ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐՈՒՄ / ԲԱԿՈՒՐ

 

1982 թ. Րաֆֆու հետքերով ճամփորդելիս արցախյան Քոլատակ գյուղում հետաքրքրվեցի հանդամասերի անուններով: Գյուղխորհրդի նախագահն ասաց, որ գյուղին մերձակա դաշտը Մամեդի տափ է կոչվում, քանի որ 60-ականներին մի խաշնարած թափառական թուրք իր ընտանիքով, ոչխարի հոտով եկել, լաճուկ (յուրտ, վրան) էր տեղադրել այդտեղ: «Մի տարի էլ չմնաց»,- ասաց քոլատակցին: Ուրեմն, հազարավոր տարիներ ձեր նախնիներն են տիրություն արել այդ տարածքում, պատահական մի Մամեդ է հայտնվում, ու այլևս նրա անունո՞վ եք կոչում հանդամասը, քանի որ մեծ «պատիվ» է արել ձեզ թափառականը:
Հազարավոր տարիներ հայերը իրենց երկրում սկիզբ առած գետը Տրտու են կոչել, իսկ ահա թուրք-թաթարները այն հարմարեցրել են իրենց լեզվին ու Թարթառ են կոչել: Երկրամասի անունը հարմար չէր թուրքերենին, Արցախի փոխարեն Ղարաբաղ են կոչել, ու հայերը հարմարվում են թուրքի դրած անվանը: Իսկ Իլհամ Ալիևը միջազգային ատյաններում հայտարարում է, որ երկրի անունը թուրքերն են կնքել, ուրեմն այն իրենց հայրենիքն է:
Զբոսաշրջիկը պտտվում է Շուշի բերդաքաղաքում ու հայկական մթնոլորտ չի զգում: Արցախի Հանրապետության մշակույթի նախարարության պատվերով կազմեցի 72 պատմական շինությունների քարտեզն ու այդ շենքերում ապրած նշանավոր մարդկանց մասին տեղեկությունները` առաջարկելով այդ շինությունների մոտ նշանավոր մարդկանց մասին գրություններով վահանակներ տեղադրել, զբոսաշրջիկների համար բուկլետներ տպագրել: Այս ծրագիրը նախարարությունում մի կողմ են դրել: Հավանաբար, պատճառը նախարարների արագ փոփոխություններն են:
Շուշիի Մայր եկեղեցին Ղազանչեցոց է կոչվում: Նախիջևանի Շահկերտ ավանից հայ բնակիչները, նեղվելով Պարսից խանի հարձակումներից, 1750-ականներին գաղթում են Շուշի, իրենց հետ բերելով հայրենի բնակավայրի թուրքերի կնքած անունը, այն թողնում ոչ միայն թաղամասի, այլև եկեղեցու վրա: Մի՞թե եկեղեցու հայրերը ի զորու չեն Մայր տաճարը «Ղազանչեցոցի» փոխարեն «Շահկերտցոց» անվանել:
Շուշիի գեղատեսիլ կիրճի պռնկի հարթությունը Ջդրդուզ են անվանում, իսկ իրականում այն հայերենի Ջիրիդտափի թուրքացրած ձևն է, սակայն համոզել քաղաքային կամ հանրապետական իշխանություններին փոխել այն` անհնար է:
Միլիոնավոր հայեր սերնդեսերունդ թուրքական հիմքով ազգանուններ են կրում: Այդ մարդիկ չե՞ն ուզում ազատվել թուրքական կնիքից: Ոչ միայն տեղանունների, այլև անձնանունների թուրքացումը նպաստում է հայկական ինքնության թուլացմանը: Նման իրավիճակից ելքը նաև Ազգային ժողովի օրենսդրական որոշումը կարող է լինել: Կարելի է ընտրել տոհմի նշանավոր անձի, նահապետի կամ թե հոր անունը:
25 տարի է, ինչ Զաբուխով անցնելիս կարդում եմ գետի «Աղավնո» անունն ու զարմանում, որ այդպես էլ ոչ ոք չուզեց ուղղել սխալը և նրան տալ իր իսկական Հակառու անունը, քանի որ այն հանրահայտ Հակ գյուղում առու է հիշեցնում, իսկ միջնադարում Սյունիքի արևելյան կողմերում Հակը ամենահռչակավոր բնակավայրերից էր: Կարելի է հասկանալ վարչակազմի ղեկավարներին ու պետական համապատասխան այրերին, որոնք դժգոհում էին գետերի անունները քարտեզներում ու կադաստրում ճշտելու առաջարկությունից: Գետերի անունների շփոթքը դեռևս միջնադարում էր առկա: XIII դ. Սյունիքի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը ևս խառնում էր այս զույգ գետերի անունները, չնայած Աղավնո գետի անվան ճշգրտումը շատ կարևոր էր, որովհետև այն համարվում էր Արցախի և Սյունիքի սահմանը: Որ գետին տրվի Աղավնո անունը, այն էլ կհանդիսանա երկու եզերքների, իսկ վաղ միջնադարում` Աղվանքի և Հայաստանի միջև սահմանային գիծը: Անշուշտ, սահմանները երբեմն փոփոխվում էին, ու նույն Օրբելյանը Սյունիքին արևելքից մերձակա Աղվանքի սահմանի մասին գրում է. «Առանձնացվում է նաև Աղվանքի սահմանը` Ռմբաձորը, Ծար գավառը, Աղահեճը, որը հատում է Աղավնո գետը` մինչև Քարավազի կամուրջը…»: Բերձորի ստորոտով հոսող գետը անվանվել է Հագարի: Կասկած չկա, որ Հագարին նույն Հակառուի դեռևս միջնադարում աղավաղված ձևն է: Կարծում եմ, որ գետերը իրավունք ունեն վերստանալու իրենց իսկական անունները: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ Ծիծեռնավանք անունով կոչվող գյուղը ստանա իր իրական Արքուգետ անունը, որը վկայվում է Մ. Կաղանկատվացու պատմությունում. «…գայ իջանէ յԱղահեճ գաւառ` յավան մի` Արքուգետ կոչեցեալ, և իսկոյն հրամայե այրել զեկեղեցին, որ սրբոյն Գրիգորի էր անուանադրեալ»: Գրիգոր Լուսավորչի անունով եկեղեցին Աղահեճ գավառում Ծիծեռնավանքի եկեղեցին է:
Քանի որ խոսք գնաց Աղավնո և Հակառու գետերի մասին, ապա արժե ճշգրտել մի հնավայրի տեղանունը, որը թյուրիմացաբար աղավաղվել է: Խոսքը Բարկուշատ ամրոցի մասին է, որը, ըստ Ստ. Օրբելյանի, կապվում է Աղվանից Վաչական Բարեպաշտ թագավորի անվան հետ: Արցախի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների պետական կադաստրում որպես Բարկուշատի ամրոց է նշված ուշ միջնադարյան մի ամրոց, որն ըստ ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի «Արցախի նորահայտ ամրոցների ուսումնասիրություն» թեմայի շրջանակներում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտահետազոտական խմբի (Գ. Սարգսյան, Բ. Կարապետյան, Ն. Դավթյան, Լ. Մկրտչյան) հանգամանալի ուսումնասիրության, վաղ միջնադարի շերտ չի պարունակում և չի կարող առնչվել V դարի հայ նշանավոր պետական գործիչ, Աղվանքի Վաչական Գ Բարեպաշտ թագավորի անվան հետ: Հետազոտական խումբը հայտնաբերել է Բարկուշատ ամրոցի իսկական տեղը, որին նույն պետական կադաստրում անհիմն կերպով տրվել է Քուրդիկ անվանումը: Ի դեպ, նորահայտ ամրոցների մեծ մասի անունները արցախյան կադաստրում կնքվել են ամրոցներին մերձակա ադրբեջանական ժամանակաշրջանի գյուղերի անուններով, չնայած երեքհազարամյա ամրոցները այդտեղ գաղթած ու նստակյաց դարձած քրդերի կամ թուրքմենների հետ կապ ունենալ չէին կարող:
Ըստ Սյունյաց պատմիչի` Բարկուշատ ամրոցում են հաստատվել Աղվանից թագավոր Վաչականն ու նրան փեսայացած Պարսից արքայից արքա Կավատի եղբայր Աբլ Աբասը: Անշուշտ, վաղ միջնադարից մինչև Սյունիքի ժամանակները Պարսից արքայի եղբոր անունը խառնվել է արաբներին յուրահատուկ անվան հետ ու արաբական երանգ ստացել: Պատմիչը գրում է մի առասպել այս Աբլի մասին: Հայտնի է, որ պալատական հեղաշրջման շնորհիվ արքայից արքա Կավատին 496 թ. փոխարինում է նրա եղբայր Ջամասպը (496-499 թթ.): Արևելյան հոների օգնությամբ Կավատը իր թշնամի եղբորից գրավում է Պարսից արքայական աթոռը: Անշուշտ, Կավատը գահին տիրանալով չի հանգստանում ու սկսում է հալածանքները Ջամասպի ու նրա կողմնակիցների նկատմամբ: Պատմական աղբյուրները լռում եմ Ջամասպի ճակատագրի մասին: Սա, փախչելով հետապնդումից, հայտնվում է Արցախում, պաշտպանություն խնդրում Աղվանքի թագավոր Վաչականից, քրիստոնեություն ընդունում: Վաչականյան թագավորները մայրական կողմից տոհմակից են Սասանյաններին, քանի որ Աղվանից թագավորներից յուրաքանչյուրը, սկսած Վաչական Քաջից (287-300 թթ.), Տիզբոնում թագադրվում է, պսակվում արքայից արքայի դստեր հետ ու վերադառնում հայրենիք:
Աբլ-Ջամասպը պսակվում է թագավորի դստեր` Խոնչիկի հետ: Իր փեսայի հետքերը կորցնելու նպատակով Վաչականը Սյունյաց իշխանից ձեռք է բերում Բարգուշատ ամրոցը իր շրջակա հինգ գյուղերով, ստեղծում հարուստ տնտեսություն: Պատմիչը գրում է. «Տնտեսությունն էր փարթամացած, որովհետև ուներ հազար խոշոր եղջերավոր անասուն, տաս­­ներկու հազար ոչխար, յոթ հարյուր ուղտ, վեց հարյուր ձի, հարյուր յոթանասուն էշ»: Ամրոցի տարածքում գեղատեսիլ լճակ կար, որը ողջ տարին ամրոցի բնակիչներին ու անասուններին ապահովում էր խմելու ջրով: Ըստ երևույթին, Կավատը տեղեկանում է իր եղբոր թաքնվելու վայրի և նրան Վաչականի հովանավորության մասին և հրամայում է սպանել թե՛ Պարսից գահին հավակնող իր եղբորը և թե՛ Վաչական թագավորին: Այս ամրոցն ունի վաղ միջնադարի շերտ: Հայտնի է, որ ուշ միջնադարում Բարկուշատի ամրոցում էր հանգրվանել Պարսից Ֆաթալի խանը:
Հետազոտական խումբը Հակառու գետի վրա մ.թ.ա. IX-VII դդ. ամրոցում հայտնաբերել է Հայկական լեռնաշխարհին ոչ յուրահատուկ հսկայական զիկուրատ-բուրգ, որն ավարտվում է տաճարով: Կադաստրում ամրագրված Ամրոցի մերձակա Միրիկ գյուղի անվան փոխարեն Աղահեճ կոչելու առաջարկը «սվիններով» դիմավորեցին գիտական հիմնարկների ղեկավարները: Աղահեճքը որպես գավառ հիշատակվում է Սյունիքի հարկացուցակում, սակայն բացակայում է նրա Աղահեճ կենտրոնը: Միրիկի անունը կրող ամրոցի պեղումներն ու մի շարք այլ բնութագրեր անհերքելիորեն հաստատեցին, որ այն գոյություն է ունեցել մ.թ.ա. IX-VII դդ.: Հավանաբար, ավերիչ երկրաշարժից հետո դադարել է նրա գոյությունը: Այստեղ հայտնաբերված տաճար-զիկուրատի ու մյուս կառույցների մասշտաբը մեզ համոզում է, որ այս ամրոցը հանդիսացել է շրջակայքի ամրոցային համակարգի ու բնակավայրերի վարչական և հոգևոր կենտրոնը: Գիտական ղեկավարությունը նույն կերպ ընդունեց տաճար-զիկուրատի մասին տեղեկությունը, պնդելով, որ այն Հայկական լեռնաշխարհին խորթ մշակույթ է: Սակայն այն կա: Դա անհերքելի փաստ է: Այդ մասին նույնիսկ ֆիլմ է նկարահանվել, որի շնորհանդեսը տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Հնարավոր է, որ երեք հազարամյակ առաջ Միջագետքից մի հալածյալ թագավոր, համաձայնության գալով երկրի տերերի հետ, իր մերձավորներով այստեղ է հանգրվանել, ժայռերից ազատել, հարթեցրել տարածքը, հիմնել է իր փոքրիկ թագավորությունը, իսկ ազատված քարերով 42 աստիճան թեքության վրա 70 մ երկարության և 8 մ լայնքով կիկլոպյան շարվածքով կառուցել է միջագետքյան մշակույթին հարազատ տաճարով ավարտվող աստիճանավանդակը: Շուրջ տասը հազար տոննա ծավալով քարապատ կառույցը անպայման պետության գործ է: Զիկուրատի լայնանիստ հարթակները ծիսական նշանակություն են ունեցել: Ամեն մի հարթակ նվիրված էր մեկ աստծու, իսկ տաճարը, որով ավարտվում է աստիճանավանդակը, նվիրված պետք է լիներ Միհր-Արևին:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շատ գիտնականներ համառորեն շարունակում են Վաչականյանների թագավորական տան նստավայր Դիտականը այլ վայրերում որոնել: Նրանք մե՛կ այն տանում են Կուր գետի ձախա­փնյակը, մե՛կ բերում Թալիշ գյուղի մոտ: Իսկ իրականում այն Տրտու գետի աջ ափին է, հանրահայտ Ջրաբերդի դեմ դիմաց, որի մասին մանրամասներ է հայտնում Մակար Բարխուդարյանը: Աղվանքի պատմությունն ուսումնասիրող գիտնականներից մեկը վերջերս ինձնից ներողություն խնդրեց Դիտականի գտնվելու մասին իր գրքերում և դոկտորական թեզի մեջ սխալ տեղեկություններ գրելու համար և հայտնեց, որ ընդունում է իմ տեսակետը: Մենք պարտավոր ենք պատմական ճշմարտությունը հայտնի դարձնել գիտական աշխարհին, քանի որ այն առնչվում է վաղ միջնադարում հայոց երկրորդ պետության` Աղվանից թագավորության կենտրոնի` Դիտական քաղաքի հետ: Նման ճակատագրի է արժանացել V դարի վերջին Վաչական Գ թագավորի կողմից Սահմանադրական ժողով գումարելու վայրը: Մեր ուսումնասիրողները այն տանում են Կուրի ձախակողմը: Իսկ իրականում այն չէր կարող Դիտականից հեռու լինել: Բագրատ Ուլուբաբյանը այն տեղադրում է Դիտականի հարևանությամբ Տոնաշեն գյուղի տարածքում: Մովսես Կաղանկատվացու պատմությունում ասվում է. «…ի մեծ ժողովն Դիւտականու»: Այն հանգամանքը, որ արքայական նստավայր Դիտականը, հակառակ շատ ուսումնասիրողների, գտնվում է Տրտու (Թարթառ) գետի ափին, բյուզանդական զորքի Աղվանքում ձմեռելու առիթով հաստատում է Աղվանից պատմության հեղինակը. «Եւ անտի չուեալ բանակեցան առ հեղեղատովն Տրտ­ուայ` մոտ ի գիւղն Դիւտական»: Տրտու գետի հեղեղատը սկսվում է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից: Իսկ Դիտականը գտնվում է Կարապետանց Քար կամ Կաթողիկոսասար լեռան փեշին` Մեծ Շեն և Մաղավուզ գյուղերի մոտ: Ժողովուրդը պահպանել է այդ վայրի «Մայրաքաղաք» անվանումը: Իսկ Սահմանադրական կանոնների ընդունման առիթով Կաղանկատվացին գրում է. «Սահմանադրութիւն կանոնական ի Վաչագանայ` յԱղուանից արքայէ, եղեալ ի ժողովոյն, որ յԱղվենն եղեւ»:
Տեղանունների հետ կապված օրինակներ շատ կարելի է բերել, որոնք ճշգրտելու և ազգային ավանդական արմատներին բերելու կարիք ունեն: Այն կնպաստի մեր ինքնության ամրապնդմանը, որն էլ երկրի համար ռազմավարական նշանակություն ունի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։