Սերժ Առաքելյան

 

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Այլևս մեզ հետ չէ ևս մի մտերմիկ հոգի, բանաստեղծ, լրագրող, հայրենի Արցախի նվիրյալ զավակներից մեկը՝ Սերժ Առաքելյանը: Համեստ, անհավակնոտ, աշխարհի ցավերից, տագնապներից ինքն իր մեջ եփվող, ընդվզումի ձայները բանաստեղծական ներհուն տողերով զսպող սիրելի անձնավորություն: «Անքնության գիշերներին» (2018-ին հրատարակած բանաստեղծական ժողովածուի վերնագիրն է) «արթնացող հուշերում» հարազատ Արցախի սարալանջերի, «ուրցահոտ հովիտների», ձորերի շշուկների, «հարսնաքող հագած» մասրենիների կարոտն էր ու, միաժամանակ, լեռները ելնող խորշակի «խանձող շնչի», ջրերի հեկեկանքի, տոչոր հողի ու «մոլորված արահետների» պատկեր-զգացողություններից հոգում ծնվող «մենության սարսուռը», «մրմուռը ցավի»…

Նա, որ բանաստեղծական շատ տողեր էր նվիրել Արցախին, արցախյան ազատամարտին և հայրենի հողի համար զոհված հերոսների հիշատակին, վերջին շրջանում, մի տեսակ, նաև ներքին անհանգստություն, մոտեցող և գնալով ահագնացող ինչ-որ արհավիրքի կանխազգացողություն ուներ, որ դրսևորվել էր դեռևս 2020 թ. մարտին «Գրական թերթում» տպագրած բանաստեղծությունների շարքում.

Թանձրանում է մուժը դավի,

Ճամփաները փակում –

Տագնապում է սիրտս նորից,

Ու հին ցավն է ծակում…

Բանաստեղծություններից մեկում Սերժ Առաքելյանը տիեզերքը կայարան է համարել, տենչացել է՝ երկնքի «ոսկե մշուշների քողով» փաթաթված, «կարկաչյունով հոսել» դեպի «արևոտ հեռուն», կաթիլ-կաթիլ խառնվել երկնքի «մաքրության ծովին»…

Հավատանք, որ հենց այդ արևոտ հեռվում, մաքրության այդ ծովի մեջ՝ անքնության բազում գիշերներից հետո, վերջապես իր հանգստությունը կգտնի սիրո, արդարության ու ներդաշնության կարոտ բանաստեղծի հոգին:

 

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։