Պատերազմը կառչել է մեր սահմաններին ու չի հեռանում: Թշնամին պարբերաբար կյանքեր է խլում սահմանի վրա: Մի քանի օր առաջ հակամարտության զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ դիպուկահարի գնդակից զոհվեց ևս մեկ զինվոր: Մեկ ծուխ ևս մարեց հայոց աշխարհում: Եվ սա, Աստված գիտե, թե 1994 թ. կնքված զինադադարից հետո որերորդ կորուստն է «խաղաղության» պայմաններում: Այսօր էլ, մեր աչքի առաջ, սահմանամերձ գյուղերը՝ Վազաշենը, Չինարին, Մովսեսն ու Ոսկեպարը զրկված են բերքատու հողերը մշակելու հնարավորությունից, որովհետև որքան էլ սահմանները հսկող մեր զինվորները զգաստ ու աչալուրջ են, չեն կարող գուշակել, թե սահմանից այն կողմ կանգնած բորենին որ պահին է որսի դուրս գալու: Ամենացավալին այն է, որ ազերիները հաճախ վայրաբարո կրակ են բաց անում մանկապարտեզների ու դպրոցների վրա: Սա իրական պատերազմ է, որը կրող երկրի տերը մենք ենք: Պատերազմող երկրները միշտ էլ այլ օրենքներով են ապրել՝ խստաբարո են նրանք, կարգ ու կանոնի, չափավորության ու բարոյական բարձր արժեքների տեր (գուցե սա իմ երազանքն է), պատերազմող երկրի զավակները վերնիսաժում և այլուր իրար վրա գնդակ չեն արձակում, չեն հղփանում թանկարժեք մեքենաների փողոցային մրցավազքերի մեջ, քաղաքը երիզող կանաչ բլուրները չեն հարթեցնում ֆանտաստիկ արժողությամբ ամայի դղյակներ կանգնեցնելու համար… Պատերազմը չոքած է մեր դռանը, և ինչպես Պարույր Սևակն էր ասում՝ իսկ մենք կարծես «անջատված ենք» մեզ իշխող ժամանակից: Պատերազմող երկրի բարոյազուրկ արժեքները համառ ու անտեսանելի, անտարբեր անջատվածությամբ տնից տուն են անցնում ու գյուղից գյուղ ամայության մատնում մշակի ձեռքի կարոտ հողը, ներթափանցում հազար ու մի վայրիվերումների դիմագրավող մեր տարողունակ հոգիները, որն այսօր մեկ հոմանիշով կարելի է կոչել նաև` արտագաղթ… Մենք հաստատ չենք ուզում, որ մեր սքանչելի հայրենիքը ամայության մեջ ցամաքի, հայոց գենը թափառի աշխարհով մեկ, հայոց բանակում պակասի հայ զինվորը, հայուհու կողքին` իր տեսակին վայել զույգը, իր հողի վրա երջանիկ ապրող հայը… Եթե չենք ուզում, ինչո՞ւ է շարունակվում խորանալ այս վիհը: Հայրենիքի ոգին այսօր հայրենասիրության սթափ պահանջարկ ունի: Վերջերս ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր գիտագործնական կոնֆերանս, որին մասնակցում էին բանակի հրամանատարներ, կրտսեր զինվորականներ, հ/կ-ների պատասխանատու անձինք, ազգա- յին գաղափարական դաստիարակության ջատագով անհատներ: Կոնֆերանսը խորքում ուներ բացահայտ մտահոգություն հասարակության մեջ թափանցող խորթ երևույթների դեմն առնելու, այդ շորշոփը հայոց ազգային բանակ չմուտքագրելու, երիտասարդության սիրտն ու հոգին չարատավորելու, նրանց հայրենիքի պաշտպան ու տղամարդ դաստիարակելու կարևորագույն խնդիր: Այն կազմակերպել ու ղեկավարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ո՞րն էր այս կարևոր նախաձեռնության տագնապի ահազանգը: Նշանակո՞ւմ է, որ հասարակության դեգրադացիայի պայմաններում նույնիսկ պաշտպանության համակարգ են ներթափանցել ազգային ավանդական մտածելակերպից օտարված երիտասարդներ: Ինչ կա՞ որ, եթե բարոյական արժեքների դեֆիցիտի պայմաններում օրեցօր մեր երկրի ներսում ձևավորվում է անտարբեր հասարակության մի կայուն շերտ, որի համար միևնույն է՝ երեկ չէ առաջին օրը ում ծուխը մարեց, որ տաղանդավոր մտավորականը արտագաղթելով դարձավ եվրոպական որևէ երկրի միջազգային աստղ, ուսման վարձը տքնությամբ վաստակող որ օրիորդը զորագրվեց «գիշերային թիթեռնիկների» բանակին, թե որ տան հասցեում՝ օտար երկրում ապրող զավակների կարոտից, իր մահկանացուն կնքած միայնակ մոր դին միայն ԱԻՆ-ի աշխատակիցների շնորհիվ է դուրս բերվում փակ դռների ետևից… Սրանք երեկ, մյուս օրը թշնամու գնդակից զոհված զինվորի աղերսները չեն եղել, և ոչ էլ սգի մեջ մոլորված ու աղքատության պատերազմի հետ կռիվ տվող նրա ծնողների սեփական երկրի տեսլականը: Անշուշտ, պատահական չէ, որ Հայաստանում 70-ից ավելի հակաազգային, մեր ավանդույթներից հեռու, օտարածին կազմակերպություններ են թափանցել, այդ թվում` չափազանց վտանգավոր, մարդկային բանականությունը ինքն իրենից օտարող նեմոններ ու գոթեր, սատանիստական անմարդկային ծեսեր իրականացնողներ, զանազան աղանդներ, որոնք ոչ միայն սողոսկում են սոցիալական անապահով խմբեր, այլև սկսել են ներթափանցել առավել բարեկեցիկ ընտանիքներ՝ քսակները լցնելու նպատակով: Այո՛, հայոց բանակը մեր պաշտպանության սիրտն է, և յուրաքանչյուր ահազանգ, կապված բանակի հետ, կարող է ցնցում առաջացնել նրանով մտահոգ ու նրան հզոր տեսնող հասարակության լայն խավերի մեջ: Սա նշանակում է արդեն, որ ազգովի մտահոգվելու խնդիր ունենք: Այստեղ է, որ պիտի հարցնեմ. ինչո՞ւ է պակասել հայ մտավորականության ակտիվությունը՝ ո՞ւր է նրանց ազգային գաղափարախոսության մարտավարությունը: Անկեղծ ասած, այս անգամ մեր լռությունը ոսկի չէ, որովհետև չափահաս և անչափահաս մեր հայրենակիցների հաճախակի դարձած ինքնասպանություններն արդեն սովորական են հնչում մեր ականջին, էլ չեմ խոսում նաև հոգեկան շեղում ունեցողների մասին: Սոցիալապես անապահով խավը միայն օրվա հացի մասին է մտածում, իսկ ապահով խավը՝ միայն փողի, որով երդվում է, որի առաջ խնկարկում, որով վաճառում է կամ վաճառվում, որի միջոցով կյանք է գնում կամ կործանում… Շեքսպիրն ասում է. «Ճշմարտությունը նման է խեցու մեջ թաքնված մարգարիտի, մինչև չես բաց անում, չես գտնում»: Շատ տրամաբանական է: Իսկ մենք ե՞րբ ենք բաց անելու մեր հոգու խեցին, իսկ հետո` Արևելքից ու Արևմուտքից ներհոսող և մեր ազնիվ գենի դեմ պայքարող հայակուլ մանրէների խեցիները: Բանակում սպանված զինվորի մարմնի վրա սուր, կտրող, ծակող գործիքի հետքեր են եղել… Ովքե՞ր են այդ հայ սաֆարովները, նրանք ո՛չ բանակին են պետք, ո՛չ հասարակությանը և ո՛չ էլ իրենց, այդպիսիները հարվածում են հայրենիքի ուժին, տատանում իրենց կողքին համառորեն դիմագրավող զինվորների կամքը, հայրենիքի պաշտպանվածությունը: Նրանք արժանի են խստորեն դատապարտվելու: Այո՛, Շեքսպիրը ճիշտ է ասել, անշուշտ, չբացահայտված հանցագործի ներքին ինքնավստահությունը միշտ էլ պատրաստ է ծնելու նոր հանցագործություններ… Հասարակությունն ու նրա բարոյականության պատասխանատուները ոչ թե չարի ակունքը վերացնելու, այլ չարի դեմ սպիտակ դրոշ են պարզել: Կարծում եմ, ազգովի ապաշխարելու խնդիր ունենք և մեր ավանդույթներին վերադառնալու հրամայական՝ ոչ իրար ոչնչացնելու մոլուցքով: Ցավ ի սիրտ, համազգային ափսոսանքի խոր պակաս է: Մի՞թե դժվար է հին ավանդույթների տեր ժողովրդի մեջ վերականգնել բարոյականության այբուբենը: Ասենք՝ հարգանք արժանիների հիշատակին, նախկին ու ներկա հայրենիք պահողների, այն ծերերի նկատմամբ, որոնց կառուցած տանն ես ապրում, այն բազմազավակ ընտանիքի նկատմամբ, որ մեծ դժվարությամբ 7 կամ 10 երեխա է պահում՝ քո մեկ-երկուսի փոխարեն: Հարգանք՝ սեփական երկրում ապրող ժողովրդի նկատմամբ, որ իր երազելի հայրենիքը չլքի: Չեմ կարծում, թե օտար երկրի կառավարիչները ակնածանք կարող են ունենալ այն երկրի ղեկավարի նկատմամբ, որի բնակիչները օրվա հացի համար լցվում են իրենց երկրները: Անշուշտ, նրանց կեղծավոր ժպիտների տակ թաքնված է ազգիդ զգալի հատվածը պատանդ պահելու և ցանկացած պահի նրանով մեր պետության իրավունքները սահմանափակելու և սանձահարելու ակնհայտ հնարավորությունը: Նայելով օրեցօր մեր գյուղերի նոսրացող բնակչությանը՝ մտածում ես` հայրենասիրությունը հաց չէ, որ գնես… Հայրենասիրությունը մեր հոգու աղն է, այնպես պետք է անենք, որ այն աղի նման չպակասի մեր հոգիներից: Ուզում եմ հարցնել՝ բանակում ինչպիսի՞ զինվոր է լինելու երեք ընտանիք ունեցող գյուղի երիտասարդը, գուցե վճռական հայի՞, վերջին մենակի՞: Տա Աստված: Ինչպես յուրաքանչյուր ընտանիք ամուր է իր ընտանեկան համակարգով, այդպես էլ երկիրը մեծ ընտանիքի նման իր հարկի տակ ապրող ժողովրդի համար պետք է զարգացնի ազգ պահելու մշակույթը: Ասում են` որտեղ բանականությունն է, այնտեղ Աստված է գործում, իսկ մենք, քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ լինելով, արդյո՞ք Աստծու համար բաց դուռ ենք եղել: Հասարակության անկայունութունն ավելի վտանգավոր է, քան արտաքին մեր թշնամին: Տեսեք ինչ է կատարվում Կիևյան Ռուսիայում. մասնատում, ավերածություններ ու մահ… Եթե Յանուկովիչը ոսկյա բռնակ-զուգարանակոնքի փոխարեն ժողովրդի մասին մտածեր, երկիրը չէր կորցնի և ապագայում էլ գուցե հուշարձանը կանգնեցնեին: Թե ուր է հասցնում մարդկային ընչաքաղցությունը, վկայում են նրանց երկրում իրականացվող ավերածությունները, իսկ մեր երկրում՝ սոսկալի արտագաղթը: Այսօր, երբ Հայաստանի սահմանների վրա անընդհատ կրակոցներ են և Ջեյմս Ուորլիքներն էլ առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ տարածքներ պետք է հանձնվեն, այն էլ Լաչինով, հայրենիքի պաշտպանության անհրաժեշտությունն է՛լ ավելի ընդգծուն է դառնում, սակայն ո՞ւր են տղաները… Նրանց մեծ մասն արդեն, անտարբերության վիրուսի առկայության արդյունքում, օտար երկրի քաղաքացիություն է ձեռք բերել, մեծահարուստների զավակները դեռ չծնված՝ տաղանդներ են, բանակից ազատվելու հեշտ ձև են գտել՝ արտերկրի բուհերում գիտական կոչումներ վաստակելու նպատակով գնում ու չեն վերադառնում, մյուս մասը թշնամու վրա չկրակող աղանդավոր է, շատերն էլ՝ զանազան ճանապարհներով ճողոպրում են հայրենիքի պաշտպանության համար պարտադիր ծառայությունից… Անկախ այս ամենից, մեր բանակն, այո՛, հզոր է, և գործի բերումով բանակային զորամասեր այցելության ժամանակ ես հպարտություն ապրեցի շատ ազնիվ հրամանատարների պատրաստվածությամբ, հայ զինվորի արիությամբ, նրանց կամքի ուժի ու համարձակության դրսևորումներից: Աստված է՛լ ավելի ուժ ու կարողություն տա հայոց բանակի մարտունակությանը, թող Սասնա Դավթի Խաչ պատերազմինը իջնի նրանց թևերին: Մեկ անգամ չէ, որ ասում եմ՝ մի ձեռքը ծափ չի տա, և ազգովի մեր մեջ նստած խեցին բաց անելու համարձակություն պետք է ունենանք: Հայրենասիրության պակասի, հայրենիքը լքողների հոծ բազմության, մեր օրերի իրար հանդեպ ունեցած ատելության մթնոլորտի բանալին մեզանից յուրաքանչյուրի ձեռքերում է, մեր կամեցողության դաշտում: Անգլիայի լորդերի պալատի խոսնակ Քերոլայն Քոքսը, օրինակ, Հայաստան գալուց միշտ ընտրում է ամենաէժան հյուրանոցը, պատճառաբանելով, որ այդ փողերը իր երկրի փողերն են, և ինքը պարտավոր է խնայել: Հայրենիքն սկսվում է նման կարևոր մանրուքներից, որը բոլորովին էլ մեր իմացած մանրուքը չէ, հայրենիքն սկսվում է փողոցի կտրված ծառից և ավարտվում սահմանները վերահսկող 19-ամյա երիտասարդի դիմադրության ուժով: Դաժան կորուստներով լի Արցախյան պատերազմում մեր ժողովուրդը ո՛չ պատերազմի դաշտում, ո՛չ էլ թիկունքում չնահանջեց: Հայրենասիրությունը որտե՞ղ և ի՞նչ ճանապարհով նահանջ ապրեց, ինչո՞ւ հանկարծ օտարացան պատերազմի դաշտում մի կտոր հացն իրար մեջ բաժանող նախկին զինվորն ու հրամանատարը, պատերազմի դադարից 20 տարի անց հայրենիքի համար արյուն տվող զինվորը ինչո՞ւ է նստացույց ու հանրահավաք անում, նրանց լռեցնելը դեռևս հարցի լուծում չէ… Հավասար պայքարի մեջ անհավասար սոցիալական իրավիճակը, «Մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի»՝ Ֆրիկի ճշմարտությունը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել հացադուլավորի` զինծառայության մեկնող որդու վրա… Սրանք խնդիրներ են, որոնց պատճառով շերտավորվում են ինչպես հասարակությունը, այնպես էլ նրա զավակները: Հայ հասարակության բաց թողած պատուհանից, պարզ չէ՞, ներս կսողոսկեն աղանդներ, սեռամոլագարներ, թմրադեղեր ներկրողների անողոք բանակը, թրաֆիքինգի մագնատները և էլի շատ ու շատ բաներ: Ազնիվ ու մաքուր մեր սերունդը արագ որս է դառնում նաև այս գիշատիչներին. իրենց չիմացության, սոցիալական անապահով վիճակի, մանկապարտեզից մինչև դպրոց ու բուհ անցնելիք ճանապարհի բազմաթիվ բացթողումների, ծնողների անփութության, հսկող աչքի անտարբերության և, ամենակարևորը, ոգու թուլության պատճառով: Թե ինչ ծրագրեր ունեն Արևելքն ու Արևմուտքը, դա մեր ներքին խնդիրը չէ, արտաքինը՝ այո՛: Նրանք ամեն ինչ անում են իրենց պետական շահերի համար, մեր շահը պետք է լինի պարտադիր ազգային պետական ծրագրի իրականացումը հանուն այն երկրի, որի սրբազօծված Արարատը դեռ գերության մեջ է, իսկ հայրենիքի սահմանները պահող զավակները` դիպուկահարի սրատես աչքի առաջ: Մեր դժվար հաղթանակի բարոյական արժեքները կորցնելուց՝ մենք միայն վտանգում ենք մեր երկրի վաղվա օրը, երիտասարդ սերունդին հայրենի հողի վրա պահելու երաշխիքը: Ամերիկաբնակ դարձած բան. գիտ. դոկտոր, արձակագիր ու հոգեբան Վարդգես Դավթյանն իր հուշերում գրում է. «Հոլիվուդյան հայկական գերեզմանոցի հարյուր հայ ննջեցյալների կեսից ավելին 40-60 տարեկան տղամարդիկ են: Ծաղկուն շրջանում հեռացած կյանքից»: Նրանց մեծ մասը սոցիալական գոյամարտի նահատակներ են: Այո՛, հայրենիքից դուրս էլ շատ մեծ է գոյապայքարի մեր զոհերի թիվը:
Մի՞թե քիչ են եղել մեր կորուստները… Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ 1915 թ. հայ կամավորականները ոսկով հայ էին գնում, որպեսզի հայրենի հողը չհայաթափվեր, որպեսզի այդ հողի մեջ ծնվեին իր հայրենիքի պաշտպանները: Համաշխարհային բարոյալքվածության ներկա պայմաններում, լավ իմանալով մեր ազգի գլխին իջած «դամոկլյան սրի» պատմությունը և դուրս գալով անտարբերության ամուր խեցու մեջ անիմաստ պատսպարվելուց, մենք պետք է գիտակցորեն հաղթահարենք բարոյականության ներկա սովը, որպեսզի մեր զավակները չկորցնեն հայրենիք պահելու Տարոնական երդումը:
Մեր ազգային կամեցողության դաշտը նոր պեղումների աղերսներ ունի՝ հանուն մեր սրբազան հայրենիքի:
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻ ԴԵՊՔՈՒՄ… / Ռուզան Ասատրյան
