ԱԴՐԻ-Ն ԿԱՄ ԿԻՆՈՅԻ ՀՐԱՇՔԸ

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

1960 թվականից, Պրոսպեկտի վրա գտնվող Արվեստի աշխատողների տան` Ադրի-ի (Армянский дом работников искусства) դահլիճում ամեն ուրբաթ օր, ժամը երեկոյան 7-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամների համար կազմակերպվում էր փակ կինոդիտում: Այդպես սկսեց գործել երևանյան առաջին «Կինոյի տունը»: Ընդ որում, Կինոմիության յուրաքանչյուր անդամ իրավունք ուներ իր հետ ևս մեկ հոգի բերելու: Երբ հայրս ինձ ասաց այդ մասին, թե մեզ մոտ էլ որոշված է Ադրիի դահլիճում Մոսկվայի օրինակով յուրօրինակ «Դոմ կինո» բացել և շաբաթը մեկ նոր ֆիլմեր դիտել, դա ինձ համար իսկական տոն դարձավ:
Կինոն այդ տարիներին ինձ համար կյանքիս նպատակն էր: Ես բառիս բուն իմաստով ապրում էի կինոյով, մեր փողոցի կամ թե դպրոցի ընկերներիս հետ շաբաթը 2-3 անգամ, հենց նոր կինո էր բերվում, ես կա՛մ կինո «Մոսկվա», կա՛մ կինո «Նաիրի» պիտի գնայի: Իսկ հիմա, ի՜նչ նվեր, փակ կինոդիտում Ադրիի պես գեղեցիկ, գողտրիկ դահլիճում, և այն էլ կինոաշխարհի հայտնի գործիչների հարևանությամբ, դիտել նոր և հաճախ ճաշակով ընտրված ֆիլմեր, որոնք մեծ էկրան պիտի դուրս գային միայն մեկ կամ երկու շաբաթ հետո, և կամ երբեք դուրս չէին գալու:
Դիտումից մի տասը-տասնհինգ րոպե առաջ, որպես օրենք, կինոաշխատողները արդեն հավաքվում էին, և հետզհետե նրանցից յուրաքանչյուրը ընտրեց իր նախընտրելի տեղը դահլիճում: Հայրս և ես, օրինակ, նստում էինք դահլիճի ձախ կողմում՝ վերջից երրորդ շարքում` անմիջապես պատի տակ: Էրազմ Մելիք-Քարամյանը և Ստեփան Կևորկովը` Կամոյի մասին մեծ աղմուկ հանած «Անձամբ ճանաչում եմ» (սրանք Լենինի խոսքերն էին) ֆիլմի բեմադրիչները, բոլոր դիտումներին միասին էին, նրանք նախընտրում էին նստել երկրորդ հարկում, ուր թեք, փոքր օթյակներ կային, և միայն նրանց, բացառության կարգով, թույլատրվում էր ֆիլմի ընթացքում ծխել: Ընդ որում, ծխում էին ամենաէժան ծխախոտները՝ «Պրիմա» կամ «Աստրա», և ոչ թե թութունի, այլ այրվող քարածխի հոտ էր գալիս վերևից: Մոխրամանն էլ ֆիլմի ընթացքում լցվում էր բերնեբերան: Ծխում և անընդհատ հազում էր մանավանդ Մելիք-Քարամյանը` ահարկու տեսքով, ասես ցարական Ռուսաստանի գավառական քաղաքապետ լիներ: Իրոք, զարմանալի մարդ էր, ի դեպ՝ ազնվական ծագում ուներ և ծնվել էր Փարիզում մինչ հեղափոխությունը: Նրա կինը ռուս էր, շեկլիկ, նրբին դիմագծերով, նստում էր առաջին շարքերում, հայտնի կինոօպերատոր Արտյուշա Ջալալյանի կնոջ` Նինայի կողքին, և մշտապես խոսում էին: Նրանց էր միանում մեր մյուս մաեստրոյի՝ Գրիշա Մելիք-Ավագյանի կինը՝ Թամարան, մի շատ բարի և մշտապես հիացական անձնավորություն: Երեքն էլ կինոյի մեծ սիրահարներ էին: Ուղիղ մեր դիմաց նստում էր անվանի կինոօպերատոր Ժորա Սանամյանը տիկնոջ հետ: Մեր կողքին, մեր շարքում նստում էին Վիգենի մոտիկ ընկերները՝ Արշավիրը և Արկադին՝ կինոգործի հմուտ կազմակերպիչներ: Վիգենի մյուս մոտիկ ընկերը կինոբեմադրիչ Գրիշա Սարկիսովն էր: Մոռացա ասեմ, որ նրան էլ թույլատրվում էր ծխել, և նա էլ նստում էր վերին հարկում Մելիք-Քարամյանի հարևանությամբ, նույնպես մոլի ծխող էր:
Զարմանալի էր, այդ տարիներին, երևի Համո Բեկնազարյանի նմանողությամբ, մեր հայտնի կինոբեմադրիչները իրար դիմում էին իրենց ազգանվան ռուսատիպ վերջավորությամբ՝ «ով»-ով. Էրիկ Մելիք-Քարամով, Ստյոպա Կևորկով, Գրիշա Մելիք-Ավագով, Արտյուշա Ջալալով, Գրիշա Սարկիսով, Յաշա Քոչարով, Մարկ Օսիպով: Եվ բոլորը միասին, որպես օրենք, իրար հետ ռուսերեն էին խոսում: Ռուսերեն էին խոսում նաև «յան»-ով վերջացող ազգանվանակիրները՝ Արտո Հայ-Արտյանը, Յուրի Երզնկյանը, և ավելի ուշ Հայկինոյի աշխարհում երևացած Սերգեյ Փարաջանովը, Էդմոնդ Քյոսայանը: Գուցե այն պատճառով, որ նրանց մեծ մասը ծնվել էր Ռուսաստանում և Վրաստանում, և մեր կինոյի վարպետները ուսում առել էին և սկսել աշխատել նույնպես Ռուսաստանում: Ինչևիցե, նրանք բոլորը ռուսախոս էին: Ընդ որում, դու կարող էիր նրանց հետ խոսել հայերեն, ինչպես օրինակ՝ հայրս կամ սցենարիստ, գրող Պերճ Զեյթունցյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, մեր դերասանները՝ Հրաչյա Ներսիսյանը, Արման Կոթիկյանը, Խորեն Աբրահամյանը, միևնույն է՝ նրանք քեզ կպատասխանեին ռուսերեն, բնականաբար հայերենը հասկանալով: Մոտավորապես այսպես.
– Բարի երեկո, Էրազմ Ալեքսանդրովիչ:
– Добрый вечер, Виген джан, что мы сегодня смотрим?
– «Մահը Վենետիկում», Լուկինո Վիսկոնտիի ֆիլմը:
– Висконти. Да, я до сих пор помню “Рокко и его братья”, класс!!
– Այս ֆիլմը կոմպոզիտոր Գյուստավ Մալերի մասին է, որը մահացել է Վենետիկում:
– Да ты, Виген, прямо ходящая энциклопедия.
Ավելորդ է ասել. դե որ տղամարդիկ խոսում էին ռուսերեն, նրանց կանայք` նույնպես, ավելին՝ կանայք պարզապես ռուսախոս էին, և «Կինոտան» թե՛ էկրանից հնչող, թե՛ դահլիճից արձագանքող լեզուն ռուսերենն էր:
Ես, անկեղծ ասած, դժվարանում էի նրանց հետ խոսքի բռնվել: Դե, մեր տանը երբեք ռուսերեն չէին խոսում, բացառությամբ եթե Մոսկվայից հյուր գրողներ գային, դպրոցս հայկական էր, բակի ընկերներիս հետ խոսակցական լեզուն՝ նույնպես հայերենը: Եվ դրա համար քիչ էի խոսակցության բռնվում, նաև շատ ջահել էի, որ մաեստրոների հետ զրուցեի: Իմ գործը կինո դիտելն էր:
Ի՜նչ ուրախություն էր ամեն ուրբաթ երեկո, և որ տոնը լրիվ լիներ, պիտի հագնեիր ունեցածդ լավագույն հագուստները: Ասեմ, որ «Կինոտանը» ընդունված էր լավ հագնվել, ինչ-որ չգրված օրենք էր դարձել:
Գալիս էին և երիտասարդ, շատ գեղեցիկ, արդեն նկարահանվող կամ թե Թատերականում սովորող աղջիկներ, գալիս էին քաղաքի գեղեցկուհի Լաուրա Վարդանյանը (որ հետագայում նկարահանվեց «Խաթաբալայում» և «Առաջին ծիծեռնակը» վրացական ֆիլմում), Թատերականի ուսանողուհի, գեղեցկուհի Լաուրա Գևորգյանը (որը հետագայում դարձավ Էդմոնդ Քյոսայանի կինը), սլացիկ հասակով, շատ գրավիչ և միշտ ճաշակով հագնված Մարի-Ռոզ Աբուսեֆյանը (որին շատ շուտ սիրահարվեց երիտասարդ քանդակագործ Արա Շիրազը), դեռևս ուսանողուհի, իսկ հետո հայկինոյի աստղ Ալլա Թումանյանը` զարմանալի գեղեցիկ և տխուր աչքերով, գալիս էր նաև մեր հայկական Սոֆի Լորենը՝ Ադա Կարագյոզյանը, դեռ համալսարանի բիոֆակի ուսանողուհի, որին շատ թունդ սիրահարվել էր ինքը` Առնո Բաբաջանյանը, ՄՎԴ-ի գլխավոր բժիշկ Պողոսյանի դուստրը՝ Լանան, ուղղակի 60-ականների երևանյան գեղեցկուհիները՝ Գաննան, Նեզաբուդկան, Մերին, Գայուշը: Կինոյի երիտասարդ գործիչները, կինոխմբերի տնօրենները՝ Ռադիկը, Լերմոնտը, Լաերտը, Ռուդիկը, Արկադին, մուտքի մոտ օգնում էին, որ թվարկածս երիտասարդ գեղեցկուհիները դահլիճ անցնեին և իրենցով զարդարեին «փակ դիտումները»:
Բայց իսկական փակ դիտումները լինում էին տարին 3-4 անգամ, երբ Մոսկվայից՝ «Бюро кинопропаганды»-ից «լեկտորներ» էին գալիս: Հիշում եմ անգամ նրանց անունները՝ Յուրի Շեր, Բոգոսլավսկի, և իրենց հետ բերում էին արևմտյան կինոյի վերջին գլուխգործոցներից: Նմանօրինակ փակ դիտումներին (որոնք, որպես օրենք, սկսվում էին Մոսկվայից ժամանած էմիսարների դասախոսություններով), ես դիտեցի ֆիլմեր, որ երկար տարիներ անմոռանալի տպավորություն թողեցին պատանուս ներաշխարհի վրա՝ «Կաբիրիայի գիշերները», «Քաղցր կյանք», «8 և կես», «Ռոկկոն և նրա եղբայրները», «Անմեղը», «Տղամարդն ու կինը», «Խավարում», «Ամարկորդ», «Ամերիկա, Ամերիկա», «Կոմֆորմիստը» և էլի շատ-շատ «ոսկե ժապավեններ»: Հատուկ երեկո նվիրվեց ֆրանսիական կինոյի «Նուվել վագին» («Նոր ալիքին»)` Գոդարի, Շաբրոլի, Ռոբ Գրիյեի ֆիլմերին:
Վերջինն էր Կոպոլայի «Կնքահայրը» (արդեն նոր Կինոյի շենքում): Եվ իմ աշխարհը շնորհիվ այդ դիտումների մտան Ֆելինին, Վիսկոնտին, Անտոնիոնին, Բյունուելը, Բերգմանը, Բերտոլուչին: Օ՜ կինոյի աշխարհ, ինչ մոգական ազդեցություն ունեիր: Եվ այսպես իմ գործը կինո դիտելն էր, նստում էի հորս կողքին և կլանված՝ երկու ժամ, իսկ երկսերիանոց կինոյի դեպքում՝ երեք ժամ, ամեն ինչ մոռացած դիտում այն հրաշքը՝ չիմացած, չլսած, չտեսած կյանքն ու իրականությունը` քսան մետր հեռու դիմացդ կախված սպիտակ էկրանի վրա, որը սակայն երևանյան կինոտան սովորական պաստառ չէր, այլ ժամանակավոր պատուհան դեպի Եվրոպա՝ Միլան, Հռոմ, Վենետիկ, Փարիզ, Մադրիդ, Նյու Յորք, ուր ուզես: Դու և կաս դահլիճում, բայց և միաժամանակ քո կողքին են Բրիջիդ Բարդոն, Մոնիկա Վիտտին, Անիտա Էկբերգը, Կլաուդիա Կարդինալեն. ինչպիսի՜ գանձեր, որ այնուհետև եթե բախտդ բերեր, երազում կտեսնեիր…
Դու տեսնում էիր գիշերային ակումբներ, շքեղ պարթիներ, բարեր, կոկտեյլներ, աներևակայելի գեղեցկուհիներ, երկար սև մեքենաներ, հասկանում էիր ինչ է ժամանակակից աշխարհը, սերը, հավատարմությունը, դավաճանությունը: Եվ, որ ամենակարևորն էր, և ամենաառաջին հերթին Ֆելինիի շնորհիվ, թե ինչ է ենթագիտակցական աշխարհը, ինքդ ինչպիսին ես: Եվ այս ամենը մի համեստ, 200 տեղանոց երևանյան դահլիճում, դերասանների նշանավոր տան տակը, կինո «Նաիրիի» հարևանությամբ:
Լավ ֆիլմերի ավարտից հետո, նկատել եմ, որ սովորաբար լռություն է տիրում, ամեն մարդ ինքն իր հետ է, հետո երբ լույսը վառվում է, ուզում ես ավելի լավ, ավելի զուսպ, ձիգ, հավաքված երևաս: Կինոն այդ օրն իր գործը կատարեց, վաղն էլ կկատարի: Մի դրվագով, մի ուրվագծով, մի մտորումով մարդուն հարստացնելով: Եվ «Կինոտան» այդ գողտրիկ դահլիճը յուրովի համալսարան է դառնում իր դարը, ժամանակակից աշխարհը ճանաչել ձգտող պատանու համար:
Կարծեմ մեկ, թե երկու, անգամ Ադրիի «Կինոտանը» կազմակերպվեց Նոր տարվա դիմավորման երեկո: Երկրորդ հարկում խորտիկներով, մրգերով և խմիչքներով սեղաններ էին դրված, գործում էր ժամանակավոր բուֆետը, ուր կարող էիր, ինչպես արևմտյան բարերում, մի բաժակ ըմպել կամ քաղցրավենիք գնել: Սկզբում մի լավ ֆիլմ ցուցադրեցին, եթե չեմ սխալվում՝ «Ամուսնություն իտալական ձևով», Սոֆի Լորենի և Մարչելո Մաստրոյանիի մասնակցությամբ, Վիտորիա դե Սիկայի ֆիլմը: Հետո աթոռները քաշեցին պատերի տակ և սկսեց նվագել Երևանում նոր տարածում գտած ջազ-նվագախումբը: Հիշում եմ, որ սաքսաֆոն նվագում էր Մարատը, մնացած երաժիշտներին չեմ հիշում: Ջազային իմպրովիզացիաները ընդհատվում էին հատուկ դրված դինամիկներից եկող ֆրանսիական, իտալական մոդայիկ երգերով:
1962 թվականի նոր տարվա դիմավորումն էր: Կինոաշխատողները, իրենց կանանցով, զավակներով, որոշ կոմպոզիտորների և նկարիչների էլ էին հրավիրել, և իհարկե երիտասարդություն Թատերականից, կինոյի և դերասանական բաժնից, արագ կամ հանդարտ, նայած դրված երաժշտասկավառակին, բոլորը պարում էին: Ես երբևիցե հասարակական վայրում չէի պարել, դե պատահել էր ընկերական հավաքներին, բայց ահա այսպիսի հանդիսավոր դահլիճում, այսպիսի տոնական մթնոլորտում, իհարկե, պետք էր համարձակվել. բայց ո՞ւմ հետ: Ես նկատեցի դահլիճում, մուտքից անմիջապես աջ կանգնած է մի գեղեցիկ աղջկա: Սլացիկ հասակով, բարեկազմ, երկար սև մազեր և շատ բնորոշ հայկական դիմագծեր, կարելի էր ասել դասական: Ես մի պահ նկատեցի, որ նա էլ հայացքը ուղղեց իմ կողմը և հայացքում չթաքցրած տխրություն կարդացի: Եվ այդ պահին հնչեց ինձ շատ սիրելի «Արծաթե կիթառներ» տանգոյի մեղեդին: Ու ես համարձակ մոտեցա անծանոթուհուն և հրավիրեցի պարի: Նա շատ գեղեցիկ էր, և գուցե ես փորձեցի մի ինչ-որ ձևով ցրել նրա տխրությունը: Ինչ են ասում նման դեպքերում՝ կարելի՞ է: Նա փոքր-ինչ զարմացած նայեց ինձ ու մի քայլ առաջ եկավ, և ես առաջին անգամ դահլիճում պարի դուրս եկա. ձախ ձեռքով բռնել էի իր ափը, իսկ աջով ոչ թե պարանոցը, այլ ուսը, ինչը ավելի ընկերական էր, մտերմիկ: Հետո, ինչպես և լինում է նման դեպքերում, հարցրի.
– Ի՞նչ է Ձեր անունը:
– Լաուրա:
– Դուք սովորում եք Թատերականո՞ւմ:
– Այո, ինչպե՞ս իմացաք:
– Դժվար չէ, գեղեցիկ եք շատ, և երևի ապագայում կինոդերասանուհի կդառնաք:
– Իսկ դո՞ւք:
– Ես այս տարի կավարտեմ դպրոցը և ուզում եմ ընդունվել Թատերական՝ բեմադրական բաժինը, որ կինոյով զբաղվեմ: Ես անչափ սիրում եմ կինոն:
– Ես էլ, թատրոնից ավել:
– Գուցե կգա օրը և Ձեզ կնկարահանեմ իմ ֆիլմում:
– Շնորհակալ եմ: Բայց ես հավատում եմ, որ կգա օրը և ես կնկարահանվեմ իմ նշանածի ֆիլմում:
– Նա այստե՞ղ է, Ձեր նշանածը,- բնականաբար հետաքրքրվեցի ես:
– Ո՛չ, նա Մոսկվայում է, ՎԳԻԿ-ում, ավելի ճիշտ՝ Մոսկվայում էր, իսկ հիմա խոպան հողերում: Թատերական խմբակ է ստեղծել: Ցավոք, հեռու է այստեղից:
– Ես անկեղծ ուզում եմ, որ այս երեկո Դուք չտխրեք, չէ՞ որ Նոր տարի է:
– Շնորհակալություն, հույս տալու համար,- ու ըստ երևույթին ուզեց արտաբերել անունս, որ չգիտեր:
– Ավիկ,- ասացի ես և լսում եմ` Ավիկ, նա մի օր, միևնույն է, Ձեզ կնկարահանի:
Եվ պարը վերջացավ: Ես չիմացա, թե երբ սկսվեց, և ես պարեցի, թե ոչ, որովհետև ամբողջությամբ կլանված էի պահի խորհրդով: Ու երբ պարը վերջացավ, զգացի, որ շատ պինդ էի բռնել աղջկա ուսը: Ու հետո մատներումս երկար-երկար զգում էի այդ սեղմումը:
Մոտեցա հորս ասացի.
– Ի՜նչ սիրուն աղջիկ է:
Հայրս ասաց.
– Ես նրան լավ գիտեմ, մի քանի անգամ դուբլյաժի է եկել մոտս, մեր Էդիկի՝ Քյոսայան, նշանածն է: Նրանք իրար շատ են սիրում:
Սա էր իմ առաջին պարի պատմությունը, որ կապված էր մեր «Կինոտանը» 1962 թվականի Ամանորը դիմավորելու հետ:
Շատ տարիներ անց, երբ Լաուրան արդեն հայտնի դերասանուհի էր, երկու զավակների մայր, որոնք շարունակում են իրենց հոր՝ Էդմոնդ Քյոսայանի գործը, ես հիշեցրի մեր առաջին հանդիպումը: Զարմանալ կարելի էր՝ Լաուրան հիշեց:
Ես ասացի.
– Դուք շատ գեղեցիկ էիք, և 1962 թվականը, երևի շնորհիվ այդ պարի, ինձ համար շատ երջանիկ տարի եղավ: Ես շնորհակալ եմ այն մի քանի րոպեների համար:
Լաուրան մեղմ ժպտաց և ասաց.
– Դե, Ձեզ էլ մերժելը դժվար էր…
Հորս հետ սովորություն ունեինք, երբ կինոդիտումը ավարտվում էր, անպայման «Կինոյի տան» հարևանությամբ գտնվող «Գաստրոնոմ» մթերային խանութից որևէ գնում էինք անում` ապխտած միս կամ ձուկ և երևանյան «Ստոլիչնայա» օղի: Դա յուրահատուկ ծես էր դարձել: Իրապես հաճելի էր լավ կինոնկար դիտելուց հետո տանը ընթրիքի սեղան նստել: Մեզ հետ հաճախ լինում էին իմ ընկերներից Ռուբիկը, Լաերտը: Հայրս ասում էր. «Փարիզում էլ լավ ֆիլմ կամ ներկայացում դիտելուց հետո Երվանդ Քոչարի հետ սովորույթ ունեինք մոնպառնասյան որևէ սրճարանում ռոկֆոր պանրով կարմիր գինի ճաշակել և կամ թե ապխտած խոզ՝ թթու կաղամբով, և բնականաբար, գարեջուր»: Այս սովորույթին վերջ տրվեց, երբ 1935 թվականին Քոչարն ու Վիգենը լքեցին Փարիզը` մշտական բնակության վայր ընտրելով Երևանը:
Եվ ինչպես հիմա, ես հիշում եմ 1960-ական թվականների Երևանը և մեր գիշերային ընթրիքները. նա հիշում էր 1930-ական թվականների Փարիզը և մոնպառնասյան կեսգիշերային ընթրիքները. «Ամեն ինչ կյանքում փոխհարաբերական է, բայց ոչ շարունակական…»:
Այժմ չկան ո՛չ այն Ադրին, ո՛չ Կինոտունը, որն ինձ իմ հոր հետ բավական մտերմացրեց՝ կինոարվեստի հանդեպ ընդհանուր սիրո հողի վրա:
Թեև Ադրին որպես տարածք կա, բայց այն վաղուց հագուստի ինչ-որ խանութ է: Իսկ կինո «Նաիրին» բանկի են վերածել: Մեր «Դոմ կինոն», որ խորհրդային Երևանի ամենամտերմիկ ու ազատ վայրերից մեկն էր, գնաց մոռացության գիրկը: Սակայն նա իր դերը կատարեց` դարձնելով կինոն սիրելի մեր սերնդի հետագա կյանքում:
Եվ հոգ չէ, որ այսօր չկա Ադրին, չկան Էրիկ Մելիք-Քարամյանն ու Ստյոպա Կևորկովը, Ֆրունզե Դովլաթյանը, Յուրի Երզնկյանը և Խորեն Աբրահամյանը, ինչպես չկան Ֆելինին, Անտոնիոնին, Վիսկոնտին, Տարկովսկին, Բերգմանը, Դե Սիկան, Ռոսելինին, Բյունուելը: Սակայն կան «8 և կեսը», «Խավարումը», «Ռոկկոն և նրա եղբայրները», «Մորենու բացատը», «Հեծանվորդի մահը», «Հայելին», «Նոստալգիան», «Կաբիրիայի գիշերները», «Առաջին սիրո երգը» և «Սարոյան եղբայրները»…
Նրանք ապրում են մարդու հոգու մեջ, ինչպես «Դոն Կիխոտն» ու «Համլետը», «Հրաժեշտ զենքինն» ու «Ֆիեստան», «Դոկտոր Ժիվագոն» ու «Ուլիսը», «Երկիր Նաիրին» ու «Հայրս»… Գոնե ես ու իմ մի քանի ընկերները այդպես ենք մտածում և կմտածենք, եթե անգամ փակվի Երևանի վերջին կինոթատրոնը՝ կինո «Մոսկվան»:
Դե, այդ մասին, հաջորդիվ:
2012

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։