Վերջին հրապարակումները Չարենցի երկերի նոր ժողովածուների վերաբերյալ («Գրական թերթի» հոդվածները, Սեյրան Գրիգորյանի «Չարենցի բնագիրը» գիրքը և այլն) շատ տխուր մտքեր են ծնում Չարենցի ժառանգության հանդեպ մեր վերաբերմունքի մասին: Հայտնի է, որ շատ բան դեռևս անտիպ է, չարենցյան շատ թղթեր գտնվում են մասնավոր անձանց ձեռքերում, և երբ այդ բոլորը կհավաքվի մի տեղ (անշուշտ, լավագույն տեղը այսօր Չարենցի անվան թանգարանն է)՝ անհայտ է:
Բայց շատ բան արդեն տպագրվում է, ամեն մեկը, ում ձեռքին նյութեր կան, տպագրում է այնպես, ինչպես ուզում է և, ամենակարևորը, ինչպես կարող է: Ո՞րն է սրա հետևանքը: Ում հետաքրքրում է այս հարցը, խորհուրդ եմ տալիս նորից թերթել Սեյրան Գրիգորյանի հիշված գիրքը: Այն, որ այստեղ բացահայտվում են վերջին տարիների հրապարակումների աղետալի սխալները, հայտնի է: Բայց հիմա ինձ ուրիշ բան է տագնապեցնում: Այդ սխալները տարածվում են, հրապարակվում այլ ժողովածուների էջերում, քաղաքացիություն ձեռք բերում: Գրիգորյանի գրքում այդպիսի բազմաթիվ փաստեր կան:
Մեր օրերում որևէ չարենցասերի կամ չարենցագետի ձեռք չես կարող բռնել: Բավականաչափ համառ և ձեռներեց մեկը կարող է հովանավոր էլ գտնել, հրատարակիչ էլ գտնել և իր ձեռքի տակ եղած անտիպ կամ քիչ հայտնի նյութերը տպագրել: Իսկ դա շատ գայթակղիչ զբաղմունք է: Ի վերջո, մարդու անունը կապվում է Չարենցի անվան հետ: Եվ այդ մարդու համար այլևս կարևոր չէ՝ ինքը ճի՞շտ է կարդացել-վերծանել Չարենցի ձեռագրերը, տեղյա՞կ է իրենից առաջ կատարվածին և այլն, և այլն:
Ընդունված է ասել, որ մեծ բանաստեղծների ժառանգությունը ողջ ժողովրդի սեփականությունն է: Չարենցի դեպքում մանավանդ այս ճշմարտությունը ակնհայտ է: Բայց եթե սա ճիշտ է, ուրեմն ժողովուրդը, նրա պետությունը պետք է տեր կանգնեն այդ ժառանգությանը: Բոլոր ցածրորակ, աղավաղող հրատարակություններին պետք է հակադրվեն գիտականորեն ճշգրիտ, համապատասխան գիտական մարմնի կողմից վավերացված տեքստերը: Բայց այդպիսի մարմին չունենք:
Առաջարկում եմ ստեղծել, մեծ ուշացումով, չարենցյան հանձնաժողով, որը պետք է օժտված լինի Չարենցի ստեղծագործության հավաքման և գիտական հրատարակության լիազորություններով և պետք է վայելի պետական աջակցություն: Ավելորդ է ասել, որ դրա կազմում պետք է ընդգրկված լինեն միայն ձեռնահաս և պատասխանատու մարդիկ: Այդ հանձնաժողովը պետք է գործի գոնե այնքան ժամանակ, քանի դեռ Չարենցի երկերի գիտական ամբողջական, այսինքն՝ ակադեմիական նոր հրատարակությունը չի իրականացվել:
Հանձնաժողովը կարող է աշխատել մշակույթի, կրթության և գիտության նախարարություններին կամ ԳԱ ակադեմիային կից: Կարող է գործել նաև կառավարության անմիջական հսկողության տակ: Ակադեմիական հրատարակությունը պետք է լինի նրա վերջնական նպատակը, բայց մինչ այդ հանձնաժողովը պետք է կազմակերպի Չարենցի բոլոր նորահայտ երկերի (և փաստաթղթերի) հավաքումն ու գիտական հրատարակությունները: Այդ դեպքում ձեռներեց մարդիկ այլևս չեն կարողանա ազատորեն ու անպատասխանատու կերպով օգտագործել չարենցյան ժառանգությունը: Բոլոր հրատարակիչները ստիպված կլինեն հաշվի նստել այդ գիտական հրատարակությունների հետ:
Այսպիսի հանձնաժողովի ստեղծումն ու գործունեությունը որոշակի ֆինանսական հատկացումներ կպահանջի (չեմ կարծում՝ շատ մեծ), բայց դա չպետք է խանգարի գործին: Նույնիսկ այս դժվար ժամանակներում Չարենցի ստեղծագործության հավաքումն ու հրատարակությունը պետք է լինի ժողովրդի և պետության հոգածության առարկան:
Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ