Լևոն Խեչոյան, «Խնկի ծառեր», վիպակ և պատմվածքներ (թարգմանությունը հայերենից` Անուշավան Մեսրոպյանի, Լվով, «Արծաթե խոսք» հրատարակչություն, 2012թ.)
Երախտագիտությամբ Ա.Ն.-ին, Մ.Կ.-ին և Բ.Պ-ին ` հուշելու համար
Ո՞վ գիտե, թե այնտեղ` Հայաստանում, գրականության մեջ ի՞նչ է կատարվում: Փոքր երկիր է` երեք միլիոն բնակչությամբ (հայերի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս). լեզուն, որից Ուկրաինայում (և ոչ միայն Ուկրաինայում) համարյա ոչ ոք չի թարգմանում, հնդեվրոպական լեզվաընտանիքում հատուկ տեղ է գրավում: Այլ մշակույթ է, այլ մտածողություն: Ինչո՞վ կարող է մեզ զարմացնել ոմն Լևոն Խեչոյան, որի մասին Գուգլը սլավոնական լեզուներով առայժմ շատ քիչ բան է ասում. ծնվել է 1955 թվականին Վրաստանի շրջաններից մեկում, որտեղ հիմնականում հայեր են ապրում, ծառայել է Խորհրդային բանակում, կրթությամբ բանասեր է, կռվել է Ղարաբաղում, արձակի մի քանի ժողովածուների հեղինակ է, «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է Հայաստանի գրական «Ոսկե եղեգն» ամենաբարձր մրցանակի:
2012 թվականին լույս տեսած «Խնկի ծառեր» գիրքը համաուկրաինական «Տարվա գիրք` 2013» անվանակարգում ամռան առաջատարների մեջ առանձնանում է: Գրքի մասին արդեն լույս են տեսել մի շարք հետաքրքիր գրախոսություններ (այդ թվում նաև bukvoid.com.ua-ում): Սակայն, ինչպես երևում է, այդ գիրքը շատ ջուր է վերցնելու, նրա շուրջ խոսակցությունները սպառված չեն: Դա գիրք է, որը ցնցում է, և որին անընդհատ ուզում ես վերադառնալ …
«Խնկի ծառեր» գրքում տեղ են գտել համանուն վիպակը և 14 պատմվածքներ: Դրանց մեծ մասն այս կամ այն կերպ կապված են իրար հետ կա՛մ տարածքային առումով (գործողությունները տեղի են ունենում Ախալքալաքին մոտ գտնվող գյուղում, որտեղ ծնվել է գրողը), կա՛մ գործող անձանց անուններով և պատմողի կերպարով, կա՛մ էլ` որոշակի թեմաներով: Ինչպես վերջերս Լվովի «Ե» գրախանութում տեղի ունեցած համանուն ժողովածուի և Պետրո Յացենկոյի1 «Ծղոտահատիչ» փաստաթղթի քննարկման ժամանակ հայտնի դարձավ, գրքում տեղ գտած բոլոր գործերը «Խնկի ծառեր»-ի սկզբնական տարբերակից են, որն ինչ-որ ժամանակ Խեչոյանն այրել է: (Այդ մասին պատմեց գրքի թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանը): Թեև այն ծավալով մեծ չէ և ամբողջական է, չարժե փորձել երկու-երեք օրում արագ կարդալ-վերջացնել: Խեչոյանն այն գրողներից չէ, որոնք ունեն քաղցր–մեղցր լեզու, և որոնց գործերը կարդացվում են արագ և հեշտ կտորներով` բաց թողնելով պարբերություններ և անգամ ամբողջական հատվածներ:
Առանց չափազանցության` Խեչոյանի արձակը խիտ գրի, այնպիսի գրականության օրինակ է, որից դժվար է հանել ու դեն նետել ոչ միայն նախադասություն, այլև անգամ ինչ-որ արտահայտություն: Այնտեղից հնարավոր ամենը արդեն դուրս է նետվել: Այնտեղ չկան ներածական խոսքեր, դիմանկարներ և բնանկարներ, ներքին մենախոսություններ, չկան հեղինակային գնահատականներ, երբեմն նույնիսկ ենթակա չկա… Ըստ իս` նմանատիպ ստեղծագործությունների ձեռագրերը հղկված են այն աստիճան, որ դժվար թե այդ պատմվածքներից որևէ մեկը գրված լինի մեկ օրում: Իսկ պատմվածքները, ի դեպ, կարճ են, և եթե նրանցից մի քանիսում չլինեին առեղծվածային խորքերը, դրանք կարելի էր ռեալիստական համարել: Սակայն այդ գործերը այնքան խիտ են ու հագեցած, որ դրանց վերապատմելը բոլորովին էլ հեշտ չէ, ինչպես Ստեֆանիկին2 թարգմանելը: Ստեֆանիկի նման Խեչոյանն էլ է հաճախ նկարագրում կյանքի ողբերգական կողմերը. մահ, ինքնասպանություն, խելագարություն, բնական աղետներ, ոճրագործություն: Իսկ եթե ոչ ողբերգական, ապա դրամատիկ, լարված կողմերը, ինչպես` բանակային «օրենքները», ընտանեկան վեճերը…
Սակայն, ի տարբերություն Ստեֆանիկի, նա այդ ամենն անում է լիովին անտարբեր: Ի՞նչ է զգում մեղադրյալ պապը, երբ դատի ժամանակ լսում է իր դեմ վկայություն տվող թոռանը: Ի՞նչ են զգում հարյուրավոր բանտարկյալ տղամարդիկ ու կանայք, որոնք, վագոններից հանկարծ հայտնվելով ազատության մեջ, կենակցում են իրար հետ, իսկ շփոթված պետերն ու զինվորները ավտոմատների կոթերով ու բահերով նետվում են նրանց իրարից բաժանելու: Ի՞նչ հոգեվիճակում է հեղեղի մեջ հայտնված գեղանի ուսուցչուհի Նվարդը, մինչև ջուրը նրան կքշեր ու կտաներ: Ի՞նչ է զգում տղան, որին արդեն երրորդ գիշերն է` չեն կարողանում հանել երկրաշարժի փլատակների տակից: Ի՞նչ է զգում հայրը, որը քիչ առաջ հեռախոսով լսել էր գերության մեջ գտնվող որդու ձայնը, իսկ հիմա սեփական ձեռքով նրա դագաղն է բացում: Ժամանակակից ուկրաինացի արձակագիրներից շատերը` Օքսաննա Զաբուժկոյից մինչև Ստեփան Պրոցյուկ, պատկերելով նման իրավիճակներ, հազիվ թե իրենց զրկեին այդպիսի արտակարգ իրավիճակներում հայտնված մարդկանց հոգեվիճակը նկարագրելուց և ընթերցողին իրենց սեփական դատողությունները հայտնելուց: Այդ դեպքում Խեչոյանի այս կամ այն պատմվածքի չորս էջը կդառնար 10, իսկ «Խնկի ծառեր» վիպակի շատ պարբերություններ` վեպի գլուխներ: Հայ գրողը դեպքերի և անձերի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքն ի ցույց չի հանում` հնարավորություն տալով ընթերցողին մենակ գլուխ հանել նկարագրված պատմություններից:
Ժողովածուում առանցքային ստեղծագործությունը 1980թ. գրված վիպակն է, որն էլ դարձել է այս գրքի վերնագիրը: Խորհրդային ժամանակներում Վրաստանում ապրող հայկական մի տոհմի պատմությունն է: Ստեղծագործությունը լի է միֆական տարրերով, որն էլ որոշ հարազատություն ունի մոգական ռեալիզմի արձակի հետ: Ընթերցելիս ես երբեմն զգում էի, որ այդ միֆական տարրերն ասես փոքր-ինչ ավելի լրջություն են հաղորդում կերպարներին, որոնք բախտի բերմամբ հայտնվել են դրամատիկ իրադարձությունների կենտրոնում:
Իր հարցազրույցներից մեկում գրողն ասել է, որ «Խնկի ծառերը» գրելուն նախորդել էր հոր և հորեղբայրների մահը: Վիպակում ինչ-ինչ պատճառներով հոր կերպարը հպանցիկ է, իսկ մոր և պատմություն պատմող տղայի կերպարները, իրականում, ասես միայն ձևական են: Փոխարենը պատմողի հարազատները` Օնան պապը, Հայկուշ տատը, պապի եղբայրները` Գիգոլը, Մարգարը, Տարիելը, ու իր հորեղբայրները` Տիրանը, Գևորգը, Սերոն, հորեղբոր տղաները` Սերոբը և Խելառ Օնանը, շատ կոլորիտային են: Բացի նրանցից` վիպակում գործում են նաև քահանան, գյուղսովետի նախագահը, ոստիկանն ու իրավաբանը: Կանացի կերպարները, բացի տատից ու Նիզարից, էպիզոդիկ են և ոչ այնքան պատկերավոր: Դժվար է ինչ-որ բան ասել պատմողի` այս կամ այն անձի հետ ունեցած հարաբերությունների մասին: Ողջ ուշադրությունը նվիրված է պապին. նա է գլխավոր կերպարն ու պատկերված է տոհմի ծննդյան իսկ օրվանից: Պապը եկեղեցի (հոգևոր կյանքի կենտրոն գյուղում) կառուցեց, նա ունի ջրաղաց (նյութական բարեկեցության հիմք) և մեծ հեղինակություն. նրան են ենթարկվում փոքր եղբայրներն ու ընտանիքի մյուս անդամները: Սակայն չի կարելի ասել, որ այդ կերպարը իդեալականացված է. պապը թույլ կողմեր նույնպես ունի ` բարկացկոտ է, համառ: Եթե հիշենք, թե ինչպես իր անհետ կորած եղբոր` Տարիելի «բանաստեղծությունների տետրը այրեց» (նրան կասկածում էին հակախորհրդային քարոզչության մեջ), ապա կարելի է նրան որոշ չափով «հանցանք վերագրել»: (Ի դեպ, Տարիելի մասին. հետագայում շրջկենտրոնից հրաման է գալիս, որ նոր կառուցված ակումբի պատին փակցնեն նրա նկարը` որպես «շրջանի առաջին հեղափոխականներից» մեկի, որը «մեր դրոշն ու հեղափոխական խիղճը արժանապատվորեն բարձր պահեց»):
Ես չեմ անդրադառնա «Խնկի ծառեր»-ի մյուս կերպարներին, միայն թե չի կարելի ուշադրություն չդարձնել հենց իր` պատմությունը պատմողի կերպարին: Մշտապես լսելով նրա ձայնը` ընթերցողն այդպես էլ համարյա ոչինչ չի իմանում նրա մասին: Մենք միայն գիտենք, որ մանկության տարիներին նա խաղում էր հորեղբոր տղայի` Սերոբի հետ, և երկուսով ծեծել էին մյուս հորեղբոր տղային` Հունանին (Խելառ Օնանին), և որ առաջին սեռական փորձն ունեցել էր հարսի հետ: Փաստորեն, նրա հետ ոչինչ չի կատարվում (նույնը կարելի է ասել նաև նրա ծնողների մասին): Սերոբը և Խելառ Օնանը մեծանում են. առաջինը դատապարտվում է տասը տարվա ազատազրկման և զոհվում, իսկ անանուն պատմողը մնում է հավերժ դեռահաս: Հավանաբար դա հեղինակի ինքնահեգնանքն է. տղամարդ մյուս կերպարների ֆոնին գուցե դեռ իր չկայացած լինելը: («Խնկի ծառերը» գրելիս գրողն ընդամենը 25 տարեկան էր): Սակայն երևի դա պատմողի նկատմամբ հեղինակի վերաբերմունքն է. անաչառ լինելու համար անհրաժեշտ է, որ նա մնա ստվերում, ինչպես Ֆլոբերն է ասում, լինի ամենուր և ոչ մի տեղ, ինչպես Աստված տիեզերքում…
Պատմվածքներում առկա պատմողի ձայնն ասես վիպակը պատմողի ձայնն է: Օրինակ` ամեն երկրորդ պատմվածքում պատմողը դեռահաս է, իսկ այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսին «Սպասումը» և «Հայրս» են, պատմողի կերպարը հեգնանքի տարրեր է պարունակում: Դեռ ավելին, նշված պատմվածքներից վերջինում պատմողն Օնանի թոռն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ վիպակը և պատմվածքը պատմում է նույն մարդը: Կան համընկնումներ վիպակի ու որոշ պատմվածքների, կերպարների բնութագրերի, ինչպես նաև իրավիճակների միջև: Օրինակ` «Պաղ քամի» պատմվածքում նույնպես հանդիպում ենք կույր տատի կերպարին, որը տնից դուրս է գալիս քայլելու` բռնված որոշակի երկար պարանից, որի մի ծայրը ամրացված է տանը: Ինչպես «Երկու կրակոց»-ում, այնպես էլ «Խնկի ծառեր»-ում պատմություն պատմողի հորը հարազատները տուն չեն թողնում:
Ավելի շատ միֆական տարրեր կան վիպակում, քան պատմվածքներում. այստեղ գերակշռում է առեղծվածը կամ պարզապես անորոշությունը: Գիրքը բացվում է «Սպասում» պատմվածքով, որտեղ թեև առեղծվածներ չկան, բայց կան որոշակի պահեր, երբ խոսքը մինչև վերջ չի ասվում: Պարզ չէ, թե ինչու են մեղադրում պապին. կա՛մ մեղադրում են, որ չի փրկել թուրքին և թալանել է նրան, կա՛մ էլ ոտքը կտրելու մասին հակասական տեղեկություն է տվել (թուրքի նկատմամբ հայի ոչ հումանիստական վերաբերմունքը գուցե պատմական արդարացում ունի. 1915 թվականին թուրքերը ցեղասպանության ենթարկեցին հայերին` խլելով 1/3 մլն հայերի կյանք): Երկրորդ անորոշությունը վերաբերում է պատմողի` կրկնվող ռեֆրենով այն խոսքին, թե իրենք` ինքն ու պապը, շատ էին ուզում, որ հայրը գար դատարանի դահլիճ. ի՞նչ արժեք ունեին այդ ցանկությունները: Մի՞թե նման ցանկություն ուներ ոչ միայն թոռը, այլև պապը, որն այնքան էլ լավ հարաբերություններ չուներ որդու հետ:
«Հայրս» պատմվածքում ասես բաց է մնում այն հարցը, թե հայրը արդյոք պատմողի հարազա՞տ հայրն է: Ընթերցողը գուցե նույնիսկ հիասթափվում է նման անորոշությունից, սակայն ուշադիր ընթերցումը համոզում է, որ պատումի հիմնական միտքն այն չէ, թե ով է հայրը: Թեև պատմվածքը վերնագրված է «Հայրս», իմ կարծիքով, սակայն, այստեղ ամենակարևորը մոր կերպարն է: Այն, որ մայրը որդու`«Ո՞վ է իմ հայրը» հարցին պատասխան չի տալիս, պետք է քննարկել` ելնելով տեքստի նախորդ արտահայտություններից, որոնք վերաբերում են հայրությանն ու մայրությանը: Եվ եթե այն, որ մայրը որդու մեջ ամրապնդել է հավատը, թե նա ծնվել է նռից, և դա կարելի է վերագրել որդու պարզամտությանը, ապա արդեն բժիշկ-հոգեբույժի հետ մոր զրույցը հաստատում է որդու ամուր հավատն անարատ հղիության մասին: Ըստ բժշկի (նա այստեղ հասարակության «առողջ մտքի» կրողն է)` տղան սոցիալական վարքից շեղում ունի: Պայմանական «առողջ բանականության» և կրոնական աշխարհայացքի միջև կոնֆլիկտի այս պահը Խեչոյանն ասես չի էլ ընդգծում. նա ընդհանրապես իր արձակում խուսափում է հետևություններից, անդրադարձներից, որն իմ կարծիքով կարևոր է:
Թեև Խեչոյանի պատմվածքները մինչև ծնկներն ամուր թաղված են հողի մեջ, այնուամենայնիվ դրանք մեծ մասամբ առեղծվածային տարրեր ունեն: Այսպես թե այնպես, անտեսանելի մի ներկայություն կա «Տոթ օր», «Զանգը», «Պաղ քամի», «Հանգրվան», «Երկու կրակոց» պատմվածքներում: Վերջինում, պատմություն պատմողի հոր վարքի վրա ազդեցություն ունեցող հանգամանքը օդեղեն կրակն է, որը, սկզբում նրան երևալով, նրա մեջ օտար կնոջ հետ քնելու կիրք է արթնացնում` կործանման հասցնելով նրան: Այդ ստեղծագործության վերջում պարզվում է, որ պատմողի փոքրիկ տղան երազում պարբերաբար տեսնում է պապի վախճանը, թեև չի կարելի նույնականացնել նրան պապի հետ, որին բախտ չի ունեցել տեսնելու, և որի մահվան պատմությունն իրեն ոչ ոք չի պատմել:
Որոշ ստեղծագործություններում էլ առեղծվածային կերպարների պատկերները պարբերական բնույթ ունեն: «Հանգրվան» -ում քաղաքի մեջ մեկ այստեղ, մեկ այնտեղ սև ստվեր է երևում: «Պաղ քամի» -ում կույր տատը ժամանակ առ ժամանակ տան մեջ զգում է անտեսանելի մի շունչ և, ի վերջո, հասկանում է, որ դա իր թոռան` Խորհրդային բանակի սպայի ձեռքով սպանված աֆղանցի զինվորի մայրն է:
Խեչոյանի այս գրքում շատ քիչ ստեղծագործություններ կան, որտեղ բացակայում են կրկնությունները: Ես արդեն հիշատակեցի որոշ կրկնություններ «Սպասում», «Նարինջ», «Հանգրվան» (այստեղ այդ կրկնությունները միանգամից մի քանիսն են), «Խնկի ծառեր» վիպակում ամեն անգամ, երբ ինչ-որ փորձանք է տեղի ունենում, կատարվում է ծես. պապը կանգնեցնում է ջրաղացը և մեկ նալիկ ավելացնում: «Զանգը» և «Հայրս» պատմվածքներում կրկնության ու հակադրության կիրառումը ներդաշնակ են: «Մեզնից ամեն մեկը հավատացած էր»,- կրկնում է պատմողը, որ գեղանի ուսոցչուհի Նվարդը փրկվելու է, սակայն, այնուամենայնիվ, հասնում է մի պահ երբ. «Հավաքվածներիցս ամեն մեկն այլևս չէր հավատում» նրա փրկությանը: «Հայրս» պատմվածքում հակառակն է. սկզբում դրույթն է, հետո կրկնվող հակադրույթը. «Ես ուզում էի, որ գնանք տուն», ասում է հոգեբուժարանում գտնվող տղան և տուն գնալու ճանապարհին ամենաքիչը երկու անգամ, իր համար ինչ-որ առիթ փնտրելով` չի ուզում տուն գնալ:
Գրքում բավական առատ օգտագործված են հակադրության բոլոր կիրառվող հնարքները: Իհարկե, Խեչոյանը խուսափում է ինչպես հակոտնյա, այնպես էլ բարոյապես ստորակարգ կերպարներ պատկերելուց: Թվում է` այն մարդիկ, որոնց մասին խոսվում է գրքում, նրա համար թանկ են, թեև նրանցից ոչ ոք կատարյալ չէ: Այսպես, խոսքը վերաբերում է ոչ թե կերպարների հակադրությանը, այլ գրողի կերպարային մտածողության հակադրությունների զուգակցությանը կամ նրա պատկերածի իրական լինելուն. երբ զուգակցվում են գեղեցկությունն ու ողբերգությունը («Զանգը»), երկրաշարժն ու հեքիաթը («Նարինջը»), կատակներն ու սպանությունը («Փոխանակություն»), մանկան անմիջականությունը և քրեական պատասխանատվությունը («Սպասում»), կիրքն ու օրենքը («Տոթ օր»), հարմարավետությունն ու անհանգստությունը («Հանգրվան») և այլն: Ավելի շատ ցնցում են հակադրության այն դեպքերը, որոնք դուրս են բանականության սահմաններից, ինչպես օրինակ, այս արտահայտությունը. « … հյուրանոցը ճոճվում էր, բոլոր փակ բաները բացվում էին, բացերը` փակվում» («Հանգրվան»):
Թվում է` եկել է ժամանակը համարձակվելու և ասելու իմ հոդվածի գլխավոր միտքը: Ահա. ես սխալվում էի, երբ ասում էի, որ Խեչոյանի արձակը ռեալիստական է: Ընդհանրապես, ես արդեն սկսում եմ կասկածել. այդ արձակը ռեալիստական չէ: Ինչ-որ բան մինչև վերջ չասելը… կրկնությունները…առասպելաբանությունը… խոր հավատ ունեցող կերպարները… հակադրությունները… Խեչոյանական այդ դաժան արձակում շատ խոր պոեզիա կա: Ասում եմ «խոր» ոչ գեղեցկախոսության համար, այլ որպես հականիշ դեկորատիվ բանաստեղծականության: Թեև Խեչոյանը բանաստեղծական կերպարներ շատ չի ստեղծում, սակայն դրանք հասցնում է կատարելության. «…կապուտակ երկնքից հրաձգարանի խաղալիքների նման կախվել էին արտույտները» («Խոզը»): Միայն իսկապես բանաստեղծական հոգին կարող է երկինքը համեմատել հրաձգարանի հետ: «Սպասում» պատմվածքում պապը թոռան հետ սպասում է, թե երբ պետք է քարին նստած գորտը թռչի ջուրը. իսկ մինչ այդ թուրքը կմեռնի, և իրենք կվերցնեն նրա փողերը: Գործն ասես ռեալիստական է, սակայն արդյոք գորտի հետ կապված այդ պատմությունը որոշակի փոխաբերական իմաստով չէ՞ օգտագործված: Քարին նստելը մարդկային մի ողջ կյանք է, և մի թռիչք, ու մարդը չկա: Կամ էլ «Նարինջը» պատմվածքը, որ նույնպես ամբողջովին ռեալիստական պատկեր է, մանրուքները նկարագրված են ճշմարիտ և, այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել մի հոր, որն արդեն երրորդ գիշերն է, երկրաշարժի փլատակների տակից փորձելով փրկել որդուն, չի հուսահատվում փոքր երեխայի հետ քրիստոնեական սիմվոլներով քողարկված հասկանալի լեզվով մահվան մասին խոսելուց. «Դու գիտե՞ս, որ հիմա մեր քաղաքը դրախտավայր է, չգիտես: Աստվածներն ու հրեշտակներն իջել են երկրի վրա` պարում, թռչկոտում են: Մարդկանց այլևս տներ պետք չեն, մենք ապրելու ենք երկնքում ու երկրի վրա, մեր շուրջը բազմաթիվ շատրվաններ են գցում: Ափսոս, որ այդ օրը դպրոց չէիր գնացել, մնացել էիր տանը: Հրեշտակները քեզ համար շատ են ցավում: Եվ ամենահաճելին, գիտե՞ս, մարդկանց թիկունքին սկսել են թևեր աճել»: Եվ այսպես, մինչև վերջին պարբերությունը, որտեղ մահվան իրական լինելը ստվեր է նետում կյանքի հույսի գունատ շողին… Մի՞թե դա պոեզիա չէ:
Հ.Գ. Կա՛նգ առ: Այդ ե՞ս ասացի «բանաստեղծական հոգի»: Ո՛չ, դա չափազանց պաթետիկ է հնչում և անհարիր է Խեչոյանին: Եթե երբևէ նա Լվով գա, ապա ես նրանից ապտակ կստանամ: «Փոխանակություն» պատմվածքում այսպիսի նախադասություն կա. «Նա խոսելիս «մարգարեանալ», «արիանալ», «երկնքի հետ խոսել», միշտ էլ դրանց նման վերամբարձ բառեր էր օգտագործում, ու անընդհատ իմ մեջ նրա հետույքին հասցնելու ցանկություն էր առաջանում»: Եվ չարժե, որ ես վկայակոչեմ հայտնի ճշմարտությունը` հաստատելու, թե կերպարների խոսքը չպետք է վերագրել ստեղծագործության հեղինակին. ես համոզված եմ, որ այս նախադասության դեպքում կարելի է: Դա նրա տեսակետն է: Ի դեպ, միակ դեպքը գրքում, երբ Խեչոյանը արտահայտում է (թեև կերպարի միջոցով) իր կարծիքը արձակագրի (մյուս կերպարի) ոճի մասին:
Թարգմանությունը`
Ալլա ՍԱՀԱԿՅԱՆԻ
——————-
1 Պետրո Յացենկո (ծն. 1978թ.), ուկրաինացի երիտասարդ արձակագիր, գրական մրցանակի դափնեկիր:
2. Վասիլի Ստեֆանիկ (1871-1936), ուկրաինացի դասական գրող: