Ցավակցական խոսքեր, հեռագրեր

1546446_561609463929190_225881491_nԵՐԿՐԻ ԱՂԸ
Լևոն Խեչոյանը 1991 թվականին տպագրած առաջին իսկ գրքով` «Խնկի ծառեր», ընդունվեց որպես տաղանդավոր գրող, նրա անունից առաջ, ինչքան հիշում եմ, չի դրվել «երիտասարդ գրող» արտահայտությունը, նրա ձևավորված և հասուն գրչից սպասել են նոր գրքեր: Եվ եղան այդպիսիք, որոնք պատմության («Արշակ արքա, Դրաստամատ ներքինի») և ներկայի («Սև գիրք, ծանր բզեզ») մաքառման ու հաղթահարման, ընկրկումի և հաղթանակի մետաղյա կնիքն էին կրում:
Պատմությունը իմաստավորվում էր ներկայով, և ներկան շնչում էր անկորուստ պատմություն դառնալու ջանքով:
Լևոնն իմ ճանաչած եզակի գրողներից էր, որի բանավոր ու գրավոր խոսքը հար և նման էին` ընդհատ բառերի ու տողերի արանքում չասվածի խտություն, լռության հասկանալի հաղորդություն և միշտ սթափ ու պատրաստ շեշտելու որևէ կարևոր բան: Նա մի անգամ ասել է, որ սպիտակ թղթին մոտենում է իբրև զինվոր: Նա թղթից հեռանում էր էլի որպես զինվոր, և պատահական չէ, որ նա ռազմիկ էր արցախյան կռվում, նա, առհասարակ, իր կեցվածքով, մարմնակազմությամբ շատ էր հիշեցնում հատուկ պատրաստված հին և նոր մարտիկների:
Կյանքում և գրի տարածքում մաքսիմալիստ էր: Քամում էր ամենագլխավորը: Նա ժպտում էր աչքերով, և դա նրա արծվային դեմքին լույս ու մտերմություն էր արտացոլում: Իրար հետ երկար ճամփեք ենք անցել: Ավստրիայում ես տեսել եմ՝ ինչպես են օտար ընթերցողները ուշադիր լսել նրա «Երկրի դողը» պատմվածքը և ինչ ջերմությամբ են ընդունել: Ափսոս, որ մեզանում ժամանակակից բանաստեղծներին ու արձակագիրներին այդպես չեն լսում, չեն կարդում, չեն ասմունքում: Հազար ափսոս, հեռանում են մեր տաղանդաշատ գրողները, և հետո, համոզված եմ, շատերը ցավով կհիշեն, թե ինչու չեն հանդիպել նրանց, չեն շփվել մերօրյա գիրը արթուն պահող գրչի և ոգու ռազմիկների հետ:
Այդպիսին էր Լևոն Խեչոյանը և կմնա այդպես մեր ու աշխարհի գրականության մեջ, որպես պատերազմում ոչ թե թշնամի ու թշնամություն, այլ` ճշմարտություն փնտրող, իսկ խաղաղության մեջ` խիղճ ու հոգի ճառագայթող մի անկրկնելի մարդ և Բանի մշակ:
Լևոն ջան, քեզպեսներին մեզանում և այլուրեք կոչում են` Երկրի աղը:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Արցախի գրողները, ամբողջ հասարակայնությունը խորապես սգամ է ականավոր գրող Լևոն Խեչոյանի մահը և ցավակցում նրա ընտանիքին, հարազատներին, բազմահազար ընթերցողներին՝ մեծ կորստի կապակցությամբ:
Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները մեր ժողովրդի ազգային մնայուն արժեքներից են և մշտապես կուղեկցեն սերունդներին: Փառք նրա լուսավոր հիշատակին:

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախի գրողների միության նախագահ

Սիրելի բարեկամներ
Սգում ենք ձեզ հետ միասին, ողջ Հայաստանի հետ, որը կորցրել է արդի իր մեծագույն գրողին, ով իր խոսքով ու ողջ կյանքով ծառայում էր Հայրենիքին և ժողովրդին:
Լևոն Խեչոյանը, լինելով գեղեցիկ, պայծառ, հպարտ, ուժեղ, տաղանդավոր և սեփական անձի հանդեպ պահանջկոտ, շռայլ հոգով մարդ, մեր ամսագրի սիրելի հեղինակն ու վաղեմի բարեկամն էր: Մենք ուրախանում էինք նրա ստեղծագործական հաջողություններով, սպասում էինք նոր պատմվածքների ու հանդիպումների: Եվ այդ ուրախությունը փոխադարձ էր: Հրանտ Մաթևոսյանից ու Աղասի Այվազյանից հետո մենք նրա մեջ էինք տեսնում հայ դասական արձակի ավանդույթները կրող արժանի հետնորդին: Լևոնը գիտեր` «Դրուժբա նարոդով» ամսագրի էջերը բաց են նրա համար: Միասին քննարկում էինք վեպերի թարգմանությունները, մոտակա համարներում պլանավորում էինք հրապարակել մանկական հեքիաթները, մեծ հարցազրույց…
Հիմա` նրա հեռանալուց հետո, մենք կաշխատենք, որ իր ստեղծագործությունները տեղ գտնեն մեր ամսագրում և դառնան ռուս ընթերցողի հարստությունը:
Հավերժ հիշատակ…

«Դրուժբա նարոդով» ամսագրի
խմբագրություն. Ալեքսանդր Էբանոիձե,
Լև Աննինսկի, Ֆարիդ Նագիմ, Գալինա
Կլիմովա, Նատալյա Իգրունովա, Իրինա
Դորոնինա, Սերգեյ Նադեև, Լեոնիդ Բախնով, Յուլիա Իլյինա-Կորոլ

Լևոն Խեչոյանի հարազատներին, Գրողների միությանը ցավակցում եմ տաղանդավոր արձակագիր, Արցախյան ազատամարտի նվիրյալ, իր ազգի օրինավոր զավակ Լևոն Վանիկի Խեչոյանի վաղաժամ մահվան կամակցությամբ: Ականավոր գրողի մահը մեծ կորուստ է ոչ միայն հարազատների, ոչ միայն գրողների, այլև ողջ հայ ժողովրդի համար:

Սվետլանա ՀԱԿՈԲՅԱՆ
«Դար»  հիմնադրամի նախագահ

ԱՅՑԵՔԱՐՏ ԵՎ  ԲԱՐԻ ԼՈՒՐ
126 սաղմոսի խորհրդավոր տողը` «Դուք տառապանքի հացն եք ուտում, մինչ Նա քուն է տալիս իր սիրելիներին»,- մեզ մահվան և կյանքի մասին խորհրդածելու բազմակի հեռանկար է բացում: Բայց ամենակարևորը` նաև մեզ հուշում է այն մահը, որի պատկերը կապված է միայն և միայն կյանքի պատկերի հետ` կյանքի պատկերն ունի, նրա արտացոլումն է,- այսինքն թե` մահը կյանքի վավերացմամբ է, այսինքն թե` մահը սարսափելի է, երբ նրա մասին դատում ես չստացված կյանքով, և, ընդհակառակը, մահը, բացի բաժանման, հրաժեշտի և տխրության արցունքներից, սգի ոչ մի առիթ չի կարող տալ, եթե ապրածդ կյանքը դրա առիթը չի տալիս… Ցավալի է, ցավալի է մեր եղբորից այս վաղաժամ բաժանումը,- բայց ի՜նչ գեղեցիկ պատկերներով, կյանքի ի՜նչ մաքուր և անխարդախ կադրերով է վավերացված այս վախճանը: Իր ծննդավայրի` չգիտես ո՞ր աշխարհների և ինչի՞ համար, ախ, ինչի՞ համար այդքան անիրական ճերմակը հագած Մորիկ շան և նրան հետապնդողների պատմությունից մինչև դեռևս լույս չտեսած իր վեպի հերոսի` Փոքր Մհերի` Ագռավաքարում փակվելու պատմությունը, իր` իր ծննդավայրի ագաթանգեղոսյան ասքից մինչև Արցախյան պատերազմի կամավորի պատմությունը մի սիրտ և լեզու բաբախեց, ինչը մեր իրականության և գրականության մեջ իր նմանը չուներ:- Եվ եթե ճիշտ է, որ մենք մեր մտքերով սնում ենք մեր մեռյալներին և ինքներս էլ սնվում ենք նրանց թողած մտքերով – իսկ ուրիշ ի՞նչ բան է ողջ համաշխարհային գրականությունը – ապա Լևոն Խեչոյանի պարագայում մենք պարզապես բարեկեցության ենք հասել,- նրա թողած գրականությունը այն Պատկերներից և Նմանություններից է, որը նա մեծ սովի այս ժամանակներում իր լեզվի ոսկյա պնակներով մեկընդմիշտ դրեց սնման մեր սեղաններին: – Բայց մի բան էլ չմոռանանք ասել. գլամուրային ապրողների և նոմենկլատուրային մեռելների այս ժամանակներում Լևոնը ոչ միայն մեր տաղանդավոր գրողը եղավ, այլ նաև այն մարդը, ով մեզ համար ուղարկվող ներկայանալի այցեքարտ և տարվող բարի լուր է, թե` համատարած այս մահացման մեջ մենք դեռ մինչև վերջին մարդը չենք մեռել, ընդունիր և տես` մեր մեջ դեռ հոգի կա, շունչ կա, բառ կա, խոսք կա:

Հակոբ ՄՈՎՍԵՍ

Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին, իսկ ապրողները իրենց սրտերում թող հավետ պահեն իրենց ապրողներին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։