24 տարի մտքումս գրել եմ այս հուշերը: Ու 24 տարի մեկը ճչացել է մեջս՝ ո՛չ: Ոչ ու դարձյալ ոչ, հիշողություններ չեն, վկայություններ չեն: Կյանք է, իրականություն է, ներկա է, անցյալ չէ: Գիտակցության ու սրտի հակադրության մեջ 24 տարի հաղթել է սիրտը: Գիտակցությունս մխիթարել է՝ դու ոչինչ չես մոռանում, դու ոչինչ չես մոռանա երբեք, կգրես, երբ գրվի: Չի գրվի, ուրեմն՝ այդպես է պետք: 24 տարի եղել է նաև մեղքի զգացումը՝ իսկ իրավո՞ւնք ունես միայն քոնը դարձնել՝ ինչ բոլորինն է: 24 տարի նաև արդարացել եմ՝ միևնույն է, անհնար է փոխանցել մթնոլորտը, ձայնը, ծիծաղը, աուրան, ձգողականությունը, հայացքով ու լռությամբ ասվածը, ուրեմն՝ ամբողջական չի լինելու, կորչելու է գուցե ամենակարևորը՝ անանվանելի սերը, որի ալիքներում ամեն ինչ իմաստավորվում էր, այդ սերը հասցե ու անուն ուներ՝ ՀԱՅՐԵՆԻՔ: Չգիտեմ, հիմա էլ գրելիս չգիտեմ, չգիտեմ նույնիսկ՝ ի՞նչն եմ գրելու, ի՞նչը՝ ոչ: Մեզնից յուրաքանչյուրը իրավունք ունի իր սրտում սեփական տարածքն ունենալ, այդ աշխարհում ապրող մարդիկ անձեռնմխելի են: Իսկ նա աշխարհը հասկանում էր իր ՍՐՏԻ չափով, և նրա սրտում չկար ստվեր: Եվ նա ՄՏԱԾՈՒՄ ԷՐ ՍՐՏՈՎ:
***
Ընտրարշավի ժամանակ, երբ բոլորը նստել էին հացկերույթի, որոշեցի ծաղիկներ հավաքել, դիմացի սարը խելահեղ ձգողականություն ուներ: Սկսեցի լանջից, հետո ինձ համար էլ աննկատ բարձրացել էի` ա՛յ էն վերևի կապույտ ծաղկի համար, մի քիչ այն կողմը` դեղինի: Արդեն մեծ մի փունջ ծակծկում էր բաց թևերս, բայց բարձրանում էի, երբ թիկունքից լսեցի. «Դե կանգնի, ի՞նչ ես խլացել, գոռում եմ, գոռում եմ, չես լսում»։ Շրջվեցի, տեսնեմ` Վազգեն Սարգսյանը՝ իմ փնջից մեծ փնջով: «Դուք ի՞նչ գործ ունեք այստեղ»,- ուրիշ ոչինչ չգտա ասելու: «Ես դաշտային ծաղիկներ եմ սիրում, տեսա` գնացիր հավաքելու, ետևիցդ եկա: Արի փոխանակենք, էս ի՞նչ անպետք խոտեր ես հավաքել, սրանք թունավոր են, դեն գցի»: Երբ իջնում էինք սարից, ու ես հարցրել էի, թե ընտրություններում հաղթելուց հետո ինչ է անելու, ստացել էի պատասխան՝ դեռ պետք է հաղթել: Չգիտեմ՝ վաղուց, չգիտեմ՝ այդ պահին որոշեց.
– Կառավարության կառուցվածք պիտի փոխվի, նախարարներին կես տարի ձեռք չեմ տա, իմ կառավարությունը կսկսի աշխատել 2000-ին, երբ իմ կազմած բյուջեն կընդունվի: Կառավարման որակ պիտի փոխվի: Արդյունաբերությունը պիտի աշխատի, որ բանակը հզորանա՝ պատերազմը դեռ չի ավարտվել, որ մարդիկ վերադառնան: Հա, ու մեկ էլ՝ Երևանն եմ տեսքի բերելու: Հռոմից հի՛ն է, քաղաքամա՛յր է: Հռոմը տեսե՞լ ես: Իսկ Փարի՞զը: Լոնդո՞նը: Մայրաքաղաքնե՛ր են:
***
Կյանքում երբեք այդ օրը չեմ մոռանա՝ 1999-ի հուլիսի 17-ը. ընտրարշավն արդեն անցյալ էր՝ Վազգեն Սարգսյանը վարչապետ էր արդեն մեկ ամիս, տասնյակ ելույթներ էի լսել ու տեսել, որ Վազգենի խոսքը էլեկտրականացնում էր, բացարձակ նորություն չէր, որ Վազգեն Սարգսյանը գիտի գլխավորից խոսել ու համոզել, նույնպես բացարձակ նորություն չէր, որ Վազգեն Սարգսյանը անպարագիծ սիրում է իր երկիրը, ընդհանրապես նորություն չէր: Բայց տեսնել նրան հուլիսի կեսօրվա կիզիչ արևի տակ քրջի բազարում… կառավարության անելիք քայլերի մասին խոսելիս` բացարձակապես անհավանական ու անկանխատեսելի էր: Շոգ, արև, առևտուր չկա, փոշի, հինումին ինչ ասես վաճառելու վրա օրվա հացի փողի հույս դրած մարդիկ ու նրանց առաջ… վարչապետը: Ու վարչապետի խոսքից մեկ էլ տեսնում ես, որ գետնին անկանոն, ցաքուցրիվ փռված իրենց ապրանքատեսականու կողքին կքած մարդիկ շտկում են մեջքը, դառնում բարձրահասակ, գեղեցիկ, անհասկանալի փայլում են նրանց աչքերը, ու Վազգեն Սարգսյանին նայում են այնպես, ասես իրենց առաջ ոչ թե միս ու ոսկորից մարդ է, այլ՝ նվազագույնը այլմոլորակային, որ իրենց հետ խոսում է իրենց ցավից ու իրենց հոգսից…
Մտքումս Չարենցն էր՝ «Երևան: Աստաֆյան: Փոշի»: Վարդանանց փողոցը, որ ինչ-որ տեղ հատում է Աստաֆյանը:
«…Խիղճ ունեցիր, մի կտոր հաց դիր մեր բերանը: Դու շատ լավ մարդ ես երևում, մեղք ենք, աշխարհը ծախեցին-կերան, մենք սոված մեռնում ենք: 72 տարեկան կնիկ, ի՞նչ գործ ունեմ էս արևի տակ…»:
«…Ես փախստական եմ, գրանցում չունեմ, 11 տարի ապրում եմ այստեղ: Մի բան մտածի մեր մասին, գրանցեք մեզ: Գնացել եմ ընտրության, չեն թողնում ընտրեմ, անձնագիր չեն տալիս: Չենք ուզում, ախպեր, էդ լգոտները, մեզ մարդու իրավունք տվեք: Մարդ իր հայրենիքում էսքան երկար գաղթական չի կարող մնալ: Պարոն վարչապետ, մենք հայրենիք ենք ուզում»:
«…Պարոն վարչապետ, հեչ չմտածես, մենք քեզնից հաց չենք ուզում, փող չենք ուզում: Մենք մուրացկան չենք: Մենք քեզնից աշխատանք ենք ուզում: Էս քրջի բազարի 40 տոկոսը բարձրագույն կրթություն ունեցողներ ենք՝ շինարարներ, ինժեներներ, ուսուցիչներ: Ի՞նչ եք մտածում, օրը կես դառավ, 200 դրամ եմ վաստակել: Ես շինարար եմ, ես գործ եմ ուզում, ոչ թե չարչիություն»:
«…Էս քրջուփալասն էլ որ պրծավ, ի՞նչ ենք անելու: Մարդ ենք, վերջապես, աշխատանք ենք ուզում: Էսօրվա օրով ինչի՞ պիտի քեզնից օգնություն ուզենք՝ քեզ օգնելու տեղակ»:
«…Պարոն վարչապետ, ինչ անես-չանես, հոսանքը չթանկացնես: Հազիվ կոպեկը կոպեկին հասցնում ենք: Մի ճար արա, աշխատենք, անգործ մեռանք»:
«…Պարոն վարչապետ, մի բան ասեմ, չնեղանաս, որ երկու-երեք տարի ճիշտ աշխատես, էս վիճակից դուրս կգանք, մեր հույսը մենակ դու ես, ուրիշ տեղ չունենք ձեռք գցելու…»:
Ու դարուփոսերի մեջ Վազգեն Սարգսյանը ընտրում է համեմատաբար բարձրադիր քար, բարձրանում վրան, որ ասի.
– Ժողովուրդ, նոր բան ինձ չասեցիք: Ձեր կարծիքով՝ ինչի՞ եմ եկել: Ինչի՞ վարչապետ դառնալուց հետո առաջին անգամ էստեղ եմ եկել: Որովհետև որոշել եմ գնալ այնտեղ, որտեղ ամենածանրն է: Ձեր վիճակը ես գիտեմ, շատ լավ գիտեմ, չասեք էլ, գիտեմ: Ես ուզում եմ հասկանանք՝ ինչո՞ւ է էս վիճակը ստեղծվել: Ինչպե՞ս եղավ, որ ինժեները, շինարարը, ուսուցիչը հասան էս օրին: Ուզում ենք գտնել ելքեր էս վիճակից դուրս գալու համար: Ցավոք, դեռ ինչ-որ ժամանակ էս քրջի բազարը կգոյատևի, վերացնելու հնարավորություն չկա: Նախ պիտի մարդավայել առևտրի պայմաններ ստեղծվեն, դա ընթացիկ հարց է, հեշտ է, դա կանենք: Ամենադժվար խնդիրը աշխատանք գտնելն է: Վաղը, մյուս օրը իմ մարդիկ կգան՝ յուրաքանչյուրիդ վիճակը մեկ առ մեկ ուսումնասիրելու, ում կկարողանանք, գործի կտեղավորենք: Ուզում եմ՝ իմանաք՝ էլեկտրաէներգիայի, հեռախոսավարձերի գները չեմ բարձրացնելու: Ինձ ստիպում էին ու ստիպում են, բայց չեմ բարձրացնելու: Էլեկտրաէներգիայի գծով 49 միլիարդ դրամ պարտք ունի պետությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե չկարողանանք վճարել: Վաղը, մյուս օրը կկրկնապատկվի, կդառնա 200 միլիոն դոլար, մեկը կգա, պարտքը կտա ու կդառնա էս երկրի տերը: Ինչ որ կռվով պահեցինք, փողով մեր ձեռքից կառնեն: Պետք է ձևեր գտնենք, միջոց գտնենք մեր տունը մերը պահելու, էլեկտրաէներգիայի կորուստը պակասեցնելու, գողությունը քչացնելու: Ժողովրդին պետք է հստակ բացատրվի ամեն ինչ: Օրինակ՝ ո՞նց են գոյացել պարտքերը: 1991 թվից էլեկտրաէներգիան արտադրել ենք, շատ թե քիչ, տվել ենք ժողովրդին, գործարաններին, գյուղացուն ու կոպեկ ետ չենք ստացել: Ո՛չ գյուղացին է էլեկտրաէներգիայի ու ոռոգման վարձը տվել, ո՛չ քաղաքացին է վճարել հոսանքի դիմաց: Տարեցտարի կուտակվում, պարտքի չափը մեծանում է: Էսօր 49 միլիարդ դրամ է՝ 100 միլիոն դոլար: Ոչ մի հնարավորություն չկա էլեկտրաէներգիայի գինն իջեցնելու: Ինձնից պահանջում են բարձրացնել՝ ասացի: Մեկ է՝ չեմ թանկացնի: Ասում են՝ չես թանկացնի, վարկ չենք տա, իսկ վարկը բյուջեում արդեն հաշվված է, աշխատավարձ է դառնալու… Չեմ թանկացնի, ուրիշ տեղից փող կգտնեմ: Ասում են՝ էլեկտրաէներգիայի սակագինը միջազգային արժեքին հասցրու: Ես ասում եմ՝ մեր ժողովուրդը միջազգային արժեքին համապատասխան աշխատավարձ չի ստանում, որ բարձրացնեմ: Իրենք ճիշտ են, Համաշխարհային բանկը ճիշտ է, ասում է՝ ես փողը տալիս եմ, որ ժողովրդին պահես, տալիս եմ, բայց ո՞նց ես վերադարձնելու: Շատ ծանր վիճակ է: Շատ: Տասը օր է՝ բանակցում ենք, որ գոնե 25 միլիոնը տան: Ես ձեր արանքում կանգնած մարդ եմ, իմ խնդիրը էս վիճակից ձեզ էլ, նրանց էլ դուրս բերելն է: Երկիրն անվերջ չի կարող պարտքեր անել ու վարկերով ապրել: Մենք պիտի մեր արդյունաբերությունը աշխատացնենք: Մի գործարան աշխատացնելը բոլորիդ հեշտ ու հանգիստ է թվում գուցե: Մի, երկու, մի քանի գործարան աշխատեց, բայց երկրի արդյունաբերությունը աշխատացնելը ահռելի դժվար է, շուկա է պետք, հումք է պետք, սպառում է պետք, նոր տեխնոլոգիաներ են պետք, նոր մասնագետներ են պետք: Սովետական Միությունը մեծ ու հզոր երկիր էր, այստեղ արտադրում, Վլադիվոստոկում ծախում էր: Հիմա մեր ապրանքը առնող չկա, մրցունակ չենք շուկայում: Շուկայում մեր տեղը չունենք: Ուրիշ խնդիր էլ կա՝ այսքան վարկերը որ բերվել են, խելացի չեն օգտագործվել, նպատակային ծախսեր չեն արվել: Օրինակ, «Զվարթնոցում» մեծ շինարարություն է եղել, որ այսօր մեզ պետք չի, բայց վաղը, մի երեք-չորս տարի հետո պետք է գալու: Հինգ տարի հետո օգուտները կերևան: Կամ էլ՝ Երևանի ջերմաէլեկտրակայանը, ճիշտ է, լրիվ հզորությամբ այսօր չի աշխատում, բայց վաղը, մյուս օրը, որ ստիպված լինենք ատոմակայանը կանգնեցնել, ՋԷԿ-ը պիտի աշխատի: Հոկտեմբերի 1-ից աշխատավարձերի, թոշակների, նպաստների պարտքերը կբերենք-կհասցնենք զրոյական վիճակի, որ ամիս-ամիս ստանաք: 2000 թվին և՛ Որոտանի թունելն ենք ավարտելու, և՛ Արփա-Սևանն ենք վերանորոգելու: Շինարարներն աշխատանք կգտնեն: 2000 թվին շինարարական կազմակերպությունները լրիվ թափով կաշխատեն: Դժվարը էս երեք-չորս տարին է, ճահճից պոկվելու խնդիրն է, անկումը կասեցնելու խնդիրն է: Որ պոկվեցինք, գնացքը գնալու է: Ուրիշ ելք չունենք, մեր երկիրն է: Արդյունաբերությունն աշխատացնելու եմ, շուկաների հարցերը լուծելու եմ, լուծում եմ: Որ տնտեսությունը չշնչի, բանակը չենք կարող ո՛չ պահել, ո՛չ նոր զենքեր բերել: Գիտեք՝ պատերազմն ավարտվե՞լ է, չի ավարտվել, ժողովուրդ, հաղթել ենք, բայց հարցը չենք լուծել, բանակը պիտի մարտունակ պահենք: Ուրիշ ելք չունենք, գնալու տեղ չունենք: Ամեն ինչ անելու ենք: Ես եմ ասում: Ազնիվ, լավ, կազմակերպված աշխատանքի դեպքում 25 տոկոսով կարելի է վիճակը լավացնել, հետո էլի 25, հետո… Ես էդ հույսով եմ եկել: Միասին ենք աշխատելու: Ես մենակ չեմ, դուք եք ինձ օգնելու: Միասին ենք անելու, որովհետև մենք իրար պետք ենք, որովհետև մենք երկրին պետք ենք…
…Վազգենը գնացել էր, ես պտտվում էի մարդկանց մեջ՝ ձայնագրիչը ձեռքիս, ու ուզում էի նրանց կարծիքն իմանալ: Մի տատիկ ասաց, որ աչքով չտեսներ, չէր հավատա, թե վարչապետ մարդ, բանուգործը թողած, վեր կկենա, կգա իրեն բացատրելու, թե ինչ վիճակում է երկիրը, որ իրեն էլ մարդատեղ կդնի ու կասի՝ չմտածես, սենց չի մնալու: Այդ օրը Վարդանանց փողոցում կատարվածը իսկապես էլ հրաշք էր: Անհավանական, բայց իրական: Վազգեն Սարգսյանը եկավ ու աշխարհից-կյանքից հոգնած, մի քիչ էլ խռով իր հայրենակցին ասաց՝ վեր կաց, վերև նայիր, դու մենակ չես, ես քեզ հետ եմ, հենց քեզ, ու դու պետք ես քո երկրին: Արդեն հեռանում էի քրջի բազարից, երկու ծերունու խոսակցությունը կանգնեցրեց.
– Դու կհավատայի՞ր, որ Վազգենը կգա ստեղ:
– Չէ, ո՞վ կհավատար:
– Մեկ էլ Աղասի Խանջյանն էր ժողովրդի մեջ ման գալիս ու մարդկանց հետ մարդավարի խոսում:
– Հա, հանկարծ Խանջյանի նման գլուխը չուտե՞ն:
– Չէ՛, ո՞վ ռիսկ կանի:
– Խանջյանի գլուխը ո՞վ կերավ, նա էլ ռիսկ կանի…
– Բերիան, հիմա Բերիա չկա:
– Միշտ էլ մի Բերիա կա:
…Ես, իհարկե, նրանց խոսակցության մասին չգրեցի, թեպետ ինքս էլ գիտեի, որ միշտ էլ Բերիա կա…
***
1999-ի հոկտեմբերի 27-ին ես Էջմիածնում էի՝ ամենայն հայոց 131-րդ կաթողիկոսի ընտրությունը լուսաբանելու համար: Եվ ճիշտ այն պահին, երբ խորհրդարանում հնչում էին կրակոցները, եկեղեցու բակում հարցազրույց էի անում Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ: Մինչ մեր գլխին ինչ-որ ուղղաթիռ էր պտտվում ու խանգարում ձայնագրությանը, լրագրողներից մեկը հարցրեց՝ ժամը քանի՞սն է, ու ես ընդհատելով հարցազրույցը (միևնույն է՝ ուղղաթիռի աղմուկի պատճառով Ալբերտ Բազեյանի ձայնը չէր լսվում)՝ պատասխանեցի՝ 5.15: Խորհրդարանի կրակոցների լուրն արդեն պտտվում էր դրսում, բայց ոչ մեկս չէր հավատում… Մինչև հասանք Երևան, ամբողջ ճանապարհին աղոթում էի՝ մենակ Վազգենը ողջ լինի, մենակ Վազգենը ողջ լինի, բայց ինչ-որ մեկը համառորեն ճչում էր ներսումս. «Եթե կրակել են, ողջ չէին թողնի»:
…Արարատում Այդին Մորիկյանն ու ես երկար պտտվում էինք Վազգենի տան բակում՝ ներս մտնելու համարձակություն հավաքելու համար: Ամեն ինչ թվում էր անիրական, մղձավանջային կինո, երկուսս էլ սպասում էինք, որ Վազգենը ծիծաղելով դուրս է գալու ու հարցնի. «Էս ի՞նչ եք անում, հասել եք տուն, ներս չե՞ք գալիս»: Չեկավ: Գուցե աբսուրդ է, բայց ամենաահավորը ինձ համար դագաղում նրա վիրակապված մատներն էին, որ շոշափելի էին դարձնում մահը:
…Երբ Շաքիի ջրվեժի մոտ հանեց վերնաշապիկը, որ ջուրը մտնի, հարցրի.
– Ո՞նց, դուք բրոնեժիլետ չե՞ք հագնում:
– Ե՞ս: Իմ երկրում ես ումի՞ց պիտի վախենամ: Խելքիդ տիրություն արա…