ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծուհի Անուշ Վարդանյանին ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Մենք
Արդյոք ուր մնաց, մոլորվեց, խճճվեց մենքը…
Մի պահի, մի հրաշալի պահի ես և դու դարձանք
Մենք։
Երբ ջահել էինք, ընտանիք բառն անգամ թվում էր բանալ և տաղտուկ։
Ուսանողական թոհն ու բոհը, ֆիլմերը, գրքերը,
գգվանքները համալսարանի այգու
Նստարանին…
Ամենը այնքան լեցուն էր և չպարտադրող,
Թվում էր` կարելի է այդպես ապրել հավերժ…
Բայց մանկան ճիչն ու հոգսերը կենցաղի…
Բարդ էին հոգեվիճակի համար մանկամարդ կնոջ…
Հետո մեր տունը, աշխատանքը, ընկերուհիները, և
Կախարդական փայտիկի շնորհիվ դարձանք
Մենք։
Մենք և մեր զավակները։
Այսօր պակասել է աղմուկը տան։
Ես և դու առերեսվում ենք։
Պետք է գտնել, գտնել ոսկի ու արծաթ
Թելերը և խճճել ու ագուցել
Առօրյան։
Տունը, տունը, որ պահում է որդիների, հարսների, թոռների ջերմ աղմուկը,
Հանկարծ մնացել է մեր հույսին։
Կատուն ճանկռում է դուռը,
Սովել է։
ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Օձաճապուկ, ոլորապտույտ
Գալարումներով
Հոսում է գետը սիրո:
Նրա ջրից խմողը չի էլ փորձում
Քննելու, թե ով է առարկան իր սիրո:
Սերն ընդառաջ է գնում նրան և
Դիմավորում որպես մունետիկ:
Որպես մշտաթարմ զգացմունք.
Անմոռաց պահերի զեղումներ:
Բազմախոստում ընծաներ…
Կախարդական օղակից սիրո
Ծածանվում են վարսերը սև,
Խեղդում պարանոցը այրական…
Բզեզների նման անշարժացած:
Շունչները պահած` նրանք
Հետևում են կախարդանքին այն,
Որ ստեղծում է սերը.
ՎԵՐԱԿԵՐՏԵԼՈՎ ՏԱՐՐԵՐԸ
ՄԱՐՄՆԻ…
ԴԱ ՊԱՏԱՀԵՑ ԻՆՁ ՀԵՏ
Դա պատահեց ինձ հետ երազում,
Թռա ճերմակ կարապի ճապուկ թռիչքով
Դեպի քեզ, քեզ դեպի,
Սեր իմ։
Դա պատահեց ինձ հետ իրականում`
Թռար դեպ ինձ անուրջների միջով,
Եվ սպիտակ ամպերի կույտից հառնեց
Ինքնաթիռը Տու ինչ-որ,
Նրա թևերով եկավ սերը իմ`
Ձիգ կեցվածքը, դեմքը սիրելի,
Մազերն արդեն ճերմակ,
Բայց ոչինչ, ես էլ այն նուրբ աղջիկը չեմ,
Մեր ջահելությունը անցյալ
Հեռվից նայում է հավատով,
Պահել ենք սերը, սերը անանց`
Հրե առանցքը, որի շուրջ պտտվում է
Մոլորակը երկիր։
Ոչինչ չի մնում անհետք,
Դավաճանություն, խենթ գիշերներ,
Արցունք ու հրաժեշտ,
Բայց անուրջները իրենց մշուշոտ ափից
Բաց չեն թողնում մեր սերը
Սերը մեր…
Օ՜, ՍԻՐԵԼԻՍ
Նորավանքի կամարները
Հոգիս տանում են երկինք,
Սիրտս այրող
Սիրո կրակները
Վերակերտում են տարրերը
Մարմնի…
Ոչինչ չի ստեղծվում
առանց սիրո,
Այլ՝ ավերվում է
Ամենայն ինչ
Արևի պայծառ սկավառակին
Չես տարբերի գծերը մութ։
Պետք չէ դնել
Ածխե ակնոց,
Օ՜, սիրելիս…
ՍԱՐՅԱՆԻ ՉԱՐԵՆՑԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ
Չարենցի դեմքը, աչքերը վառվռուն,
Եվ դիմակը եգիպտական…
Աչքերի կտրվածքը` անշարժ, մեռած հայացքը։
Ես վախենում եմ նայել գեղանկարին։
Արվեստագետը տեսանող
Բացահայտել է հոգին,
Բոցավառ հոգին` վիրավոր
Պոետի,
Եվ աշխարհի դաժան դեմքը, մռայլ ու
Անշունչ։
Օ՜, ես սարսափում եմ նայել
Հոգուս խորքը
Խոցված։
ՍԻՐՈ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Չգիտեմ, կա՞ արդյոք
Լուռ սեր:
Բայց գիտեմ լռության մասին,
Որ իջնում է երկուսի միջև,
Այն թանձր է, անգույն՝
Մուժ մառախուղի հանգույն՝
Հանց
Պարիսպ Չիանական
Ամուր է պատն այն,
Իսկ նրանից անդին
Մնում են երեխաներ չծնված,
Խոսքեր չասված,
Եվ համբույրներ՝ անգո:
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Գարուն է… թռչունները անցնում են
քառսուն երկրից դեպ բնօրրանը,
բարդիները երկրի նաիրյան,
ջրերը տաքուկ Արաքս գետի,
Հյուսիսի սառը ջրերից ձկները ազնվացեղ
Լողում են հոսանքին հակառակ՝
Ձվադրելու ձկնկիթները կարմիր.
Խայտում են ջրերում վտառները աշխույժ.
Շուտով լողալու են մի ծովից մյուսը…
Միջերկրանի ջերմ ջրերը հարազատ են
և ծովում Էգեյան և ջրանցքում Սուեզ…
ՍԱՀՄԱՆՆԵՐ,
արգելքներ, անձնագրեր…
Որպես կապանքներ խիստ ստեղծել ենք մենք
Օ, մարդ բանական:
ՎԱԶՔ
փախչել, փախչել դեպ անհայտը…
վազք, վազք, համաչափ միատոն.
փախուստ կեղծ ժպիտներից.
թունավոր ձեռքսեղմումներից.
վազք, վազք.
շունչ, արտաշունչ…
այնտեղ, հորիզոնից անդին
լուսաբացը բոսորագույն
կսփոփի փերթ-փերթ արյունած
սիրտն իմ, հոգին վիրավոր…
վազք, վազք՝ կամ գլխապատառ,
կամ մոնոտոն…
գլուխս քամիները թափ կտան.
մութ մտքերը կցրվեն
գլուխս կնմանի թեթև, անկշիռ
փետուրի.
բերանս կբացվի լուռ ճիչից ասես
ցամաք նետված ոսկե ձուկ…
փախուստը կատարյալ է.
փախուստ՝
ինքս ինձնից:
ԿԱՐՈՏԱԽՏ
Արդյո՞ք հեշտ է լինել հայ,
Ապրել դարում ցիվիլ,
Ահավոր փոքրացա՛ծ աշխարհում այս,
Երբ փռշտում է արաբ ղեկավարը,
Ամերիկյան հրեան ճչում է.
– Դա դավադրությո՜ւն է…
Ինչպե՞ս հավասարվել մի շարքում կանգնած
Սեմի, Քամի, Հաբեթի սերունդներին,
Եվ բացատրել, որ յուրաքանչյուր հայի
Ճնշում է ոչ միայն սնդիկի սյունը,
Այլև հիշողությունը հիվանդ՝
Անցյալ-անկատար…
Մայրաքաղաքի պատին հպվելու՝
Ածանցված հողի կարոտից
Արտամետի խնձորն ու Վանի տառեխը
Ըմբոշխնելու անիրական պահանջմունքից:
ՀՈՒՅԶ
Արթնանում եմ լույսից երկնի կապտաճերմակ,
ՀՈԳԻՍ թրթռում է կրծքիս մեջ.
Ուզում է դուրս թռչել հանց
Չալպուտուրիկ վայրի բադը,
Ով Հայաստան աշխարհ՝ և հին, և նոր,
Ուզում եմ ըմպել սառնորակ ջրերից քո.
Հասնել սահմաններիդ անվերջ,
ժամանակի ու տարածության մեջ
Դառնալ կաշվե, ամուր գոտի կամ
Ծիածանե կամուրջ ներկա-անցյալի մեջ.
Ահա, այդ ես եմ, քո՛ զավակը.
Վանեցի Արփենիկի և Միսակի դուստրը.
Ապրում եմ երկնառաք Արարատի
Դեմ հանդիման.
ԲՈԼՈՐ ժամանակներում հողդ սրբազան է.
Ասես շագրենի կաշի, փոքրացել և դարձել է մի բռունցքի չափ.
Կգա օրը և թափ կտանք ժամանակների
Փոշին ու մոխիրը.
Կհագնենք թագավորական մետաքս ու բեհեզ,
Ոսկյա ու արծաթե ապարանջանն ու ապարոշը Տիգրան արքայի կզարդարի մեր
Ճակատը, և հայոց ազգն մեծաց կգտնի կորսված քարտեզները և ասքերը.
Տեր կդառնա
իր փառավոր
ՃԱԿԱՏԱԳՐԻՆ:
ՆԱՎԸ ԼՈՂՈՒՄ Է
Եվ նավը լողում է, նավը
Ֆելինիի…
Եվ լողում է լաստը, լաստը Նոյի…
Այնտեղ հավաքված են թե՛ մարդիկ,
Թե՛ հույզերը նրանց,
խարդավանքները:
Պանդորայի արկղը բաց է,
և արատները բոլոր
Նավի վրա են,
Եվ նավը լողում է,
Նավը մարդկության:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՎԻՊԱԿՆԵՐՈՒՄ
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
Անուշ Վարդանյանը հիանալի մանկագիր է, «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիրը, նաև իր խիստ ինքնատիպ ասելիքն ունեցող բանաստեղծուհի: Նրա գրվածքներում որոշակի են կյանքի այսօրվա խնդիրներից ծնված մտքերը, հոգեբանական դիտարկումները, աշխարհի տարբեր երկրներից ստացած իր տպավորությունները:
Ժամանակակից հայ կնոջ կերպարն ենք տեսնում Անուշ Վարդանյանի նոր վիպակում, որի գործողությունները տեղի են ունենում Փարիզում՝ աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներից մեկում: Ովքեր եղել են Փարիզում, կվկայեն, թե ինչ հետաքրքիր սրճարաններ կան այնտեղ, որոնց մուտքի շեմին ոսկեգույն մետաղյա տառերով գրված են շատ նշանավոր գրողների, արվեստագետների անուններ: Ի վերջո, Փարիզից ոչ շատ հեռու է գտնվում Լյուդովիկոս XIV-ի կառուցած Վերսալի պալատն՝ իր հռչակավոր այգով ու հուշարձաններով: Ահա հայ մտավորական կինը հայտնվել է Փարիզում: Նա ծանոթ է ֆրանսիական գրականությանը, նա զարգացած կին է, գիտի, թե ինչ է ասել Էռնեստ Հեմինգուեյը Փարիզի մասին՝ «Տոն, որ միշտ քեզ հետ է»:
Անուշ Վարդանյանի «Կինը» վիպակի շնորհիվ կարելի է տեսնել Փարիզի տեսարժան վայրերը, վերհիշել ֆրանսիացի ու ֆրանսահայ արվեստագետներին, այցելել նշանավոր վանքերը, զգալ Փարիզի մթնոլորտը:
Նուրբ դիտողականությամբ հեղինակը ներկայացնում է, թե ինչու հայերը հոգեբանի չեն դիմում իրենց ծանր ապրումներից ազատվելու համար: Երևույթ, որ խիստ տարածված է հատկապես Արևմուտքում և ԱՄՆ-ում: «Ես գիտեմ, թե ինչու հայերը պսիխովերլուծողի կարիք չեն ունենա, ընկեր-ընկերուհիների մոտ կարելի է բացել հոգին, և ինչը անհնար է մորը պատմելը, կարելի է ասել ընկերոջը»: Սա ազգային բնավորության կարևոր դիտարկում է:
Վիպակում հիմնավորվում է, թե ինչու քառասունն անց մտավորական կինը ըստ Ավետարանի փորձում է ճանաչել ինքն իրեն և ապա՝ ողջ աշխարհը:
«Կինը» վիպակը կարդացվում է մեկ շնչով և իր գեղարվեստական նորաձևությամբ ու տեղեկատվական հարստությամբ արտասահմանում կդառնար բեստսելլեր և կարժանանար մրցանակի: Վիպակում տեսնում ենք «Օլիմպիա» հռչակավոր համերգասրահը, Մոնմարտրը, Շանզ Էլիզեն, Ռեպուբլիկ հրապարակը: Կարծես թե լսում ենք Շառլ Ազնավուրի, Էդիթ Պիաֆի, Ժակ Բրելի երգերը:
Հայտնի է, որ Ֆրանսիայում սկիզբ առած գերիրապաշտները գրականության, նկարչության, քանդակագործության, երաժշտության, կինոյի մեջ մեծ տեղ տվեցին մարդու երազներին ու իրենց գործերը ներկայացրին երազային ընկալումներով: Վիպակի 16-րդ դրվագում Անուշ Վարդանյանը ներկայացնում է երազի իր հետաքրքիր ընկալումը, որը ձգվում է Եզնիկ Կողբացուց մինչև գերիրապաշտություն: Վիպակը լի է իմաստալից դիտարկումներով:
Հիանալի նկատում է. «Նրանք ընկան» երգն Ազնավուրը, Կառվարենցը, Լեգրանը, Մանուշյանը Ֆրանսիա հզոր երկիրը կապեցին Հայաստան աշխարհին ոսկեհյուս կապերով»:
Շրջելով Փարիզում՝ կինը շարունակ իր հայրենիքի ու իր արմատների հետ է: Նա հիշում է հայ մեծերին, որոնց թաղման ապշեցուցիչ թափորներն անմոռանալի են՝ Շիրազ, Փարաջանով, Գոհար Գասպարյան: Նրանք Հայաստանի փառքերից էին:
Գրքի երկրորդ հատվածը քննում է ազգային ճակատագրի խնդիրը՝ Հայոց ցեղասպանությունը, որն անհնար է մոռանալ: Գրողը հիշում է Աստվածաշնչի Հին Կտակարանի պատգամը՝ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման…», ինչպես նաև մեր էպոսի Դավթի՝ Կոզբադնին դաժանորեն պատժելը: Անուշ Վարդանյանը՝ որպես հայ կին, պատրաստ է ամեն ինչ անել, որ ցեղասպանության դաժան խարանն այլևս չդաջվի հայ ազգի ճակատին:
Հայ կնոջ ընտանեսիրությունը, զավակներին և ամուսնուն նվիրվածությունը, որպես ազգային նկարագրի բնորոշ գիծ, նույնպես շեշտված է Անուշ Վարդանյանի գրվածքում:
Գիրքն ավարտվում է «Տղան» վիպակով, որում իրական ձևով պատկերված են հայ տղայի լավագույն գծերը:
Հին Երևանում, որտեղ ծնվել է Արման հայ տղան, երեխաներն արտոնյալ դաս էին, հարևանները միմյանց նկատմամբ սրտացավ էին, տան դռները համարյա չէին կողպվում, մի երևույթ, որին այսօր դժվար է հավատալ: Մանկությունն այնքան երջանիկ էր, որ նմանվում էր դրախտի: Տղան մեծանում է ջերմության ու հոգատարության մեջ, և Արփիկ տատը մեծացած Արմանին նվիրում է թանկարժեք համակարգիչ: Տղան հասակ է առնում արվեստի աշխարհի հրաշալիքներին ծանոթանալով և սիրում է դիտել Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը Գրիգորովիչի բեմադրությամբ: Համակարգիչը կնպաստեր ընդունակ Արմանին՝ իր երազանքներն իրագործել գյուտերի ձևով:
Արմանի երազանքը Տիգրան Մեծն էր:
Տղան հրաշալի գիտեր հայ ժողովրդի պատմությունը և պաշտում էր Հայ Առաքելական եկեղեցին, որի նկատմամբ սերը ներշնչել էր նրա տատիկը: Արմանը սիրում էր մեր ոսկեղենիկ գրաբարը, Գրիգոր Նարեկացուն և, հետևելով Էռնեստ Հեմինգուեյին, գրում էր պատմվածքներ:
Անուշ Վարդանյանի «Կինը» ժողովածուն լույսով, լավատեսությամբ լի գիրք է, որում հայ կինն ու հայկական ընտանիքը ներկայացված են իրենց ողջ գեղեցկությամբ:
Բաց նամակ Անուշ Վարդանյանին՝
նոր գրքերի ծննդյան առթիվ
ԽՈՍՈՒՄ Է «ՍԻՐՈ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»
Միանգամից ընծայագիր երկու գիրք. մեկը բանաստեղծությունների ժողովածու` «Սիրո լռություն», մյուսը՝ արձակ` «Կինը»: Վերջապես արձակի դռներից էլ ներս մտար, Անուշ քույրիկ, թեև ինչո՞ւ, արձակում արդեն մուտք էիր գործել դեռևս 2009-ին` «Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթը» մանկական գրքով, որն արժանացավ ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակին: Հետագա տարիներին հեղինակել ես նաև մի քանի այլ արձակ գրքեր: Եվ հիմա ի՞նչ, «Սիրո լռությո՞ւն»: Այս ի՞նչ խորագիր ես ընտրել բանաստեղծական նոր ժողովածուիդ համար. «Սիրո լռություն», այն էլ՝ նախորդ` «Սիրո այբուբեն» (2004), նաև «Սիրո արտոնագիր» ու «Սիրո մայրցամաք», նաև «Սիրո պողոտա» և աշխարհով մեկ սիրո այսպիսի՜ հրավառությունից հետո… «Սիրո լռությո՞ւն»: Ո՞վ չգիտի, որ աշխարհում և՛ լուռ սեր կա, և՛ սիրո լուռ խոստովանություն, բայց… Ես մեր ժամանակակից պոեզիայում, համենայն դեպս, չգիտեմ մեկ ուրիշ բանաստեղծուհու, որ սիրո այսպիսի՜ թռիչքներ ունենա, սիրո այսպիսի՜ «աշխարհագրություն» և ծիածանի յոթ շողարձակումներով այսպիսի՜ շքեղ ներկայություն մեր կյանքում: Ավելի քան քսանամյա ժամանակի մեջ սիրո ինչպիսի՜ գունագեղ ու ներհուն մի աշխարհ ես մեզ` ընթերցողներիս պարգևել, և դեռ հազար ու մի անհայտ կածանով անցնելու հրճվանք է սպասվում: Չէ՛, երբ խոսքը սիրո մասին է, դու լռել չես կարող, թեև ընդհանրապես «բանաստեղծությունը քեզ համար կյանքին կապող շնչառություն է», սերը` առավելապես: Եվ ասքանից հետո դեռ տարակուսո՞ւմ ես.
Չգիտեմ, կա՞ արդյոք//Լուռ սեր.//Բայց գիտեմ լռության մասին,//Որ իջնում է երկուսի միջև://Այն թանձր է, անգույն,//Մուժ-մառախուղի հանգույն`//Հանց պարիսպ Չիանական://Ամուր է պատն այն,//Իսկ նրանից անդին//Մնում են երեխաներ չծնված,//Խոսքեր չասված//Եվ համբույրներ` անգո…
Դե՛, Անուշ ջան, արդեն համոզեցիր, որ կարող է լինել նաև սիրո լռություն, երբ միայն «ես ու դու ենք, իսկ զանգի արծաթահունչ ձայնը սիրո հնչյուններն են` բրոնզ ու ոսկի»: Եվ ուրեմն, հաճախ սիրո լռությունն ավելի խոսուն կարող է լինել, քան` աշխարհով մեկ նրա բարձրաձայնումը: Եվ այս գրքում էլ բացելով սիրո տիեզերական աշխարհի «տաք դռները»` մեզ ավանդում ես սիրո քո անսպառ «դասերը» և ամեն էջից ունկնդրում հոգու և սրտի խորաններից ճառագող սիրո նվագները` «Օ՜, սիրելիս», «Երազն` ինչպես կյանք», «Սիրո քաղց», «Քո միջոցով դեպի ինձ», «Սիրո քրմուհին», «Բաժանում», «Սպասում», նախորդ գրքերից ներառված` «Սիրո մայրցամաք», «Սիրո այբուբեն» խոսուն խորագրեր, ու նաև թանկ ու լուսավոր հիշողություններ «սիրո քաղաքներ» Փարիզում, Բարսելոնայում և այլուր կատարած զբոսաշրջիկային այցերից: Սիրո երգեր` ամեն մեկը սրտից ճառագայթող մի թրթիռ, մի երազ, մի տենչանք, մի բերկրանք, նաև` մի ցավագին հառաչ, նաև` սեր` ծնողաց, մերձավորների հանդեպ, աշխարհի ու մարդու հանդեպ, սեր` առանց պատերազմի, առանց բռնության: Նաև` սիրո մասին հեղինակային այսպիսի ասացվածքներ` «Սիրո համար պատերազմն սկսվում է առաջին ակնթարթից: Երնե՜կ նրան, ով չի պարտվում այդ աննահանջ կռվից», «Հիանալ ծիածանով, լսել Մոցարտ, զգալ մետաքսի նրբությունը, թավշյա ծիրանի համը, վարդի բույրը զգալ, միով բանիվ, հինգ զգայարաններ, սիրո հինգ ակունք…»:
Քո «Ծիծեռնակին» երկար տարիներ աշխատակցելիս ականատես եմ եղել այն հուզախռով ապրումներին, հոգեկան տվայտանքների ելևէջներին, որոնց արդյունքում ծնվել են քո «սիրո գրքերը»:
Հարյուր հիսուն էջերում շքեղապատկերներով ծիածանված սիրո երգերից գոնե այս մեկը չմեջբերե՞մ.
Մեզանից հետո կմնա աշխարհը,//Աշխարհը, որ չկար մինչ սերը մեր://Կատարյալ ու գեղեցիկ//Երկիրն այդ չկար, մինչ հանդիպումը մեր`//Պատահական://Սիրո մայրցամաքում, հանց լճակում զմրուխտ,//Լողում էինք որպես արքայական երկու կարապ,//Նրանց հեզանազ սահքից ալիքվում էին//Սիրո գետերը, երազներն արծաթազօծ,//Մատանին` որպես տիեզերական//Անհունությունը զսպող էակ,//Այրում է մատն իմ, ցավում է հոգիս,//Մեզանից հետո կմնա աշխարհը,//Աշխարհը, որ արարել էր մեր սերը տաք…
Եվ քո անվերջանալի, հարատևող սիրո նվագների «ներսում» թրթռում են ազգի ցավերով ու տագնապներով ապրող քաղաքացի-բանաստեղծուհու սիրտը, երկրի ճակատագրի նորօրյա հավատավորի ապագա տեսլականով` նաև «Շարժման արևը», «Հարյուր տարի առանց քեզ» գրքերում:
Սիրով` Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր
