Որքան ջանացինք կյանքն ավելի լավը դարձնել, այնքան խնդիրները գնալով ավելացան, բարդացան, բազմացան, ճակատագրեր խեղվեցին, մոխրացան մաքառումների այդ ճանապարհներին, հույսեր անհուսացան, և արևածագին աչքներս հառած` ավելի մեծ խավարի գրկում հայտնվեցինք:
Որովհետև շատ քիչ եղավ, որ թիկունք թիկունքի և բռունցք բռունցքի, միակամ ու միասիրտ եղանք. բաժանումները դեռ իրենց հերթին, մեծամասնության անտարբերությունը հաճախ թուլացրեց ամուր անհատների կամքն ու ընթացքը: Հենց այդ անտարբերության թողտվությամբ են բոլոր սև գործերը հաջողվում, հենց այդ՝ «թող ուրիշները մտածեն, ինձ իմ քթի շուքն էլ հերիք է» ասողներն են բաց ճանապարհ տալիս հանցավորներին:
Այդ անտարբերությունն է նաև պատճառը, որ դեռ այն հեռվում, շատ բաների հետ հանգիստ ընդունեցինք «հնացած են՝ ազգ, Հայրենիք, հայրենասիրություն, մտավորականություն բառերը», «պատմությունը կեղծ կատեգորիա է» և այլ նմանատիպ՝ միջազգային ուղեղարդուկման ինստիտուտների կողմից մեզ հրամցված-պարտադրված և մեր ուղեղներն «արդուկող» շաբլոնները, որոնք հետաքրքիր էին, մոդայիկ, այնքան, որ անգամ մտավորականներից ոմանք համեմունք դարձրեցին դրանք իրենց խոսք ու զրույցներում: Ընդունեցինք, կյանքի ուղեգիր տվեցինք շատ այլ մերժելի միտք-վիրուսների հետ և «վայելեցինք» հետո արդյունքը:
«Մտավորականություն չկա՜»… Այո, իսկական, մեծ մտավորական-անհատներ քչերն են լինում, բայց նրանք՝ օրգանիզմի անդամների պես՝ սովորականների, միջինների հետ միավորված են միայն ամուր: Իսկական մտավորականների ձայնը տեղ հասնելու համար այդ համախումբ-ամբիոնի կարիքը կա: Չէ՞ որ բանակն էլ միայն հերոսներով չի կայանում, կռվում ու հաղթում: Այսօր մտավորականի խոսքին սպասող չկա, որովհետև «մտավորական չկա»-ն արդեն ամուր նստել է ժողովրդի հոգում, և ազգի մտահոգների «Ձայնը չի լսվում, ձեռքը չի հասնում»: Իսկ համառները հաճախ քարկոծվեցին հենց իրենց գործընկերների կողմից, պուճուր, պարզապես մտավորականության հոսանքին պնդաճակատությամբ և ցանկացած միջոց օգտագործելով խառնված ծախվողների կողմից: «Հատուկ ուշադրություն դարձրեք անհնազանդներին, համառներին, որոնք չեն ցանկանում գլուխ խոնարհել մեր գերազանցության առաջ….: Զրկեք նրանց կապերից և կոնտակտներից, ստորացրեք նրանց, մեղադրեք… քարշ տվեք… ոստիկանություն, եթե հնարավոր է` դատարան: Կարևորը մեղադրելն է: Թող նրանք արդարանան: Ով փորձում է արդարանալ, արդեն կիսով չափ մեղավոր է» (Ս. ի. ա.):
Մտավորականության հարցն այդպես՝ թեթև ձեռքով լուծվեց, սկսվեց հաջորդ արարը…
Եթե չկան մտավորականներ (գրող-գիտնական-արվեստագետներ), նրանց սպասարկող շենքերն էլ ո՞ւմ են պետք:
Եվ անցան… շենքերին…
Որքա՜ն ագահ աչքերով նվաստներ սպասում են այդ «յուղոտ» պատառներին՝ իրենց ցածր, անկիրթ գոյությունն այնտեղ տեղավորելու համար, որ բարձր թվան կամ, գոնե, այդպես կարծեն: Սակայն տեղավորվելը «լավագույն» դեպքում է, վատագույնն էլ կա, երբ շենքը տարածքի հետ գրոշներով վերցնողը հետո այն քանդում է՝ իր երազանքի ոսկեբեր բարձրահարկերը կառուցելու և բնակեցնելու համար (արդյոք հայերո՞վ): Այդ ավերը գուցե հենց մտադրված է իրականացվում՝ մեզ պատմությունից, մշակութային գանձերից զրկելու դավադիր մտադրությամբ. չէ՞ որ գործ ունենք ոչ թե սովորական շենքերի, այլ՝ պատմության, թանգարանների, մշակույթի հետ, որոնք ազգի և երկրի լինելիության ամենակարևոր, ամենամեծ հիմնաքարերն են: Այդ կառույցներում մեր մեծերի շունչն է, ոտնահետքե՛րը, որ եթե վերացվեն, կորցնելու ենք մեր ընթացքի ճիշտ ուղղությունը և մոլորված ամբոխ ենք դառնալու:
Այդ նույն բարբարոս ծրագրով մենք կորցրեցինք Երևանի քարաշեն որքան շենք ու շինություններ՝ կորցնելով նաև մայրաքաղաքի իրական դեմքը, հնությունը, պատմությունը, մշակույթը, և չմոռանանք, որ այդ սև գործի մեկնարկն սկսեցին «նախկինները»:
Եվ ահա կանգնած ենք մշակութային օջախների, սրբազան շենքերի կորստյան ասես անկասելի ու խայտառակ գործընթացի առաջ՝ Ակադեմիա, Համալսարաններ, Գրողների, Նկարիչների միությունների կառույցներ, ստեղծագործական տներ (որոնցում և որոնց շնորհիվ մեր մշակույթի, գրականության որքա՜ն գլուխգործոցներ են ստեղծվել), Կոնսերվատորիա և բազում այլ մշակութային բաբախուն կենտրոններ, կանգնած ենք գլխահակի, մեղավորի կարգավիճակով, մեղավորի, քանի որ ազգի հիմքերն ենք ամուր պահել, որ զինվորություն ենք արել անտես, բայց ոչ պակաս կարևոր բարիկադների վրա:
Զարմացողներ այլևս չկան, դրա ժամանակն անցել է՝ առաջին ռեակցիան այդ անհեթեթներից անհեթեթներին, մտքի ծայրում անգամ չտեղավորվելիքներին, արդեն տեղի է տվել լուրջ, սակայն անզոր անհանգստության ու ցավի, որովհետև ամենաթողության, անմտության, աբսուրդի ժամանակներ են (մե՛ր թողտվությամբ):
Իսկ իշխանավորների հրահանգներին հնազանդ դատավորները գործ են գտել՝ հանցա՛նք, հանցագործնե՜ր, որ յուրացումով վայելել են ո՛չ իրենցը, ամո՜թ, զբաղեցրել են բիզնեսի համար որքան հարմար «տարածքներ», հերի՛ք եղավ: Ու գլխներից վեր թափահարում են օրենսդրության այս կամ այն երկարաշունչ, սակայն հիմնականում ամենակարևոր իմաստից պարապ, ծանրությամբ սարսռազդու, սակայն՝ թեթևից թեթև անվանմամբ «կետերը»:
Նապոլեոն Բոնապարտը սահմանադրության դրույթները կազմողին հրահանգել է գրել կարճ և անորոշ: Այսօրվա հրահանգողներն ավելի հեռուն են գնացել ժողովրդին շփոթեցնելու գործում՝ ամեն դրույթ, փաստաթուղթ անգամ գրվում է երկա՜ր և անորոշ, և դրանց հասկանալուն հասնելուց առաջ, նախ բախվում ես այդ երկարությունն անցնելու անհնարինությանը (ուզածդ հատու միտքը կարող է «գլուխը կորցնել» այդ լաբիրինթոսում), և գործը հասկանալուն չի հասնում: Առանց ընթերցման ստորագրվում են փաստաթղթեր (բանկերում, ամենուր), որոնց մեջ հետո հանկարծ պարզվում է, որ առկա են աննկատ, մանրատառ տողեր՝ ականների հանգույն, պատրաստ պայթելու հարմար ժամանակին:
Եվ հետո, որքան էլ երկար խորամտված, «յոթ չափած և մեկ կտրած» լինեն այդ դրույթները, նրանց թեկուզ ահռելի տարածքում չի կարող տեղավորվել ամեն բան, միշտ էլ դուրս կմնան մարդկային կյանքի չնախատեսված նրբություններ՝ մնալով մարդկային մոտեցման հույսին: Որովհետև մարդը միայն ֆիզիոլոգիական, չափվող-կշռվող, աշխարհային գոյություն չէ, հոգևորն ավելի կարևոր մասն է մարդ-արարածի… Այդպես, օրենքների չոր ու ոչ ամեն բանի հարմարվող կաղապարներին որքան մարդկային, կարևոր, բաբախուն հարցեր են բախվում և փշրված ցիրուցան լինում: Կարևորը՝ օրենքը հաղթում է… Հետո ինչ, որ «օրենքն է մարդու համար», ոչ թե՝ հակառակը:
Եվ ահա մտավորականները, որոնցից արքաներն են անգամ զգուշացել և վախեցել, որոնց կարծիքը միշտ էլ ավելի բարձր էր, քան ցանկացած օրենքի կաղապար՝ իր անկենդան կառույցով, այսօր ահա հայտնվել են այդ օրենքի «տառի» երկաթյա կրունկների տակ:
Ոչ միայն մտավորականները, այլև ողջ ազգը, ազգային հարստությունները, ազգի գալիքը, ժողովուրդ ու ազգ մնալու և շարունակվելու մեր հնարավորությունը:
Ու եթե սա էլ հանդուրժենք…
ՕՐԵՆՔԻ «ՏԱՌԻ» ԵՐԿԱԹՅԱ ԿՐՈՒՆԿՆԵՐԸ / ՆԱՆԵ
