Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Վարպետի այս տողով եմ ուզում խոսքս սկսել: Տոհմիկ շիրակցի էր, տեսնում էր հայոց Մայր գետի սահման դարձած մի հատվածը և դրանից սկիզբ առած անանց մորմոքն է, որ այնտեղ ապրելու, անրջելու ու սիրելու հանգրվան է դարձրել իր բանաստեղծությամբ:
Արցախում ապրողներիս համար Արաքսը սահման չէր: Մինչ նրան հասնելը հազար ու մի «սահման» պիտի հատեինք, իսկ գոյապայքարի ժամանակ ափամերձ բնակավայրերում ապրող ազերիները պիտի աքցանի մեջ առնեին մեզ` այդ տարածքը հուժկու կրակակետի վերածելով: Նրանց համար լսելի չէր Գետի կանչը` իրեն հասնելու, փրկվելու և փրկություն դառնալու հույսով:
Կարողացանք պարզերես դուրս գալ պատերազմից, շնորհիվ մեր զինվորի վճռականության ու բազկի ուժի, և Մայր գետի կորսված մասերից ևս մեկը ազատագրեցինք ու վերադարձրինք մեզ: Ու հիմա, Արցախի Քաշաթաղի շրջանը երիզող Արաքսին էլ ականջալուր, պիտի ասենք, որ ափամերձ տարածքներում աննախադեպ գործ է ձեռնարկվում: Այստեղ պետք է լինեն ձիթենու, նարնջի, կիտրոնի և արևադարձային մի շարք այլ կուլտուրաների այգիներ: Տեղի կլիման այդ հնարավորության շռայլությունն ունի, գործի գլուխ կանգնած են Սիրիայից եկած մեր հայրենակիցները, այդ երկրում մոլեգնած պատերազմից փրկված Հովիկ և Վրեժ Ասմարյան եղբայրները՝ իհարկե, Արցախի իշխանությունների գործուն աջակցությամբ:
Ամեն անգամ անդրադառնալով Քաշաթաղի շրջանին՝ բառերը, ակամա, ջերմությամբ են լցվում և իրենց մեջ պահած ներքին պատասխանատվությամբ հուշում` այստեղ ապրող հայի տեսակը մեկն է` հայրենիք պահող ու շենացնող: Ովքեր գեթ մեկ անգամ եղել են Քաշաթաղի շրջանում, գիտեն, որ մեր հայրենիքի այս մի կտորի վրա ապրելը նշանակում է երիցս լինել հաստատակամ, դժվարություններից չերկնչող: Իսկը` Աղասի Այվազյանի բնորոշմամբ` «Հայ հայեր», և նրանց ավելացել են նաև Սիրիայից եկած և լուրջ ծրագրերով արդեն հայտնի դարձած մեր հայրենակիցները: Արաքսի ափին գնել են 800 հեկտար տարածք` այգեգործության նպատակով: Որոշ ծառատեսակներ կաճեցվեն Ասկերանի շրջանի Բերքաձորում, որտեղ այսօր տեղակայված է տնկարանը, իսկ որոշներն էլ կտեղափոխվեն Արաքսի ափ:
– Նախընտրեցինք Ղարաբաղը՝ իր կլիմայական պայմանների և կառավարության աջակցության համար: Սիրիայից մասնագետներ ենք հրավիրել և նրանց խորհրդատվությամբ որոշել ենք նման ծավալով գործ ձեռնարկել: Գլխավոր նպատակը ձիթենու մշակումն է, բայց քանի որ Սիրիայում հիմա ծանր է իրավիճակը, իսկ Հալեպի արվարձաններն են հայտնի որպես ձիթապտղի գլխավոր արտադրողներ, առայժմ անհրաժեշտ քանակությամբ չենք կարողացել դեռևս տնկիներ բերել: Հուսանք, հեռանկարային այս գործը կկարողանանք հաջողությամբ իրականցնել,- ասում է Հովիկ Ասմարյանը:
Ինչպես տեղեկացանք պաշտոնական աղբյուրներից, Արաքսի հովտում 200 հեկտարի վրա արդեն հերկ է կատարվել: ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանի հավաստմամբ` կատարվել է 400 հազար դոլարի ներդրում, և Ասմարյան եղբայրները օգտվելու են այն աջակցությունից, ինչը սահմանված է գյուղոլորտի զարգացմամբ զբաղվողների համար: Ընթացքի մեջ են նաև Արաքսի հովտի մշակովի տարածքների էլեկտրիֆիկացման աշխատանքները:
Որ Արցախում կարող ենք ունենալ նման այգիներ՝ երազանքի պես է հնչում, սակայն այդ երազանքը հեռու չէ «միս ու արյուն» դառնալուց: Թեև տարիներ հետո կլինի առաջին բերքը, և գիտենք, որ «հալվա-հալվա» ասելով բերան չի քաղցրանա, սակայն առաջին հաստատուն քայլերն այս ուղղությամբ քաղցրացրել են ոչ միայն մեր քիմքը, այլև հայացքը: Ուրեմն, մեր փոքրիկ երկրում հնարավոր է նույնիսկ ոչ միայն աննախադեպ, այլև աներևակայելի ծրագրեր իրականացնել: Պայմանները կա՛ն, տեսնե՛լ է պետք, մեր հնարավորությունները լրջորեն պետք է գնահատվեն: Այս անգամ էլ հաստատվում է խոսքի, մտքի իմաստուն զորավորությունը, եթե կարողանաս դրանք քոնը դարձնել, ուրեմն ամեն ինչ կանես գործնականի համար:
Եվ հիմա մտովի գուրգուրում, փայփայում եմ այդ տնկիները, ուզում եմ, որ դրանք արմատ ու սաղարթ ձգեն Արցախում, այն էլ Արաքսի ափին, որի փրկության համար շատ թանկ ենք վճարել: Սակայն ձիթենյաց այգու դեռևս հեռավոր խշշոցը նաև այլ բան է հիշեցնում՝ կրկին մեր անփույթ վերաբերմունքի մասին, որ ունենք մեր անտառների հանդեպ: Նույնիսկ մի փոքրիկ դիտարկումն էլ հաստատում է, որ անօրեն ծառահատումները չեն քչանում: Հետաքրքիր է` որսագողերի նկատմամբ բնապահպան կառույցները առավել հետևողական են ու խիստ, քան անտառահատումների հարցում: Հաճախ կարելի է տեսնել Ստեփանակերտի՝ սնկի պես աճող խորովածանոցների մոտ բեռնաթափվող մեքենաներ, որոնցից մատղաշ ծառերի աղերսանքն է ծորում: Իսկ մի ծառ աճեցնելու համար որքան դժվարություններ պիտի հաղթահարվեն, և Արցախի չքնաղ բնությունը միայն մի բան է խնդրում. որ իր բնականոն զարգացմանը մարդը, որքա՛ն հնարավոր է, քիչ խառնվի, դրան ի պատասխան՝ ինքը կշարունակի ոչ միայն աչք շոյել, այլև ապրեցնել: