***
Անկումներից պրծնել չէին կարող,
Ես լոտոսի թերթին իջա՝ որպես
Աստծո երանելի թափահարվող՝
Մկրատապոչ, թիթեռ կամ էլ՝ բզեզ:
Իմ սիրելին այնքան հեշտ շրջանցեց
Տարածության հոգսն ու ժամանակի,
Նրա հոգու լույսն են բռնագանձել
Թափթփուկներն այստեղ՝ միշտ տարագիր:
Հեռուների հեռվից ձեզ մոտ եկա՝
Մարդուն հայտնի ամենահին թվից,
Որ շնչովս փրկեմ մեռնող ներկան՝
Ժամանակը գցած իմ հետևից:
***
Ես քեզանից ոչինչ չեմ սպասել,
Դու ինձ ոչինչ, ոչի՜նչ չունես տալու,
Փորձությունն այս հոգին կոփող դաս էր,
Եվ ես գունատ չէի, կյանքն էր դալուկ:
Տողատակից սահող լույսի նման
Իմ պատռված սիրտը քեզ եմ պարզել՝
Գրկիդ պտուղները որ քաղցրանան՝
Երգերիցս առած բերկրանք ու սեր:
Ոչի՛նչ, որ ճար չունես իմ բաց վերքին,
Վաղու՜ց անհաղորդ ես՝ ցավիս, դողիս.
Գոնե ձեռքդ քաշիր, Հայրենի՛ք իմ,
Ու մի սեղմիր մատդ շնչափողիս:
***
Մի տկլոր կարոտ է վերվարում,
Անունը երևի Գարուն է,
Ժպիտը ջրերի հայելում
Իմ խամրող աչքերին փայլում է,
Որպես հին ցավերին հավելում՝
Նորից բուն խավարում վայու՜մ է,
Կյանք չկա իմ սիրո վայրերում-
Արյու՛ն է, արյու՛ն է, արյու՛ն է…
***
Ես հիմա ի՞նչ անեմ,
Երբ իմ ամենաթանկ երազները
Շարել եմ սրտիդ մատնեմատին
Եվ ուսերիս փողփողում է
Վեներայի թիկնոցը:
Ես հիմա ի՞նչ անեմ,
Երբ բոլոր աստղերը նվիրել եմ քեզ,
Եվ կողոպտված երկինքը
Շանթահար լալիս է օր ու գիշեր՝
Խաղալիքները կորցրած երեխայի նման:
Ես հիմա ի՞նչ անեմ,
Երբ քեզ սիրել, վերջացրել եմ
Եվ մոլորակը գրպանս գցած՝
Սուլելով անցնում եմ մաշված ուղեծրով:
Ես հիմա ի՞նչ անեմ,
Որ ողջ մարդկության սիրո բաժինն
Ամբողջությամբ քեզ տվեցի
Եվ նրանք դատարկության մեջ չարացած
Պատերազմում են անսեր:
Ես հիմա ի՞նչ անեմ,
Որ այս տողերը գրելու ընթացքում
Անսահման կարոտեցի քեզ
Ու սուրում եմ քեզ մոտ՝
Անկասելի երկնաքարի նման,
Թեև գիտեմ, որ այս ճաքճքած գունդն
Այլևս չի դիմանա
Եվ փշուր-փշուր կլինի
Ահագնացող կենսազարկերից:
***
Իմ անունը մեկ-մեկ հիշիր,
Ու ես քեզնից գոհ կմնամ,
Ճամփա կընկնեմ կեսգիշերով՝
Հեռու՜ աստղիս մոտ կգնամ:
Լույսերի մեջ երազեցի,
Արթնացա՝ երբ մութ էր արդեն,
Ես եմ ու իմ թևավոր ձին,
Ու բան չկա, որ կարոտեմ –
Դարձան անշունչ քարե արձան՝
Մեր սրտերում ինչ ունեինք,
Գնացին ու ետ չդարձան
Օրերը, ուր սիրուն էինք:
Իմ անունը մեկ-մեկ հիշիր,
Ու ես քեզնից գոհ կմնամ,
Կցողվեմ մեր տաք հուշերով՝
Կլիանա՜մ, կլիանա՜մ…
ՀԵՔԻԱԹԻ ՇՆՉՈՎ
Ո՞վ էր, ասաց՝ արի, և առջևից գնաց-
Խի՜նդ էր, ցնծությու՜ն էր, երա՜զ էր, ձյու՜ն…
Ճերմակ սավանի տակ հեքիաթներ են քնած,
Լուսե անուրջներ են ու մանկություն…
Մի քիչ վար գնացինք ու վերևով տարավ,
Մի քիչ աջ գնացինք, մի քիչ էլ՝ ձախ,
Որ կողմ նայում էի՝ լույսեր էին վարար՝
Շիթ-շիթ թափվում էին երկնքից ցած…
Մի անկյունում տեսա՝ իմ սահնակն էր դրված,
Պոպոզավոր գլխարկ, ձեռնոց բրդյա,
«Դե, սպասիր» էր մի գայլի շուրթին գրված՝
Իմ ամենասիրած մուլտֆիլմն էր դա:
Հայրս մեր բազմոցին լրագիր էր կարդում,
Մայրս թխում էր իր բլիթները համեղ,
Իսկ եղբայրս իր նոր խաղալիքն էր ջարդում՝
Ձմեռ Պապից պոկում մորուք ու բեղ…
Ուզում էի գոռա՛լ, որ եկել եմ ես տու՜ն,
Հիմա մենք բոլորով միասի՜ն ենք նորից,
Բայց, ո՛վ զարմանք, հանկարծ ինձ էլ տեսա խորքում՝
Մի անկյունում նստած, դաս սերտելիս,
Տեսա, որ աչքերս արցունքով են պատվել,
Որ չեն թողնում իջնեմ, խաղամ բակում,
Իջնող ձյունը հազա՜ր հեքիաթներ է պատմել,
Ես թաց աչքերս եմ ափով փակում:
Հանկարծ հայրս ասաց՝ գնա մի քիչ խաղա,
Մայրս ձայնեց հեռվից՝ շու՜տ կգաս տուն –
Ողջ աշխարհում չկար ինձնից ուրախ տղա,
Ձյունե հեքիաթի մեջ այդ ո՜նց էի խաղում:
Զարմանալին այն էր, որ մայրս չէր կանչում,
Որ մթնում էր արդեն ու ձայն չկար,
Ձյունը ճփճփալով ոտքերիս տակ հալչում
Եվ փռում էր շուրջս մի գորշ նկար…
Ես շրջվում եմ, որ գամ, բայց… մեր տունը չկա,
Չկան՝ հայրս, մայրս ու եղբայրս փոքրիկ…
Ո՞վ կատակեց այսպես ձյուների մեջ մի պահ
Եվ ամեն ինչ տարավ իր հետ երկինք…
Ե՛վ ձեռնոցս բրդյա, և՛ սահնակս՝ գնա՜ց,
Կիսվեց այս աշխարհը, դարձավ թերի…
Դաս սերտելու պահի տաք արցունքս մնաց
Որպես քաղցր մասունք՝ թաց աչքերիս…
***
Նա ինձ ասաց, որ ես պիտի փողկապ կրեմ,
Կաշվե բաճկոնի տեղ պիտի հագնեմ կոստյում,
Ցերեկները լռեմ,
Գիշերները գրեմ
Եվ տամ կատարելու հստակ խոստում:
Նա ինձ ասաց, որ ես էլ չպիտի հարբեմ,
Խմիչքներից թողեց՝ հյութ, լիմոնադ ու ջուր,
Անկապ ինձ հիշեցրեց, որ չափահաս մարդ եմ,
Մորս ձեռքը բռնած երեխա չեմ պուճուր:
Նա ինձ ասաց՝ իրեն ուշի – ուշով լսեմ,
Որ իր նկատելով՝ մի քիչ անորոշ եմ,
Նա ինձ ասաց՝ թեև գլխավորը ես եմ,
Բայց չպիտի կնոջ խորհուրդներից խորշեմ:
Նա խոսում էր, բայց ես չէի լսում արդեն,
Փորձում էի հիշել չար երազս պատիր,
Նա բղավեց վրաս, որ կարծիքս հայտնեմ,
Եվ ես սիրով ասի նրան… սիկտի՛ր:
***
Ինձ հուշում են, թե ինչ պիտի ասեմ,
Բայց ես բեմ ելած դերասան չէի,
Որն անփութորեն իր դերը մարսել՝
Ականջալուր է հասնող ձայներին:
Չփորձեք ուղղել կարմիր գրիչով՝
Գրավոր խոսքի վրիպակ չէի,
Հասու չի լինի ձեր գլուխը չոր
Չերևակված իմ անուրջներին:
Եվ դավով չգա՛ք իմ տարածքներին,
Սահմանը լքող դասալի՛ք չեմ ես,
Ձեր ագահության անկյանք թևերին
Պիտի ոռնալո՛վ շունչներդ փչեք:
Արարումների կրակ եմ ու հող,
Եվ մոլորակն եմ գուրգուրում մոր պես.
Ձեր անցյալը և գալիքը չափող
Մե՜ծ սիրո երկիր ՀԱՅԱՍՏԱ՛ՆՆ եմ ես:
***
Սպասում էի,
Մեկը պիտի գար
Ու մի կարևոր բան պիտի ասեր,
Այս գնդի վրա կանգնեցի երկար,
Տարիներ անցան,
Նա դեռ չի հասել:
Արտասվելու չափ ամենը սուտ է,
Խայթող հեգնանք կա այս ամենի մեջ,
Ախր, պիտի գա՝
Աստծո ասույթը
Չի կարող լինել անիմաստ մի էջ…
Ես կորցրել եմ հասցեները հին
Եվ վերադարձի ճամփաներ չունեմ,
Ունկս լարում եմ գունեղ ձայներին՝
Զվարթ սրտերից հնչող ողջույն են:
Գուցե հենց սա է երջանկությունը,
Որ երազներով ձեզ հետ թռչու՜մ եմ…
Շուտով կհալվի իմ վերջին ձյունը,
Ես հետ գնալու հասցեներ չունեմ:
***
Ես գնամ
Ու նորից հետ կգամ:
Չտխրես,
Իմացիր աշուն է,
Ու ես էլ չորացել եմ այնքան,
Որ ընկած մայթերին՝ խշշու՜մ եմ…
Մեկը կա՝
Շշուկով կանչում է՝
Երկնքի՞ց, թե՞ հողից՝
Չգիտեմ,
Եվ սրտիս սառույցը հալչում է,
Ջուր դառած հոսում է նրա դեմ:
Սերերն իմ երկնքում փայլում են…
Երանի՜ աստղերին խառնեին.
Երկնքում անընդհա՛տ գարուն է,
Երկնքում ես այնքա՜ն լավն էի…
ՏՐԻՈԼԵՏ
(Պատգամ)
Չկորեք ճամփեքին, տուն կգաք,
Որ կապեք դարերի բեռները,
Մինչև ձեր կարոտի մեռնելը՝
Չկորեք ճամփեքին, տու՛ն կգաք:
Ինձանից՝ ծնողաց սուրբ կտակ՝
Մի՛ լքեք մեր հպարտ լեռները,
Չկորեք ճամփեքին, տու՛ն կգաք,
Որ կապենք հավերժի բեռները: