Մենք ամեն օր այլանում ենք, ամեն օր հեռանում ենք մեզանից: Աշխարհասփյուռ հայությունը ամեն պահ մոռանում է հայոց լեզուն, ամեն պահ մոռանում է իր հայությունը: Մոռանում է կամաց-կամաց, մոռանում է կրակի վրա խաշվող խեցգետնի անտարբեր անիմացությամբ: Ամեն վայրկյան աշխարհի ինչ-որ երկրում մի հայ, մի հայուհի, Հայկի զարմից սերված ինչ-որ մեկը մոռանում է ինքն իրեն:
Մեր հայությունն ու արմատները մոռանում ենք ԱՄՆ-ում ու Ռուսաստանում, Ֆրանսիայում ու Գերմանիայում, Իտալիայում ու Հնդկաստանում, կամաց-կամաց մեզնից օտարացած ու հեռացած՝ ակամա ու չուզենալով դառնում ենք ամերիկացի, գերմանացի, շվեդ, հնդիկ, ռուս, չուկչա…
Բայց ցավն այն է, որ մեր լեզուն ու սովորությունները մոռանում ենք նաև Հայաստանում: Խոսում ենք հայերեն, բայց ի՞նչ հայերեն: Աղավաղված, խառնված աշխարհի խժալուր աղմուկին, անգլո-ռուսա-թուրքա-հայերեն կամ չգիտեմինչերեն… Ամեն պահ ռուսանում ենք, թրքանում և այլանում ենք չհասկանալով, ուզենալով կամ չուզենալով: Մեր իմունիտե՞տն է թուլացել, թե՞ դիմադրությունը: Լսեք մեր հեռուստացույցի լեզուն, էլ չեմ ասում՝ սոցիալական ցանցերում իրենց իմաստուն ու քաղաքագետ, հայրենասեր ու հայադավան հորջորջողների խոսքը: Լսեք, մի քիչ մտածեք և հոնգուր-հոնգուր լաց եղեք ինձ հետ:
Լեզուն ի՞նչ անի, գրքերն ի՞նչ անեն: Ո՞վ է կարդում, ո՞վ է կարդալու: Մենք ամեն պահ այլանում ենք ու չենք զգում: Եվ փոխանակ մեր մեջ ընկղմվելու, մեր մեծ ու փոքր բացերը տեսնելու, մեր սխալները սրբագրելու՝ պառակտվել ու բզկտում ենք իրար: Ամեն հայ իր թշնամի հայն ունի, որի հետ կռվում ու կռվում է գիշեր ու զօր, որին վերացնել է ուզում, կարծելով, թե դրանով բոլոր հարցերը լուծում կգտնեն, ու ինքը, հենց ինքը կհայտնվի դրախտում:
Ո՞ւմ մատը փուշ չի մտել: Փուշը փոքր բան է, չէ՞, բայց ի՞նչ ցավ է տալիս: Միայն քաշողը գիտի: Իսկ մեր ազգի մարմինը, մեր պետությունը ո՞նց է դիմանում այս բզկտվածությանը, իր մեջ խրված փշի ցավին, ինչպե՞ս է, որ դեռևս տրոփում է մեր ազգային սիրտը: Դուք չգիտեմ՝ ինչ եք կարծում, բայց ես մտածում եմ, որ մեր մինչև հիմա գոյատևելը Աստծո ողորմածությունն է: Հա՛, Տիրոջ ողորմածությունն է, որ պահպանում է մեզ:
Մենք ամեն օր ու ամեն ժամ այլանում ենք, հեռանում հայից ու հայկականությունից: Կա ռուսահայ, իրանահայ, ամերիկահայ, ֆրանսահայ… ամեն մեկն իր բնավորությամբ, իր գաղութին յուրահատուկ հոգսով և նաև՝ Հայաստանի հոգսով տանջվող: Չգիտես ինչու մեզանում ով չի ալարում, ուղիղ եթեր է մտնում ու սկսում է շարադրել ազգափրկման իր ծրագիրը: Բայց այդ «փրկիչ-փրկարարների» հսկա բանակը չի հասկանում, որ կամաց-կամաց հեռանում ենք մեզանից, մեր արմատներից:
Ախր օրեցօր փոքրացող Հայաստանը և՛ ֆիզիկապես, և՛ լեզվամտածողությամբ, և՛ մշակույթով այլևս ի վիճակի չէ ողջ հայությանը հայ պահել: Պարզապես ի վիճակի չէ, քանի որ թուլանում է օրեցօր: Մեզ նման՝ աշխարհում սփռված ժողովուրդը պիտի հզոր պետականություն ունենա, հզոր Մայր՝ չձուլվելու համար: Այնքան կենսական պիտի լինի հայրենիքից եկող ավիշը, որ պահի մնացածներին: Իսկ մեր կենտրոնը սմքում է օրեցօր: Մենք բոլորս սիրում ենք փրկել, դեղատոմս առաջարկել, բայց ոչ մեկս մյուսի դեղատոմսը կարդալու կարիք չունի… Մենք ազգովին թագավոր ենք, մենք ազգովին իմաստուն ենք ու միայն մենք ենք ճիշտ: Եթե մեզնից բացի որևէ մեկը խելացի բան է խոսում, կա՛մ դավաճան է, կա՛մ դավադիր: Միայն մենք ենք ճիշտը:
Մենք ամեն օր և ամեն պահ այլանում ենք:
Աշխարհում ամենուր հայի գեն է, բայց մեր գենը մեզ մոռացած՝ մեր դեմ է ելնում ամեն վայրկյան:
Նայում ես չորս կողմդ, չորս հարևաններից երկուսն առնվազն ոխերիմ թշնամիներ են: Ռուսաստանը… Նրա համար միշտ կարևորն իր շահն է եղել: Հայաստանը նրա համար միշտ էլ մանրադրամ է եղել Թուրքիայի հետ հարաբերություններում: Իրանը՝ նույնը: ԱՄՆ-ը նրան հազար կողմից ճնշում է ու պահում է պատժամիջոցների տակ: Իսկ Իրանն իր շահին չհետևի, Հայաստանի շահի՞ն հետևի: Ինչո՞ւ: Մեր սիրուն աչքերի համա՞ր: Վրաստա՞նը: Վրաստանը կիսով չափ թուրքացել է: Թուրքը խաղաղ ու անձայն, թուրքավարի մտել է Վրաստան, գնել հողեր, տներ, կառուցել հանգստավայրեր… Ու իրենն է դարձրել փաստորեն: Մենք ջղաձիգ ելքեր ենք փնտրում, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը հզորանում են:
Ո՞վ է մնում մեզ օգնող՝ Աստված: Այո՛, Աստված, բայց ախր Նրան էլ չենք հավատում: Նրան պաշտում ենք շուրթերով, բայց ոչ սրտով: Աստծուն հավատալ, նշանակում է կատարել Նրա պատվիրանները: Իսկ մե՞նք: Թեկուզ գիտենք, որ մեզ կարող է փրկել Աստված և մեր միասնականությունը, բայց չենք հավատում դրան: Ասենք՝ առանց միասնականության Աստված էլ չի փրկի: Ասված է, չէ՞, հույսդ Աստծո վրա դիր, բայց վառոդդ չոր պահիր: Իսկ մենք տարիներ շարունակ «վառոդ» ենք գնել, բայց առաջին հերթին մեր անձնական շահն ենք հետապնդել: Հետո ի՞նչ, որ մեր առած արկերը հին ու անորակ են եղել, թշնամուն վնաս տալ չեն կարողացել: Կարևորը մեր անձնական շահն է: Հարստացել ենք… Դղյակներ ենք կառուցել ու չենք մտածել, որ եթե սահմանն անպաշտպան է, մեր դղյակներն ո՞վ պիտի պաշտպանի: Չենք մտածել՝ ախր թշնամին որ գա, առաջինը դղյակներին է հարվածելու: Ասենք՝ ինչո՞ւ մտածեինք, մեր տասներորդ ծոռի համար դրսերում պալատներ ենք կառուցել: Հանկարծ մի բան լինի… Ու հետո՝ սահմանը բոլորինն է, դղյակը՝ իմը…
Ու բանը հասել է նրան, որ սայլը եկել, կանգնել է բարդոցի տակ, բայց սայլի երկու անիվն էլ կոտրված են, եզները՝ ծերացած, սամիները՝ դուրս թռած: Եվ մենք էդ ամենի հետ չենք կարողանում զսպել մեր լեզուները: Խոսում ենք, պարծենում, իրար քննադատելիս նորանոր բառեր, մակդիրներ ու մականուններ ենք գտնում: Գիտենք, որ մեր թշնամին սահմանից այն կողմ է, և մեր զենքը միշտ դեպի դուրս պիտի ուղղված լինի: Գիտենք, բայց չիմանալու ենք տալիս: Մեր բոլոր դժբախտությունների պատճառը ներսիններն են և ոչ թե դրսինները: Ու մեր այդ սովորությունը՝ անսխալականության այդ բարդույթը սկսվել է անհիշելի ժամանակներից, անցել Տիգրանի վրայով ու հասել մինչև մեր օրերը:
Մեր նախնիներ Հայկի, Զարմայրի, Տիգրանի… մյուսների քաջությունն ու իրատեսությունը դարերի մեջ հալվեց, իսկ նրանց մասին երազանքը խտացավ մեր սերունդների հոգում, ու ամեն հայ ավելի շատ ապրում է ոչ թե այսօրվա օրով, այլ նրանց մեծության ու «Ծովից ծովի» անիրական երազանքով: Այնինչ այսօր հարկավոր է գոյութենական հարց լուծել: Պատեհ-անպատեհ առիթներով Տիգրան Մեծի մասին ենք խոսում, բայց մոռանում ենք նրա որդի Տիգրան Կրտսերին, որ հոր դեմ դավ նյութեց ու վերջում ինքն էլ Հռոմի դավադրության զոհը դարձավ: Արշակի մասին ենք խոսում և մոռանում ենք Անհուշ բերդը, Պապին ենք գովերգում և մտահան ենք անում, թե նա ինչպես մազապուրծ փախավ կայսեր մոտից, Հայաստան հասավ ու խնջույքի ժամանակ սպանվեց: Մոռանում ենք նրանց դեմ դավ նյութող հայի ձեռքը: Վարդանի մասին ենք խոսում, բայց մոռանում ենք նրա ու Վասակի հակասության մասին: Վարդանի հերոսությունը հիշում ենք, բայց նրա անհեռատես կարճմտությունը չենք հիշում: Էլի շարունակե՞մ…
Բա Տեր Ավետիսի ու Մխիթարի հակասությո՞ւնը: Ո՞վ կտրեց Մխիթարի գլուխը: Հայե՛րը: Նժդեհականությունը Նժդեհի ցավից չծնվե՞ց: Եվ այդ ցավը ո՞վ հասկացավ, ո՞վ է հասկանում հիմա: Նժդեհին մեջբերում են, խոսում են նրա գաղափարների մասին ու չեն կիրառում:
Գանք մեր օրերը. ո՞վ սպանեց Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին ու մյուսներին: Հայի ձեռքով չսպանվեցի՞ն: Ովքե՞ր էին կանգնած սպանողների թիկունքում: Թուրքի մատը խառն էր, թե չէ, չգիտեմ, բայց գտնվեց այն հայը, որ զենք բարձրացրեց ու արյուն հեղեց, հայի՛ արյուն, թող որ իր կարծիքը չկիսող հայի, բայց հայի: Հիմա… Հիմա էլ երկու ճամբարի բաժանված՝ պատրաստ ենք իրար կոկորդ կրծել հանուն պաշտոնի, հարստության, գուցե նաև հայափրկության գաղափարի՞…
Մտածում եմ, ի՜նչ լավ կլիներ, եթե հանկարծ կարողանայինք այդքան չարությունը կենտրոնացնել և ուղղել սահմանից անդին… Ի՜նչ լավ կլիներ, եթե երկրում կուտակված այդքան չարությունը մի օր վերածվեր կառուցողական էներգիայի:
Ասում են՝ թուրքի հետ լեզու գտնենք: Թուրքի հետ լեզու գտնել կլինի՞: Կլինի, եթե իր ուզածը տանք, եթե ժպտանք խեղճացած, անփուշ ոզնու նման ընկերություն անենք աղվեսի հետ և ամեն վայրկյան նրա սուր ատամների վտանգն զգանք գլխներիս կախված: Կլինի, եթե մոռանանք, որ հայ ենք, եթե մոռանանք Եղեռնը, եթե Սյունիքն ու Արցախը տանք իրեն: Կլինի, բայց ժամանակավոր: Ախորժակն ուտելիս է բացվում, իսկ թուրքի ախորժակը սահման չունի: Կլինի, եթե…
Իսկ ե՞րբ պիտի ուղղենք մեր ողնաշարը, ե՞րբ…
Պատերազմից առաջ պարծենում էինք. «Կհասնենք Բաքու, մեր կիսատ թողածը կլրացնենք՝ թուրքը ձենը կկտրի»: «Ոչ մի թիզ հող»,- հոխորտում էինք: Մենք՝ ներքևում եղածներս չգիտեինք, բայց վերևինները հո գիտեին, թե ինչ վիճակում են երկրի տնտեսությունը, բանակը, զենքը, զինվորը… «Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը» ինչո՞ւ այդպես պարտվեց, ինչո՞ւ էին մեզ՝ հասարակներիս շարունակում խաբել մինչև պատերազմի վերջին օրը: «Հաղթելու ենք»: Աստծո և մայրերի առաջ ո՞վ է պատասխան տալու այդքան երիտասարդի արյան համար: Ախր սերունդ ենք կորցրել, մի ողջ սերունդ: Մտածո՞ւմ եք այդ մասին: Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր, որ մեր հավաքական մարմնի վրա այդ վերքը ներծծվի, դառնա սպի:
Պարծենում էինք. «Իսկանդերը կհանենք, հա՜»: Պատերազմի ժամանակ հանեցիք և ի՞նչ: Այդտեղ է՞լ էինք միամիտ, թե՞ հիմա էլ մեզ զենք ծախողներն էին խաբել: Կամ ո՞վ գիտե, գուցե խաբվել էինք գիտակցաբա՞ր… Ասում էինք՝ թուրքի նավթն ու գազը պրծնելու վրա են: Պրծա՞ն: Ասում էինք՝ «Արմենիկում» ենք հորինել, կբուժենք սպիդը, ու միլիոններ կհոսեն Հայաստան: Դրանից առաջ էլ ասում էինք՝ մեր «Ջերմուկը» թուրքի նավթից արժեքավոր է: Կծախենք, ասում էինք, արտասահմանում, և ոսկին կհոսի Հայաստան… Հոսե՞ց… Գուցե մեր երկիրը պատվեց ոսկու շերտով, ու մենք չե՞նք տեսնում: Իսկ թուրքը իր թուրքությունն է անում ու իր ծրագրերը չի թաքցնում: Եթե այսպես շարունակվի, միջանցք կբացի Սյունիքով ու կամաց-կամաց, աննկատելի մի հիսուն տարում և՛ Արցախը կուլ կտա, և՛ Սյունիքը: Իսկ Երևանն իրենն է ու իրենը: Հարևան երկրի ղեկավարը, որին ծաղրում էինք այսքան տարի, հաղթել է ու հիմա էլ չի թաքցնում իր նպատակները: «Հայերը եկվոր են»,- ասում է: Այսօր չեն հավատում, վաղը կհավատան, աշխարհը դյուրահավատ է: «Խաչքարը մեր պապերն են ծաղկել»,- ասում է, ու իր երկրում հավատում են: Վաղը նաև աշխարհը կհավատա: Ասում է. «Հայ սպանելը հերոսություն է»,- և նրանք «հերոսանում են»: Քնած մարդ են սպանում և հերոսի կոչում են ստանում: Աշխարհը… Աշխարհում ամեն ոք իր ցավն ունի, և ամեն մեկի մաշկն իրեն ավելի մոտ է: Վերջապես աշխարհը միայն ուժին է հավատում, միայն ուժն է հասկանում: Իսկ արդարությունը… Արդարություն չկա: Մենք դեռևս Բեռլինի վեհաժողովից հետո էինք հասկացել, որ «Արդարությունը սուրի ծայրին է»: Ասենք, եթե հասկացել էինք, բա ինչո՞ւ հետևություններ չէինք արել: Խե՜ղճ Մկրտիչ Խրիմյան:
Մեր հայրենիքը, մեր ինքնությունը կամաց-կամաց տալիս ենք, նահանջում ենք հարկադրված ու իրար ենք հոշոտում: Հետո՞: Կամաց-կամաց, սերնդեսերունդ հեռանում ենք հայի արմատներից: Աշխարհի այս կամ այն երկրում տեղ ենք գտնում, սուսուփուս մեր հացն ենք ուտում ու մեկ-մեկ հիշում ենք, որ Հայաստան կա, որ մենք հայ ենք: Մենք այլանում ենք թույլ դիմադրելով, այլանում ենք մեր կամքով: Ինչ-ինչ, բայց լաց լինել ու մեր հայրենիքի ցավով տառապել գիտենք: Քանի ունենք՝ չենք պաշտպանում, իսկ երբ կորցնում ենք…
Պարծենում ենք՝ Ռուսաստանի էսինչ գործարանի գլխավոր տնօրենը հայ է, Ֆրանսիայի էսինչ մեծահարուստը հայ է, մենք Նոբելյան մրցանակակիր ունենք, հայը քիմիական նոր տարր է սինթեզել, ու Մենդելեևի պարբերական աղյուսակում իր անունով տարր կա, հայ տիեզերագնաց էսինչը….
Այդ ամենը ճիշտ է, կան առանձին նշանավոր հայեր, բայց չկա հայկական պետական մտածողություն, կա հարուստ, նշանավոր հայերի մեծ բազմություն, բայց չկա հայկականություն, չկա հայոց շահ, չկա պետություն-մասնավոր համագործակցություն: Հետո էլ մեզ համեմատում ենք հրեաների հետ… Երազանք ունենք, աշխարհը չունի, իսկ մեր թշնամին իր երազանքն իրականացնում է ամեն օր:
Շատ եմ մտածում մի լուսավոր ու լավ բան գրելու մասին, բայց գրիչս ծա՜նր-ծանր է, ու ոչ մի լավ բան չի գրվում, գուցե գիշերային մութը ինձ համար սև ակնո՞ց է դարձել ու աչքերս սևացրել է կուրացնելու չափ, չգիտեմ: Սիրտս մղձկում ու սեղմվում է, իսկ Իլհամը խոսում է, իրեն իր երազած տղայի տեղն է դրել ու խոսում է: Կհոխորտա այնքան ժամանակ, քանի դեռ բերանը բռունցքով չենք փակել:
…Իբր էնքան շատ ենք ու էնքան հզոր, որ հիմա էլ ժողովրդավարություն ենք խաղում: Պապից ավելի կաթոլիկ ենք: Ժողովրդավարության շքեղությունը փոքրերի համար չէ, մանավանդ, երբ գիտենք, որ աշխարհը կառավարողը ուժն է: Էնքան ժողովրդավար ենք, որ դրսում հայոց դեսպանի դեմ ենք ցույց անում, էնքան ժողովրդավար ենք, որ ուրիշ երկրում հայոց նախարարի դեմ ենք ցույց անում: Խելք եմ ասել, է… Ժողովրդավարություն ունենք, աշխարհը չունի: Թուրքը մեր չափ չի հասկանում, թուրքը հետամնաց է, ժողովրդավարությունից բան չի հասկանում:
Ասեմ՝ չե՞նք հասկանում, որ մեզ նման շքեղություն թույլ տալու իրավունք չունենք… Չգիտես ինչու մենք ամեն ինչ ուղիղ ենք հասկանում: Օտարներն ասում են՝ մենք Հայաստանը սիրում ենք, մենք հավատում ենք, ասում են՝ մենք Հայաստանի բարեկամն ենք, հավատում ենք, ասում են՝ մենք ժողովրդավարությունը պաշտպանելու ենք, հավատում ենք: Վերջին պատերազմը մեզ դաս չեղա՞վ: Քանի՞ հոգի մեզ պաշտպանեց: Չհասկացա՞նք, որ աշխարհի համար հայի արյունն արժեք չունի, և հաղթողներին չեն դատում: Թիթեռը որ թիթեռ է, իր թևերով փորձում է հրդեհը հանգցնել: Չի կարողանում, ճիշտ է, բայց գոնե ինքնազոհության խենթությունն ունի:
Ու մտածում եմ՝ այսքան լուսավոր գլուխներ ունենք՝ մի զենք հորինող չգտնվե՞ց մեզանում, թե՞ կրակող չունենք: Մի՞թե չգիտեք, որ օձերի ու կարիճների մեջ, նրանց հարևանությամբ ազնիվ խոսքով ապրել չի լինի: Չգիտե՞նք, որ նրանց ազնիվ խոսքի վրա հենվել հնարավոր չէ: Չգիտե՞ք, որ այս աշխարհը ժողովրդավարության ճռճռան փաթեթով փաթաթված՝ հավատում, վստահում և հարգում է ուժը:
Մեկ-մեկ մտածում եմ, թե այս ամենի ետևում այսաշխարհական ուժերից բացի նաև այլ ուժեր են կանգնած: Հայաստանը Նախախնամության կամքով միշտ հայտնվում է չարի ու բարու հակամարտության կիզակետում:
Հնդեվրոպական ցեղերի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, ու այդտեղից մարդիկ անընդհատ, հազարամյակներ շարունակ տարածվել են աշխարհով մեկ: Հիմա էլ այդպես է: Հայությունը որպես մերան ամեն ժամ, ամեն օր տարածվում է աշխարհն ի բաց: Հազարամյակներ շարունակ չար ուժերը ցանկացել են փակել այդ կենտրոնը կամ խցել երկրագնդի պորտալարը: Հիմա Հայկական լեռնաշխարհը գրեթե հայկական չէ: Թուրքը վերացնում է մեր ծաղկած խաչը, մեր գիրը կարդալ չի կարողանում, բայց հայտարարում է՝ ես եմ ստեղծել: Եկեղեցիներն էլ «իրենն են», բերդերն էլ «իր պապերն են կառուցել»: Գիտի, որ ասելով է, գիտի՝ ուժի աշխարհ է, գիտի՝ աշխարհում արդարություն չկա, ու ասում է: Մենք տապակվում ենք մեր ունեցածը մերը դարձնել չկարողանալու հոլովույթի մեջ ու նմանվում ենք վանդակ գցած սկյուռի: Վազում ենք, վազում, ուրիշին ոչինչ անել չենք կարողանում ու շրջվում, սեփական պոչն ենք կծում: Իսկ չարը քրքջում է: Հայկական լեռնաշխարհից մեզ մի փոքրիկ պատառ է մնացել ու այդ պատառն էլ չարի մագիլների մեջ է: Եթե Աստված չօգնի, չգիտեմ… Միտքս առաջ գնալ չի կարողանում կամ չի ուզում: Թուրքական օվկիանոսը շառաչում է մեր կողքին, օրեցօր ջնջում է մեր թողած ժառանգությունը:
Մտածում եմ՝ հսկայական օվկիանոսն ինչո՞ւ է ուզում կուլ տալ մեր փոքրիկ կաթիլը… Ինչո՞ւ: Մի՞թե կաթիլը կարող է օվկիանոսին վնասել… Պարզվում է՝ կարող է: Ասում են՝ փակված դրախտը նույնպես Հայկական լեռնաշխարհում է գտնվել: Ուրեմն չարի ու բարու գլոբալ պայքարում մենք կարևոր դեր ունենք, որ չենք գիտակցում: Եվ թշնամիները եթե վտանգ չզգային, բանի տեղ չէին դնի, եթե չվախենային, չէին պայքարի, եթե…
Ու պայքարում ենք: Ինչքա՞ն: Մինչև աշխարհի վե՞րջը, քանի կա հայությո՞ւնը: Բայց ախր հայությունը մեր օրերում իր սխալները սրբագրելու խելք ու քաջություն չունի: Ինչո՞ւ: Չգիտեմ, ասում են՝ Աստված առաջ մարդու խելքն է առնում, նոր մնացած ամեն բան:
Անդրանցական մտքերից ետ գալով տեսնում եմ, որ թուրքի դանակի դեմ մեր մերկ բռունցքն է, ու չգիտեմ՝ ո՞նց հասկացնեմ, թե.
– Տնաշեննե՛ր, գոնե բռունցքներիդ մեջ մի քար պահեք, հա՜: Դատարկ բռունցքից լավ է ու լավ: Քեզ ի՞նչ եղավ, ախր այդքան հաղթանակի դեմ մի պարտությունն ի՞նչ է, որ ուշքի չես գալիս: Էսքան դար ապրեցիր այստեղ ու ո՛չ քո պատմությունից դաս քաղեցիր, ո՛չ էլ աշխարհագրություն իմացար: Էսքան էլ միամի՞տ, էսքան էլ անտարբե՞ր, էսքան էլ եսասեր ու եսակենտրո՞ն…
Էսքան դար ապրեցիր թուրքի կողքին ու մի բան չսովորեցի՞ր: Մի քիչ թուրքություն չսովորեցի՞ր: Սեփական վատին ուրիշի լավից բարձր համարել չսովորեցի՞ր: Սեփական գայլին ինչո՞ւ օտարի շների կեր դարձրիր:
Սովորեիր, էլի՜, թե չէ ամբողջ աշխարհին դաս ես տալիս՝ ինքդ աշխարհի հարցերում անուս ու թերուս մնալով: Մի քիչ թուրքություն սովորեիր, էլի՜:
Մասիսից էլ ծանր ու նրանից էլ բարձր թռչող մեր խոսքերը դարերի մեջ երբեք լեռ ու բարձունք չդարձան: Մի անգամ մի փոքր հաղթանակ տարանք և այդ հաղթանակը սարքեցինք մատի փաթաթան: Այնինչ հաղթանակը տեղ հասցնել էր հարկավոր ամեն օր, ամեն վայրկյան, ամեն… Ամեն օր քարի վրա քար դնել էր հարկավոր, բայց մեր պատերը միշտ կիսակառույց ու ավերակ մնացին: Հետո ասացինք՝ հայի բախտ: Ի՞նչ հայի բախտ, հայի խելք ասա: Ասենք ի՞նչ խելք, հայի անխելքություն: Հայի անմիաբանություն: Աստված բախտը տալիս է ուժեղներին: Ուժեղ լինեինք՝ բախտ էլ կունենայինք:
«Դավաճա՜ն»,- ամենից հաճախ լսվող խոսքն է Հայաստանում: Իրար դավաճան ենք անվանում, իսկ թուրքը հրճվում է սահմանից անդին: Ինքն էլ ինչո՞ւ խառնվի, լա՜վ էլ ջարդում ենք իրար:
Երկիրը շագրենի կաշի է դարձել, իսկ մենք մտածելու փոխարեն իրար դատում ենք, իրար դեմ դատ ու դատաստան ենք անում, իրար հաղթելու համար հսկայական միջոցներ, ուժեր ու գումարներ ենք ծախսում… Աստծո առնելիք չէ, ի՞նչ է: Մենք մագիլներս խրել ենք մեր մեջ ու հոշոտում ենք մեր սեփական մարմինը:
Ամեն օր այլանում և օտարանում ենք մեզանից և չենք զգում, ասես այլ չափման մեջ ապրելիս լինենք: Չենք հասկանում, ասես խելք տվողը մեր խելքն առել է:
Ու մտածում եմ՝ ո՞ւր է մեր Ձենով Օհանը: Կա, չէ՞: Գոնե ես հավատում եմ, որ կա: Ե՞րբ է իրեն փաթաթելու յոթ գոմեշի կաշիով, ե՞րբ է կանգնելու Մարութա սարի գագաթին ու ձայն տալու Մսրա Մելիքի դավադիր ձեռքով հորի մեջ հայտնված մեր Թլոլ Դավթին.
– Դավի՜թ, հե՜յ, Դավի՛թ…
24 հունիսի 2022 թ.
ք. Սևան