ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԷՍՍԵ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

Ես՝ որպես շախմատասեր, իրական կյանքի ընթացքը համեմատում եմ շախմատային պարտիայի հետ։ Կան դասական, արագ և բլից ձևաչափերով մրցույթներ։ Հիմա անցկացվում են նաև Ֆիշերի շախմատ կոչվածի լուրջ առաջնություններ, անգամ աշխարհի չեմպիոնության համար։ Աշխարհաքաղաքական որոշակի հատվածներում դասական շախմատի ժամանակաչափը՝ 90 րոպե և ավելի, քիչ-քիչ տեղը զիջում է արագ՝ 10-15 րոպե, և բլից՝ 5 րոպե, ձևաչափերին։
Արագացված և հանկարծ պոռթկում են պատերազմներ, ինչպես Իսրայելում և Գազայում, գործարկվում է մի խաղ, որի տարածումն էլ է արագանալու միտում դրսևորում, և հնարավոր են նոր երկրների ընդգրկում՝ Լիբանան, Սիրիա, Իրան։
Խաղի վերջը, մինչև մատ հայտարարելը, դժվար է գուշակել, խառնված են հզոր և մարտաշունչ երկրների երևացող և աներևույթ ձեռքերը։ Այս արագ շախմատային պայքարում հնարավոր են նույնիսկ գրոսմայստերների կոպիտ սխալներ, սխալվում է երբեմն աշխարհի չեմպիոնը։ Արագ շախմատի սկզբնախաղերը մոտ են դասականին, սակայն միջնախաղում անսպասելի և տնային վերլուծության քայլեր են հայտնվում։ Վերջնախաղն ընկնում է բլիցի սրընթաց սլաքի ճնշման տակ։ Ինչպե՞ս կավարտվի խաղը. մի սխալ քայլը կարող է շրջել իրավիճակը։ Ահա այս միջոցում հաղթում է նա, ով դիմացինից ավելի ճիշտ է հաշվարկում և՛ քայլերը, և՛ ժամանակը։ Քայլերն էլ, ինչպես հիմա տարածված է, կարող են որևէ գաղտնի կերպ՝ չիտերային կոչված, հուշել մարզիչները, տարանուն օժանդակողները։ Խաղին միջամտում են խարդախությունը, խաբեությունը, մշակված ծուղակները։ Բլից խաղի ժամանակ այս ամենը կրկնակի է ազդում իրավիճակի վրա, համեմատենք Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ՝ սրընթաց ռմբակոծումներ, դրոնների սատանայական թռիչքներ, հեռահար հրետանային զարկեր ու հրթիռների կործանիչ ասպատակում։ Կա վախ ատոմային մարտագլխիկներով հրթիռների արձակման։ Ակներև զգուշանում է Ամերիկան, նրանց պրեզիդենտական հնարավոր մի թեկնածուն՝ ԱՄՆ-ի նախկին պրեզիդենտ Թրամփը, ասել է՝ հնարավոր չէ պատերազմում հաղթել հազարավոր ատոմային մարտագլխիկներ ունեցող երկրին, այսինքն՝ Ռուսաստանին։ Բլիցը արագացման հետ հավանական միջոցներից կարող է լինել տակտիկական վերոնշյալ մարտագլխիկների կիրառումը, որի մասին բացահայտ հայտարարում են ՌԴ պաշտոնյաները և ռազմական փորձագետները։ Այս կատաղի պայքարի ընթացքում, եթե առավել թեժանա, կարող է խոսքը վերածվի գործի։ Նախադեպը եղել է Ճապոնիայում։ Աստված խելք ու միտք տա պատերազմում ներքաշված երկրների ղեկավարներին։ Ժամացույցի սլաքը կարող է ընկնել մինչև որևէ կողմի մատ հայտարարելը։ Զարմանալի է, որ վերոհիշյալ հոշոտման կողմերն իրար ազգակից են, պատմականորեն նույն արմատից սերված։ Ահա այսպիսի բլից, որի ուժգին սրտխփոցը տարածվում է Եվրոպայի, Հարավային Կովկասի, Չինաստանի, Իրանի և այլ տարածաշրջանների ու երկրների վրա։
Գանք Հայաստան։ Մեր երկիրը շախմատային գերտերություն է. Օլիմպիական թիմային եռակի չեմպիոն, Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ուրեմն՝ պարտավոր է թվայնացման ժամանակաշրջանում, աշխարհի խառնակ մթնոլորտում, դասական շախմատի խորը վերլուծությամբ արագ շախմատի ժամանակը զգալով՝ բլիցի արագընթաց սլաքից արագ քայլել ու հաշվարկել հակառակորդի պատասխանները, հատկապես երբ նրան գաղտնի հուշողները փոքր թիվ չեն կազմում, նույնիսկ երբեմն ուղղակի նրանց փոխարեն են խաղում։ Արդյոք անհրաժե՞շտ է գետանցի ժամանակ փոխել ձիերն ու փղերը, արդյոք մեր նավակները պատրա՞ստ են կտրելու Ատլանտիկն ու Պարսից ծոցը կամ գոնե Սև ծովը։ Եթե ձիերը պիտանի չեն, հարկ է ճշգրիտ հաշվարկել այլ ձիերի կարողությունները, երաշխիքները, պատմական փորձը, ժամանակի վտանգավոր արագացումը։ Շախմատում կան նուրբ քայլեր, որոնք կոչվում են պրոֆիլակտիկ, և հիմնականում պաշտպանական իմաստ ունեն՝ սպառնալիքներից խուսափելու համար։ Սպառնալիքները ճշգրիտ են նախատեսում։ Շախմատում սերը և ատելությունը դեր չեն խաղում, հուզականությունը խանգարում է, չհաշվարկած կամ կտրուկ քայլերը կարող են քո ցանկացած տեղը չտանել։
Սիրուց, ատելությունից ու հույզերից բարձր է շախմատային փիլիսոփայությունը, տրամաբանությունը, և պատահական չէ, որ շախմատը համարվում է և՛ գիտություն, և՛ սպորտ, և՛ արվեստ։ Եվ այս ամենի հետ չի խանգարի առողջ կասկածը յուրաքանչյուր քայլից առաջ։ Հակառակ դեպքում խաղը խաղ է խաղում խաղացողի գլխին։ Այս բառախաղային ոճով ուզում եմ ավարտել խոհագրությունը և հորդորել մեր բոլոր տիպի խաղացողներին՝ խաղն սկսելուց առաջ, ինչպես շախմատիստները, ձեռքով բարևել։
Մեր շախմատիստների թիմային հաղթանակները երևույթ են համարել և փորձել բացատրել գաղտնիքը ոչ միայն գերազանց խաղով, այլև թիմային ոգով։ Մեր ժողովուրդը աշխարհի շախմատային խաղատախտակի վրա ևս մի թիմ է, իզուր ենք մեզ քննադատում, թե թիմային ձևերում թույլ ենք, եսասիրական, անձնականը գերադասող։ Շախմատիստն այսպես իրեն չի կտցահարում, խաղաքարին անզգույշ դիպչելուն հետևում է հակառակորդի պահանջը՝ ձեռք ես տվել, խաղա։
Այո, այսպիսին է աշխարհի քաղաքական շախմատը՝ մե՛րթ դաժան, մե՛րթ արտիստիկ, Քիսինջերն էլ, կարծեմ, այդ մասին «Աշխարհակարգ» գիրք է գրել։ Հին ոսկոր է, շատ բան է տեսել ու կռահել, ոնց Միխայիլ Տալը կույր շախմատ խաղալիս։
Հ.Գ. Մոռացա գրել, որ Ֆիշերի շախմատում, ըստ պայմանավորվածության, հայելային կերպով փոխվում են ֆիգուրների տեղերը, զինվորները մնում են իրենց տեղերում։ Մեր երկրում, մեր սահմաններին զինվորները պիտի մնան իրենց դիրքերում, իսկ ֆիգուրներն ինչ դիրքում էլ լինեն, հիշեն՝ Հայաստանը շախմատային գերտերություն է և պարտավոր է ամեն քայլից առաջ խորը հաշվարկել, բանաձևել, ծրագրել իրենց խաղի փիլիսոփայությունը, գիտությունը, արվեստը։
Այս կերպ խաղալիս արվեստը զոհեր չի պահանջի։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։