Բեմում շահվերդյանականներն են կամ չպարած մի վալս / Ռուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ

10422962_721434061274641_6502353092808390876_nԳաղտնիք չէ, որ արվեստը տարատեսակ զգացողություններ,
տպավորություններ է փոխանցում այն ընկալողին:
Շոստակովիչյան վալսի ներքո պարահարթակ բարձրացած
պարազույգեր, խելահեղ պտույտներ: Ահա և մեր զգացողությունը:

Հայ թատերական մշակույթը առանց ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի բեմադրությունների անհնար է պատկերացնել: Ռեժիսոր, ով անդրադարձել է տարատեսակ թեմաների, ռեժիսոր, ում բեմադրությունները հյուսվել են դասական և ժամանակակից ստեղծագործությունների շուրջ: Բեմադրիչ, ով աշխատել է տարբեր ժանրերում ու բեմերում: Անսպառ երևակայությամբ այս ռեժիսորը մետաֆորներով, սիմվոլներով է շփվում իր հանդիսատեսի հետ: Վաստակաշատ ռեժիսորի ստեղծագործական գործունեության անբաժան մասն է կազմել թատերական մանկավարժությունը: Եվ, միանշանակ, այսօր նրա շնորհիվ կարող ենք խոսել տաղանդաշատ երիտասարդների մասին, ովքեր մեր թատրոնի այսօրն ու վաղն են, տիրապետում են իրենց մասնագիտության այնպիսի հմտությունների, տեխնիկական այնպիսի նրբությունների, որ վստահորեն բեմ են բարձրանում որպես Ֆ. Դոստոևսկու հերոսներ: Հարկ չկա նշելու, որ ռուս դասականի բարոյահոգեբանական, մարդու ներքին ու գիտակցական աշխարհները, հավատը, սերը և շատ ու շատ այլ խնդիրներ միայն իրեն բնորոշ կերպով քննություն առնող «Ապուշը» վեպը բեմադրական ինչպիսի բարդությունների առաջ է կանգնեցնում, ինչպիսի վարպետություն ունեցող դերասաններ պահանջում: Եվ մենք այժմ փաստում ենք հաղթանակի մասին:
Վեպից նրբորեն ընտրվել են այն դրվագները, որոնք իրենց էությամբ առանցքային են, թատերալեզվով ընթերցվող (բեմականացումը` Դ. Շվարց, Գ. Տովստոնոգով): Վ. Շահվերդյանի բեմադրությունը ասես մի շարք կոմպոզիցիաների հավաք լինի, որոնց դինամիկ հաջորդականությունը գործողությունների զարգացում է ապահովում: Ներկայացումը նախատեսված է կամերային թատրոնի համար` հանդիսատես-դերասան սերտ շփումով (ՀԹԳՄ): Բեմարվեստի առաջնային նախապայմաններից մեկը փոխհարաբերությունների կառույցն է, խաղընկերոջ զգացումն ու նրա միջոցով հավաստի բեմական վարքագծով ներկայանալը: Ռեժիսորը շեշտը դրել է կերպարների փոխհարաբերությունների վրա` առաջին պլան մղելով երիտասարդ դերասաններին` ազատորեն իրենց վարպետությամբ ներկայանալու, ուղղորդել` ռեժիսորական ճշգրիտ ցուցումներով:
Պա՜-րա՜-րարա՜: Պարահարթակ է մտնում իշխան Միշկինը` հեզ, վախվորած, ներփակված, իրականի և անիրականի սահմանագծին հայտնված, մեղմ, հուզված ձայնով, սրտանց ծիծաղով, փոքր-ինչ խորհրդավոր ու տարօրինակ դեմքի արտահայտությամբ: Երիտասարդ դերասան Արմեն Քուշկյանը վաղուց է աշխատում Մայր թատրոնում և առանձնանում է պրոֆեսիոնալ բեմում հանդես գալու կուտակած մեծ փորձով: Դերասանը աշխատում է նուրբ տեխնիկայով, նրա դեմքի յուրաքանչյուր մկան, յուրաքանչյուր հայացք հիմնավորված է, դիմախաղն ու աչքերը ներքին հուզական տեղաշարժերի հիմնական կրողն են: Առաջին իսկ մուտքից ռեժիսորը նրան պարաններով գամում է հատակին` թևատարած ու հոլբենյան արարչին հիշեցնող դիրքով, շրջապատում ներկայացման այլ կերպարներով: Կատարողական ճշգրիտ համաչափությամբ է նա զարգացնում իր հերոսի պատմությունը: Մեզ համար շատ կարևոր են իշխանի արտաքին աշխարհի հետ շփումները, որտեղ վերջինիս տարակուսած դեմքը մատնում է թափված մեծ ջանքը` զատել իրականը անիրականից:
Վա՞լս: Իսկ որտե՞ղ է զուգընկերուհին: Ա՛խ, ներեցե՛ք, ահա և Նաստասյա Ֆիլիպովնան (Շողեր Գրիգորյան): Ճերմակազգեստ, նրբիրան, հանդուգն, կամակոր, ինքնավստահ այս օրիորդի համար մի փոքր հանդարտ չե՞ն վալսի ռիթմերը: Բայց ոչ` նա համաձայն է պարել: Գիտեք ինչո՞ւ, ախր ակնհայտ է` այս վալսից տառապանք է ծորում, այս վալսի հերոսները երջանիկ չեն ու չեն էլ լինի, այս վալսը անցյալի անդառնալիության, ներկայի ու ապագայի բախման մասին է:
Այսպիսի հերոսուհու մարմնավորելը, խոստովանենք, դյուրին գործ չէ` մահվան կանխազգացման վրա խարսխված հակասական զգացմունքներ, որոշումներ, անընդհատ փախուստ ու վերադարձ, մեկ` ժպիտ, մեկ` արցունք, մեկ` սեր, մեկ` ատելություն և վախ: Ընտանիքից զրկված ու ճակատագրի կամքով միայնակ կյանքի հորձանուտը նետված հերոսուհի, սկզբունքներ: Դերասանուհին մեծ հմտությամբ է ի հայտ բերում հոգեբանական այդ խորը տեղաշարժերը, քնքշորեն, նուրբ շտրիխներով ասեղնագործում կերպարի հասունացող ընդվզումը: Բարձր պրոֆեսիոնալիզմ, դրամատիկ դերերի հիասքանչ հավակնորդ. համառոտ այսպես բնորոշենք Շ. Գրիգորյանի արվեստը:
Վալսային նոր պտույտը իր հետ ներս է բերում սևազգեստ պարոնին (Հովհաննես Գասպարյան, Սամվել Գևորգյան): Այն ի՞նչ է դրոշմած նրա դեմքին: Տեսնես ինչպե՞ս է կոչվում զգացմունքը, որն այդպես ալեկոծում է նրա հոգին: Սե՞ր: Այժմ պարելու իր հերթն է: Նաստասյայի հեզաճկուն իրանը գրկած` նա երջանիկ սահում է պարահրապարակում:
Ռոգոժինը հոգով մանուկ է, կենսուրախ, լուսավոր, ազատորեն զգացմունքներին գերի ընկնող` ի հակադրություն իր արտաքին մռայլ նկարագրին, բայց հանգամանքները այլ են: Տեսնել է պետք, թե ինչպես են արցունքները գլորվում նրա թախծոտ ու դատապարտվածություն փայլատակող աչքերից: Եթե ներկայացման առաջին մասում նա վճռական էր, մարտական տրամադրությամբ, ապա գործողությունների հետագա զարգացումը մեզ է ներկայացնում նրան որպես զոհ, որպես հնազանդ ու իր պարտքը կատարող մեկը: Ֆինալային տեսարանում ճերմակազգեստ Նաստասյան բաժանվելով Միշկինից` ինքնակամ գնում է դեպ Ռոգոժինը: Միշկինը հասկանում է, որ պահը հասել է և հեծեծում է, արտասվաթոր աչքերով, ասես «ո՛չ» գոռում: Ռեժիսորը մահվան տեսարանը բեմադրել է զուսպ, առանց ավելորդ արցունքների: Նաստասյան ու Ռոգոժինը գործում են մեխանիկորեն, ասես դերասանի դիրքերից: Վերջինս դողդոջուն ձեռքերով արնակարմիր շարֆով ծածկելով թևատարած Նաստասյային` փլվում է նրա դիակի մոտ: Կոմպոզիցիան եզրափակում է նրանց միացած, Ռոգոժինի ոտքերի մոտ գետնատարած իշխանը:
Ա՜խ, ինչ հույզեր են իրենց հետ բերում շոստակովիչյան հնչյունները: Խեղճ իշխա՜ն: Պարահարթակ է հրավիրվում Ագլայան: Կամակոր, ըմբոստ այս աղջնակը մերժում է: Բայց մենք հո գիտե՞նք պարի կանոնները… Նրբիրան, փոքրամարմին այս աղջնակը վճռական է, իր զգացմունքներում` պահանջատեր: Երիտասարդ դերասանուհին հայացքով սանձել գիտե, աչքերի փայլով` սպառնալ, իսկ մի ժեստով տեսարանն ավարտել:
Ահա և Նինա Ալեքսանդրովնան (Մարինե Պետրոսյան): Հովհ. Աբելյանի անվ. թատրոնի դերասանուհի, տաղանդաշատ, լուսավոր այս աղջնակը իր պրոֆեսիոնալիզմով փայլել է դրամատիկ շատ դերերում, ամեն անգամ` յուրովի, ամեն անգամ` նոր խոսքով: Վեպում ըմբոստ Նինա Ալեքսանդրովնան այստեղ ուժասպառ, իր տանջալից կյանքին հնազանդ, շալի մեջ փաթաթված տիկին է, ում ըմբոստությունն ու զայրույթը կարծես իրեն է վերցրել դուստրը` Վարվառան (Անգելիկա Ումրիկյան): Հրացայտ աչքերով, մարտահրավեր նետելու պատրաստ հայացքով հանդուգն այս աղջիկը պատրաստ է ոչնչացնել Նաստասյային և խստացված վարվելակերպով, կերպարի ներկապնակի առավել թանձր գույներով է ներկայանում մեզ:
Հանկարծ բեմ է խուժում գունեղ մի կերպար: Տեսե՞լ եք` ինչպես է բեմը մի մուտքով գրոհի ենթարկվում: Սա այդ դեպքերից է` գլխացատկերով բեմի ողջ տարածությունը կտրող-անցնող այս կերպարը զրույց է ծավալում բեմի անկյունում ծվարած Միշկինի հետ: Ֆերդիշչենկո (Հայկ Աթաբեկյան): Կերպար, ով իր հետ բերում է բոլորովին այլ տրամադրություն: Ստեղծված մթնոլորտը կոնտրաստային է` անզուսպ ծիծաղի վերափոխված: Նա կենսուրախ է, որը կարծես պայմանավորված է կյանքի հարվածների հանդեպ անտարբեր դառնալով: Ամենի հետ մեկտեղ մենք ականատես ենք դառնում նաև, թե ինչպես ակնթարթորեն այդ կենսուրախությունը կարող է վերափոխվել վշտի:
Ինչ կատակերգական իրավիճակներում է հայտնվում առանց վերնազգեստի, միայն ժիլետով այս պարոնը` փողի կապոցի խաղարկման տեսարանում: Անհնար է առանց ծիծաղի դիտել իր անվանակոչությունը տոնող Նաստասյայի ոտքերի մոտ ծնրադրած ու նրա կոշիկներին այտով փարվող Ֆերդիշչենկոյի դեմքի արտահայտությունը: Ինչպես է տառապում, երբ պատկերացնում է, որ այդ բաղձալի փողերը կարող են կորսվել, զոհ գնալ ինչ-որ քմահաճույքի: Նա ձեռքերով ծածկում է երեսը, հալվում, կծկվում, անհրաժեշտության դեպքում հետապնդելով կապոցը` այս ու այն կողմ նետվում, հառաչում, տվայտում: Նա հառաչում է, մենք` ծիծաղում, և այսպես շարունակ: Եվրոպաբնակ ազնվականների կերպարների համար ծնված այս երիտասարդին, համաձայնեք, դժվար է պատկերացնել թշվառ խեղկատակի դերում: Բայց արի ու տես, որ նա լիովին ընկալում է կերպարի պահանջները և համոզիչ կերպարանափոխվում: Մենք շնորհավորում ենք Հ. Աթաբեկյանին և վստահ փաստում հայ թատրոնում նրա ներկայության անհրաժեշտությունը:
Օ՜, ահա և Լեբեդևը (Արսեն Ալբարյան): Ալեհեր այս պարոնը խորամանկ, գաղտուկ տնտղում է պարողներին: Ա՜խ, ինչու են լիքը քսակավորները պարընկերներով, իսկ վալսը այնպե՜ս կանչող է…
Տեսնես ո՞վ է տոնական թիթեռնիկ վզկապով մտամոլոր պարոնը, մի՞թե Ֆերդիշչենկոն, բայց նա հրավիրվա՞ծ է: Ախ, մի՞թե դա կարևոր է: Պարե՜լ, միայն ու միայն պարե՜լ: Եվ նրանից էլ լավ պարընկե՞ր: Պարն սկսված է: Ասում են վալսում պարընկեր դառնալ` նշանակում է համոզմունքներ կիսել: Ահավասիկ, խնդրեմ: Բայց տեսեք, թե ինչ վայրագ են նրանք: Մի քիչ քաղաքավարի, պարոնա՛յք, պարահարթակում եք վերջապես: Ա՛խ, այս գայթակղիչ ռուբլիները….
Ռուբլինե՜ր: Գորշավուն, բայց պաշտամունքի արժանի թղթեր: Փող, որը համբուրած ներբանների ու զոհաբերված ինքնասիրության համ ունի: Ալեհեր, ով հանուն դրանց պատրաստ է ուրանալ ամեն ինչ: Գրոտեսկային ընդգծումներով այս կերպարը երիտասարդ դերասանը կերպավորում է մեծ խնամքով: Տարիքային անջրպետը հաղթահարելուն նպաստող այտամորուսները և ետ սանրած սպիտակավուն մազերը, շարֆը, լուրջ և խիստ դեմքը այնուամենայնիվ հարգանք են ներշնչում այս պարոնի նկատմամբ: Դերասանը լիարժեք ըմբռնում է իր կերպարի տեղն ու դերը հասարակությունում: Նա թերևս միակն է, ով առավել է տեղեկացված տեղի ունենալիք իրադարձություններից և ձեռքին չբացված շատ խաղաթղթեր ունի: Ավելին` այս հաշվենկատ պարոնը իր հաշվարկներում երբեք չի սխալվում, իսկ դեռևս հեռվից նրա հոտոտելիքը շոյում է փողի մեղմ բույրը: Երբ նա, այտերը հպած Ռոգոժինի վեր ցցված երկարաճիտ կոշիկների ներբաններին, հպարտությամբ ու բավականությամբ արտաբերում է «ստոր եմ, ստոր» արտահայտությունը, մենք ծիծաղում ենք, իսկ ճի՞շտ ենք վարվում արդյոք:
Ահա վերջապես և Դարյա Ալեքսանդրովնան (Նարինե Սարգսյան)` վճռական ու թելադրողի կեցվածքով տիկինը: Ինչքա՞ն կարելի է սպասել: Հապա նայեք նրա ներս բերած սկուտեղին:
– Մեր բարձր տրամադրությունը ձեր ձեռքերում է, պատվելի Դարյա Ալեքսանդրովնա:
Այս ի՞նչ խումբ է այնտեղ, խորքում: Օ՜, համեցեք օրիորդներ, դուք էլ` պարոնա՛յք: Պատահմամբ պարելո՞ւ չեք եկել: Մենք հո չէինք կարող սխալվել: Եվ նորից Շոստակովիչ, և նորից պտույտներ, և նորից ճախրանք: Այս է վալսը:
Այս պարազույգերը իրենց հետ աչք շոյող ներդաշնակություն են բերել` օրիորդները միանման ճերմակ զգեստներով են, իսկ պարոնները` սև կաշվե ժիլետներով, ցիլինդրներով: Այս պարոնների արտաքին նկարագրից դատելով` ռեժիսորը այս եռյակին մարդկային ընկալումների միևնույն աստիճանին է դասել: Տոցկու` (Լևոն Զաքարյան) հպարտ, ինքնավստահ պարոնի կողքին է մռայլադեմ, զուսպ շարժուձևով երիտասարդ Գանյան (Դավիթ Հակոբյան): Նրանց պարազույգերն են ասես չեխովյան թախիծն ու խեղդուկը սրտների մեջ առած քույրերը: Բավականին ինքնավստահ է Ալեքսանդրայի (Լաուրա Ստեփանյան) կեցվածքը, բայց մռայլության, անորոշ, մտածումներ են պղտորում այս գեղեցկուհու ջինջ հայացքը: Մյուս քույրը` Ադելաիդան (Սոնա Ծառուկյան), ներամփոփ, անտարբեր թվացող կեցվածքի տակ թաքցրել է շրջապատի սուր զգացողություն, աշխարհը սեփական գույներով ընկալելու մեծ կարողություն: Նրանց կողքին խստադեմ, բայց փխրասիրտ, փոթորկուն տիկնոջ` Ելիզավետայի (Հռիփսիմե Սիմոնյան) հետ պարում էր Եպանչինը (Ռոման Բաբայան)` ինչպես միշտ հոգսաշատ ու մռայլ:
Ներկայացման մեջ խնամքով ճշգրտված է յուրաքանչյուր դետալ, տեսարանները հնարավորինս լակոնիկ են ու առանցքային: Յուրաքանչյուր զգեստ կամ առարկա իր գույնով և ներկայությամբ որոշակի ուղերձ է փոխանցում հանդիսականին: Բեմական տարածությունը կազմակերպվում էր պարանների միջոցով: Գործող անձանց կողմից խաղարկվող պարանները գործողության վայր են մատնանշում` բեմեզրը վերածելով գնացքի ռելսերի, մեկ` կերպավորում Միշկինին իր ճիրանների մեջ առած հիվանդությունը, մեկ` հյուսվող սարդոստայն, մեկ` հերոսի պրկված նյարդեր, որոնք տեղի են տալիս իրականության դաժանությանը, մեկ խաչ են դառնում Միշկինի համար և մեկ էլ մատնանշում խճճված ու անհասկանալի հարաբերություններ:
Հիվանդության խաղարկումը իր հետ բերում է դիվային մղձավանջ: Բեմում խելագար քրքիջներով հերոսներն են, ովքեր պարաններով աջ ու ձախ հարվածներ են հասցնում, Միշկինը գալարվում է, և այս ամենը` կարմրավուն լույսի ներքո:
Բայց, սպասե՛ք խնդրեմ: Ահա և այս երեկոյի մաեստրոն: Ծափահարությունների ինչպիսի՛ տեղատարափ: Տեսեք, թե ինչքան վայելչագեղ են վալսերից սաստիկ ձանձրացած այս պարոնի խոնարհումները:
Ներկայացման երաժշտական ձևավորումը (Միքայել Աթասունց) բավական ճաշակով է, բխում է գործող անձանց հակասական զգացողություններից: Ձևավորման մեջ շեշտը դրված է Նաստասյային առնչվող դրվագներին: Բեմում բավական էր արտաբերվեր վերջինիս անունը, և օդը թրատում էր վտանգ ու մահ գուժող սուր երաժշտական հարվածը: Ցրտաշունչ վայրագ քամիներն էլ բեմ էին խուժում Նաստասյային վռնդելու տեսարանում: Ապահովված էր նաև ներկայացման միստիկ աուրան` ներկայացումից առաջ տարածված խնկի բույր, վառ մոմեր, հնչող աղոթք:
Պա՛մ-պա՛մ: Երեկոն ավարտվել է… Վալսի հնչյուններն էլ վաղո՜ւց մարել են: Երեկո է, այն էլ` ձմռան: Իսկ գիտե՞ք, թե այս երեկոներին ինչ էր անում Բուցցատին: Ո՞չ: Երազում էր պատվարժաննե՛ր, երազո՜ւմ ….

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։