Մարտի 19-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում կյանքից վաղ հեռացած ռուս գրողների հիշատակին նվիրված «Уйти. Остаться. Жить» (Հեռանալ: Մնալ: Ապրել) անթոլոգիան կազմողների հետ: Գիրքը հրատարակվել է Մոսկվայում, «Выргород» հրատարակչությունում: Այն ներառում է 1990-ականներին կյանքից հեռացած ինչպես հայտնի, այնպես էլ դեռևս անհայտ բանաստեղծների գործերը և հոդվածներ նրանց կյանքի ու ստեղծագործության մասին: Հեղինակներին ներկայացրեց բանաստեղծ, թարգմանիչ Կոնստանտին Շաքարյանը: «Ռուսական պոեզիան այսբերգի է նման, որի մեծ մասը ստորջրյա է. շատ չճանաչված կամ մոռացության մատնված բանաստեղծներ կան և քիչ անուններ են միայն վերևում՝ բոլորին հայտնի»,- նշեց նա:
Անթոլոգիան կազմող բանաստեղծներ Բորիս Կուտենկովն ու Նիկոլայ Միլեշկինը պատմեցին իրենց նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերի մասին:
Ռուս հեղինակների բանաստեղծություններից ընթերցեց հայազգի բանաստեղծուհի, ՌԴ ԳՄ անդամ Մարլենա Մոշը: Նիկոլայ Միլեշկինն ընթերցեց գյումրեցի բանաստեղծ Արարատ Մկրտումյանի բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունը:
Սեփ. լրտ.