ՔԵՐԾՎԱԾ ՍԻՐՏ / ­Հով­հան­նես ՍԱՐԴԱՐՅԱՆ

Եղ­բոր ան­հետ կո­րած լի­նե­լու մա­սին դեռ ա­միս­ներ ա­ռաջ գի­տեին։ Ա­մեն հե­ռա­ցող օր­վա հետ եղ­բո­րը ողջ գտնե­լու հույ­սի թե­լը բա­րա­կել էր, և ժամ առ ժամ կար­ծես ա­վե­լի շատ էին հա­մա­կերպ­վել ան­խու­սա­փե­լի բո­թը մի օր լսե­լուն։ Օր օ­րի հաշտ­վե­լով կորս­տի ցա­վի հետ՝ քրոջ վշտա­հար աչ­քի ար­տա­սու­քը չո­րա­ցել էր, և ­պա­տե­րազ­մում զոհ­ված եղ­բոր թաղ­ման օ­րը չորս­դին կա­տար­վող ա­մեն ման­րու­քի ու­շադ­րութ­յուն դարձ­նե­լու սիրտ ու­ներ ար­դեն։ Հ­նուց ե­կող ա­վան­դույ­թի հա­մա­ձայն՝ սե­ղա­նը, ո­րի վրա դրված էր ե­ղել դա­գա­ղը, շրջե­լիս և վ­րան քար դնե­լիս վնաս­վել էր։ ­Սա քրոջ աչ­քից չէր վրի­պել։ ­Քերծ­ված սե­ղա­նի հա­մար, որ ինչ­պես այդ տխուր ա­ռի­թով բե­րել էին, այդ­պես էլ տա­րան, հո­գին այն­քան ուժ­գին խռո­վեց, որ ափ­սո­սան­քը ներս գցել չկա­րո­ղա­ցավ։ Ըն­կե­րու­հու մոտ մի լավ թեթ­ևաց­րեց հուզ­ված սիր­տը։
­Չէ՛, կոտ­րած ճյու­ղի, տա­պալ­ված ծա­ռի, էլ չա­սած՝ ­Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նութ­յան հա­մար մա­տաղ­ված մա­տաղ կյան­քի հա­մար ափ­սո­սողն ու­րիշ է։ Էդ ցա­վը քա­շե­լու հա­մար սո­վո­րա­կան սիր­տը քիչ է, ու­րիշ, մի ու­րիշ սիրտ է պետք ու­նե­նալ։ Ինչք ու ու­նեց­վածք ե­րա­զո­ղի սրտով ­Հայ­րե­նի­քի ցավ քա­շել հնա­րա­վոր չէ։ ­Բա ե­ղա՞վ… էլ ի՜նչ ­Հայ­րե­նիք, ի՜նչ զո­հի մա­սին կա­րող է խոսք լի­նել, երբ աչքդ օ­րը ցե­րե­կով նկա­տում է քերծ­ված-վնաս­ված սե­ղա­նը։ Ու ո­չինչ, որ էդ ան­տերն էլ ախր քո­նը չէ… Ինչք ու ու­նեց­վածք ե­րա­զո­ղի սիր­տը թե մի օր ան­սահ­ման հարս­տութ­յան էլ հաս­նի, միև­նույն է, ­Հայ­րե­նի­քի կա­րի­քին կա­րե­կից, ցա­վին ցա­վա­կից լի­նել չի կա­մե­նա. նրա­նը իր չու­նե­ցա­ծի ցավն է, ու թե մի օր հրաշ­քով ու­նե­նա էլ, հի­մա էլ ու­նե­ցա­ծը կորց­նե­լու վախն է լի­նե­լու։ Իսկ գու­ցե ա­մեն ինչ հա­նուն անձ­նա­կան բա­րե­կե­ցութ­յան ծա­ռա­յեց­նելն է պատ­ճառ դար­ձել, որ հա­նուն անձ­նա­կա­նը պահ­պա­նե­լու պե­տա­կանն ու ընդ­հա­նու­րը զո­հա­բեր­վի։ Ու քիչ-քիչ հա­սել ենք պե­տութ­յուն, պե­տա­կա­նութ­յուն զո­հա­բե­րե­լուն։ ­Հե­տո պա­տե­րազ­մից պա­տե­րազմ ըն­կած խա­ղա­ղութ­յան կար­ճըն­թաց ա­րա­հե­տին հաս­նե­լով՝ վե­րա­կանգ­նել ենք մեր ար­քա­յա­տոհ­մե­րի իշ­խա­նութ­յու­նը, հե­տո ու­նե­ցել Ա­ռա­ջին, Երկ­րորդ, հի­մա էլ Եր­րորդ ­Հան­րա­պե­տութ­յունն ու­նենք, բայց է­սօր­վա վտանգն էլ ու­րիշ է, է­սօր ­Հայ­րե­նիք կորց­նե­լու վտան­գի առջև ենք կանգ­նած, հի­րա­վի, վեր­ջին հո­ղակ­տո­րի վրա։
Աշ­խարհ­քի պատ­մութ­յու­նը, մար­դու պատ­մութ­յու­նը պա­տե­րազ­մից պա­տե­րազմ ըն­կած ճա­նա­պար­հին խա­ղա­ղութ­յան կար­ճըն­թաց ա­րա­հետ է։ Ա­մեն ազգ խա­ղա­ղութ­յան հետ հա­րա­բեր­վե­լու իր պատ­մութ­յունն ու­նի։ Եվ ինչ­պես ա­մեն մարդ իր դար­դը լա­ցե­լու ձևն­ ու­նի, այն­պես էլ տար­բեր­վում է ա­մեն ժո­ղովր­դի դար­դա­լա­ցը։
­Կան, օ­րի­նակ, դրա­ցու հետ «մի ան­գամ մինչև վերջ ի­րենց կռի­վը տված ազ­գեր», որ հի­մա խա­ղաղ ապ­րում են։ Դ­րանց եր­րորդ-չոր­րորդ սե­րուն­դը վա­ղուց մո­ռա­ցել է, որ իր պապն ու պա­պի պա­պը ի­րար հետ ինչ-որ բան չկի­սե­լու հա­մար կո­կորդ են կրծել։ ­Մենք՝ չէ՛, մեր ցավն ու­րիշ է։ ­Մենք պատ­մա­կան հի­շո­ղութ­յու­նը, մորթ­վա­ծի ցա­վը ու­սած ապ­րե­լուց կար­ծես մի ա­ռան­ձին հա­ճույք ենք ստա­նում և «ճա­կա­տագ­րի հա­վերժ զո­հի» ու­սագլ­խա­շորն ա­ռած՝ հա­զա­րամ­յա­կով մեզ հա­մար ար­դա­րութ­յուն և­ ու­ժե­ղի ո­ղոր­մա­ծութ­յուն ենք փնտրում։ Փնտ­րում ու չենք գտնում։ Եվ չգտնելն էլ մեզ հա­մար կար­ծես մի ու­րիշ «ու­րա­խութ­յուն» է դառ­նում։
­Մի ան­գամ չէ, մենք մի քա­նի ան­գամ ենք մեր կռի­վը տվել, ու թվում է՝ մի քա­նի ան­գա­մից գո­նե մե­կը պետք է որ «մինչև վերջ կռիվ» ե­ղած լի­ներ։ ­Բայց ա­րի ու տես, որ մենք չենք պրծել ու չենք պրծնում։ ­Մեր վի­ճակն ա­վե­լի նման է հայտ­նի ա­նեկ­դո­տին, երբ ար­ջի թա­թե­րում հայտն­վա­ծը ըն­կե­րոջ հոր­դո­րին՝ «թո՛ղ, ա­րի՛», պա­տաս­խա­նում է՝ «ես թո­ղըմ եմ, հա­մա ին­քը ղա­յիմ բռնել ա»։
Ու­րիշ ազ­գեր կռվե­լիս կռվում, հաշտ­վե­լիս էլ կա­րո­ղա­նում են հաշտ­վել, ո­րով­հետև կռվից հե­տո սուր չեն ճո­ճում, ի­րենց հե­տա­գա սե­րունդ­նե­րին հա­վերժ թշնա­մութ­յուն չեն ժա­ռան­գում, ինչ­պես որ տան խո­հեմ ա­վա­գը իր ա­րած­նե­րի պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը կրում է մինչև վերջ` դրա­ցու հետ խոսք ու զրույ­ցի, չստաց­ված հա­րա­բե­րութ­յուն­նե­րի բե­ռը իր սե­րունդ­նե­րին չթող­նե­լով։
…­Պա­տե­րազ­մից պա­տե­րազմ ըն­կած խա­ղա­ղութ­յան կար­ճըն­թաց ճա­նա­պար­հին ան­գամ մենք նույն «զարկ­վածն ու զրկվածն» ենք։
Կ­յան­քը ու­ժե­ղի պայ­քար է։ Ե­թե հա­սել ենք էս օր­վան, ու­րեմն մենք էլ ուժ ու­նենք։ ­Բայց թե ին­չո՞ւ չենք կա­րո­ղա­նում դրա­ցու հետ եր­կա­րատև խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տել, ելք գտնել ե­կող ա­մեն սերն­դի պա­տե­րազ­մի ան­մի­ջա­կան մաս­նա­կից կամ պա­տե­րազ­մի հետ­ևանք­նե­րի կրող դարձ­նե­լուց, էդ հար­ցը հար­յու­րամ­յա­կով ու դա­րե­դար հա­յոց մեջ պա­տաս­խան չի ստա­նում։
…Օ­ջա­խիդ սյու­նը տա­պա­լել են, ծառդ՝ կտրել… Իսկ դու, մա՛րդ Աստ­ծո, ինչ­քի կռիվ ես տա­լիս։ Ու պա­տե­րազ­մից պա­տե­րազմ ըն­կած խա­ղա­ղութ­յան կար­ճըն­թաց ճա­նա­պար­հին սեր­մը սերմ­նա­ցա­նի կա­րոտն է քա­շում, ճղա­կո­տոր ծա­ռը՝ պատ­վաստ ա­նող հո­գա­տար ձեռ­քի սպա­սում, իսկ Աստ­ծո մարդն իր Աստ­ծուց այն­քան է հե­ռա­ցել, որ քերծ­ված սե­ղանն ա­վե­լի կար­ևոր է հա­մա­րում, քան…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։