ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ. անուն, որ հաստատապես գրանցվել է համաշխարհային պոեզիայի ոսկե մատյանում: Բանաստեղծուհի, որի ստեղծագործությունը շա՜տ-շատերի սեփականությունն է դարձել թե՛ իր հայրենիքում, թե՛ երկրագնդի հեռու ու մոտ անկյուններում, փորձություններով, ծանր զրկանքներով լի մի կյանք, որ նախասահմանված էր կարծես մարդկային ոգու ուժն ու տոկունությունն ստուգելու, նրա հնարավորության սահմանները հերթական անգամ ճշտել-ճանաչելու համար, և որն, ի հեճուկս անթիվ դավերի ու հալածանքների, մինչև վերջ վերածվեց մաքուր, անխառն քնարերգության:
Շատ դիպուկ է նկատել նրա ժամանակակիցներից մեկը. «Աննա Ախմատովայի բանաստեղծությունները թելադրել է նրա ճակատագիրն ինքը»: Այո՛, թե՛ կենսագրական այն զուսպ ու ժլատ տեղեկությունները, որ թողել է բանաստեղծուհին տարբեր առիթներով, թե՛ ժամանակակիցների բազմազան հուշապատումները նրա մասին՝ փխրուն կանացիությամբ ու ոգու տոկունության զարմանալի շաղախով արարված բանաստեղծությունների համադրությամբ, կարող են բացել ծալքերը ողբերգական, բայցև սխրալի այն կյանքի, որը նաև նրա սերնդի ցավն ու տագնապները, նրա ապրած ժամանակի բոլոր նշաններն ունի իր մեջ: «Երկու պատերազմ լուսավորեցին//Սարսափելի քո ուղին, իմ սերունդ…»,- այսպես ձևակերպեց նա հետագայում իրենց վիճակված բախտն ու ճակատագիրը, իր ողջ ստեղծագործությամբ՝ վաղ շրջանի գողտրիկ բանաստեղծություններից մինչև վերջին տարիների փիլիսոփայական մտորումները, ներկայացնելով դաժան այդ ուղին՝ չափազանց ցայտուն ու տեսանելի, քանզի կենսագրությամբ, տեսած-ապրածով ասես խորհրդանիշն էր իր ապրած ժամանակաշրջանի:
Աննա Ախմատովան ճաշակեց գրեթե այն ամենը, ինչ բանաստեղծին կարող է վիճակվել իր ապրած օրերում: Մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը տպագրված նրա ժողովածուները միանգամից աղմկոտ փառք պիտի բերեին բոլորովին երիտասարդ բանաստեղծուհուն: Քսաներեք տարեկան էր, երբ լույս տեսավ «Երեկո» ժողովածուն: «Տպագրվել էր ընդամենը 300 օրինակ,- հիշում է բանաստեղծուհին: – Քննադատությունը բարեհաճ վերաբերվեց գրքին»: Նույն անհավակնոտ, գրեթե անտարբեր հիշատակությունը երկու տարի անց՝ 1914-ին տպագրված ժողովածուի վերաբերյալ նաև. «Թվում էր՝ սկսնակ հեղինակի սիրային բանաստեղծությունների փոքրիկ գրքույկը պիտի սուզվեր համաշխարհային իրադարձությունների հորձանուտում: Բայց ժամանակն այլ կերպ տնօրինեց»: Այնինչ, ժամանակակիցները միաձայն վկայում են, որ պատանեկան անկեղծությամբ ու անմիջականությամբ կաշառող, ամբողջովին սիրով թաթախուն նրա տողերը առաջին իսկ այդ ժողովածուներից նկատվել, գրավել են շատերի ուշադրությունը, նրա բանաստեղծությունները շուրթից շուրթ են անցել, հնչել ընկերական հավաքներում ու երեկույթներում:
Սառնամանիքից ու քամուց հետո//Ջեռ կրակի մոտ հաճելի էր շատ.//Սիրտս աչքաթող արի ես այնտեղ,//Ու այն գողացան ինձնից աննկատ://Ձգվում է շռայլ տոնն ամանորյա,//Թաց են Նոր տարվա շքեղ վարդերը,//Իսկ կրծքիս ներքո հիմա էլ չկան//Ճպուռի ծանոթ այն թրթիռները://Ախ, հեչ դժվար չէ գուշակել գողին,//Մատնում են իսկույն աչքերը նրա://Լոկ դողում եմ, որ շուտով, ուր որ է,//Իր ավարը հենց ինքը ետ կտա:
Սիրո քնքուշ, ինքնաբուխ ու հուզիչ այսպիսի խոստովանություններ էին պարունակում Ախմատովայի առաջին գրքերը, պատանեկան անարատ հոգու ամենանրբին թրթիռներ ու տվայտանքներ, բայց բոլորովին նոր, թարմ ու տպավորիչ հնչերանգներով, ոչ ոքի չհիշեցնող ոճ ու եղանակով: Ու քննադատությունը միանգամից ժամանակի խոշոր բանաստեղծների կողքին դրեց նրա անունը: Դեռ 1916-ին Օսիպ Մանդելշտամը «Մուսաների ալմանախ» գրքի վերաբերյալ իր գրախոսությունն այսպես է ավարտում. «Ախմատովայի վերջին բանաստեղծություններում բեկում է կատարվել… Ներկայումս նրա պոեզիան մոտենում է այնպիսի մի աստիճանի, որ կարող է Ռուսաստանի վեհության խորհրդանիշը դառնալ»: Բարձր ու պարտավորեցնող գնահատական ռուս մեծ բանաստեղծի կողմից ընդամենը երկու գրքույկի հեղինակի հասցեին: Բայց Ախմատովան լիովին արդարացրեց այդ խոսքերը: 10-ական թվականներից սկսած, խոսքի հստակությամբ, բայցև բավականին սեղմ ու կտրուկ ոճով, աֆորիստիկ մտածողությամբ հատկանշվող նրա պոեզիան անհնար էր ուրիշի հետ շփոթել: Ու այնուհետև ստեղծագործական իր երկար ճանապարհին բանաստեղծուհին երբևէ չնահանջեց իր առաջնակարգ դիրքերից, քանզի ի սկզբանե բանաստեղծի ու արվեստագետի նրա դավանանքն էր՝
Թե կորցնենք մի օր թարմությունը խոսքի,//Հույզի կարկաչը ջինջ, նույնը չէ՞, թե կորցնի//Դերասանը` ձայնը, նկարիչը` հայացքն իր,//Իսկ գեղեցկուհին` իր հմայքն անկրկնելի:
Ավելի ուշ, անգամ մեծահամբավ Ալեքսանդր Բլոկի անվան հետ պիտի հոլովվեր նրա անունը, նաև ինքը՝ Բլոկը, շատերի մեջ պիտի նկատեր ու առանձնացներ նրան: Այն Բլոկը, ում Ախմատովան պոետական իր կուռքն էր համարում. «Բլոկին ես ո՛չ միայն 20-րդ դարի առաջին քառորդի եվրոպական մեծագույն բանաստեղծն եմ համարում, այլ նաև դարաշրջանի մարդ, այսինքն՝ իր ժամանակի ամենաբնորոշ ներկայացուցիչ»: Բայց եթե Բլոկն իսկապես իր ժամանակի ամենատիպիկ հերոսներից էր, ապա իրեն՝ Ախմատովային, կարելի է ամենաբնորոշ հերոսուհին համարել իր ժամանակի՝ կանացի ճակատագրի զանազան դրսևորումներով՝ կնոջ ու սիրուհու, մոր և այրու, լքողի և լքյալի…
Բանաստեղծություններից մեկում Ախմատովան «տարվա հինգերորդ եղանակ» է անվանել սերը (մեզ շատ ծանոթ արտահայտություն Պարույր Սևակի սիրված բանաստեղծությունից): Եվ հենց անսովոր «հինգերորդ» այդ ժամանակից է նա դիտարկում, իմաստավորում մյուս չորս սովորական եղանակները: Այդ «հինգերորդ եղանակի» արդյունք է վաղ շրջանի նրա պոեզիան, և առաջին հերթին այստեղ են ծնվել բանաստեղծական իսկական հայտնությունները, այստեղ է աշխարհի հանդեպ այնպիսի մի հայացք դրսևորվել, որը թույլ է տալիս նրա պոեզիան նոր երևույթ համարել 20-րդ դարի ռուսական քնարերգության մեջ: Զուր չէ, որ նոր ժամանակների Սապֆո էին համարում նրան:
Դու կարծում էիր, թե ե՛ս էլ նա եմ,//Ում կարող են հեշտ մոռացության տալ.//Որ լաց-աղերսով ես կթափառեմ//Աշխետ նժույգիդ սմբակների տակ://Կամ հեքիմներից կսկսեմ խնդրել//Արմտիքներ ու ջուր հմայական,//Որ քեզ ուղարկեմ ահարկու նվեր`//Անուշ թաշկինակն իմ նվիրական://Անիծյա՛լ լինես: Չէ՛, ո՛չ հառաչով,//Ո՛չ հայացքով չեմ դիպչի պիղծ հոգուդ://Երդվում եմ, սակայն, եդեմյան այգով,//Երդվում եմ Տիրոջ պատկերով զորեղ,//Վառ գիշերների վկա մեր որդով-//Չե՛մ վերադառնա քեզ մոտ էլ երբեք:
Բայց միշտ չէ, որ Ախմատովայի քնարերգության հերոսուհուն կարելի է մի անձ համարել: Զգացմունքների ու ճակատագրի զարմանալի կոնկրետությամբ հանդերձ, նա, կարելի է ասել, անթիվ ճակատագրերի ու կենսագրությունների կրող էր նաև ու անպայման իրավունք ուներ դիմելու շատերին, ինչպես համանուն բանաստեղծության մեջ.
Ես ձեր ձայնն եմ ու ջերմը ձեր շնչի,//Արտացոլանքն եմ ես ձեր պատկերի…
Նա իրավունք ուներ նաև ասելու. «Ես կանանց խոսել սովորեցրի»: Հանձին Ախմատովայի՝ ռուս և ոչ միայն ռուս գրականության մեջ կինն առաջին անգամ հանդես եկավ ինքնուրույն ձայնով: Կարելի է ասել՝ նա կնոջ սրտից պոկեց, դեն նետեց դարերով նրան ուղեկցող շղթաները, և ազատագրված այդ սրտից մինչ այդ անծանոթ, հուզառատ երգեր, սիրո անկրկնելի նվագներ հորդեցին:
Բայց Ախմատովային վիճակված չէր իր քնարը սիրո անխառն ապրումներին ընծայել միայն, անդրադառնալ զուտ կանացի նրբին թեմաներին: Պայթեց Առաջին աշխարհամարտը և… բանաստեղծուհու ձայնը ամենուր լսվող լաց ու հառաչին խառնվեց…
Խանձված գիհենու բույրն է տարածվում//Դաշտ-անտառներից՝ հրի մատնված://Այրիների սուգ՝ գյուղ ու շեներում,//Մանկանն համբուրող զինվորի հառաչ:
Եվ պատերազմի առաջին իսկ օրերից դաժան դարաշրջանի և ո՛չ մի հարված չշրջանցեց նրան. բանտ ու աքսոր քշված ամենամտերիմ մարդկանց մահ ու կեղեքում, անտուն, աղքատ գոյություն, անարգանք ու անվերջանալի հետապնդում-հալածանքներ… Այդ ամենը, սակայն, ընդունեց, տարավ զարմանալի մի տոկունությամբ, չընկճվելով, չկքելով, շարունակելով բանաստեղծություններ գրել, որոնք, իհարկե, այլևս չէին կարող իրենց նախորդների թեթև ու անհոգ հնչերանգն ունենալ: Ճակատագիրն արդեն այլ տողեր էր թելադրում, դառնությամբ, ցավով, տագնապով շաղախված, բայց ո՛չ երբեք պարտության, հուսահատության նոտաներ պարունակող:
Հաջորդ ժողովածուին ևս վիճակված էր պատմական մի նոր հեղաբեկման շեմին տպագրվել. «Սպիտակ երամը» լույս տեսավ 1917-ի սեպտեմբերին և, ինչպես գրում է հեղինակը, «ավելի ահեղ ժամանակներում հայտնվեց»: Կարո՞ղ էր գիրքը նախորդների պես աղմուկ հանել մամուլում, հասնել մարդկանց, երբ տրանսպորտը կանգ էր առել, ու հնարավոր չէր գիրքն անգամ Մոսկվա ուղարկել, երբ աստիճանաբար փակվում էին թերթերն ու ամսագրերը, օր օրի ծավալվում էր սովն ու ավերը: Ծանրագույն այդ պայմաններից գլուխները կորցրած՝ շատերը դեպի ապահով ափեր էին հեռանում, բայց «Ինձ համար երբեք նման խնդիր գոյություն չի ունեցել,- գրում է Ախմատովան,- որոշ ժամանակ աշխատեցի գյուղատնտեսական ինստիտուտի գրադարանում (գրքեր էի տալիս ու քարտեր լրացնում)՝ վարելով նույն դաժան ապրելակերպը, որ վիճակված էր այն ժամանակվա պետրոգրադցիներին»:
Դարձյալ չափազանց ժլատ, ասես անտարբեր ինքնակենսագրական տողեր, որ կարծես քիչ բան են ասում ահեղ ժամանակի մասին: Բայց ահա պատկերը լրացնելու, ամբողջացնելու է գալիս ներքին տառապագին այրում-ապրումով ծնված բանաստեղծությունը, և անհնար է խորապես չզգալ, չհասկանալ, թե ի՜նչ ծանր հարվածներ է կրել բանաստեղծուհին իր ժողովրդի հետ միասին և թե, անկախ այդ ամենից, ինչ վերաբերմունք ուներ դժվար պահին հայրենիքը լքողների հանդեպ.
Մի ձայն կար թաքուն, որ սփոփանքով//Անվերջ կանչում էր. «Դու այստե՜ղ արի,//Լքի՛ր մեկընդմիշտ խուլ եզերքը քո,//Թո՛ղ մեղսոտ հողը թշվառ քո երկրի://Ես կլվանամ արյունը ձեռքիդ,//Անարգանքը քո սրտից կհանեմ,//Պարտության ու սև վիրավորանքի//Ցավը մի ուրիշ անվամբ կվանեմ»://Բայց ես ափերով, լուռ ու անտարբեր,//Զույգ ականջներս ամուր փակեցի,//Որ այդ ավելորդ խոսքն ամոթաբեր//Հանկարծ ցավի մեջ ոգիս չպղծի:
Տարիներ անց էլ այս թեման նույն ուժգնությամբ պիտի հնչեր նրա պոեզիայում և, որքան էլ զարմանալի է, հենց այն ժամանակ, երբ «վիրավորանքի ու պարտության ցավն» արդեն այնպիսի չափերի էր հասել, որ նրան իրավունք կարող էր տալ հազարավոր հեռացողներին միանալու: Հակահեղափոխականի պիտակով արդեն գնդակահարել էին բանաստեղծ Նիկոլայ Գումիլյովին, իսկ նրա կնոջը՝ շատ ավելի տաղանդավոր, հանրաճանաչ բանաստեղծուհի Աննա Ախմատովային ուզում էին անհայտության ու մոռացության մատնել ստիպողաբար: 20-ականների կեսից դադարեցին նրա բանաստեղծությունները տպագրել, անգամ հրատարակչությունում արդեն տպագրության պատրաստ երկհատորյակը ոչնչացվեց: «Մինչ այդ դեպքից դեպք միայն նկատվող լուտանք-հայհոյանքն արդեն մտածված ու օրինաչափ բնույթ կրեց, տեղ-տեղ հասնելով մինչև 12 բալի, այսինքն՝ մահացու փոթորկի»,- հիշում է դառնությամբ: Եվ սակայն՝
Նրանց հետ չեմ ես, ով հողն իր լքել,//Թողել է համեղ պատառ ոսոխին.//Նրանց բիրտ գովքին անտարբեր եմ ես,//Չե՛ն արժանանա նրանք իմ երգին://Բայց խղճում եմ հար տարագիրներին,//Ինչպես հիվանդի, կալանավորի.//Անմխիթար է, պանդո՛ւխտ, քո ուղին,//Դառնահամ է միշտ հացը օտարի:
Դեռ երեսնական թվականների մղձավանջի միջով պիտի անցներ նաև բանաստեղծուհին, երբ չորս անգամ ձերբակալվեց, քաղաքական անհիմն մեղադրանքներով դատապարտվեց նրա միակ որդին, հետագայում նշանավոր գիտնական Լև Գումիլյովը, բանտեր ու աքսորներ քշվեցին մտերիմ-բարեկամներից շատերը: Անտուն ու անապավեն, միայնակ ու լքված՝ նա գոյությունն հազիվ էր քարշ տալիս: Իսկ թիկունքին մշտապես բանտի պաղ շնչառությունն էր, ամեն վայրկյան ձերբակալվելու տևական սարսափը:
Եվ ընկավ ահա բառը քարեղեն՝//Իմ կրծքին` կյանքի տրոփով դեռ լի,//Բայց, ոչի՛նչ, մի կերպ գլուխ կհանեմ,//Չէ՞ որ ես դրան սպասում էի:
Բայց ճակատագիրն այդքանն էլ քիչ համարեց: Պիտի ճայթեր նաև «Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերի մասին ՍՄԿԿ Կենտկոմի չարաբաստիկ որոշումը, երբ Ախմատովան ու նրա լավ բարեկամ, տաղանդավոր գրող Միխայիլ Զոշչենկոն վտարվեցին Գրողների միության շարքերից, իսկ նրանց ստեղծագործությունները պիտակվեցին ամենամերժողական բնորոշումներով: Արդեն ոչ միայն սիրո հրաշալի բանաստեղծությունների, այլ նաև հայրենասիրական բարձր զգացումներով տոգորված քաղաքացիական շնչի շատ տողերի հեղինակ Աննա Ախմատովան մեղադրվում էր որպես «արիստոկրատական-սալոնային», գաղափարայնությունից զուրկ բանաստեղծ, իբր, չի ցանկանում որևէ բան իմանալ իր ժողովրդի մասին, խորթ է նրա կարիքներին ու շահերին: Նման անհեթեթ մեղադրանք հայրենիքի սիրով շաղախված այսպիսի և շատ այլ տողերի հեղինակին.
Տո՛ւր դառը տարիներ Դու ինձ հիվանդության,//Հեղձուկ ու տենդ, բազում ձիգ գիշերներ անքուն,//Խլիր ընկերներիս, միակ որդուս անգամ,//Գաղտնախորհուրդ, վերին շնորհը երգելու,-//Այսպես եմ աղոթում քո խորանում ես, Տե՛ր,//Մրրիկներից հետո ցավ ու տառապանքի,//Բայց Ռուսիայի վրա թանձրացող թուխպը սև//Ճերմակ ամպ դարձրու՝ լույսերի մեջ փառքի:
Իսկ նույն այդ տարիներին ահա թե ինչ էր գրում նրա հանճարեղ գրչընկերը մերժված բանաստեղծուհու մասին. «Կանացի սրտի վերաբերյալ նրա խոսքերն այնքան ջերմ ու վառվռուն չէին լինի, եթե բնության, պատմության, առավել լայն աշխարհի հանդեպ ևս Ախմատովայի հայացքը չզարմացներ իր սրությամբ ու ճշգրտությամբ: Նրա յուրաքանչյուր նկարագրություն հիմնված է մանրամասների հազվագյուտ զգացողության վրա… Նրա շատ տողերում մշտապես այնպիսի գծեր ու նշաններ կան, որ դրանք դարաշրջանի պատմական պատկերների են վերածում»: Բորիս Պաստեռնակի գնահատականն է, որով եզրափակվում է 1943-ին Տաշքենդում լույս տեսած հատընտիրի առիթով գրված նրա գրախոսությունը: Բայց գրախոսությունն այն ժամանակ, իհարկե, չի տպագրվել, ինչպես չէին տպագրվում Ախմատովայի շատ բանաստեղծություններ: Սկսվել էր լռության, մոռացության մի նոր, այս անգամ ավելի տևական ու չարագուշակ շրջան: Թվում էր՝ վերջնականապես կկոտրվի, ի վերջո մուսային հրաժեշտ կտա հալածյալ բանաստեղծուհին, անգամ մի պահ տեղի է տալիս հաշտված. «Մոռացման կտան հիմա ինձ արդեն,//Կփտեն գրքերն իմ պահարանում…»: Բայց, ո՛չ. հոգեկան հազվագյուտ ուժի, մեծ կամքի տեր մարդու հետ գործ ուներ ճակատագիրը, մի կնոջ, ով տոկունության մարմնացում էր պարզապես, անարդարությունների դեմ մարդու հաղթանակի կենդանի խորհրդանիշ: Ու կարճ էր տևելու հուսահատությունը.
Կմոռանա՞ն ինձ – ա՜յ թե զարմացրին,//Ինձ մոռացել են մի հարյո՜ւր անգամ.//Հարյո՛ւր անգամ ես իջել եմ շիրիմ//Ու գուցե նաև հիմա էլ չկամ://Իսկ մուսան իմ` խուլ, կուրացած, անձայն,//Ինչպես հատիկը, փտել է հողում,//Որ ելնի մոխրից փյունիկի նման//Ու հանց աղավնի հառնի եթերում:
Ճակատագրին ուղղված դառն հեգնանք ու մարտահրավեր կա այս տողերում, ու կա նաև հպարտ արժանապատվություն, որով մինչև վերջ տարավ բախտի անողոք հարվածները, ասես միշտ պատրաստ ավելի ծանր փորձությունների: Եվ ստեղծագործական ավյունը երբեք չլքեց նրան: Ճիշտ է, ինչպես ինքն է դառնորեն ասում. «Զնդանի բանալիների զնգոցի ներքո դժվար է գրել»: Բայց հենց սև այդ տարիներին նաև, երբ վարանում էր անգամ թղթին հանձնել իր տողերը, մտածելով, թե իր դեմ նոր մեղադրանքների առիթ կարող են դառնալ, նա ստեղծագործական թռիչքներ է ապրել: Երկու տասնամյակ շարունակ, գրեթե ամեն օր սպասելով խուզարկության ու ձերբակալության, նա վախենում էր իր գործերը տանը պահել. բանաստեղծություններն անգիր էր անում ու ձեռագրերը ոչնչացնում կամ տալիս ընկերներին, խնդրում, որ նրանք անգիր անեն: Այդպես են ընթերցողին հասել դժնի այն ժամանակների յուրահատուկ տարեգրությունը հանդիսացող, բայց նաև հեղինակի աննկուն կամքի ու հոգու վեհության մասին վկայող շատ բանաստեղծություններ: «Ես չեմ դադարել բանաստեղծություններ գրել,- ասել է մի առիթով,- նրանց միջոցով է եղել իմ կապը ժամանակի հետ, կապը մեր ժողովրդի նոր կյանքի հետ: Երբ գրում եմ, ապրում եմ իմ երկրի հետ նույն ռիթմով, նրա հերոսական պատմությամբ»:
Հաճույքով նշենք, որ Աննա Ախմատովան մեր գրականության լավագույն բարեկամներից էր. նա սիրով, վարպետորեն թարգմանել, ռուս ընթերցողին է ներկայացրել հայ պոեզիայի մի շարք ընտիր նմուշներ: Խորհրդանշական է, որ նրա նախընտրած առաջին հեղինակները եղել են Չարենցն ու Վարուժանը: Դեռ 1946-ին «Լենինգրադսկայա պրավդայում» նրա թարգմանությամբ տպագրվել է Չարենցի «Մորս համար գազելը», իսկ «Զվեզդա» ամսագրում՝ Վարուժանի «Առաջին մեղքը»:
Ուշագրավ մի բացիկ է պահպանվել այն օրերից՝ խոսուն վկայություն այն բանի, թե որքան լավ է իմացել ու ինչ բարձր է գնահատել Չարենցը Ախմատովա բանաստեղծին ու թարգմանչին: 1936-37 թվականներին նա Մոսկվայում հրատարակության էր պատրաստում իր ռուսերեն առաջին հատընտիրը (որը, սակայն, հասկանալի պատճառներով, տպագրվեց… նրա մահից 20 տարի անց միայն): Չարենցն այդ ժողովածուի խմբագիր Իգոր Պոստուպալսկուն գրում է. «Հարգելի՛ Իգոր, անչափ երախտապարտ եմ, որ իմ բանաստեղծությունների թարգմանության գործում ներգրավել եք Աննա Ախմատովային: Ես շատ ուրախ եմ այդ խոշոր, ինձ վաղուց հայտնի ռուս բանաստեղծուհու թարգմանությունների համար: Մանավանդ որ դրանք կարծես շատ ճշգրիտ են: Խնդրում եմ, առիթի դեպքում, նրան փոխանցիր իմ երախտագիտությունը»: Հետո Ախմատովան անդրադարձել է նաև Իսահակյանի, Վահան Տերյանի, մեր մոտ ժամանակակիցներից՝ Մարո Մարգարյանի ստեղծագործություններին…
Ոչ պակաս խոսուն մի հուշապատում նաև Վահան Տերյանի առնչությամբ. իր բանաստեղծությունների հիշյալ թարգմանությունների տպագրությունից դեռ տարիներ առաջ, Թումանյանի դստերը` Նվարդ Թումանյանին գրած նամակում նա Ախմատովայի մասին ասում է. «Ես սիրում եմ այդ բանաստեղծուհուն: Դու էլ սիրի՛ր նրան: Նա արժանի է սիրո` մեր և բոլոր արվեստասերների»: Իսկ, հետաքրքիր է, գիտեի՞ն մեր մեծ դասականները, որ իրենց այդ սերն ու գնահատանքը փոխադարձ է, որ ռուս անվանի բանաստեղծուհին աշխարհում լավագույններից մեկն էր համարում հայ պոեզիան ու տարբեր առիթներով խոստովանել է իր սերը Հայաստանի հանդեպ. «Ոմանք, ինչպես Պաստեռնակը, տարվում են Վրաստանով, իսկ ինձ միշտ հարազատ է եղել Հայաստանը»: Բայց կա սիրո, երևի շատ ավելի խորհրդանշական մի դրսևորում ևս. այն շատ հետաքրքիր, նաև հուզիչ հանգամանքը, որ մտերիմներին գրած նամակների վերջում նա միշտ ստորագրել է Անուշ, լավ է զգացել, երբ այդպես են դիմել իրեն…
Եվ մի՞թե մենք պարտք չունենք զարմանալի այդ կնոջ ու հրաշալի բանաստեղծուհու հանդեպ. չէ՞ որ Ախմատովայի բարձր քնարերգության բազմաթիվ ընտիր էջեր դեռ լավ ծանոթ չեն հայ ընթերցողին՝ փոքրաթիվ, հիմնականում դեպքից դեպք արված թարգմանությունները չհաշված: Անսանք, ուրեմն, Տերյանի հորդորին. սիրենք իրո՛ք սիրո ու ակնածանքի արժանի բանաստեղծուհուն, բայց մեր սերը արտահայտենք նաև գործով…
«Եվ գիտենք՝ հետին թվով դեռ պիտի//Գնահատվի մեր ապրած ժամն ամեն»,- ներքին համոզումով ասված այս տողերը բանաստեղծուհին գրել է դժնի օրերին: Եվ նա չէր սխալվում. հետին թվով, այո՛, գնահատվեց Աննա Ախմատովայի սխրալի կյանքն ու գրական վաստակը, բայց ուշ, աններելիորեն ուշ: Կյանքի վերջին տարիներին համաժողովրդական, համաշխարհային ճանաչման արժանացավ, հայտնվեց թերթերի ու ամսագրերի, ռադիոյի ու հեռուստատեսության ուշադրության կենտրոնում: «Ժամանակի վազքը» ծավալուն ժողովածուն միջազգային բարձր մրցանակ բերեց նրան, Օքսֆորդի համալսարանի դոկտորի պատվավոր աստիճան: Ախմատովային արդեն ընդունում ու գնահատում էին ամենուր, մեծարում որպես պոեզիայի թագուհու: Իսկ 1965-ին, մահից մեկ տարի առաջ, պոեզիայի թագուհին ներկայացվեց Նոբելյան մրցանակի…
Ահա այսպիսի տարողունակ մի կյանք, խոչ ու խութերով լի մի ուղի, որ արտացոլված է նրա ողջ ստեղծագործության մեջ, և որից մեր առջև հառնում է հզոր ոգու տեր մի անհատականություն, գերզգայուն մի արվեստագետ, ով ստեղծագործական առաջին քայլերից սկսած՝ դեպի իր ժողովրդի, իր հայրենիքի ճակատագրի ճանաչումն ընթացավ, քչերին տրվող այդ ճանապարհին հաճախ հասնելով համամարդկային ընդգրկումների՝ երիցս ապացուցելով ու հաստատելով իր իսկ հրաշալի ձևակերպման իսկությունը.
Ժանգոտվում է ոսկին ու փտում պողպատը,
Մարմարն է փշրվում,- հավեժ ոչի՛նչ չկա:
Ամենից դիմացկունն աշխարհում թախիծն է,
Արքայական խոսքն է հարատև ու անմահ:
* Բանաստեղծությունների
թարգմանությունը՝
Լ. Բլբուլյանի