Տիգրան ԳԱՄԱՂԵԼՅԱՆ

 

«Ինքնախոկումներ» շարքից
***
Լեռնագագաթներ բարձրացա հաճախ,
Բայց այդ լեռներից ոչ մեկը բնավ
Ինձ չհասցրեց այն վերբարձունքին,
Որի գագաթին Տաճարն է Տիրոջ:
Իմ հոգեխորքում մինչդեռ երկնառաք
Կա՛ լեռը հենց այդ՝ Տաճարին հասու,
Որին նվաճել չկարողացա
Ցավոք առ այսօր:
Բայց գիտեմ, գիտեմ, թեկուզ հետմահու
Պետք է հայտնվեմ իմ հոգեմիջի
Տաճարն այդ կրող լեռնագագաթին:
Եվ այդժամ արդեն ես պիտի մտնեմ
Այդ Տաճարից ներս
Ու կմասնակցեմ, հայրենի՛ երկիր,
Հավերժությանդ աստվածապարգև,
Քե՛զ ոգեկոչող
Տիեզերական մեծ պատարագին…

***
Թե տիեզերքը դու չես ներառել
Քո հայացքի մեջ,
Եթե բնության ողջ հմայքներով
Չես աստվածացել,
Չես եղել անգամ մայրամուտներին
Դու անմայրամուտ,
Չես ալեկոծվել համամարդկային
Խոհերով խորին
Եվ կամ բարձունքներ չես հաղթահարել,
Մեր հազարմյա վանքերի համար
Չես եղել խորան,
Հայկ Նահապետի աղեղից պոկված
Նետը չես եղել ընդդեմ թշնամու,
Ու չես դրոշմել քո հոգեխորքում
Մեծ Հայքը մեր մեծ,
Կնշանակի իմ իսկ որոնած
Հայորդի՛ն չես դու…

***
Թույլ տուր, Տեր աստված,
Քո պառլամենտում թեկուզ մի օրով
Համայն մարդկության կողմից ընտրված
Սենատոր լինեմ՝
Մեր ցավը այդկերպ ներկայացնեմ քեզ:
Եվ մի՛ բարկանար
Պատվիրակվածիս կողմից քեզ տրվող
Ուղերձի համար և մի՜ վրդովվիր
Առ քեզ ուղղորդված հարցերիս դիմաց,
Քանզի խեղված է վիճակն աշխարհի,
Բարձիթողի է մի ամբողջ երկիր,
Որտեղ խուժանն է տերուտիրական,
Ինչի համար էլ օգնությունն ենք քո
Բոլորս հայցում:
Ների՛ր, բայց ահա մի ամբողջ փաթեթ
Մեզանում առկա բիրտ ու անօրեն
Բարքերի մասին՝
Հետևանքներով ողբերգահարույց:
Առ ուղերձը այս, ա՛ռ ու զարմացիր,
Թե հասել ենք ուր…
Գոնե այսքանին իրազեկ եղիր,
Լուծում տուր սրանց,
Եվ ապա, Տեր իմ,
Վերահաստատիր քո այն նախաստեղծ
Օրենքները սուրբ,
Որոնցով պիտի ինքնամաքրվենք՝
Մա՜րդ դառնանք նորից…

***
Տեր, տուր ինձ շնորհ ու փառքի լեզուն,
Մտքի և հոգու թռիչք այնպիսի,
Որ և մտովի աղոթքս առ քեզ
Նարեկից հետո չթվա չնչին,
Բովանդակազուրկ կամ ձևով տկար:
Տո՜ւր ինձ մեծերին ներհակ ձիրք ու վարք,
Որ կարողանամ աստվածությունդ
Փառքիդ համահունչ վերարժևորեմ,
Թե չէ անկարող իմ մտքաչափով
Ինչպե՞ս բացատրեմ անբացատրելին,
Եվ կամ էլ փառքդ տիեզերածիր
Պանծացնեմ ինչպե՞ս…
Տո՜ւր ինձ արվեստը հռետորական,
Թող ամբիոն ելնեմ ես վստահաբար
Եվ ճառեմ ի քեզ ես էլ ի խորոց:
Իսկ ինձ նորօրյա առաքյալ դիտիր,
Ես իմ հավատքով
Թեև հզոր եմ և անխոցելի,
Բայց տուր ինձ աչքեր և միտք կանխատես,
Որ Հուդան անգամ
Անկարող լինի մատնել ինձ ու քեզ…

***
Բարձրացել երկինք՝
Տիրամորն էի որոնում հուզված,
Մինչդեռ մայրս է իմ դեմ հայտնվում,
Եվ մենք իրարու գրկախառնված՝
Տիեզերական բացերն ենք գնում:
Բայց մայրս հանկարծ ինձ մի հարց տվեց.
– Տիրամո՞րն էիր որոնում, որդիս,
Եկ տանեմ իր մոտ, ես տեղը գիտեմ,
– Մայր իմ,- ճչացի ձայնով կարոտիս.-
Պետք չէ, ես նրան գտել եմ արդեն…

***
Սիրտս մոմակալ, դու մոմն ես վրան,
Կրակն առնում ես հենց սրտից իմ բորբ,
Մոմն անմոմակալ չունի հենարան,
Ու առանց մոմի մոմակալն է որբ:
Առանց քեզ մոմն եմ նույն անմոմակալ,
Առանց հենարան մի թող ինձ երբեք,
Իմ սիրո մոմին եղիր մոմակալ,
Որ լույս տա սերս տիեզերքով մեկ…

***
Ետևում թողած ծիծաղ և արցունք,
Թռիչքներ մտքի, անավարտ գործեր,
Թողած ճամփաներ ու կիսաբարձրունք՝
Այս ո՞նց եմ արդեն ավարտված դարձել:

Ես ե՛ս չեմ արդեն, այնժամ էի ես,
Բանակներ էի երբ որ ուղղորդում,
Երբ սենատ էի մտնում տիրոջ պես,
Եվ ամբիոն էին ինձ առաջնորդում:

Ես էլ թողեցի արժեքներ ինչ-ինչ,
Բայց մեկ է, ո՞վ եմ՝ մի մահկանացու,
Արքաներին էլ չմնաց ոչինչ,
Նույնը գերհզոր Մակեդոնացուն:

Այնպես որ ինչ էլ ես եղած լինեմ,
Տիրոջը պիտի լոկ ապավինեմ,
Համարեք ի՛նձ էլ մեծաց ՛՛հավասար՛՛
Համարեք ընկավ ևս մի կեսար…

***
Այդ ե՜ս եմ լույսը կեսգիշերային,
Ամեն աստղի մեջ ինքս եմ վառվում,
Երազանքներս համամարդկային
Բացվող օրվա հետ երկինք են հառնում:

Ես՝ լույսի ճամփորդ, լույսի ծիածան,
Աստղալույսերն են առ ձեզ իմ ընծան:

***
Թա|փառող մի ջութակ երկնքում
Փնտրում է տիրոջը իր կորած,
Մի տղա իր հերթին մորմոքում,
Ջութակն է որոնում մոլորված:

Տեր, տղան, տե՜ս, ոնց է մորմոքում,
Քո ձեռքով ջութակը նրան տուր,
Որ հառնի Մոցարտը երկնքում
Կամ ծնվի ևս մի տրուբադուր…

***
Տեր աստված, այսօր իմ հյուրը եղիր,
Եվ սիրտս, հոգիս դու ինքդ պեղիր,
Տես՝ ո՞վ եմ, ի՞նչ եմ,
Գուցե արժե՞ք եմ, գուցե ոչի՞նչ եմ։
Գնահատական տուր ինձ անաչառ,
Որ կամ անտեսվեմ կամ մտնեմ տաճար,
Առանց քեզ թեկուզ իմ ներաշխարհում
Ի՞նչ աղոթք և կամ ի՞նչ ապաշխարում,
Ախ, այնպես արա, գերիմաստնանամ,
Մարդն ու աշխարհը քեզնով հասկանամ։
Տեր աստված, այսօր իմ հյուրը եղիր,
Քո լույսի լույսով անձս հեղեղիր,
Տո՛ւր մտքի թռիչք հնարավորին,
Եվ քո կնիքը դիր իմ քնարին…

***
Ընդմիշտ հակոտնյա մեկը մյուսին՝
Մեկը խնդում է, ու մեկը՝ լալիս,
Ճշմարիտն ո՞վ է առկա երկուսից,
Ո՞ր նժարն է, որ ծանր է գալիս:

Արդյոք ծիծա՞ղն է մեր կյանքում տեղին,
Թե՞ պատշաճողը լացն է բարեգութ,
Ողբերգությա՞մբ է ծնվողը հղի,
Թե՞ խեղկատակի տաղանդով մի բութ:

Որևէ մեկիս տրված է կամ սա,
Կամ էլ մյուսը` որպես մի հեգնանք,
Գերադասելին, Տեր, ո՞րն է, ասա.
Ինչո՞ւ ծնվեցի հենց ե՛ս ողբերգակ:

***
Ես Շեքսպիրյան գիրն եմ կարդացել,
Հաղորդակցվել եմ մեծ Նարեկացուն,
Վոլֆգանգ Գյոթեի գրքերն եմ բացել`
Թեկուզ մնալով նույն մահկանացուն:

Ես լսել եմ Բախ և Ամադեուս,
Բեթհովենն է ինձ շնորհել ճաշակ,
Այսքանով հանդերձ ես կամ դեռ թերուս՝
Լինելով հանդերձ մեծերի մշակ:

Սիրո դասեր եմ առել Քուչակից,
Մտել գրքերի աշխարհը անծիր,
Ձգտել եմ լինել մի պարզ գրչակից,
Միտվել Չարենցին տիեզերածիր:

Վերածնունդն եմ նաև հասկացել,
Անսացել եմ ես խոսքին Հիսուսի,
Տգետի դեմ եմ միշտ ահագնացել,
Սովորել մեծաց վարքը անբասիր:

Վերջնագծին եմ մոտեցել արդեն,
Բայց դեռ ես ի՞նչ եմ` մի պարզ մտածող,
Դասերս, Տեր իմ, դեռ անավարտ են,
Քո ինչի՞ն եմ պետք իմ այս եղածով…

***
Ինչ արիաներ երգեցի ես նոր,
Երգեցի կարոտ, սեր ու պատարագ,
Ես եղա հզոր, հոգեհույզ տենոր-
Տաճարում հնչող մի հոգենվագ:

***
Աստղերը երբ ինձ նայեցին մի պահ,
Դարձա աստղալույս,
Լուսինն աչքերիս նայեց տխրադեմ,
Դարձա սիրահույս,
Արևը երբ ինձ սիրով գուրգուրեց,
Լույսի խորհուրդով ես իմաստնացա,
Իսկ երբ աչքերիս ինքդ նայեցիր,
Ես աստվածացա…