ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՄԱՀԱԿԱՆԸ

Հուլիսի 7-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ Խաչիկ Մանուկյանի «Անմահականս» գրքի շնորհանդեսը:  Նույն օրը բանաստեղծի որդու՝ Շուշիի պաշտպանության ժամանակ հերոսաբար անմահացած Վաչագան Մանուկյանի ծննդյան տարեդարձն էր: Այն օրհնությամբ սկսեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. «Վաչագանի հետ առնչված յուրաքանչյուր ժամը և հատկապես իր ծննդյան իրադարձությունը մեզ համար տոնելի է, որովհետև վեհության հետ կապ ունի, որովհետև այնտեղ հայրենիք կա, այնտեղ Աստված կա, և այնտեղ համընդհանուր տիեզերական արժեք կա: Այսօրվա անմահականի պատգամը թող լինի՝ հայրենիք ու երազ վերադարձնել մեր տղաներին: Խաչիկ Մանուկյանը մեկն է, ում արյունն ու գրչի թանաքը իրարից չեն տարբերվում, ինչ ասել ու ինչպես խոսել է, այդպես էլ ընծայել ու ընծայվում է: Որքան էլ մեր սրտերը՝ խոցված, այդուհանդերձ, այսօր վեհության, ճախրանքի, սխրանքի, հիշատակի և տոնակատարության ժամ է»:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց գրքի հրատարակման առթիվ՝ նշելով. «Այսօր և՛ ուրախության՝ ծննդյան օր է, և՛ ցավի ու ողբերգության. մեր պատմության ամբողջ ընթացքում այս երկու տարբեր,  հեռու զգացումների համադրումը մենք բազմիցս ենք ճաշակել, և դա արտահայտվել է մեր գրականության մեջ: Գիրքը հագեցած է հոր, որդու, հայրենիքի զգացումներով, ժամանակի գնահատականներով ու ընկալումներով: Բանաստեղծությունները չեն կարող մխիթարական լինել, դրանք պետք է հույս, հավատ, սեր, ապրելու ուժ, պայքարի ոգի փոխանցեն, ու հենց այդպիսին են Խաչիկ Մանուկյանի բանաստեղծությունները»:

Գիրքը հրատարակվել է «Արմավ» հրատարակչությունում, որի գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը նշեց.  «Մեծ սիրով ու պատասխանատվությամբ հրատարակեցինք այս գիրքը, որը գրվել էր բազմաթիվ մայրերի արցունքով և բազմաթիվ հայրերի արյամբ: Այն որքան Վաչագանին է նվիրված, նույնքան էլ մյուս տղաներին: Գիրքը բալասան է մայրերի, հայրերի, եղբայրների ու քույրերի համար, ոգեկոչում է այն»:

Գրականագետ Սամվել Մուրադյանը խոսեց բանաստեղծի ժողովրդականության մասին՝ նշելով.  «Խաչիկ Մանուկյանը կարողացել է գեղարվեստի բացառիկ ուժով ներկայացնել իր ծնողական ցավը, զգացմունքները, սերը, հայրենիքի գաղափարն ու ոգին: Նա իր անձնական ցավը դարձրել է համազգային ցավ՝ համամարդկային հնչերանգով»: Իր ելույթում գրականագետ Դավիթ Գասպարյանը բարձր գնահատեց Խաչիկ Մանուկյանի բանաստեղծական արվեստը, նշելով, որ նա ժողովրդի հետ ապրող բանաստեղծ է, գիրքը ոգու, ապրեցնող, մեր ժողովրդի այսօրվա գիրքն է, հայրենանպաստ են նրա բանաստեղծությունները: Գրականագետ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ գիրքը անմահականների մասին է՝ 44-օրյա պատերազմում հերոսացած բոլոր տղաների, ոչ թե միայն Վաչագանի, և գրքում տիրապետողը հարության գաղափարն է: Գրականագետ Սուրեն Աբրահամյանը խոսեց Խաչիկ Մանուկյանի պոեզիայի ու նրա նոր գրքի մասին, կատարեց որոշ գրականագիտական վերլուծություններ:

Իր խոսքում բանաստեղծ Շանթ Մկրտչյանը նշեց, որ գիրքը գրվել է ցավի թիրախում.  «Բանաստեղծական գյուտերի մարգարտաշարին հետևելով՝ մենք հասնում ենք անմահության ոլորտները: Անմահականը կմնար որպես բառ, եթե այն չիրականացվեր որպես երաժշտություն՝ մեծ սիմֆոնիա: Անմահության անժամանակ տարածության մեջ ենք տեսնում մեր սիրելի ազգային հերոսի՝ Վաչագանի կերպարը»: Բանաստեղծ Դավիթ Մշեցու կարծիքով. «Համաշխարհային գրականությունն ու արվեստը ծառայում են մի բանի՝ մարդուն բերել բնական, արարչական վիճակի: Գրքում հեղինակը առաջնային հոգևոր խնդիր է լուծում, թե ինչպես ապրել՝ արժանի լինելու համար մեր հերոսներին: Հստակ քարտեզ կա՝ ինչպես վերակերտել հոգևոր հայրենիքի սահմանները և դրա հենքի վրա ընդլայնել աշխարհագրական հայրենիքի սահմանները»:

Երիտասարդ գրականագետ Միհրան Հովհաննիսյանի կարծիքով,  Խաչիկ Մանուկյանի գրքում ներկայացվում է հավատի առաջնայնությունը հույս, հավատ, սեր բանաձևման մեջ, որը տանում է դեպի հաղթանակ: «Հայրենիքի սմքած մարմնի, երակների մեջ արյուն ներարկում են քաջերը: Եվ հայրենիքը նրանցով է կանգուն մնում ՝ ի դեմս Վաչագանի և հազարավոր տղաների»,- ասաց Մ. Հովհաննիսյանը:

Խաչիկ Մանուկյանն իր խոսքում ասաց, որ գիրքն իր համար անսովոր էր, թեման՝ պարտադրող. «Ես ամենաթանկը նվիրաբերեցի: Պատերազմն ինձ համար չի ավարտվել, մեր ժողովրդի համար էլ չի ավարտվել: Ցավում եմ,  որ ամենաբարդ ընթացքում ունեցանք ամենաթույլ իշխանական օղակը: Մեր բախտը ուրիշները չպիտի որոշեն: Ես հավատում եմ հայոց ներքին ուժին, այն  ոգեղենությանը, որ մենք կրում ենք: Հավատում եմ, որ Եռաբլուրի քաջերն են լինելու զարթոնքը կերտողները»:

Շնորհանդեսի ընթացքում հնչեցին բանաստեղծություններ գրքից՝ Հռիփսիմե Սարգսյանի ընթերցմամբ,  և երաժշտական ստեղծագործություն՝ Նարեկ Բալդրյանի կատարմամբ:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։