«Երկի՜ր իմ, այս մարտն էլ որպես ամիս անցիր…»
Համաճարակը պատերազմի ագռավն էր. անցյալ մարտի հետ ներխուժեց մեր երկիր ու մնաց։ Չղջիկ էր, թերևս ագռա՛վ էլ չէր։ Արտաքուստ կրծողներին ցեղակից՝ արյունածուծ մի գիշատիչ, որ գիշերային թռչնակերպ որպես՝ երբևէ չի խորհրդանշել թռիչքի վեհությունը։ Սա անգամ հանիրավի վարկաբեկված ագռավի կերպարին չի ձգում. ագռավը գոնե տապանից էր, հետո՜ ինչ, որ՝ սև ու իր հանդեպ վստահությունը չարդարացրած։ Իսկ սրա ժահրոտ մռութից արյան հոտ է բուրում, և ժողովրդական առասպելաբանության մեջ, ինչպես որ արվեստում՝ վամպիրների ու մահվան խորհրդանիշն է, վայ թե, հե՛նց քարանձավից։
Դեռ երեխա, յոթ-ութ տարեկան էի, սնահավատությանը կամ առասպելին դեռ չէի առերեսվել, ամառային մի տաք երեկո, երբ բոլորս բակում էինք, անսովոր մի բան կատարվեց։ Խուլ փռփռոցով օդում, սրընթաց, գիշերային մի արարած հայտնվեց, պտտվեց գլխներիս վերևով, շրջանցեց խաղողաթարմերն, ու չհասցրինք տեսնել՝ ո՛նց, բակի բաց դռներից մեկով մեր հարևանի տուն մտավ։ Կանայք աղմկեցին, տարեցներն անհանգստացան։ Մեկ շաբաթ չանցած՝ այդ տանը բնակվող մեր առույգ հարևանուհին հանկարծահաս մահացավ…
Երբ թագավարակի «չղջիկը» Չինական պատը նոր էր անցել, այս պատմությունը իսկույն հիշեցի։ Սարսռացի։ Եվ քանի որ ողնաշարով զգացի, որ տագնապին տագնապ հավելելով ընդամենը շղթայական ռեակցիան կուժեղացնեմ՝ միայն աղոթքով ու օրհնաբանությամբ ջանացի դրական էներգիայով ճեղքել բացասական դաշտի կուտակումը՝ քայքայիչ ու ավերող, որն այդ օրերին դեռ նոր-նոր սաղմնավորվում էր ու գնալով՝ թանձրացավ։ Անեծքի, զազրախոսության ու թունդ հայհոյանքի՝ սովորական ու վարակիչ դարձած ալիքն արագորեն այլանդակության էր հասնում՝ իր մեջ առնելով անգամ թվացյալ բարեկիրթներին…
Մեր կենցաղում անմիջապես մոռացվող իրողություններ կան, որոնց նույնիսկ ներկա ժամանակով հաճախ ուշադրության չենք արժանացնում, ո՜ւր մնաց հետո հիշենք, բայց դրանք այնքան էլ անմեղ բաներ չեն։ Այս համատեքստում ես, բոլորովին էլ ո՛չ պատահական, մի պահ պիտի շեղվեմ՝ պատերազմի ու դրան նախորդող համավարակի ժամանակներից մի քանի քայլ ետ ու դրանից էլ ավելի վաղ՝ մեր երկրում սովորական համարված մեկ-երկու անկարևոր կարևորությունների մասին խոսելու։
Անկախության տարիների մեր իրական ցնծության ալիքի վրա, երբ նպատակն ու ազգային իղձը վերջապես ողջագուրվում էին, նույնիսկ 88-ի երկրաշարժի ցավից դեռ տնքացող երկրում, ուր ամեն մեկս մեր փայփայած հույսն ու հավատը՝ հնարավոր ու անհնարին բոլոր ջանքերի հետ, ի սպաս դրեցինք Արցախյան առաջին պատերազմի ավերներն ու դառնությունը հաղթահարելու, չգիտես՝ ոնց, մեր անկախացման առաջին տեսանելի «նվաճումները», արդյունաբերության կազմալուծմանը զուգահեռ, եղան արդեն գրանցված խաղատներն ու պոռնկատները, և դրանց սպասարկող բանկային ու վարկային, հետագայում՝ նաև վաշխառուական, մի շարք կառույցներ: Մեր ժողովրդի ստեղծած նյութական բարիքների՝ տարիներով ներդրած ավանդների զրոյացման հետ մեկտեղ, արագորեն հալվում էր նաև հանրային տնտեսությունը, որը մի ժամանակ արդյունաբերության և գիտության հիմքով ստեղծարար ներուժ ուներ՝ այլևս արտագաղթով կամ տեղում մեծապես կասեցված…
Մեր դռներն արդեն թակել էր կարիքն, ու աննախադեպ չափերով արթնացել էր վաճառականության նիրհող ջիղը, երբ մեր հնարամիտ ու շնորհաշատ ազգը իր ստեղծարար տաղանդով նորովի երևաց՝ արհեստների ու արվեստների մեջ տարերայնորեն իրացնելով ինքն իրեն, բայց ո՜չ թե, կամ ո՛չ այնքան մեծ թռիչքների ու համակարգված գործակցության, տնտեսությանը զարկ տվող հավակնոտ ձեռնարկումներով, այլ ավելի հաճախ մասնավոր, շատ համեստ ու պակաս կենսունակ, ուստիև՝ անհեռանկար իրացումներով։ Այստեղ միայն ակնարկելով ընդհանուր իրավիճակը, որից սկիզբ առավ ու հետագայում տասնամյակներով երիցս մամլիչի տակ մնաց իշխանական հովանավորչության կտուրից դուրս որևէ նախաձեռնություն (թեև եղան մեկ-երկու բացառություններ), այնուամենայնիվ, պիտի շեշտեմ կարմիր թելը, որով բոլոր ժամանակներում խաղատներն ու պոռնկատները (հյուրանոց-սաունա-ակումբ անվան տակ) անշեղ բարգավաճեցին, ինչն, ի դեպ, չէր կարող նաև երկրի հոգևոր-բարոյական ներքին մթնոլորտի վրա չանդրադառնալ…
Այս բոլոր տարիներին ձեռնտու բիզնեսի անվան տակ, որպես օգնություններից վատ սովորություն մնացած փորձի արդյունք, կասկածելի սնունդի հետ մեկտեղ մեր երկիր առատորեն ներմուծվող «երկրորդ ձեռք» չուլուփալասին հավելվեց աշխարհի բոլոր երկրներից՝ բոլոր ավտովթարներից մնացած մեքենայակերպ ջարդոնի ներմուծումը, որը մեր բազմաշնորհ դզող-փչողների ջանքերով նորի տեղ դեռ հիմա էլ վաճառվում է հենց մեր պարզամիտ կամ քիչ գումարով «շատին» ձգտող հայրենակիցներին՝ ներկրող տերերին ֆանտաստիկ շահույթ ապահովելով… Ու թքա՛ծ, թե ուրիշի աղբը վերջում մնալու է մեր երկրին… Այնինչ, թշնամի երկրից ներկրված սննդի անչափելի վնասներին համազոր, անգամ դա՛ էլ ամենաէական վնասը չէ, որի մասին այսքանը խոսեցի, այլ այն, որ ինչպես մեզ անծանոթ մարդու հագուստն է պահպանում տիրոջ էներգետիկ դաշտը, և կրելիս՝ էներգետիկ մակարդակում անբարենպաստ կարող է լինել մեզ համար (չէ՞ որ մենք չգիտենք այդ մարդու հիվանդությունները կամ մահվան պատճառը), առավել ևս վթարի ենթարկված մեքենան՝ մետաղի մեջ մխրճված ողջ նեգատիվով, ինքնին աղետաբեր է՝ դժբախտ պատահարից տուժածների ցավի կամ զոհերի մահվան հիշողությամբ… Դե, ուրեմն, պատկերացրեք, թե բացասական էներգիայի ի՜նչ ծանր դաշտեր են տևականորեն ներմուծվում մեր երկիր, և ի՜նչ կարող էր բերել այդ ամենը դեպի մեզ…
Համաճարակի ի հայտ գալուց դեռ ամիսներ առաջ, Արշակունյաց պողոտայի մեր ծառուղով ամենօրյա երեկոյան քայլքի ժամանակ՝ օրեր, շաբաթներ ու ամիսներ շարունակ, ես հարյուրներով ու հազարներով այդպիսի կիսաջախջախված մեքենաների ներկրման ականատեսն եմ եղել։ Դրանք միշտ երեկոյան ժամերին էին գալիս՝ շարասյուներով, ինչպես որ կպատշաճեր մեր երկիր ներկրել զենքն ու զինամթերքը՝ քաջ գիտակցելով, որ մեր պատերազմը ո՛չ միայն երբևէ չի ավարտվել, այլև նոր բռնկումի նախաշեմին է։
Պիտի խոստովանեմ, որ ջարդված մեքենաների շարասյունը տեսնելիս հստակորեն զգում էի այդ բացասական դաշտը՝ ո՜վ գիտի քանիսի հանկարծահաս մահվան, տառապանքի դրոշմներով, անեծքով ու ցավով, որը մեր իրականության խառնիճաղանջ համապատկերին՝ մեզնից յուրաքանչյուրի բարոյական ու հոգևոր անկատարությանը, չարակամ խոսքին ու ախտաբեր գործերին անտեսանելիորեն հավելում էր հոգևորի ու ֆիզիկականի սահմանագիծը խախտող, ուրիշ աշխարհներից դեպի մեզ բերված մահվան հազարումի հարուցիչներ։
Համատես համաճարակի հարուցիչն արդեն այնքան արագ էր տարածվել համացանցում և հանրային խոսքում՝ Ազգային ժողովից մինչև հեռուստատաղավարները, մինչև լրատվամիջոցների էջերն ու արդեն՝ հրապարակները, որ էլ ո՛չ դիմակ, ո՛չ ախտահանող միջոցներ, ո՛չ էլ անգամ զենքուզրահ, չպիտի կարողանային ետ մղել այն մեզանից կամ ինչ-որ կերպ վերադարձնեին մեզ համավարակից առաջ դեռևս փրկագնելի մեր ունեցածին…
Մեծախոսելով, իրարու չարաբանելով՝ վերևից ներքև, անիծելով, հայհոյելով աղտեղի՝ տղամարդ թե՛ կին, մեր խոսքի տարածքում օրեցօր վատնվում էր ազգային իմունիտետը, որով նախ՝ թագավարակին, և առաջ՝ թշնամու հոխորտանքներին հնարավոր կլիներ համարժեք հակազդել… Բայց ժամանակն աշխատեց մեզ համար ակնհայտորեն աննպաստ։
Ինչպես որ հիմա, մարտին դարձյալ Մեծ Պահքի օրեր էին՝ եթե կհիշեք… Իսկ այդ շրջանում աշխարհով մեկ չարն ակտիվանում է։
Պիտի վկայեմ, որ այդ ժամանակ ինքս էլ անձնական փորձության մեջ էի՝ ոտքս կոտրած, ֆիզիկապես պասիվ վիճակում, ու դա էլ ասես քիչ էր, անուղղակի սլաքներով փորձվում էի՝ արդյո՞ք մարդ կմնամ ու ինձ վնասելու գնով կպաշտպանե՞մ փորձանքի մեջ հայտնված ընկերոջս - ընկերներիս։ Սա իբրև հիշեցում, նախ՝ ինքս ինձ… Եվ այս փորձառությամբ, համավարակի հետ հաղթահարելով նաև այդ օրերի ինտրիգը, բարոյականության հիմքերի վրա փնտրելով խնդրահարույց բոլոր հարցերի պատասխանները, ես, ավա՜ղ, այն տեսա վերջինիս ծայրաստիճան սղության ու հակառակի տիրաժավորման չքմեղ ու ամբարտավան գործելակերպի մեջ։
Ընդհանրապես բարոյականության ու խղճմտանքի թեման այնքան անձնական է ամեն մարդու համար, որ քննարկելու չէ… Այսուհանդերձ, ինքն իր հետ թեկուզև համավարակի օրերին հարկադիր փակված՝ կյանքի հանդեպ առավել սրդողած՝ մեզնից յուրաքանչյուրը կարող էր, չէ՞, իր ներսում մի պահ ինքն իրեն հարց ուղղել, թե ինքն այդ ծանր փորձության մեջ ինչո՞ւ է, ասենք, հատկապես սնում ո՛չ թե փոխըմբռնման հատիկը, այլ պառակտման, կասկածի կամ ներքին դավադրության որդը, գիտակցվա՞ծ, թե՞ անգիտացած է անում մի բան, որը ո՛չ միայն հիվանդության ճիրաններում հայտնված կամ վտանգի ենթարկվող որևէ մեկի ցավը չի թեթևացնում, այլև բարդացնում է ակնհայտ պայքարի միջոցներով արդյունավետ պաշտպանվելու հնարավորությունը, ինչո՞ւ է, ասենք, ակնհայտորեն առկա վարակի դեմ պայքարող բժիշկների ազնիվ ջանքը զրոյացնելով՝ տագնապի մեջ պահող լուրեր տարածում, ինչո՞ւ է աջուձախ զազրախոսում… Ինչո՞ւ սկսել է անիծել, ինչո՞ւ արդեն չի ամաչում բացահայտ հայհոյանքներ գրելուց… Ատելություն ու չարիք սնելով՝ մի՞թե հավատում է, որ վաղը բարիք է ստանալու. ինչպե՞ս, ումի՞ց… Մարդո՞ւց, սատանայի՞ց… Լսե՞լ է արդյոք Աստծու մասին… Իսկ եթե նաև Աստծու անունո՞վ է անիծում ու հայհոյում՝ հասկանո՞ւմ է իր պղծության ու մեղքի ծանրության չափը:
Ուշադրություն դարձնենք, որ սա համավարակի պիկն էր, և այդ ալիքի վրա սոցցանցերում արդեն ակնհայտ էր վարժ հայհոյելու, չարամիտ զազրախոսելու, պիտակավորելու և, ամենասոսկալին, անիծելու համախտանիշը։
Անեծքի հակառակը օրհնանքն է։ Օրհնանքը բարի կամք է ենթադրում – բարի կամեցողություն՝ մերձավորիդ, հեռավորիդ, երկրիդ, մարդկությանը։ Որտե՞ղ մոլորվեց մեր վիրավոր ու պառակտված Հայրենիքի տիեզերական օրհնությունը…
Պատերազմի կորուստներից ամայացած մեր հոգիներում առաջինը աղոթքը խեղդվեց, երբ, անգամ վշտից սեղմված, դեռ աղոթելով, ծանր քարացանք խաբվածի ցավից։ Անեծքը դարձյալ շատացավ, ու մեր մեջ պակասեց աղոթքը՝ մեր երկրի, մեր ազգի նորոգման հավատով, որի մաքրագործող էներգիան միասնականության դեպքում հրաշքներ կգործեր…
Ձեռքբերովի կամ ներմուծված, ժառանգական կամ վարակիչ, ախտի, հիվանդության, ապականության, ներքին թշնամության, պառակտման՝ բոլոր վիճակներում հայհոյանքի այսչափ կուտակումը մի՞թե կորուստների նոր պարպում չէր ենթադրելու. գուցե վերջին երկրաշարժը հենց դրա նշա՞նն էր… Հո չե՞նք պատրաստվում պատերազմի անչափելի կորուստներին նորերը հավելել…
Երբ պատերազմի Տավուշյան օրերից շաբաթներ անց մեր գլխավերևում՝ ասես թշնամական անօդաչու, պտտվում էր մեզ պարտադրվող կրթական չափորոշիչների խայտառակ ձևաչափը՝ ասես հատուկ թշնամու կեղծարարությունների նպատակային հարմարեցումներով, մեր պատմությունն ու ազգային արժեքները խեղաթյուրող-նսեմացնող, մենք մեր ամենազուսպ ցասման մեջ անգամ, թեև միանգամայն տեղին, բացասական դաշտի շղթայական ռեակցիան սնեցինք զայրույթով, որն իր հերթին թափվեց մեզ վրա…
Արցախյան հարցի տևականորեն խափանման և ոչ մի կերպ չկանխված նոր պատերազմի նախաշեմին մեր ազգային ինքնության իմունիտետն արդեն հիմնավորապես վատնվել էր պոռոտախոսության, անդիմության ու ընդդիմության, կլանային շահերի ու դատական համակարգի անզորության, համավարակի ու ազգահուդա չափորոշիչների արանքում գեներացվող հայհոյանքի ու անեծքի մեջ։
88-ին ոտքի ելածներիս «միացո՜ւմ» պահանջին այդպես էլ ականջախուլ՝ մինչև վերջ մայր Հայաստանին Արցախը չմիավորած, այսօր մեր Արցախյան հայրենիքի մեծ հատվածի անչափելի կորստի հանդիման, մեր անմահացած Զինվորներից ամեն մեկի ճակատագրի դրվագներով, ինչպես որ նրանցից շատերի սրբացած մասունքների դրվագները վշտից խենթացած ի մի բերելով՝ մեզնից յուրաքանչյուրն անտանելի ցավի ու ակամա մեղքի գիտակցությամբ ամենադժնի խոսքերով ուզում է երկինքը պատռել, և իրական մեղավորների հասցեին թե՛ անեծքն է տեղին, թե՛ հայհոյանքը… Բայց ահա այստե՛ղ է, որ պիտի հիշենք խոսելու և գործելու իրական իմաստների կարևորության մասին։
Նզովքը երկինք ուղարկելով՝ նզովք ստացանք։ Հիմա խոսել և գործել է պետք ո՛չ թե ընդդեմ, այլ՝ հանո՛ւն։ Հանուն երկրի, հանուն արժեքների, հանուն ազգային ինքնության՝ ազգային միակ շահի, հանուն միաբանության, որը երբ պատահել է, հաղթել ենք աներկբա…
Օրհնություններ են պետք նոր հաղթանակների համար՝ նույնիսկ թվացյալ փոքր հարցերում։ Այդ փոքր ձեռքբերումներից է նոր իմունիտետ ձևավորվում։ Մեր մաղթանքները մեզ են հասնում՝ չար թե բարի, չկասկածենք… Այսքան տառապանքից հետո գիտակցենք մի բան. ուրիշը մեր ցավի մեջ՝ մեր արցունքներով իր չարիքի ծառն է ջրում, երբ մենք ներքին ցնցումների մեջ ենք իրարու դեմ։ Արդյո՞ք միասնաբար չենք տուժելու հրահրումի կամ չարության սանձազերծման, նոր աղետների հրահրման, վրեժի ծարավով։
Սկզբի համար խորագետ լինենք, ինչպես օձը, և սրբվենք հոգով, ինչպես ճերմակ աղավնին։ Հայհոյանքի հակառակը աղոթքն է. նույնիսկ եթե աթեիստ եք, ձեզ դա հաստատ չի վնասի։ Այն բարի մղումների, դրական էներգիայի ապաքինող ու մաքրագործող դաշտերի հոսք է, տիեզերքի միջնորդությամբ՝ մեզնից դեպի մեզ…
Անեծքի համախտանիշը մեր երկրում համավարակ էր ու պատերազմ. իսկ գուցե օրհնանքո՞վ փրկագործենք մեր երկիրը: Առնվազն փորձե՛նք, և գուցե տիեզերքի արձագանքն այս անգամ էլ դրականորեն չուշանա: