ՀԵՔԻԱԹ ՍՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ / Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Նառա Վարդանյան
Ես որոշեցի հեռացող հարազատներիս մասին օրագիր պահել:
Նա ծերացել էր արդեն հիսուն տարեկանում: Յոթ երեխաների մեջ մենակը, անտեսվածը, աղքատը, անատամը: Թեև ծերացած՝ գեղեցիկ էր:
Մահվան առիթն անհեթեթ էր:
Սունկ հավաքելիս ո՞վ է մահանում: Նա՝ անտեսվածը, աղքատը: Ու մտապատկերում տեսնում եմ նրան՝ կարկատած գուլպաներով իր դագաղի շուրջը պտտվելիս: Հետո տեսնում եմ նրան՝ փոքր աղջնակ:
Յոթ երեխաներով միշտ էլ հիշում էին, որ երբևէ ախորժակի բացակայություն չեն ունեցել:
Նրա մասին գրում եմ, որովհետև մահն անտեսվածներին էլ է տեսնում:
Նրա թաղման օրը դագաղի շուրջբոլորը ծաղիկներ էին: Նա կյանքում երբևէ ո՛չ որևէ մեկի հարսանիքին ու ո՛չ էլ որևէ մեկի թաղմանն այդքան ծաղիկ չէր տեսել: Դե, իր շուրջը հավաքած ծաղիկներն էլ չէր կարող տեսնել:
Ծնոտի վրա՝ մաշկի տակից երևում էին բացակա ատամների փոսիկները:
Յոթ երեխաներից առաջինն ինքն էր, որ մահացավ: Մյուս բոլոր վեցը անակնկալի եկան ու միանգամից տագնապեցին: Նրանց ծնողները մահացել էին ու յոթով իրար ձեռք բռնած մահին թիկունքով կանգնել էին: Ամենաշատը մեծ հորեղբայրս էր վախեցել: Խոսքի, խոսակցության կարիք կար, բայց բոլորն իրար գրկել-արտասվում էին: Ամենացավոտը հորս լացն էր:
Միշտ ուզել էի հարազատներիս միասին նկարել, որ յոթն էլ ներկա լինեն, բայց միշտ մեկը բացակայում էր: Այս անգամ նկարում եմ բոլորին: Բացակա մեկը անպատճառ բացակա էր:

Մահվան նկատմամբ քմծիծաղ կար դագաղի վերևից կախված նկարում: Նկարում հագած է մետաքսե զգեստ, մաշված է, իհարկե: Նա երբեք իր շորը չէր ունենում: Դա նրան տվել էր մեծ քույրը:
Առաջին անգամ իր համար սիրուն շորեր առան դագաղում գեղեցիկ պառկեցնելու համար:
Առաջին անգամ տեսան, առաջին անգամ տեսան նրան մոտիկից: Մահը մահացողին մոտեցրել էր իր հարազատներին:
Նա շատ անկեղծ էր մահացել:
Իր կողքին նստած մտածում եմ՝ նրա երազանքնե՞րն էլ են իրար դեմ ելել, սիրո մասին ի՞նքն էլ է երազել, թե՞ ամեն ինչ ներսից է կորցրել, որովհետև հիմա, երբ նայում եմ իր դեմքին, հասկանում եմ, որ այլևս երեխա չունի, ամուսին չունի, քույր-եղբայրներ չունի:
Եվ ինչի՞ համար էր նրա սունկ հավաքելը:

Այս մտածելով դուրս եմ գալիս բակ, տեսնում եմ՝ նրա թոռնիկները շուրջանակի նստել են, մի մեծ պարկ մեջտեղում դրել ու պարկից սնկեր են հանում:
Երեխաները հերթով բաժանում են:
Միացա նրանց, նստեցի թաց հողին ու խոնավ սնկերից ինձ էլ բաժին հասավ: Սունկի խոնավ հոտը անընդհատ սենյակում պառկած հորաքրոջս էր հիշեցնում:
Ահա անցել է կածանները, անտառները, ցորենի արտերը, արևները: Եվ ահա եկել ու դուրս է եկել քարին դեմ հանդիման՝ խղճուկ կերակուրը ձեռքին:

Երբ նրա դագաղի մոտից հեռացա, դուրս եկա դեպի քամին, մտածեցի, որ անհեթեթ է այս մասին գրել, ինչպես իր սունկ հավաքելու ժամանակ սայթաքելն ու գլուխը քարին խփելուց մեռնելն է անհեթեթ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։