ԱՆՏԵՍՎԱԾ ԵՐԵՎԵԼԻՆԵՐ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Այո՛, ցավոք սրտի, կան անտեսված մեծեր և տեսնված փոքրեր։ Այս տեսողությունն ունեն անգամ միտք ու զգացմունքներով զարգացած ազգերը, նաև մենք՝ հայերս։ Տխո՞ւր է։ Անշուշտ։ Մի հիվանդություն, որն ուժազրկում է հատկապես մշակույթի ասպարեզում ապրող տգետ բարքերին հակազդելու մեր իմունիտետը (ներողություն՝ հայերեն բառը չգտա)։ Հրաշամանուկ Մոցարտին երաժշտական դպրոց չընդունեցին` պատճառաբանելով, թե նա համապատասխան լսողություն չունի, հետո, երբ դարձավ երեսունհինգ տարեկան, նրան իր անօրինակ երաժշտության հետ նետեցին բազմաթիվ անտեր ու անհայտ դիակների գերեզմանափոսը՝ հանճարին նույնացնելով բանջարներին։ Շեքսպիրը մեռնելուց հետո պիտի շուրջ երկու դար սպասեր, որ աշխարհն իրեն իմանար։ Նմանապես և Յոհան Սեբաստիան Բախը… 20-րդ դարի մեծագույն գրողներից մեկին Ռուսաստանն ու «Լիտ. գազետան» այսպես հրաժեշտ տվեցին. «Մահացել է «Լիտֆոնդի անդամ Պաստեռնակը»։ Վերջ։ Խոսքը Նոբելյան մրցանակի դափնեկիր Բորիս Պաստեռնակին էր վերաբերում։ Մինչ այդ ամբողջ սովետ երկրի գրական ամբոխներն էին հալածում նրան՝ ընդդիմադիր լինելու համար։ Դա ինձ հիշեցնում է հայտնի առակը՝ ինչպես է շնիկը հաչում փղի վրա։ Աշխարհի արևելյան կողմից նրան քար ու ցեխ շպրտեց և «ամենայն հայոց տիկինը»… Յո՞ երթաս, սիրելի-հարազատ Արևմուտք։ Մի՞թե Օսվալդ Շպենգլերը ճշմարիտ էր 1918 թվականին՝ ազդարարելով «Եվրոպայի մայրամուտը»։ Թերևս։ Եվ մենք այսօր էլ մայրամուտ ենք ապրում։ 2024 թ. օգոստոսի 25-ին բեյսբոլիստ Բեյբ Ռուտի խաղաշապիկը միջազգային աճուրդում վաճառվեց 24 միլիոն դոլարով։ Դա հավասար է Նոբելյան մրցանակի դափնեկիր 24 գրողներին ու գիտնականներին տրված ընդհանուր վարձատրությանը, յուրաքանչյուրին՝ մեկ միլիոն։ Խնդիրն այստեղ նույնիսկ փողը չէ, այլ՝ բարոյականությունը, հոգու և մտքի դատարկությունը, որը, գիտակցենք, մարդու և մարդկության այլասերումն է, տեսնենք Կաֆկայի տեսլականը՝ ինչպես է բանական մարդը դառնում անասուն, մարդաբլոճ և վերանում։ Էլ ի՞նչ ասեմ Եվրոպայի հարավ-արևելյան սահմանում գտնվող ավելի քան սիրահարազատ Հայաստանի մասին։ Հայ ժողովուրդը մի խոսք ունի՝ «Գնա մեռի, արի սիրեմ»։ Կարծում եմ՝ ուրիշներն էլ ունեն։ Սա մի անբարոյական բարոյականություն է, մեղավոր խղճի մխիթարանք, որ չի արդարացնում, չի մաքրում խղճի մեղքերը։ Անգամ ազնիվ ու ճշմարիտ շատ հոգիներ չեն էլ արժանանում նման ուշացած վերաբերմունքի, մեռար՝ ուրեմն՝ մեռար։ Այդ պատճառով էլ Հովհաննես Մելքոնյանի տապանաքարին գրված է՝ «Երբեք չմեռնես»։
Այդուամենայնիվ…
Այսօր 2024 թվականի դեկտեմբերի ութն է, կիրակի։ Արդեն երկու ժամ համացանցում դիտում եմ Փարիզի Աստվածամոր Տաճարի վերաբացման տոնական արարողությունը։ Հինգ տարի առաջ այն հրդեհի ճարակ էր դարձել, այդ օրն էլ եմ հիշում, համայն աշխարհն էր հուզված։ Ախր ես Տաճարում եղել եմ 1982-ին՝ հոգուս մեջ Հյուգոյի անմահ վեպը, սիրել Էսմերալդային այնպես, ինչպես այլանդակ կերպարանքով բացառիկ հոգեմարդ Քվազիմոդոն։ Այժմ այստեղ ամբողջ քրիստոնյա-կաթոլիկ մարդկությունն է երջանկությունից փայլում՝ երկարատև վերակառուցումից հետո Տաճարը հարություն է առել, ոնց որ Քրիստոս հարյավ ի մեռելոց, հետևաբար, ասեմ՝ օրհնյալ է հարությունը Տաճարի։ («Արևմտյան կողմն աշխարհի/Բերրիություն թող ըլլա» – Դանիել Վարուժան)։ Ուրեմն, եզրակացնեմ. Եվրոպայի մայրամուտ չի եղել, չկա և չի լինելու, քանի դեռ այստեղ գոյություն ունի Լուվր ու Փարիզի Աստվածամոր Տաճար, մայրցամաքի նորօրյա գրականությունը, կերպարվեստը, երաժշտությունն ու ճարտարապետությունը, փիլիսոփայություն, գիտություններ և կրթություն, նախագահներ՝ ի դեմս Վացլավ Հավելի և Էմանուել Մակրոնի, որը Շառլ Ազնավուրին հրաժեշտ տալիս ասաց, շատ իմաստուն խոսք ասաց՝ «Ֆրանսիայում բանաստեղծները չեն մեռնում», քանի դեռ Եվրոպան ապրում է ոչ միայն առևտրային տրամաբանությամբ՝ «փող-ապրանք-փող», այլև՝ հոգևոր արժեհամակարգով, որը նրա գոյաբանության վերնաշենքն է, քանի դեռ նա իր քաղաքակրթությամբ, իր քրիստոնեական մշակույթով ընդդիմանում է չար-ցեղասպան ցեղերի պատերազմներին Ուկրաինայում, Հայաստան աշխարհում և այլուր։ «Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,/Արքայական խոսքը մեր կըմնա հավետ»։ Ասելով «արքայական»՝ կարծում եմ՝ Տերյանը նկատի չունի թագավորների խոսքը, այս բառն այստեղ գոյականակերտ ածական է, որակի նշան և որակավորում է հայ ժողովրդի լեզվամտածողությունը, լեզվի զգացմունքներն ու կառուցվածքը, նրա հոգին, մակարդակ է և ոչ մակերես, մնալու է հավիտյանս հավիտենից, որքան արևը մեզ լույս ու կյանք է տալու։ Բարբարոսները կանցնեն, պատմությունն ու ներկան վկա, հոգեղենությունն է ապրելու՝ ի դեմս Ֆրանսիայի և բարի, գեղեցիկ, առաքինի եվրոպացիների։ Սա մի պարզ լավատեսություն չէ, այլ՝ գոյաբանական հայացք ու նայվածք անվերջորեն շարունակվող ժամանակներին։
Ես չեմ փորձում ավելի կամ պակաս չափով մտածող երևելի բոլոր ստեղծագործող մարդկանց միջև հավասարման նշան գծել, նրանց դնել կշեռքի նույն բարձրաթյամբ զույգ նժարների վրա։ Ոչ և ոչ։ Անհրաժեշտ է պահպանել արժեքայնության չափանիշները, որոնք մեզանում մշտապես խախտվում են՝ այսօր, առավել քան երբեք, գրական-մշակութային կյանքը, որը հասարակական կյանքի գուցե ամենազգայուն տիրույթն է, ծածկելով մութ-կարկտալից ամպերով։
Կա մեկը, որն իրեն համարում է «մշակույթի փիլիսոփա», ոմանք էլ են նրան այդպես տեսնում, բարեբախտաբար ոմանք և ոչ շատերը։ Բազմիցս փորձեց դառնալ ՀԳՄ անդամ, իհարկե որոշ շնորհներ ունի, որոշ խառնափնթոր ճանաչողություն… Վերջապես դարձավ, այն ժամանակ մեր միության բարեկամ ռուս բանաստեղծներից մեկի խնդրալից միջամտությամբ։ Ընդամենը մի քանի օր առաջ էր միության անդամատոմս ստացել, երբ դեմս ելավ խիստ զայրացած, վարչության քարտուղարներից մեկի առանձնասենյակից էր գալիս։ Հարցրի՝ ի՞նչ է պատահել։ Ասաց՝ ես էլ միության անդամ եմ, նույն անդամատոմսն ունեմ, ինչ և Սերո Խանզադյանը, տուն եմ ուզում, չեք տալիս, ավտոմեքենա եմ ուզում, ինչո՞ւ չեք տալիս… Սերոյին ամեն բան կարելի է տալ ու տալ, իսկ ես իրավունք չունե՞մ… Այդ րոպեին նրա շնորհներն աչքիս փոշիացան, և լռելյայն մեղայի եկա, որ իմ չափով նպաստել եմ միության անդամ դառնալու նրա երանելի ցանկության իրականացմանը։ Չասացի, որ գրող-փիլիսոփա լինելու պայմանն ու հիմքը միության անդամատոմսը չէ, ինչպես անձնագիրը մարդ լինելու հիմք ու պայման չէ։ Ես այս դիպվածը չէի հիշի, եթե նա իր այս «փիլիսոփայությամբ» մեր կյանքում բացառություն լիներ։
Ամեն հարց նոր հարցեր է ի դերև հանում։ Ահա և հիշեցի ժամանակին «նշանավոր» վիպասան, այժմ հաջողությամբ մոռացված Հմայակ Սիրասին։ Ելույթ է ունենում գրողների միության մեծ դահլիճում և ասում՝ «Ընկերներ, վերջերս կարդացի ամերիկացի Ջոն Ստեյնբեքի մի վեպը, որն արժանացել է Նոբելյան մրցանակի, շատ թույլ գործ է, ընկերներ»։ Մեկ ուրիշն էլ ավագության իրավունքով դժգոհում է գրական երիտասարդությունից՝ «Ինչո՞ւ եք կարդում, հա կարդում Օրտեգա Ի Գասետ, նա ո՞վ է որ, մի փուչ քննադատ, չեմ ասում Սարինյան, ասում եմ՝ Թամրազյան կարդացեք, որի ամեն հոդվածը հազար Օրտեգա արժի»։ Եվ Ռուբեն Հախվերդյանը տրտում երգում է՝ «այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում…»:
Չգիտեմ, ուրիշ ազգեր փնովո՞ւմ են իրենց ներկա գրականությանը՝ յո՞ երթաք, ժամանակակիցներ, ո՞ւր մնացին մեր Շեքսպիրները, Դանթե, Սերվանտես ու Գյոթե, էս ի՞նչ եք անում ձեր մոդեռնիստական իզմերով։ Այստեղ հայերս, որպես «համաշխարհային ազգ», ինքնատիպ ենք, ինքնանման, և շատ տասնամյակներ թշնամաբար ենք վերաբերվում մեր ներկային՝ ձեր մեջ Նարեկացի չկա, բացակայում են Րաֆֆիները, Թումանյանները, Տերյանն ու Չարենցը՝ իրենց ազգակենտրոն նայվածքով։ (Հիշեցնեմ, Թումանյանի ժամանակ ևս Թումանյան էինք որոնում ու չէինք գտնում, չէինք տեսնում, որ նա մեր կողքին է, մեր մեջ՝ մեծ գրողին համարելով ընդամենը «լերան փոքր երգիչ»): Այս գաղափարով հնարավո՞ր է ձեռք բերել համաշխարհային ազգի հատկանիշներ, ո՛չ, իհարկե, կմնանք մեր մութ ու խոնավ խրճիթում։ Սա վտանգավոր է ոչ միայն գրականության ու արվեստների, նմանապես և հասարակական-ազգային կյանքի բոլոր ոլորտներում, դադարենք «ոչ» ասել ինքներս մեզ, այլ՝ հիմնականում՝ «այո»։
Տարբեր դարաշրջաններն ունեն ոչ թե փուլային, այլ՝ փաթեթային առնչություններ, կապված են միմյանց ներքին-արմատական հիմքով, ինչպես հայոց արծաթափայլ լեռնաշղթան, մեր հայրենիքի լեռնապարը, որն ամեն պահ աչքիս առջև է իր լուսավոր Արարատի առաջնորդությամբ։ Մեր այս ներկան անցյալի զավակն է և գալիք ժամանակների հայրը։ Ես սա համարում եմ ավանդույթի փիլիսոփայություն, որի ծիրում ավելի կամ պակաս չափով ներկա է ամեն ստեղծագործող հայորդի։ Բնականաբար կլինեն և բացականեր։ Նորագույն գրականությունից այս փիլիսոփայությամբ լեցուն երեք ամենից ավելի ակնառու անուն տամ՝ Եղիշե Չարենց, Կոստան Զարյան և Պարույր Սևակ։ (Դուք ինձ լրացրեք)։ Այս եռյակը գիր ու բան արեց իբրև «Արարատյան մարդ» (Կոստան Զարյանի շատ կարևոր մարդաբանական բնորոշումն է), երեքը հետևեց ավանդույթի փիլիսոփայության ոչ այնքան թեմաներին ու զգացմունքներին, թեև դա ևս առկա էր, որքան նկատի առավ նրա մտազննումներն ու հոգեկերտվածքը, մակերեսի խորքը՝ գիտակցելով, որ դիմակի տակ թաքնված է իրական դիմակն իր դրամայով, և քայլ արեց դեպի այդ դրաման։ Թաքնվածի թաքնազերծումը գրեթե հրաշագործություն է, որի կերպավորման շքեղ օրինակը Չարենցի «Երկիր Նաիրի» վեպն է, ինչպես նաև, Երվանդ Տեր-Խաչատրյանի հիանալի արտահայտությամբ՝ Կոստան Զարյանի ու Սևակի «բառերի ոսկին»։
Ինչպես տեսնում եք, ես այստեղ գիտական շարադրանք չեմ անում, այլ՝ փորձում եմ կատարել բառային ճեպանկար՝ բուն նկարի իրագործումը հետաձգելով անհայտ ժամանակով։ (Հավանաբար այդ օրը չի գալու ոչ իմ մեղքով, այլ՝ Աստծո)։ Չե՞ք կարծում, որ սա՝ ճեպանկարը բովանդակություն արտահայտելու ձև է և ոչ խաղ։ Կան խաղաձևեր, որոնք իրենց էությամբ նաև բովանդակություն են, մտքի ու զգացմունքների պատկեր։ Ավելին ասեմ, ըստ իս՝ ամեն ձև ինքնին բովանդակություն է, ցավոք սրտի, շատերը դա չեն ընկալում՝ անջրպետելով ձևն ու բովանդակությունը, ձևը համարելով բովանդակության ընդամենը սպասավոր, չենթադրելով անգամ, որ երբեմն բովանդակությունն է սպասավոր դառնում ձևին։ Ահա մեր առջև Արարատն է՝ իր բուրգաձև կառուցվածքով, նայեք, երկար նայեք, այդ ձևը մի պարզ-սովորական բնանկար չէ, այլ՝ բարդ ու անօրինակ էություն՝ հայ ժողովրդի մշտակա գոյության գաղափարը, նրա սիմֆոնիան։ Նա բուրգե աչքը հառել է տիեզերքին՝ իրենից անբաժան մորը։ Սա հայ ազգային-համամարդկային մի բացառիկ տեսողություն է։ «Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտերից մեկը»։ Այստեղ Րաֆֆին մեր լեռան անունը չի տալիս, բայց «լուսապայծառ» հրաշալի բառի տակ պետք է տեսնել նաև նրան։ Ահա մի ձև, որն էպոսի բովանդակություն ունի։
Վերադառնամ ճեպանկարիս «Անտեսված երևելիներ» վերնագրին և վերջապես փորձեմ այն փաստաբանել։ Ասում ենք՝ ոչինչ չի մոռացվում, ոչինչ չի կորչում, եթե արժեք ունի։ Ցավոք սրտի այդպես չէ՝ երևելիներից շատերն իրենց անկորչելի գործունեությամբ հաճախ անտեսվում են ու մոռացվում մեր անգիտության, հավկուրության և հատկապես հանցագործ անտարբերության պատճառով, որոնք ոչ նոր, սակայն մշտապես ժամանակակից հիվանդություններ են հասարակական կյանքի մշակութային ասպարեզում։
Նախաքրիստոնեական դարերում մենք հեթանոս եղանք ու երկրպագեցինք բազմաթիվ աստվածների (Արամազդ, Վահագն, Վանատուր, Միհր, Անահիտ և այլն) և միայն շատ հետո դարձանք միաստվածապաշտ՝ վերջնականապես կանգ առնելով Քրիստոսի վրա։ Այդուամենայնիվ հեթանոսությունը, որպես ազատության, ուժի ու գեղեցկության օրրան, առանձնապես գրականության տիրույթում մնաց մի կապույտ կարոտ և շքեղ պատկերագրությամբ արտահայտվեց Դանիել Վարուժանի «Հեթանոս երգեր»-ում և Սիամանթոյի, Կոստան Զարյանի, Հակոբ Օշականի հոգիների մեջ։ Բազմաստվածությունից անցնելով միաստվածության՝ մենք արդյոք պատմականորեն նահանջեցի՞նք ու աղքատացանք։ Կարծում եմ՝ այո։ Պարզ թվաբանությամբ մեկ-ը ավելի քիչ է, քան շատ-ը։ Բարդ հանրահաշիվ անելիս էլ նույն արդյունքն ենք ստանում։ Մաթեմատիկան բնական գիտությունների շարքում ամենաճշգրիտ գիտությունն է, և առիթ չունենք չհավատալու նրան։ Ուրեմն, մեկ ու միակ Քրիստոս աստված, շուրջը՝ ոչ ոք, տեսեք, անգամ նրա աշարկերտներն են բացակայում, որոնք՝ իբրև աշակերտ ու քրիստոնեական գաղափարի քարոզիչներ, թեև փոքր, բայց նույնպես աստված են։ Բացառություն է Հուդան, որն իր միս ու արյունով նրանց մեջ ամենամարդն էր։
Ըստ փիլիսոփա գրող Ալբեր Կամյուի՝ Հուդան մի կեղծ համբույրով մատնեց Քրիստոսին ոչ բնավ երեսուն արծաթի դիմաց, նա այդքան ճղճիմ ու փոքրոգի կաշառակեր չէր, ինչպես ժամանակակիցներից շատերը, այլ՝ վրեժ լուծեց նրանից, որ նա իր փրկիչ հնարավորությունները չի օգտագործել մահից փրկելու իր երեխաներին։ Քրիստոսի մեղավորությունը,- ասում է Կամյուն,- Հուդայի ու իր զավակների համար ևս էքզիստենցիալ-գոյաբանական, լինել ու չլինելու խնդիր էր։ Սա բացառիկ կարծիք է և նոր լույս է սփռում մեր քրիստոնեական վարդապետության վրա։ Հետևաբար քրիստոնյա հայ մտավորականին ևս պետք էր մեկ գրող և ոչ երկու կամ ավելի, մեկ նկարիչ, մեկ ու մեկ կոմպոզիտոր, ճարտարապետ ու շարունակելի մեկ-եր։ Ոչ թե մշակույթի պատմություն, այլ՝ պատմության առանձնակի աստվածներ։ Սրանով մենք արժեզրկում ենք, մոռացության տալիս, աղքատացնում ենք մեր հոգևոր դաշտի ամբողջական բովանդակությունը, նրան զրկում հետաքրքիր, բարդ ու կարևոր ալեկոծումներից։ Ինչ խոսք՝ բազում են կոչեցյալք ու սակավ ընտրյալք, բայց պատմությունը անժխտելի փաստեր ունի, որոնց համաձայն՝ մեկ էլ տեսար, պարզվում է՝ որոշ կոչեցյալներ են իրական ու ճշմարիտ ընտրյալները։ Ո՞վ վաղ թե ուշ պիտի տեսնի նրանց. առողջ, մտահոգևոր, վերանձնական, գրականագետ ու արվեստաբան քննադատությունը, որը, մեղմ ասած, գրեթե բացակայում է։
Ավետ Տերտերյանը երաժշտության լեզվի, բովանդակության ու ձևի նորարար կոմպոզիտոր եղավ, Արամ Խաչատրյանի հետևորդներից ամենամաեստրոն, ամբողջովին ընտրյալ հոգեմարդ, այսօր Եվրոպայում ավելի են հիշում նրան ու գնահատում, քան իր հայրենիքում։ Ներկայումս մեր երաժշտական ասպարեզը մի զգալի չափով լցված է պատեհապաշտներով, որոնք հորջորջվում են մաեստրո, այսինքն՝ վարպետ։ Երբ մահանում են, ամբողջ հասարակությունն է սգում, քիչ է մնում տանեն Կոմիտասի անվան պանթեոն և դնեն Մաշտոց-Խորենացի էությամբ Վարդապետի կողքին։
1960-ականներին Պարույր Սևակն «Արվեստ» ամսագրում տպագրած իր մի հոդվածում արդարացիորեն դժգոհեց՝ «այսօր մենք ավելի շատ շինարարություն ունենք, քան ճարտարապետություն»՝ նկատի առնելով Երևանի հետզհետե ծավալվող համայնապատկերը։ Ռաֆայել Իսրայելյանն այն բացառիկներից էր, որն ազգային ճարտարապետության ավանդույթներով ծաղկեցնում էր մեր քաղաքներն ու գյուղերը։ Նրա փոքր ու մեծ կառույցները՝ աղբյուր հուշարձաններից մինչև Սարդարապատյան համալիրի, Երևանի գինու գործարանի դիմապատկերի մոնումենտալ արտահայտություններ, մնայուն արժեքներ են տվյալ արվեստում։ Քարերով հարուստ ու բազմազան հայաստանյան բնությունից նա օգտագործում էր միայն մեկ քարատեսակ՝ սև ու մոխրագույն տուֆ քարը, որը մեր երկարակյաց եկեղեցիների, պարիսպների ու հյուրատների հիմնական շինանյութն է եղել։ Սա խորապես գիտակցված սկզբունք էր, գաղափար, գրեթե փիլիսոփայություն՝ տուֆ-ը միջոց չէ, այլ՝ ձևակառուցվածքային էություն։ Ես ծանոթ էի Իսրայելյանին, նրա պատմաբան-հնագետ Հասմիկ պայծառ դստեր ուսանողական ընկերն էի, հաճախ էի գտնվում նրա տանը, որտեղ ընդարձակ սենյակներից մեկը նրա արվեստանոցն էր։ Ռաֆոն, ինչպես նրան դիմում էին շատեր, որովհետև մեծ ճարտարագործ լինելով, նաև պարզ, ժողովրդական մարդ էր, մեր միջնադարյան շինարարների պես շինարար վարպետ, միայն կարմիր գինի էր խմում՝ մեր բնության լուսավոր խաղողը, և հյուրասիրում նաև ինձ։ Իհարկե, նրան չենք մոռացել, բայց այսօր, նրա մահից հետո, արդյոք մի բավարար գնահատական տալի՞ս ենք նրա երևելի կյանքին ու գործին։ Ոչ։ Քանզի աստվածը մեկն է՝ հիրավի աստված Ալեքսանդր Թամանյանը… Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող Իսրայելյանի ընդարձակ տուֆակերտ տունը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի անմիջական հարևանությամբ, շինված իր իսկ ձեռամբ, որը կարող էր դառնալ աստվածահաճո ճարտարապետի տուն-թանգարան, այլևս գոյություն չունի, հիմնահատակ քանդել ենք, շքեղ ռեստորան կառուցել (օլիգարխյան շատ ռեստորաններ, որոնց նմանը փարիզներում էլ չեք գտնի), ռեստորանների երկիր Հայաստանս՝ գրեթե ըստ Համո Սահյանի։ («Հայր, ներիր նրանց, նրանք չգիտեն ինչ են անում»)։ Զգանք ու գիտակցենք, որ Տուն-ը կացարան չէ, որտեղ պիտի քնես, Տուն-ը հայրենիք է, որտեղ արթնորեն խոսում ես ազգիդ տառապանքն ու հպարտությունը։ «Հոգիս՝ տանը հաստատվել/ Տիեզերքն է ողջ պատել./Տիեզերքի տերն եմ ես,/Ո՞վ է արդյոք նըկատել» (Թումանյան)։ Տան ու Տիեզերքի այս ուղիղ հարաբերությունը մի խորիմաստ ու անպարագիծ ճշմարտություն է, անկախ այն բանից՝ նկատում-գիտակցո՞ւմ ենք, թե՞ ոչ։
Հավանաբար ձեզ ձանձրացրի իմ այս մտազննումներով։ Սակայն մի քանի րոպե ևս պիտի խոսք խոսեմ՝ ելնելով քննարկվող խնդրի հասարակական կարևորությունից։ Այո, շատ կարևոր է երևույթները կոչել իրենց իսկական անուններով և գնահատական տալ՝ լինեն դրանք քաղաքական թե մշակութային։ Օրինակ, չվախենանք գողին գող ասել, տգետին՝ տգետ, անբարոյականին՝ անբարո, որպեսզի մաքրվեն մեր ավգյան ախոռները։ Նաև լավին՝ լավ, իսկ ազնիվին՝ ազնիվ։ Ազատամիտ ֆրանսիացին հորդորում է՝ «կատվին կատու ասա»։ Իսկ մենք՝ հայերս, կատվին հաճախ ասում ենք առյուծ, ճնճղուկին՝ արծիվ, դավաճանին՝ հերոս ու ոչ ազգադավ։ Ո՞վ կամ ովքե՞ր կարող են ճշմարտություն հաստատել. յուրաքանչյուր մարդ ու պետություն, եթե ազնիվ են ու ճշմարիտ։ Նաև ժողովուրդը, այլապես նա կդառնա նախ ամբոխավար, շուտով էլ՝ կատարյալ ամբոխ, որն ազգային ինքնասպանության ամենասարսափելի միջոցն է։
Չեմ կարծում, թե մեր պետությունը թշնամաբար է վերաբերվում իր մշակույթին, սառն ու անտարբեր՝ այո, որն այնքան էլ հեռու չէ թշնամանքից և, ի վերջո, դրա մի խաղաղ ձևն է։ Երբեմն էլ սիրով է նայում նրան՝ գնահատականներ է տալիս, օրինակ՝ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը։ Քաղաքապետարանի ավագանուն առաջարկում եմ, խնդրում եմ քննարկել «Երևանի պատվավոր կաշառակեր» կոչում սահմանելու հնարավորությունը։ Դա ևս կնպաստի, որ մեր մայրաքաղաքում և համայնքներում լինի լույս զվարթ։
Եվս երկու անուն-երևույթ նշեմ՝ Վիգեն Խեչումյան և Կարպիս Սուրենյան։ Հիշո՞ւմ եք։ Ես հիշում եմ նրանց ոչ իբրև մահկանացու-անցավոր հմայակ սիրասներ, այլ՝ մեզ հետաքրքիր ու ինքնատիպ ժառանգություն թողած, մեզ իմաստնացնող գրական դեմքերի։
Անցյալ դարի 60-70-ական թվականներին Վիգեն Խեչումյանը իմ երիտասարդ սերնդի ավագ ընկերն էր, այնքան պարզ ու համեստ մարդ, որ երբեք ցույց չէր տալիս, չէր էլ գիտակցում, թե մեզ նաև ուսուցիչ է։ Շատ հաճախ էինք լինում Կասյան (այսօր, ի ուրախություն բոլորիս՝ սուրբ կաթողիկոս Վազգեն Առաջին) փողոցի համար երեք շենքի նրա չափազանց աղքատ, բայց ուրախ բնակարանում։ (Նույն մուտքի տարբեր հարկերում էին ապրում Պարույր Սևակն ու Կարպիս Սուրենյանը)։ Նա գրողների մեջ ամենագիտուններից էր ու ամենաաղքատը, բառիս բուն իմաստով՝ հացի կարոտ, Վիգեն Խեչումյանը Ծատուրյանից աղքատ մի Ծատուրյան, սակայն՝ տաղանդավոր, ուտող-խմող հարևաններից դատարկ շշեր էր հավաքում-վաճառում, որ մի կերպ հոգա կնոջ և դստեր կենաց օրը։ Հաճախ «Առագաստ» սրճարանում խմում էինք Ռաֆոյի կարմիր գինու նման գինի։ Հակառակ մեզ, Խեչումյանը, կում-կում, ամեն կում գինին բերանում երկար պահելով, ասում էր՝ «մեր հողի համն ու հոտն եմ վայելում»։ Այսպիսի մարդ էր Վիգենը, իսկ Վիգեն Խեչումյանը՝ բացարձակ տաղանդավոր գրող։ Համալսարանական կրթությամբ պատմաբան էր, շատ տարիներ աշխատեց Մատենադարանում, եղավ «Սովետական գրականություն» ամսագրի ու «Գրական թերթի» պատասխանատուներից։ Նրա պատմագիտությունը չէր գտնվում սահմանափակ ժամանակի ու տարածության տիրույթում, ինչպես ոմանց մոտ, այլ՝ ընդգրկում էր հայոց դասական հիշողությունը, հատկապես միջնադարեր։ Ավելին… Նա գիտական ընդարձակ հոդված տպագրեց «Սովետական գրականությունում»՝ ցույց տալով, որ Հին Եգիպտոսի թագուհի Նեֆերտիտին (մ.թ.ա. 15-րդ դար) հայ է եղել։ Սա ոմանց բնորոշ ծակ հայրենասիրություն չէր, այլ՝ հայոց գոյության արմատները որոնելու մի փորձ։ Խեչումյանական միջնադարում նախորդ դարերն են և նրան հաջորդող ժամանակները՝ մենք առ այսօր։ Թերևս ոչ մի ժամանակակից պատմաբան ու գրող այսպիսի ընդհանրացում չի արել։ Նա հետամուտ եղավ ոչ այնքան միջնադարյան փաստերին, որ հիանալի գիտեր, որքան այդ ժամանակաշրջանի հոգեբանությանը, զգացմունքներին ու մտածողությանը։ Նրա երկերում ռազմաքաղաքական նշանավոր դեմքեր ու իրադարձություններ չկան, խաղաղ գետի պես հոսող սովորական մի կյանք, հերոսները՝ գրիչներ, ծաղկողներ, մանրանկարիչներ, ճարտարապետներ, մագաղաթ ողորկողներ ու շինարար վարպետներ, մեծավ մասամբ անանուն աշխատավոր ժողովուրդ։ Եվ երկերի ենթատեքստում պարզվում է, որ այս սովորականությունն, ըստ էության, անսովոր է, չափազանց բովանդակալից մարդ ու հայ ժողովուրդ ճանաչելու առումով։ Գրողի լեզվամտածողության քերականությունն ու շարահյուսությունը ևս հոգեբանություն ունեն։ Ըմբռնումով և ներողամտորեն վերաբերվենք Խեչումյանի գրչին խորթ ու անհարիր «Մեզ մոտ, հարավում» ժամանակակից ֆաբուլա նկարագրող վեպի դատարկ կրակոցին, որ տուրք էր խորհրդային գաղափարախոսությանը, և հիշենք ու չմոռանանք նրա ընտիր երկերը՝ «Զվարթնոց», «Ծաղկողի որդին», «Գիրք պանդխտության», «Գիրք մաքառման», «Գիրք գրոց», «Գիրք լինելության»։ Այստեղ «գիրք»-ը մեր գիտցած բառարանային բառը չէ, ձեռագիր կամ տպագիր թղթերի մի կապոց, այլ՝ նշանակում է զիմաստություն և զխրատ՝ Վիգեն Խեչումյանի ստեղծագործության ամենագլխավոր իմաստային շեշտադրումը։
Ահա այսպիսի երևույթ։ Նրա մահից անցել է հիսուն տարի։ Այս ընթացքում ի՞նչ ենք արել ի սեր նրա և մեր գրականության։ Գրեթե ոչինչ։ Լավ է՝ Թադևոս Տոնոյանը թեկնածուական գիտաթեզ պաշտպանեց նրա կյանքի ու գործի մասին, նրա շենքի պատին, տեսակ-տեսակ խանութների փայլատակող ցուցանակների հարևանությամբ՝ գորշ քարե մի խեղճ հուշատախտակ կա, ամենափոքրը Երևանում գտնվող նման բազում տախտակների թվում, հազիվ թիզուկես, տառերն էլ՝ գրեթե անընթեռնելի, փաստորեն՝ ավելի չկա, քան կա։ Որքան գիտեմ՝ այս կես դարում նրանից և ոչ մի գործ չի վերահրատարակվել, հանցագործ անտարբերություն… Փոխարենը լույս են տեսել հարյուրավոր, չասեմ հազար ու հազար օրացույցային գրքեր, որոնք կարդացել են միայն դրանց հեղինակները, կանայք, երեխաներն ու բակի զրուցարանում օր-գիշեր բամբասանք խոսող հարևանները… Իմ այս վավերագիր դիտարկումները գրեթե նույնչափ վերաբերում են նաև Կարպիս Սուրենյանին։
Այս հիանալի Կարպիսը, որին ոմանք գրող չէին համարում, որովհետև իրենց նման չէր, այլ՝ իր նման, իր ժանրով ու հետաքրքրություններով, այդպես էլ Պարույր Սևակի մասին էին սերնդի որոշ բանաստեղծներ մտածում-ասում՝ բանաստեղծ չէ, այլ՝ գրականագետ, իսկ գրականագետները՝ չէ, գրականագետ չէ, այլ՝ բանաստեղծ, այնինչ Սևակը երկուսում էլ մեծ մեծություն էր, ոչ իրենց պես փոքր փոքրություն։
Կարպիս Սուրենյանը Հունաստանից ներգաղթեց Հայաստան և շատերի պես ետ ողորմեա չարեց, մնաց այստեղ՝ ախպարից դառնալով եղբայր։ Մինչ այդ սովորել էր Կիպրոսի հայաշունչ Մելգոնյան կրթական հաստատությունում, որը Մերձավոր Արևելքում համալսարանական մակարդակ ուներ, բարձրակարգ դասախոսներով, այդ թվում՝ Հակոբ Օշական, Բարսեղ Կանաչյան և Վահան Թեքեյան։ Երիտասարդ Սուրենյանի հոգում ապրում էին նրանց իմաստուն դասերն ու խորհուրդները։ Նա եկել էր ոչ միայն հայրենիքի սիրով, այլև գիտակցաբար թե ենթագիտակցորեն ծառայի պես ծառայելու հայրենյաց կուլտուրային։ Շատերս դա չտեսանք ու չգնահատեցինք։
Չզարմանանք, նման մի բան էլ պատահեց մեծն Կոստան Զարյանին, նրա աճյունը դրվեց Դերասանի տան նեղվածք սրահում, թեև օպերային էր արժանի, և հրաժեշտի էին եկել ընդամենը քսան մարդ։ Եթե նորօրյա ռաբիսի «աստղը» մեռնի, համայն հայությունն է նրան թաղելու, որտե՞ղ, Երևանի քաղաքային պանթեոնում, քանի որ Կոմիտասյանում արդեն չկա տեղ ու դադար, եթե լիներ, այնտեղ կտանեին։ Աստված չանի՝ մեռնի, թող չմեռնի, անմահ մնա, որ մեր հասարակությունն ու պետությունը չամաչեն ջրի երեսում հայտնված իրենց անմակարդակ մակարդակի համար։
1982-ին Կարպիս Սուրենյանն ու ես Կիպրոսի քրիստոնյա հատվածի մայրաքաղաք Նիկոզիայում էինք։ Եթե չեմ սխալվում, Հայաստան գալուց հետո դա նրա առաջին պաշտոնապես թույլատրված դուրսելն էր արտերկիր։ Այցելեցինք նաև Մելգոնյան։ Նրան այդքան հուզված չէի տեսել, կարծես վերադարձել էր հայրական օջախ, իր 57 տարեկանում երջանիկ երեխա էր դարձել։ Կարոտալից, համբուրելու պես նայում էր ընդարձակ դահլիճում հավաքված աշակերտ և ուսուցիչ մելգոնյանականներին, որոնք իր անցյալ-ներկան էին, աչքերով շոշափում-սիրում ամեն առարկա։ Եվ… Եվ հպարտանքով փայլուն զեկուցում խոսեց մեր հայրենիքի և նրա հոգևոր մշակույթի տարբեր խնդիրների շուրջ։ Ինչպես Խեչումյանի մասին ասացի, այժմ էլ Սուրենյանի վերաբերյալ կրկնեմ՝ ահա այսպիսի երևույթ՝ ցավոք սրտի անտեսված, որ, կարծում եմ, վնաս է ինչպես նրան, այնպես էլ, ավելի, արդի գրական-մշակութային ըմբռնումներին։
Կյանքի ավագության ժամանակ Սուրենյանը թեև վաղուց զգացել էր, բայց այժմ պարզ գիտակցեց իր հանդեպ գրական միջավայրի անարդար սառնությունը, տխրում էր, անգամ բարկանում, ի տարբերություն Կոստան Զարյանի ու Պարույր Սևակի ինքնավստահ, բարձր, իմաստուն ներողամտության։ Մի անգամ ինձ ասաց՝ «մնացի գրականության լուսանցքում»։ «Չէ, Կարպիս,- առարկեցի նրան,- դու գրականության մեջ ես, լուսանցքում իրապես գտնվողներն են քեզ այդպես տեսնում, մի հավատա նրանց ու հանգստացիր, չգիտե՞ս, շունը հաչում է, քարավանն անցնում, մեծագույն օրինակը Չարենցի ճակատագիրն է, եղբայր, հիմա մենք ո՞վ ենք որ»։ Լռեց։ Դեմքին երևաց մի թույլ-կոտրված ժպիտ։ Կարծես հավատաց խոսքիս կամ ցանկացավ հավատալ։
Նա մեր հայրենիքի տաղանդավոր տերերից մեկն էր, բայց հայաստանցիներս բավարար չափով տեր չկանգնեցինք նրան և՛ կենդանության օրոք, և՛ հետմահու։ Մեր այս վերաբերմունքով, սակայն, չչափենք նրա ստեղծած գրականության արժեքը, դա կլինի հերթական անարդարություն, ինչպես շատ երևելիների պարագայում։ «Մաքուր ձեռքեր» պատմվածքների անդրանիկ ժողովածուից հետո նա ընթերցողին ներկայացավ մեկը մեկից հետաքրքիր գրքերով՝ «Ոգու ամրոցներ», «Բնիկ որտեղացի՞ եք», «Արևորդիներ», «Հին պատմություն», «Ճիշտը կյանքն է» և այլ ընտիր գործեր, որոնք հատկանշական են խոհափիլիսոփայական գունագծերով։ Թարգմանեց Գոլսուորդիի «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարը, Դոստոևսկի ու Սարոյան, բոլորն էլ բնագրից և ոչ միջնորդավորված, իր հոգում ծագած հարցերի պատասխանները գտնելու մղումով։ «Կարամազով եղբայրները» վեպի թարգմանությունից անմիջապես հետո գրեց գիտական խորաթափանց ուսումնասիրություն՝ «Դոստոևսկու մեծ հոգսը և մեծ նորարարությունը»՝ դառնալով ռուս հանճարի՝ մեզանում լավագույն մեկնաբան։ Նա միայն գիր գրող չէր, այլև հարուստ իմացություններով արվեստաբան ու երաժշտագետ։ Նա ազգային գոյի պաշտպան հոգու և ոգու ամրոցներ էր որոնում հայոց կյանքում՝ այստեղ գրականության ու արվեստների դերն ու նշանակությունը համարելով առաջնակարգ և անփոխարինելի։ «Գեղարվեստական կենսագրություն» վիպասանքն արևմուտքում տարածված ժանր է (Անդրե Մորուա, Կոնստանտին Պաուստովսկի, Անրի Թրուայա և այլն), Կարպիս Սուրենյանը նաև նորարար եղավ վեպի այս տեսակը ներմուծելով հայ գրականություն՝ ի դեմս «Արևորդիներ»-ի, Մարտիրոս Սարյան և Ավետիք Իսահակյան հերոսներով։
Վերջապես ավարտակետ դնեմ այս խնդրահարույց հոդվածին։ Անտեսված երևելիները մի՞թե ավելի տեսանելի չեն…
Սոկրատես Աթենացին անհատ թե իշխանություն ժամանակակիցներիս ասում է՝ «Խոսիր, որ քեզ տեսնեմ», նշանակում է՝ խոսք ասա, ասք, բան, երդում, ուխտ, այլապես դուք չեք երևա ինձ, հետևաբար գոյություն չունեք, հասկանո՞ւմ եք՝ չկաք։
2500 տարի ուշացումով այսօր փորձենք հասկանալ…

2024 թ. դեկտեմբեր