ի վերջո լուծվում են բանաստեղծության մեջ»: Ա. Թամրազյանը պատմեց նաև ռուսերեն, չեխերեն և այլ լեզուներով հրատարակված Դավոյանի բազմաթիվ գրքերի ու ստեղծագործությունների մասին:
«Արդեան» կենտրոնն Աբովյան փողոցի այն շենքում է, որտեղ ժամանակին ապրել է Հովհաննես Թումանյանը Երևան այցելության ընթացքում: Թումանյանական հոգու, Վազգեն Բրուտյանի՝ միջնադարյան մատյանների ձեռագրերով ու արդիական բազմերանգությամբ նկարված կտավների և Վահան Արծրունու հոգեշունչ խոսքի մթնոլորտում Ռազմիկ Դավոյանին նվիրված օրը շնչում էր բանաստեղծությամբ: Բանաստեղծի կենդանի ձայնը, հայերեն, ապա՝ անգլերեն հնչող բանաստեղծությունը հաղթահարում էր թե՛ տարածություն, թե՛ ժամանակ՝ լուսավորելով մարդկային հոգու խորխորատներից մինչև տիեզերական անհուններ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։