Աջակցության հայտարարություն

Հայաստանի գրողների միություն
Պարոն Էդվարդ Միլիտոնյանին
Աջակցության հայտարարություն
Հարգելի պարոն Միլիտոնյան,
Սաքսոնիա-Անհալթի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր-Կրայս» (ՖԲԿ) միության կողմից ձեզ եմ ուղարկում մեր աջակցության հայտարարությունը։ Մենք տեղեկացանք, որ ՀԳՄ-ն ներգրավված է իր շենքի սեփականության իրավունքը վիճարկող դատական գործընթացում:
Ավելի քան 15 տարի ՖԲԿ-ն և ՀԳՄ-ն հաջողությամբ համագործակցում են բազմաթիվ նախագծերով։ Այս տարի մեր համագործակցությունը կշարունակվի «Կարոտի կամուրջներ» նախագծով: Մենք սպասում ենք գրականության և թարգմանությունների գերմաներեն-հայերեն փոխանակմանը, որի արդյունքը, հուսով ենք, կլինի երկլեզու գրքի հրատարակումը Գերմանիայում և Հայաստանում։
Մեր՝ նման կայուն համագործակցությունները կարող են հաջող լինել միայն այն դեպքում, երբ դրանք հիմնված են ամուր հիմքերի վրա: Եռանդուն ու փորձառու աշխատանքը նույնքան կարևոր է, որքան պետական ֆինանսավորումը և անվտանգ միջավայրը: Մենք անկեղծորեն հույս ենք տածում, որ ՀԳՄ շենքը կմնա գալիք տարիներին՝ ի նպաստ հայ գրական անդաստանի կենսունակության: Ուստի, ուղարկում ենք ձեզ մեր աջակցության հայտարարությունը՝ հույս ունենալով խնդրի արդար կարգավորման:
Հարգանքներով՝ Սանդրա ՀՈՅԽԵԼ
Սաքսոնիա-Անհալթի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր-Կրայս»
(ՖԲԿ) միության գործադիր տնօրեն

 

***

Հայաստանի գրողների միության նախագահին
Սիրելի Էդվարդ Միլիտոնյան.
Անըմբռնելիորեն լսեցի, որ վիճարկվում է ՀԳՄ-ի Երևանի և Ծաղկաձորի ստեղծագործական տների սեփականության հարցը։ Ես եղել եմ այդ տներում և 2010 թվականին ՀԳՄ-ում ստորագրել եմ բարեկամության պայմանագիր Սաքսոնիա-Անհալթի և Հայաստանի գրողների միության միջև, այնուհետև այցելել եմ բազմաթիվ կարևոր իրադարձությունների առիթներով, օրինակ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։
Առանց այդ կառույցների Միությունը կկորցնի իր կենտրոնական գրասենյակն ու հավաքատեղին և չի կարող շարունակել գրական ավանդույթները, այսինքն՝ իր կարևոր առաքելությունը՝ ի նպաստ Հայաստանի բարօրության։ Հորդորում եմ դատախազությանը զերծ մնալ օտարումներից:
Բարեկամական ողջույններով՝ Յուրգեն ՅԱՆԿՈՎՍԿԻ
Գերմանացի գրող, ՀԳՄ պատվավոր անդամ

 

***

ՀԳՄ հոգԵՎոր կառույցը վտանգի տակ է՝ ինչո՞ւ…
ՀԳՄ-ի շենքը տասնամյակներ շարունակ հայ ժողովրդի գրականության մշակութա-կրթական ստեղծարար գործընթացների կենտրոն է եղել: Այդ կառույցի ճակատագիրն այսօր, ցավոք, որոշում են դատախազության որոշ պաշտոնյաներ՝ ինչ-որ թելադրանքներով «վերինների»։
ՀԳՄ-ի շենքում ելումուտը միշտ էլ աշխույժ և հետաքրքիր է եղել, քանզի աշխարհի հանրածանոթ վարպետներ՝ գրողներ, մտավորական էլիտայի նշանավոր գործիչներ Երևան գալով՝ ջերմությամբ մտել են շենք, հանդիպել են հայոց մեծանուն գրողների, արվեստագետների: Այստեղ իրենց լավագույն գլուխգործոցներն են արարել Դերենիկ Դեմիրճյանը, Ավ. Իսահակյանը, Հովհ. Շիրազը, Սերո Խանզադյանը, Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը, Մկրտիչ Սարգսյանը, Վարդգես Պետրոսյանը, Անահիտ Սահինյանը…
Միության շենքում ձևավորվեց Ղարաբաղյան շարժման կամավորական շտաբը, որտեղ կարևոր դերակատարում ունեին մեր գրողները՝ Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը…
Բաղրամյան 3-ը ՀԳՄ-ի հասցեն եղել ու պիտի մնա՝ հարազատ օջախ ծառայելով հայոց գրողական միությանը, և որևէ խոչընդոտող միտք չպիտի խաթարի ոգեղենով ապրող այս ստեղծագործական ընտանիքի՝ տասնյակ տարիների անշղարշ խղճով կատարված բոլորանվեր ընթացքը:
Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ
Լրագրող-հրապարակախոս