Ազգ ու երկիր պահելու համար անպայման է բոլոր թաքուն և անթաքույց վտանգները հեռվից հեռու զգալ, վահանվել դրանց դեմ, իրականության աչքերին ուղիղ նայել՝ հասկանալու համար անելիքը, տեսնելու համար հնարավոր ելքերը, որովհետև պետք եղած ժամանակ թերացել ենք, խնդիրը մինչև վերջ չլուծած՝ «սուրը պատյան դրել», հետաձգել վերջակետ դնելը, և պահ առաջ խաղաղության գրկում հայտնվելու, կյանքեր խնայելու համար՝ մեր գլխին մի փոքր այն կողմ՝ ոչ այնքան հեռու ապագայում, ավելի սև ամպեր կուտակել, ավելի մեծ արյունահեղության ու կռվի, ավելի շատ կորուստների հող պատրաստել: Խնդիրներից, եղած իրավիճակից փախուստը միշտ էլ մարդուն խեղճ զոհի է վերածում և ամենաթույլ թշնամուն էլ ոգի տալիս: Եվ վտանգներն էլ ավելի վտանգավոր են դառնում և ուռճանում ժամը ժամի:
Եվ ահա այսօր, մեր ազգ ու երկրի շարունակության համար պատերազմից ոչ պակաս վտանգներից է օտարների բնավորվելը մեր երկրում: Մենք այդպես ենք շատ անգամ օտարվել մեր հողից, ցավոտ կորուստների տեր դարձել, և արցախյան պատերազմի կարևոր ձեռքբերումներից մեկը հենց այդ «խաղաղ» զավթիչներից երկիրն ազատելն էր:
Բայց այդ օտարները հոգնել չունեն, հուսահատվել չունեն, նրանց համբերությունն անսպառ է, ու ապրում են` իրենց աչքերն այլոց հողերի վրա համառորեն հառած: Նրանք չեն երազում, ցանկանում են, ձգտում, ծրագրում ու քայլ առ քայլ գնում դեպի այն, գումարներ վատնում դրա համար առանց հուսահատվելու, երբ դրանք ժամանակին արդյունք չեն տալիս, դարեր էլ անցնեն, նրանց նպատակը հետքայլ անել չունի: Անգամ մե՛զ աննկատ դաստիարակում են ըստ իրենց կամեցածի, իրենց անուններով կնքում մե՛ր հողը, որ հետո հեշտ լինի հաջորդ քայլն անելը… Իսկ մենք մինչև այժմ չունենք մեր հին ու մշտական թշնամու դեմ մշակած հոգեբանական, ռազմավարական պաշտպանության ծրագիր: Ու Սասնա Դավթի անկոտրում ոգին արդեն քչերիս մեջ է մշտապես արթուն (արցախցուն այդ ոգին էր պահում կառչած մնալու իր բնօրրանին, ու եթե դավը չլիներ…): Հիմա այնքան հեշտ ենք կեռվում այլոց «թրերի» առաջ, իսկ արյունարբուների մտքով ուրիշ էլ ի՞նչ կարող է անցնել՝ ինչո՞ւ չկտրել այսքան հարմար դիրքավորված գլուխը:
Անփույթ պահում ենք Բարձրյալից մեզ տրվածը, կորցնում ու հետո երազների գիրկն ընկնում, պոետական թախծոտ տողեր գրում, հուզվում, կենացների պսակ դարձնում մեր կարոտն ու… երազում, երազում միայն: Չկա ոչ մի եզրահանգում արդեն ապրածի:
Մինչդեռ վաղուց փորձություններից պետք է ոսկե կանոններ ձևավորած լինեինք մեր ազգի համար: Օրինակ այս մեկը. «Մեր մեջ տնավորված ամեն օտար վաղվա թշնամին է»,- քանի դեռ փոքրաթիվ ենք մեր հողում (այսբերգի պես՝ մեծամասնությամբ երկրից դուրս, անտես հեռուներում ենք), քանի դեռ բավականաչափ ամուր չենք, որ օտարին որպես հյուր ընդունենք ու ճանապարհենք, և քանի դեռ մեր երկիր սողոսկած ամեն օտար գալիս է ոչ որպես հյուր, այլ` մեր տանը տիրանալու համառ ծրագրով: Բայց ահա դռները բացել ու «էստի համեցեք» ենք կանչում: Երբ հենց այս պահին այդ դառը սխալի պտուղներն են ծանրացել մեր բախտի ծառին. ու արդեն թշնամին (օ, կներեք, «բարեկա՜մը») անկլավներից է խոսում, անկլավներ է պահանջում, հո իզուր չէի՞ն հատուկ ծրագրով 10 և ավելի լամուկներ աշխարհ բերում մեր հենց շնչի տակ: Եվ ազերին նորից մեր տան հեռու-մոտիկ անկյունները խցկվելու ախորժակ է բացել (իրականում՝ երբեք էլ չփակված):
Ապշել կարելի է, թե երկրի պատասխանատուները (բնակչության թվին ոչ համապատասխան իրենց մեծաքանակությամբ) ինչպես են, իբրև թե, քննարկում, տալիս-առնում, և արդյունքում միշտ ստանում ենք մեր վիճակն ավելի բարդացնող ևս մեկ վճիռ-որոշում… Ու կրկին եզրահանգումներ չենք անում, զարմանում ենք, սկսում դժգոհել, բողոքել, հիասթափվել ինքներս մեզնից, անզորությունից միմյանց դեմ չարանալ, հանցավորներին թողած՝ ազգի սխալ կողմնորոշվածներին թշնամի ու դավաճան կոչել, որոնք մյուսներից ոչ պակաս են հայրենապաշտ և ոչ պակաս են երկրի ու ազգի համար լավագույնը ցանկանում: Պարզապես, քչերն ունեն պահի իրավիճակը վերլուծելու կարողությունը:
Քչերն ունեն նաև ազգի համար պատասխանատվություն կրելու կարողությունն ու առաքելությունը: Եվ, ցավոք, երկրին ու ժողովրդին առաջնորդողներն ու վճիռներ կայացնողները այդ քչերից չեն ձևավորվում հաճախ, մե՛նք չենք ձևավորում՝ երբեք չխորհած երկրի ղեկավարի ճի՛շտ կերպարի մասին, առաջնորդվելով միայն վատից փախչելու մղումով, բայց դեպի ո՞ւր… Երբ այսօր արդեն դրսից հատուկ պատրաստված «լիդերներ» են հարմար պահի հրամցվում անմիտ ու անծրագիր ժողովուրդներին: Իսկ մենք միայն շարունակում ենք բողոքել, քրթմնջալ, ցինիկորեն մեր դեմքին շպրտված հերթական ապտակն անգամ չի սթափեցնում, լոկ առիթ է դարձյալ զարմանալու, քրթմնջալու, անհուսությունից հաշտվելու անհաշտելիի հետ անգամ: Ինչ-որ մեկը մի օր տարիներով մշակված, չափուձևած «քայլ» արեց, ու մեր դեմ փակվեցին բոլոր ճանապարհները:
Բայց հերիք չէ՞ արդեն փակ դռների առաջ անզոր կանգնել, Մհերի դուռը քի՞չ էր մեզ: Բողոքելու տեղ լուծումներ է պետք գտնել, շարժում է պետք, ընդվզում: Հողը՝ մի կողմից, ազգային սրբությունները՝ մյուս, օր օրի կորուստ ենք տալիս:
Հոգուս մեղք չբարդեմ, ընդվզողներ կան, զանգեր հնչեցնողներ էլ, բայց… մենք անհատներից, ավելի ճիշտ՝ առանձնացյալներից այդպես էլ համախումբ չդարձանք, դրա նպատակը չունեինք, ամեն մեկիս մեր օրվա հացն ու տան ապահով գիրկը եղավ ամենաբարձր ձգտումը, «Որտեղ հաց՝ այնտեղ կացը» (այսօրից այն կողմ ով հնչեցնի, դավաճան է) ճակատագիր որպես կնքեցինք մեր բախտին ու ցրվեցինք: Հիմա էլ շատերը երկիրը պահելու տեղ իրենց ապահով մի ափ գտնելու հոգսով են քնում ու արթնանում: Զանգեր հնչեցնողներ կա՛ն, բայց, ինչպես «Անիում գրեթե ամեն հայ ի՛ր եկեղեցին ուներ», այնպես էլ ամեն հայ ի՛ր զանգն է հնչեցնում, որ մի թույլ հնչյուն որպես` մարում է անլսելի ու անպատասխան: Ու մի ողջ ազգի տագնապը այդպես էլ հզոր ահազանգ չի դառնում՝ այստեղից մինչև համասփյուռ հայություն:
Բռունցքվել ենք ուզում, փորձում ենք, զարմանում, որ չի ստացվում: Որովհետև անգամ այդ բռունցքի ինչ լինելը չգիտենք: Հիշեցնեմ՝ բռունցքը, հարգելիներս, ձեռքի մատների միահյուսումն է, մատների, որոնք կարողանում են անհրաժեշտ պահի իրարու գալ ու բռունցք դառնալ, որովհետև հիմքում միասին են, մեկ ընտանիքի անդամներ: Ու քանի մենք առանձնացյալների այս վիճակից մեկ ամբողջություն չենք դարձել, քանի դեռ չենք ապրում «Հայությունը մեկ ընտանիք» սկզբունքով, քանի դեռ օտարամոլ ենք և օտարին ավելի ենք երբեմն խոնարհումով ընդունում, քան մեր ազգակցին, քանի դեռ հայը հային չսովորեց սիրել ու օգնել հանուն ազգային մեծ նպատակի` անկախ իր ներքին համակրանք-հակակրանքից, քանի դեռ չսովորեցինք իրարից զատել հանցագործին ու արդարին (այո,՛ հենց սևը սպիտակից) ու պատժել ամեն մի հանցանք հատկապես ազգի դեմ, քանի դեռ չենք ամբողջացրել ու ամրացրել հայության թուլացած ու մասնատված արմատը, բռունցք կարող ենք դառնալ միայն բնազդի հրամայականով՝ անթաքույց օրհասի շնչի տակ, երբ արդեն հաճախ ուշ է լինում:
Մինչդեռ որքան հարցեր կան լուծելու… Մերը միայն այսօրվա վտանգները չեն, մենք դեռ Արցախ, Նախիջևան, Արևմտյան Հայաստան (….) ունենք մեզ սպասող: Մեր գործերը, որքան թերացանք, այնքան կուտակվեցին ու շատացան: Այսօր ամեն պահը ոսկու արժեք ունի, ու եթե վարանենք… երկրի քաղաքացի դարձնելով ու փոքրամասնության անվան տակ շահել-պահելով ոչ միայն պարզապես օտարին, այլ հենց մեր թշնամուն՝ թուրքին ու ազերուն` անգամ առանց պատերազմի, կարճ ժամանակ անց մենք ենք հանկարծ մեզ գտնելու` մեր հողում փոքրամասնություն դարձած:
Այսօր ամեն պահն է կարևոր մեր լինելիության համար, որովհետև մեր դեմ գործում են ուժեր հենց մեր ներսից, մեր ինքնության, ազգայինի դեմ ամեն մի որոշում մի ողջ բանակ է, որ հանգիստ հաղթում է ու առաջ շարժվում: Իսկ մենք դեռ ֆեյսբուքյան քրթմնջոցներով, ընդամենը եղածի վերլուծություններով ենք բավարարվում՝ լավ հասկանալով, որ այդ «բանակների» դեմ ոչինչ է արվածը: Այդպես հեշտ պարտվողը կյանքի իրավունք չի կարող ունենալ:
Իսկ մենք պարտավո՛ր ենք ապրել, հաղթել, մեր կարոտ դարձած հողերը միավորել կրկին ու այս անգամ կուռ պարսպել մեր ունեցածը բոլոր տեսանելի թե անտես վտանգների դեմ՝ Աստծուն, մեր ազգի ոգուն, առաքելությանն ու հրաշքներին ապավինած, որոնց շնորհիվ և կանք մինչ այժմ:
Եվ… միահյուս լինենք՝ մատների պես բռունքվելու պատրաստ, միաձույլ մե՛կ զանգ հնչեցնենք այնքան բարձր, որ ամեն հայ ոգի առած շտապի Հայրենյաց կանչին: