Կամ կարճ պատասխան Առաջին լրատվականում փետրվարի 12-ին հրապարակված «Գրողների միությունը Բաղրամյան պողոտայի թիվ 3 շենքը չէ» գրառման հեղինակին
Հայաստանի գրողների միության և Արցախի գրողների միության ճակատագրով «մտահոգ» գրառումը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Ավելի մանրամասն.
«Գրողների միությունը չպետք է իր նստավայրում ռեստորան կամ բար, կամ գիշերային ակումբ ունենա, կամ Ծաղկաձորի և Սևանի հանգստյան տները վարձակալության տա։ Գրողների միությունը՝ որպես հանրային իրավունքի սուբյեկտ, գործող օրենքի շրջանակներում կարող է վիճարկել կառավարության մոտեցումը, հիմնավորել, որ Ծաղկաձորի և Սևանի հանգստյան տների վարձակալությունից տարեկան X գումարի Y մասը հատկացնում է ԳՄ անդամներին՝ հոգում հայ դասականների ստեղծագործությունների վերահրատարակման, տարածման ծախսերը կամ երիտասարդ ստեղծագործողների աջակցությանը»։
Կարծում ենք, որ գրառման հեղինակը, որը Արցախի գրողների միության անդամ է, պարտավոր է իմանալ, որ Ծաղկաձորի և Սևանի գրողների ստեղծագործական տները միշտ էլ ծառայել են ու շարունակում են ծառայել ՀԳՄ անդամ գրողներին՝ շահեկան պայմաններով։ Այս համատեքստում առնվազն տարակուսանք է հարուցում Վ. Աթանեսյանի պնդումը շենքերը այլ նպատակներով ծառայեցնելու մասին։ Նաև հիշեցնենք, որ ՀԳՄ-ն 1990-ականների սկզբից առ այսօր չի օգտվում պետական հովանավորչությունից և գոյատևում է ինքնաբավության օրինական ձևերով ու միջոցներով և ՀԳՄ Կանոնադրությամբ հաստատված տնտեսական գործունեությամբ։
Հետաքրքիր է, իրավական ու բարոյահոգեբանական ո՛ր օրենքներն ու կանոններն են արգելում գրողներին՝ իրենց շենքում ունենալ սրճարան։ Ի դեպ, սովետական տարիներին ԳՄ շենքում, ամռանը՝ բացօթյա, ևս գործում էր սրճարան ու ճաշարան։ Ի դեպ, ՀԳՄ-ն գրական աշխարհում եզակի կառույց է, որը սկսնակ և երիտասարդ գրողների համար ունի «Գրեթերթ» թերթ և ամեն տարի աշնանը Ծաղկաձորում՝ իր ստեղծագործական տանը, կազմակերպում է երիտասարդ ստեղծագործողների հավաք և տարեկան մրցանակաբաշխություն։
«Դառնանք ու հարցնենք ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին. Արցախի ԳՄ քանի՞ անդամ է բռնատեղահանվել, և բարոյական կամ այլ կարգի ի՞նչ օգնություն է նրանց ցուցաբերել Հայաստանի ԳՄ-ն»։
Այս կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ, ինչպես մինչև բռնատեղահանումը, այնպես էլ դրանից հետո և հիմա, արցախցի ՀԳՄ անդամ գրողները գտնվում են ՀԳՄ հոգածության ներքո։ Մասնավորապես դրանք դրսևորվում են հնարավորության սահմաններում՝ նյութական, ստեղծագործական պայմանների ապահովմամբ, տարաբնույթ գրական-ստեղծագործական միջոցառումներին Արցախի գրողների մասնակցությամբ։ Այդ շրջանակում ՀԳՄ համագումարում ՀԳՄ վարչության անդամ է ընտրվել արցախցի երեք գրող, որոնցից մեկը, ՀԳՄ նախագահի առաջարկությամբ, ընտրվել է վարչության քարտուղար և նախագահության անդամ։
Արցախի պաշարման ամիսներին ՀԳՄ-ն կազմակերպել է արցախցի յոթ հեղինակի գրքերի, «Երբ Արցախը պաշարված էր» ժողովածուի հրատարակումը։ Ինչպես նաև Արցախի գրողների ստեղծագործությունները ընդգրկվել են ՀԳՄ կազմած արձակի ու պոեզիայի շուրջ մեկ տասնյակ անթոլոգիաներում։ ՀԳՄ անդամ արցախցի գրողները մասնակցել և մասնակցում են ՀԳՄ նախաձեռնությամբ կազմակերպված մրցանակաբաշխություններին, միևնույն ժամանակ Արցախի պաշարման և բռնատեղահանման թեմայով մրցանակաբաշխությանը։
ՀՀ գործող օրենքների սահմաններում Հայաստանի գրողների միությունը՝ որպես սեփականատեր, իրավունք ունի իրեն պատկանող գույքը վարձակալության հանձնելու։ Իսկ Գրողների՝ Ծաղկաձորի Ստեղծագործական տունը երբեք վարձակալությամբ չի տրվել. այն գործել և գործում է ՀԳՄ համակարգում՝ անշեղորեն իրականացնելով իր հիմնական գործառույթը՝ նպաստել հայ գրողների ստեղծագործական ընթացքին։
Անդրադառնալով արցախահայ գրողների հանդեպ վկայակոչված «վերաբերմունքին»՝ նշենք, որ թե՛ ՀԳՄ-ում, թե՛ Ծաղկաձորի և Սևանի Ստեղծագործական տներում հայ գրողին օժանդակելու հարցում երբևէ որևէ խտրականություն չի եղել։ Նման խտրականություն չի եղել նաև քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեցող գրողների նկատմամբ։
Նշենք նաև, որ Ծաղկաձորի Ստեղծագործական տունը մեր պետության համար դժվարին բոլոր իրավիճակներում աներկբա ու անշահախնդիր կանգնած է եղել բարդ իրավիճակներում հայտնված մեր ժողովրդի կողքին՝ պատսպարելով արցախյան առաջին պատերազմի ընթացքում տարհանված բազմաթիվ ընտանիքների։ 2020 թ. 44-օրյա դաժան պատերազմի օրերին Ստեղծագործական տունը երկու ամիս ապաստանել է հայրենի տունը կորցրած շուրջ 160 մեր հայրենակիցների։ Այդ ընթացքում մեր հյուրընկալությունից օգտվել են նաև արցախցի բազմաթիվ գրողներ ու նրանց ընտանիքի անդամներ։
Ինչ վերաբերում է ՀԳՄ սեփականության հանդեպ նկրտումներին ու այդ առիթով ոմանց անըմբռնելի խրախճանքին, հավելենք, որ Բաղրամյան 3-ի շինությունը և անշարժ գույքերը ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի կողմից 1992 թ. որոշմամբ և 1993-ին հաստատված ՀԳՄ Կանոնադրությամբ պատկանել են Հայաստանի գրողների միությանը, որոնց 1998-1999 թթ. ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրվել է սեփականության իրավունք։
«ՀԳՄ նախագահը գերադասում է կազմակերպել ընդունելություններ, որտեղ հրավիրվում են ցանկալի անձինք»։
Գրածից դժվար է հասկանալ, թե խոսքն ինչ ընդունելությունների մասին է։ ՀԳՄ-ն պետական հիմնարկ չէ, որը կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն։ ՀԳՄ նախագահի աշխատասենյակի դուռը միշտ բաց է բոլորի առաջ՝ տարաբնույթ քննարկումների, կարծիքների արտահայտման ու ծրագրերի մշակման համար։
Եթե խոսքը ՀԳՄ անդամ ընտրելու մասին է, ապա դա տեղի է ունենում հատուկ ընթացակարգով, որը նախատեսված է ՀԳՄ կանոնադրությամբ։
«Տողերիս հեղինակը Արցախի ԳՄ անդամ է, Երևանում գիրք է տպագրել։ Եվ ի՞նչ։ Ոչինչ»։
Այս տողն ինքնին արտահայտում է հեղինակի հավակնությունը, թե իր գրքի լույս աշխարհ գալը պիտի իմացվեր ու երևի արժանանար Արցախի գրողների միության (որի անդամ է) և ՀԳՄ-ի գնահատականներին։ Եվ ահա այս հավակնությունը ստիպել է սրտնեղել Վահրամ Աթանեսյանին, որի հետևանքով նա հայտնվել է ԱԳՄ-ին, ՀԳՄ-ին ուղղված սուտ, կեղծ, անտեղյակ նյութեր գրելու, դատական ընթացքներում գտնվող ՀԳՄ-ին թիկունքից հարվածելու վրեժխնդիր վիճակում։
Սա նվազագույնը սազական չէ ԱԳՄ-ի անդամին։
Իբրև ամփոփում, ուզում ենք շեշտել, որ նախքան գրողների միության և ՀԳՄ նախագահի գործունեությանն անդրադառնալը ուղղակի անհրաժեշտ էր գոնե մեկ անգամ լինել Գրողների միությունում։ Հատկապես, եթե նա Արցախի գրողների միության անդամ է։
Այս ամենին ի հավելումն տեղեկացնենք, որ գրողների միության գույքի վերաբերյալ դատական գործընթացում գրողների միությունն ունի երրորդ անձի կարգավիճակ։ Եվ հայցի պատասխանող է հանդիսանում ոչ թե ՀԳՄ-ն, այլ՝ ՀՀ կադաստրի պետական կոմիտեն։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
