Երկար ժամանակ տարուբերվում էի՝ մտածածս թղթին հանձնե՞մ, թե՞ թողնեմ, որ գիշերն ի լույս հեռանա, գնա բիլ ու կապտամաշկ երկինքներին ի տես: Երկար մտածեցի և որոշեցի, որ գրելն է ճիշտ, մանավանդ, որ երկինքը լուռ է, ես դեռ երկինք գնալու մտադրություն չունեմ և հաճախ երազող ու երազը իրականության տեղ ընդունող սովորական մի հայ եմ:
Կա երազանքի Հայաստան, որ ծովից ծով է կոչվում: Փափուկ ու լավ երազանք է: Անկեղծ լինեմ. ամեն հայ մարդ պիտի այդ երազանքն ունենա իր ներսում: Պատճառները շատ են, բայց թեկուզ մեկն ասեմ՝ հենց միայն այն բանի համար պիտի փայփայի այդ երազանքը, քանի որ ինքը հայ է, որ ինքն առանց այդ երազանքի կդադարի հայ լինել: Այո, ցանկացած հայ մարդու սրտից պոկիր այդ երազանքը, և նա կդատարկվի, մի տեսակ կսմքի: Տիգրան Մեծ… ծովից ծով… Հռոմի ու Պարսկաստանի հետ ոտք մեկնող, տեղերում նրանց իր կամքը թելադրող, իր աշխարհագրական դիրքը վարպետորեն օգտագործող, բայց իր երկար պատմության ընթացքում նաև խարդավանքների մեջ հայտնվող ու այդ խարդավանքների հետևանքով ժամանակ առ ժամանակ թուլացող… Հետո Կիլիկիայի ծովափին բազմած, մի ձեռքով՝ Եվրոպական երկրների հետ դաշինք կնքող, մյուս ձեռքով՝ վաճառաշահ Վենետիկի ու Ջենովայի հետ մրցակցող… Չեմ շարունակում, ցանկացած մարդ կարող է նայել մեր պատմությանն ու այնտեղից տասնյակ շահեկան օրինակներ բերել:
Վանը, Կարսը, Մուշը, Կարինը, Կիլիկիան… (Ցավով ավելացնեմ՝ Շուշին, Մարտակերտը, Հադրութը, Գետաշենը…): Ի՞նչ պակաս երազանքի տեղեր են, ի՞նչ պակաս սիրելու և երազելու տեղեր, մանավանդ, որ մեր նախնիների քրտինքն ու արյունը դեռ կանչում են մեզ: Կանչում են, մանավանդ, որ ամեն հայ՝ ապրի Հայաստանում, Ամերիկայում, Ավստրալիայում, թե որևէ ուրիշ մի տեղ, իր արյան ու երակների մեջ ունի դրանք, ունի գենետիկ մակարդակով:
Բայց… (Այստեղ ստիպված եմ գրել այդ «բայց»-ը): Ամեն հայ դեռևս հայոց պետությունը չէ, ամեն հայ դեռևս կառավարություն չէ: Ցանկացած ժողովուրդ պետություն է ստեղծում, կառավարություն է ընտրում կամ նշանակում նրա համար, որ այդ կառավարությունը երազանքը տարբերի իրականությունից: Այս խենթ ու խելառ աշխարհում երազանքով չես առաջնորդվի: Այս աշխարհը ստի աշխարհ է, ուժի, զոռի, բռնության… անամոթ առևտրի աշխարհ: Իսկ բռնության և ուժի դեմ չես կարող երազանքով պայքարել, էլ չեմ ասում՝ կռվել: Այդ պայքարում միշտ կպարտվես, միշտ սխալ դուրս կգաս, որքան էլ որ ճիշտ լինես: Երազանքը քաղաքական կատեգորիա չէ, քաղաքական առևտրի մեջ որևէ բան ստանալու համար ինչ-որ բան պիտի ունենաս տալու: Երազանքը ոչ ոք չի ընդունում այդ առևտրում ու չի գնահատում: Երազանքը ծախվող կամ փախանակվող բան չէ:
Դու դարերով երազել ես, աշխարհին ես պարզել քո ճշմարտությունը՝ թե Հայկական լեռնաշխարհը այդպես է կոչվել իմ ազգի անունով, այդպես է կոչվել, քանի որ շարունակ իմ պապերի հայրենիքն է եղել այն, այդպես է կոչվել, քանի որ իմ պապերը Նոյան տապանից իջել ու բնակվել են այդտեղ: Ո՞վ գիտե, նրանք գուցե Նոյից առաջ է՞լ են այստեղ բնակվել: Աշխարհում ով պետք է իմանա, գիտե այդ մասին, բայց… (էլի այդ բայցը): Մենք երազել ենք, իսկ մեր թշնամին զոռով, մորթելով ու խողխողելով, մեզնից խլել է այն ու հիմա, արդեն քանի՜ տասնամյակ, ջնջում ու ջնջում է պատմությունը: Վերացնում է եկեղեցիներն ու բերդերը, մեր գիրը ջնջում է մեր պապերի կառուցած տաճարների ճակատից ու այդ վարքագիծը հաջողությամբ փոխանցել է իր «փոքր եղբորը», որ ավելի համարձակ է իր այդ վարքագծի մեջ, ավելի ճարպիկ, առավել լպիրշ ու անամոթ: Այնքան անամոթ, որ կանգնում է հայերեն գրված արձանագրության մոտ, չի հասկանում ինչ է գրված, երկար ականջներն է թափահարում, բայց աչքը գցում է տեսախցիկին ու պնդում է իրենը: «Մերն է,- ասում է,- հայերը յուրացրել են: Նախիջևանն,- ասում է,- մեր պատմական հայրենիքն է»:
Մենք դիմում ենք աշխարհին: Իսկ աշխարհը լայն հասկացողություն է: Ով ասես, որ չի մտնում այդ «աշխարհի» մեջ. է՛լ քաղաքակիրթ եվրոպացին ու բարձրահոն ամերիկացին, է՛լ Հարավային կիսագնդում ապրող ավստրալացին, է՛լ իր հսկայական տարածքների մեջ իր մեծապետական հովերի մեջ մոլորված ռուսը, է՛լ ասիական անապատներում ու տափաստաններում դեգերող, բայց քաղաքակրթության գնացքից չուշանալ փորձող ղազախն ու մոնղոլը, աշխարհում իր աշխարհն ունեցող չինացին ու աշխարհի համար զարմանալի ու տարօրինակ ճապոնացին…
Մենք նրանց քթի տակ մեր արդարությունն ենք թափահարում և կարծում ենք, թե նրանք պարտավոր են մեզ լսել ու մեր խնդիրները լուծել, բայց ամեն մարդ իր ցավն ու հոգսն ունի այս փոփոխական ու հեղակործան գնդի վրա: Նրանք, եթե նույնիսկ վերահասու են լինում և ընդունում են ճշմարտությունը, բայցև իրենց հոգսերն ու ցավերը թողած՝ չեն ընկնում թուրքի ու հայի մեջտեղը և դատավոր չեն դառնում: Մանավանդ, որ նրանց ոչ ոք դատավոր չի կարգել և, մանավանդ, որ նույնիսկ միջազգային դատարանների իրավական վճիռները բանի տեղ չի դնում մեր մեծամիտ հարևանը: Իր հաղթանակից շփացած՝ իրենն է առաջ տանում ու բանի տեղ չի դնում որևէ միջազգային կառույցի որոշում: Թե ինչու չի դնում, այլ հարց է: Եթե երկու խոսքով ասենք՝ ժամանակներն այդպիսիք են, և վերջապես, հաղթողներին ե՞րբ են դատել, որ հիմա դատեն: Սա վաղուց է հայտնի, հայտնի է նաև, որ գայլն ու գողը մութ գիշեր են փնտրում:
Իսկ մենք… Ես մեզ նմանեցնում եմ իմ թոռ Նարեկին: Անցած տարի մեր բարեկամի երեխան էր եկել մեր տուն: Նարեկի տարեկիցն է, ավելի պինդ, առավել կյանքային և ավելի ակտիվ: Վերցնում էր Նարեկի խաղալիքը ու չէր տալիս, ինքն էր խաղում, Նարեկին բանի տեղ չէր դնում, իսկ Նարեկը զարմացած շուրջն էր նայում ու կրկնում էր.
– Նայեկինն է… Նայեկինն է ախյ:
Ինքն արդար էր, մինչև այդ պահը խաղալիքն իրենն էր եղել, բայց ահա ձեռքից խլել էին կոպտորեն ու չէին տալիս քիչ է, մի հատ էլ հրում էին ու խփում… Իսկ մենք՝ շրջապատողներս, կամ ծիծաղում էինք նրա միամտության վրա, կամ մի քիչ կարեկցում, կամ ամենաշատը փորձում էինք հաշտեցնել նրանց: Նարեկն իր կյանքում առաջին անգամ էր ճաշակում անարադարության դառնությունը, պարտության ցավը, իսկ մենք…
Մենք ազգովի և՛ հասկանում ենք, թե ինչ վիճակում ենք, և՛ մեզ չհասկացողի տեղ ենք դնում: Մեղադրում ենք իրար, մեղադրում ենք դիմացինին, որ բնավ էլ անմեղ չէ, բայց դա անում ենք առաջին հերթին մեր մեղքը կոծկելու համար, այնինչ պիտի նախ իրականության դառնությանն առերեսվենք, հետո նոր մեր մեջ ուժ գտնենք այն հաղթահարելու:
Հաճախ եմ լսում տարբեր մարդկանց արած միավորվելու կոչերը: «Սփյուռքն ու Հայստանը պիտի միավորվեն», «Քաղաքական կուսակցությունները պիտի լեզու գտնեն իրար հետ»… «Պիտի… պիտի»… Ճիշտ են ասում, սխալ չեն ասում, բայց չեն հարցնում՝ ինչպե՞ս: Մարդիկ միավորվում են կամ գաղափարի կամ գաղափարակրի շուրջ: Գաղափար որքան ասես կա, բայց չկա այն գաղափարակիրը, որը կկարողանա այդ գաղափարին միս ու արյուն տալ: Մենք կանգնել ենք ճամփաբաժանում ու իբր քիչ ենք բաժանված, մի հատ էլ բաժանվում ենք լույսի ու ստվերի, հնի ու նորի միջև:
Ճիշտն ասած, մի երազող հայ էլ ես եմ և սպասում եմ, թե Աստված երբ աշխարհ կբերի այն Մեկին, այն Մեծ հային, որը վերջապես կկարողանա հային միավորել հայկականի ու Հայաստանի Հանրապետության շուրջ: Պատկերացնում եմ՝ ի՜նչ ուժ և ուժականություն կունենա մեր ազգը, եթե մենք մեր ներքին գզվռտոցի վրա ծախսվող էներգիան միացնենք, եթե իրար հոշոտելու և սևացնելու համար ներդրած մեր ջանքերն ի մի հավաքենք և ուղղենք դեպի դուրս, դեպի թշնամին կամ հակառակորդը: Պարզ է, մենք հաղթանակ չենք ունենա, քանի դեռ ներսի ու դրսի մեր ուժերը չենք միավորել, քանի դեռ ներսից չենք մաքրվել, քանի դեռ իսկական քրիստոնյա չենք դարձել: Իսկ առայժմ… Առայժմ, աշխարհը խենթացել է կամ, ավելի ճիշտ, մեծ խաղացողները մի քիչ ետ են տարել քողը իրենց իրական հարաբերությունների վրայից, ու պարզ երևում է ուժեղի բռի ուժը և թույլի՝ իր գլուխն ու իր ունեցածը ինչ-որ կերպ պահպանելու կարեվեր ջանքը:
Չե՞ք տեսնում՝ աշխարհում ինչ է կատարվում: Ուկրաինային ասում են՝ քո երկիրը պիտի տաս քեզնից ուժեղին, պաղեստինցուն ասում են՝ դու պիտի թողնես, հեռանաս Գազայից: Քո տունն ավերել ենք, լավ ենք արել, պիտի գնաս, ուրիշ երկրում ապրես ու վերջ: Ինչո՞ւ: Մի պարզ պատճառով՝ մենք այդպես ենք ուզում, մենք քեզանից ուժեղ ենք ու վերջ:
Իսկ մենք երազում ենք այն թիթեռի նման, որ աշխարհի բոլոր ծաղիկներն իրենն է համարում և չի տեսնում թիթեռ որսացող տղային, չի տեսնում նրա պահած քորոցը, որ ժամանակ անց պիտի խրի իր սիրուն գլխի մեջ և պահի իր հավաքածուի մեջ: Գուցե թե գույները խտացնում եմ, բայց այդ է իրականությունը: Չեմ ուզում կռռացողի տպավորություն թողնել, մանավանդ, որ ես իմ բնույթով լավատես չեմ կամ հոռետես, այլ՝ ավելի շատ փորձում եմ իրատես լինել: Իսկ մեր օրերում իրականությունը չտեսնելը առնվազն կուրություն է: Այսօր ոչ ոք ոչ ոքի չի պահպանի, չի պաշտպանի, քանի որ ամեն մեկն զբաղված է իր հարցերը լուծելով: Ուժեղներն ավելի ուժեղանալ են փորձում, թույլերը՝ մի կերպ գլուխները պահել, իսկ մենք պարծենում ենք, իրար վրա կեղտ ենք լցնում, բացահայտումներ անում, ժողովրդավարություն խաղում: Չե՞ք հավատում ասածիս, մի անգամ հետևեք Ազգային ժողովի նիստերին ու կհամոզվեք: Ինչ է, չե՞նք հասկանում, որ պարծենկոտությունն ու մեծախոսությունը նույնպես քաղաքական կատեգորիաներ չեն, դրանցով հարց չես լուծի: ԱՄՆ-ի նախագահը իր պահանջն է ձևակերպում. «Պիտի տաս, երկիրդ, հանածոներդ պիտի տաս, քանի որ թույլ ես»: Եփած հավն էլ գիտի, որ աշխարհի նոր վերաբաժանում է սկսվել: Ինչքա՞ն կտևի այդ բիրտ առևտուրը, ինչպե՞ս կավարտվի, ոչ ոք ասել չի կարող:
Իսկ մենք… Մեզ ի՞նչ կա: Մենք մի թիզ երկիր ունենք մի քաղաքի չափ բնակչությամբ ու փոխանակ միավորվենք, իրար ենք ուտում: Հայաստանում իրար ենք ուտում, քիչ է, մի հատ էլ դա շարունակում ենք աշխարհի բոլոր երկրներում: Ես այս կուսակցության անդամ եմ, էն մյուսը՝ մի այլ, երրորդը, չորրորդը…
Ժամանակն է հասկանալու. որպեսզի երազել կարողանաս, պիտի առերեսվես իրականությանը, նախ պիտի իրական դառնաս: Ուժ պիտի ունենաս երազելու համար: Այսինքն՝ այնքան իրական պիտի լինես, որ քեզ կարողանաս երազելու ճոխությունը թույլ տալ, և եթե կարողանաս, երազանքդ իրականացնես: Նախ պիտի հայրենի հողին կառչես ու պահես ունեցածդ, հետո… Իսկ մենք գնացել ենք ով ուր կարող է, և ամեն մեկս մեր բնակված երկրից խորհուրդ ենք տալիս՝ այս այսպես արեք, այն այնպես արեք… Մեր ձայնը լսվում է աշխարհի բոլոր երկրներից, բայց իրականում հողը տեր է ուզում, ոչ թե ուրիշ երկրի համար աշխատող, նրա բարիքներից օգտվող և գիշերները սոցիալական ցանցերում Հայաստանի ու Հայրենիքի հարցերը քննարկող հայրենասեր: Մեզ իրական հայաստանցի, Հայաստանի Հանրապետությունում ապրող սովորական շարքային հայ է հարկավոր:
Չէ, դրսում գտնվող հայրենակիցներիս ոչ մեկի հայրենասիրությանը չեմ կասկածում: Բայց չեմ ընդունում նրանց (եթե ոչ բոլորի, գոնե մեծամասնության) ասածը, կամ ինքնաարդարացումը՝ Հայաստանում վիճակը լավանա, կգանք: Հարցնում եմ՝ ինչքա՞ն պիտի լավանա, որ Հայաստանը մի քանի տարում դառնա Շվեյցարիա, Ֆրանսիա, ԱՄՆ… Հեռավար հայրենասիրություն լինում է, իսկ Հայրենատիրությո՞ւն: Չի լինում հաստատ: Բայց հասկանում եմ նաև, որ տարբեր են մարդկանց ճակատագրերը, և բոլորը չէ, որ լավ օրից են հեռացել Հայաստանից:
Մենք երազել ենք սիրում, բայց ինչ չենք արել ժամանակին, այսօր անում է մեր թշնամին: Մենք գիտենք, որ մեր վանքերը, բերդերը, հողը… մերն է, մենք համոզված ենք դրանում, բայց թշնամին խելքով է գործում: Երեսուն տարում իր երկրում սերունդ է մեծացրել, որ հավատում է իր բնիկ և մեր եկվոր լինելուն, հավատում է, որ աշխարհի ամենահին ազգը ազերին է, հավատում է, որ հայերը եկել ու տիրացել են իրենց պապերի ստեղծածին… Չգիտե՞ք՝ դա ինչպես է լինում: Մի անգամ կասես սուտը, չեն հավատա, երկրորդ անգամ կկրկնես, կսկսեն կասկածել, երրորդ, չորրորդ… տասներորդ անգամ կասես, ու դու էլ կհավատաս քո ստին, հարևաններդ էլ, թշնամիներդ էլ, չեզոք մարդիկ էլ: Մենք աշխարհի քաղաքացի ենք, մերն ենք համարում ամբողջ աշխարհը և, չգիտես ինչու, կյանք ենք տալիս ուրիշի համար: Լրատվամիջոցները թվեր են հրապարակում, թե ռուս-ուկրաինական պատերազմում որքան հայ է զոհվել: Այդ թվերը տատանվում են երեքից-չորս հազարի (միայն ռուսական կողմից) միջև: Ես վիճակագրական ստույգ տեղեկություններ չունեմ, բայց հարց ունեմ՝ ինչո՞ւ: Ես՝ որպես աշխարհի ամենահետին շարքային հայ, ինձ իրավունք եմ վերապահում հարցնելու՝ ինչո՞ւ: Մի՞թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քիչ հայեր իրենց գլուխը վար դրեցին բելառուսական ճահիճներում, ուկրաինական տափաստաններում, ռուսական անհայտ խուտորներում և եվրոպական տարբեր երկրներում… Ես ինձ իրավունք եմ վերապահում հարցնելու՝ հիմա նրանց ո՞վ է հիշում, ո՞վ է գնահատում հայ ժողովրդի այդքան մեծ ավանդը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի մեջ: Ոչ ոք: Պետք եղար, մի քանի խոսք կասեն, պետք չեղար, քեզ ոչ ոք չի հիշի: Մեր ազգի հավաքական երակներում այդքան շատ արյո՞ւն կա, որ հեղում ենք ուրիշների համար: Արցախյան գոյամարտում մեր հեղած արյունը սուրբ է, վերքը՝ թարմ, և որքան էլ ասեն, չնայած պարտությանը՝ այն այսօրվա և գալիք սերունդների համար է: Դրա համար էլ սուրբ է ամեն մի զոհի արյունն ու մասունքը: Իսկ ուրիշի համար զոհվածների՞նը: Չգիտեմ: Գիտեմ, որ պատմությունը հաճախ մոռացկոտ պառավի պես է վարվում. չի հիշում այն, ինչ իրեն պետք չէ: Կամ, ավելի ճիշտ, հիշում է միայն այն, ինչ պետք է պատմություն գրողներին: Ի՞նչ է շահելու հայ անհատը կամ հայ ազգը ուրիշների պայքարում տված զոհերից: Իմ կարծիքով՝ ոչինչ…
Ես ինձ հարց եմ տալիս՝ բավական չէ՞ մենք մեր՝ առանց այն էլ կռփահարված գլուխը մտցնենք մեծերի վեճի մեջ: Ախր այդ վեճ ու կռիվն ինչպես էլ ավարտվի, շահողը մենք չենք լինելու, և եթե մեզ հիշեն էլ, պիտի հիշեն որպես մանրադրամ՝ իրենց առևտրի մեջ: Ժամանակը չէ՞ մեր մեջ ներսուզվելու, հզորանալու, մեջքներս ուղղելու: Մեզ խաղաղություն ու հզորանալ է հարկավոր: Այնքան հզորանալ, որ մեզ հետ ամեն գործ ունեցող իմանա, որ մեզ հետ կռվելիս եթե հաղթանակ էլ տանի, դա իր համար կլինի Պյուռոսյան հաղթանակ: Ժամանակը չէ՞, որ մեր ժամանակը, արյան ամեն կաթիլը, ավյունը օգտագործենք մեզ համար: Մենք պետք է ոչ թե համաշխարհային ազգ լինենք կամ խաղանք, այլ՝ ավելի շատ եսասեր լինենք, մերը և ուրիշներինն օգտագործենք մեզ համար: Չեմ ասում՝ պարփակվենք մեր մեջ, այլ՝ ամեն պատեհ առիթն օգտագործենք մեզ համար:
Գիտեմ, դրա համար հարկավոր է համախմբվել, ինչպես ասացի վերևում: Մարդկային կյանքը շատ դաժան ու դժվար բան է, դժվար է իր ունեցվածքից հրաժարվելը, նույնիսկ եթե այդ ունեցվածքը ձեռք ես բերել անազնիվ ճանապարհով, բայց գոնե առերևույթ պետք է հանդուրժողականություն դրսևորել և ձայնը կտրել թշնամու առանց այն էլ լպիրշ լեզուն ավելի չերկարացնելու համար: Դատում են, չէ՞, դատում են Բաքվում: Էլի այդ արտահայտությունն օգտագործեմ՝ աշխարհը տեսնում է անարդարությունը, դատի ու դատավարության կեղծ լինելը, բայց այդ ֆարսը (զավեշտախաղ) շարունակվում է: Ամեն հայի համար դա վիշտ, ցավ, ամոթ լինելուց բացի նաև դաս պիտի լինի: Դա առաջին հերթին դաս պիտի լինի Հայոց պետության ու պետականության համար: Մենք դաս քաղո՞ւմ ենք այս ամենից, չգիտեմ, ժամանակը ցույց կտա: Իսկ մեծ ժողովուրդները միշտ դաս են քաղում իրենց պատմությունից ու պարտությունից: Մեծ և կենսունակ ազգերը նրանք են, ովքեր կարողանում են իրականություն դարձնել իրենց երազանքները:
Ուրեմն…Ամեն հայի և ազգի երազելու և այդ երազանքն իրականացնելու համար ջանքեր են պետք, մեծ ջանքեր, բայց այդ ջանքերը հող և արմատ պիտի ունենան իրականության մեջ, սթափ ու կշռադատված գործողությունների ու խոսույթի մեջ:
Հ.Գ. Եվ վերջում՝ տարընթերցումներից ու շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ ես որևէ քաղաքական կուսակցության անդամ, համակիր կամ հետևորդ չեմ: Չեմ հարում որևէ հասարակական հոսանքի և որևէ մեկի հովանավորյալը չեմ: Իմ կյանքում միշտ առաջնային են եղել Աստված, Հայրենիքը, Ընտանիքը և դրանցից բխող մյուս բաները: Ես միշտ Աստծո տված շնորհքի չափով գրել ու արտահայտել եմ իմ կարծիքը, իմ տեսակետը և միշտ ապրել եմ դժվար ու ցավոտ: Բայց չեմ կարող չասել այն ամենը, ինչ մտածում եմ: Գրածներս միշտ դժվար են տեղ հասել, և մինչև հիմա իմ շատ գրքեր դեռևս մնում են համակարգչիս լռության մեջ: Եվ եթե մի քիչ ավելի անկեղծանամ, իմացեք՝ այս աշխարհը միշտ անհարմար ու ցավոտ է եղել ինձ համար: Այնպես որ, որևէ շահ չեմ հետապնդում: Ընթերցողը կարող է համամիտ լինել կամ հակառակվել, դա իր իրավունքն է: Իմ միակ շահը երկիր Հայաստանն է, դժվարությամբ այսքան տարիների երազանքը իրականություն դարձած երկիրը, որը փոքր է թեև ու տկար, բայց գոնե ինձ երազելու հնարավորություն է տալիս:
7-ը մարտի 2025 թ., ք. Սևան
