Պոետիկ փիլիսոփայություն / Ջանիբեկ ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

Լիլիթ… Երբ ծանոթացա, չգիտեմ ինչու, անմիջապես հիշեցի «սուրացող կրակի բեկբեկուն, ճախրող բոցերից» ծնված Լիլիթին, որին այնքա՜ն հրաշագեղ է կերպավորել Ավետիք Իսահակյանը: Բայց, ի հակադրություն առասպելական Լիլիթի, նա հեզ, առաքինի, համեստ, մեղմաբարո աղջիկ է: Ինձ առանձնապես գրավեց նրա մարդամոտությունը, հատկապես՝ ուշադրությունը տարեց մարդկանց նկատմամբ: Ուրիշ ի՞նչ: Չարենցը կասեր՝ ոչինչ: Բայց մի օր… Լիլիթը գրասեղանիս դրեց մի գիրք՝ ջերմ ընծայագրով: «Լիլիթ. Հիգիենիկ երազներ»: Ինչպիսի՜ անակնկալ: Ուրեմն, նա ստեղծագործում է ու… լռում, շատերի նման իրեն չի թմբկահարում: Իսկ երբ կարդացի… Անկեղծանամ: Վերջին շրջանում գրական աշխարհ մուտք գործած երիտասարդների՝ նման հաջողված գրքի չէի հանդիպել: Եվ նաև ընկալեցի մի շատ կարևոր նրբերանգ. այս Լիլիթը «սուրացող կրակի բեկբեկուն, ճախրող բոցերից ծնված» Լիլիթի նմանակն է, բայց հուր-կրակն ամբարած իր հոգում, որ մաս-մաս ժայթքում ու բանաստեղծություն է դառնում: Լա՛վ բանաստեղծություն: Եվ պատահական չէ, որ նրա այս անդրանիկ ժողովածուն արժանացել է «Արարատ Մկրտումյան» ամենամյա մրցանակաբաշխության 2022 թվականի գլխավոր մրցանակին և հրատարակվել վաղամեռիկ բանաստեղծի եղբոր՝ Արթուր Մկրտումյանի հովանավորությամբ:

Այժմ, չհավակնելով մասնագիտական վերլուծություն կատարել, պարզապես ցանկանում եմ՝ որպես ընթերցող, իմ անկեղծ խոսքն ասել սույն ժողովածուի մասին: Լիլիթն իր առաջնեկին անվանակոչել է «Հիգիենիկ երազներ»: Խոսուն վերնագիր է: Բայց, իմ խորին համոզմամբ, նրա ոչ միայն երազներն են հիգիենիկ: Մաքրամաքուր է նաև նրա խոսքը՝ ոսկեղենիկ հայերեն: Զուլալ են նրա մտորումներն ու հույզերը, պայծառ ու հստակ՝ նրա ընկալած և ոգեկոչած բնապատկերները: Պարզ ու մաքուր, վճիտ է անգամ նրա տխրությունը:

Այս հակիրճ բնորոշումը բնավ չի ենթադրում, թե Լիլիթի պոեզիան սոսկ իր ընկալումների և ապրումների գեղարվեստական արտացոլանքն է: Թեկուզ միայն ժողովածուի բաժինների խորագրերը հուշում են, որ գործ ունենք ավելի խորաթափանց ու գիտակ հեղինակի հետ: Ահավասիկ. «Երազանքների ալգորիթմներ», «Միտքը սինթեզում է լռությունը», «Սերը մեդիտացիա է կարոտի աչքերում»: Բայց այս խորագրերն էլ ընթերցողին կարող են կանգնեցնել երկմտության առջև. բանաստեղծությունների ժողովածո՞ւ ենք ընթերցելու, թե՞ գիտական աշխատություն: Ես, որ արդեն գիրքն ամբողջությամբ ընթերցել եմ և երկար խորհել, հավաստիացնում եմ՝ գրական աշխարհ մուտք է գործել ինտելեկտուալ մտածողությամբ մի նոր ստեղծագործող, ով հմտորեն սինթեզում է գիտական միտքն ու ներանձնական ապրումները, որի արդյունքը կարելի է բնորոշել երկու բառով՝ պոետիկ փիլիսոփայություն:

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, բերեմ մի քանի օրինակ:

Շտապում էի մեծանալ,//որ աշխարհին նայեմ//մեծերի տեսանկյունից:

Ասացեք, խնդրեմ, սա մանուկ հասակում բոլորի՞ս երազանքը չի եղել: Իսկ մեծանալուց հետո.

Հիմա ինձ նայում եմ//մանկան աչքերով:

Քանզի մանկան անաղարտ հոգու աչքերով միայն կարող ես գնահատել ինքդ քեզ:

Գեղեցիկ հագուստներ էի նկարում,//հիմա զգեստավորում եմ հոգիս:

Չէ՞ որ մարդու արտաքին նկարագիրը չէ կարևորը, այլ ներքին գեղեցկությունը:

Ծաղիկներ էի քաղում,//որ բույրն ամեն օր զգամ://Հիմա ծաղիկներ եմ աճեցնում//և բուրավետ կյանքով ապրում:

Այո՛, ի՛նքդ պիտի քո արարումով բուրավետ, հաճելի դարձնես քո յուրաքանչյուր օրը:

Փորձում էի ճանաչել մարդկանց,//հիմա բացահայտում եմ ինձ:

Ի՜նչ դժվար է բացահայտել ինքդ քեզ: Համաձայն չե՞ք:

Խոսում էի, որ ինձ հասկանան://Հիմա լռում եմ, որ լսեմ սրտիս:

Այո՛, լռելը երբեմն ավելի խոսուն է ու օգտակար: Միայն լռության մեջ կարող ես լսել սրտիդ ձայնը, որն ամենաճշմարիտ խորհրդատուն է:

Եվ վերջապես.

Վախենում էի մահից,//հիմա ապրում եմ//ամեն ակնթարթով:

Ճշմարիտ է. ճանապարհ անցած, ամեն ինչ տեսած, անգամ վախեր ապրած մարդը միայն կարող է գնահատել ժամանակի յուրաքանչյուր ակնթարթն ու լիարժեք դարձնել այն:

Ընդամենը 32 կարճտող մեկ բանաստեղծություն, բայց մի ամբողջ կյանք՝ մանկուց մինչև խոր ծերություն՝ արտահայտված իր բոլոր դրսևորումներով՝ պարզ, անպաճույճ խոսքով, որում պարզորոշ տեսնում, լսում ես բնության գույներն ու նրբերանգները, երաժշտությունը, նաև մարդկանց հոգիներն ու նրանց սրտի բաբախյունը:

Փիլիսոփայական նման ընկալումներն ու ներթափանցումները, հայտածումներն ու ընդհանրացումներն առկա են նրա շատ ու շատ բանաստեղծություններում, որոնք տեղ են գտել ժողովածուի բոլոր բաժիններում:

«Կյանքն առանց խմբագրման» բանաստեղծության մեջ հեղինակը ներկայացնում է գրական հերոսի ներաշխարհը, որում առաջնային տեղ են զբաղեցնում զգացմունքները, ներանձնային հարաբերությունները, մտավոր գործունեությունը, ոգեշնչումը, սերը, գեղագիտությունը և այլն, և այլն: Ու որպես դրանց ամփոփում.

Այս ամենը համակարգելուց հետո//ցանկանում եմ ապրել իմ կյանքն//առանց խմբագրման,//առանց ակնթարթը//սխալ արժևորելու ափսոսանքի,//առանց ինքնակեղեքման,//առանց ժամանակի մեջ//տարածությունը սրբագրելու://Իմ կյանքում արժեքավոր են

———————————-

սիրո կախվածության բերկրանքը//սրտիս և հոգուս//բյուրեղյա դրախտում,//ցավի փորձության իմաստնությունը,//հիշողությունս՝ առանց հղումների, //կյանքիս հեղինակային իրավունքներն//ինձ պատկանելը։//Ժամանակի մեջ ակնթարթը//երջանիկ և անմոռաց է դարձնում//տարածության շարժումը։

Հայ քնարերգության մատենագրության մեջ մեծ տեղ են գրավում մորը նվիրված բանաստեղծությունները: Ես կասեի՝ հիանալի, հիասքանչ բանաստեղծությունները, որոնք հուզում են ոչ միայն հայ, այլև այլազգի ընթերցողներին, քանզի դրանք համամարդկային արժեքներ են: Լիլիթի քնարերգության ակունքից սկիզբ առած առվակներից մեկն էլ մայրաշունչ, մայրականչ մեղեդին ու երգն է: Ահավասիկ դրանցից մեկը՝ «Հոգիս բնակվում է քո սրտում»:

Աստված իմ հոգին//մարմնավորելու համար//ընտրեց քո հոգևոր մարմինը։

——————————–

Սիրտս բաբախեց//քո սրտի ներսում՝//սերը լուսավորեց մարմինս։//Հոգիդ կրկնօրինակեց ինձ,//որ մարմինների բաժանումից հետո //ինձ չկորցնի։

Մայրն է նրա պաշտելի էակն ու մխիթարանքը, ում ոչինչ չի կարող փոխարինել: Ավելին.

Դու ժպտում ես,//և անիրական է թվում արևը։//Հոգիս ջերմացնում են միայն//Քո ծիծաղկոտ աչքերի//սիրո հոգեճրագները։

————————–

Դու գրկում ես ինձ,//և անիրական է թվում մարմինս։//Հոգիս տեղափոխվում է//իր հոգեմարմին//և առաջին անգամ//դառնում է անխոցելի։

Եվ այնքա՜ն ծանր է տանում մոր կորուստը, այնքա՜ն պատկերավոր ներկայացնում իր հոգեվիճակը:

Գնում եմ անցյալ,//որ գտնեմ//Քեզ իմ աչքերում, Մա՜յր։

Սա ոչ միայն հեղինակի ներանձնական, այլև անանձնական, ընդհանրական ցավն է, որը հասցեագրված է նման մեծ կորստի ցավ ապրած յուրաքանչյուր մարդու: Ինչի մասին էլ գրում է Լիլիթը՝ սիրո թե ատելության, խղճի թե անհոգության, ժամանակի թե տիեզերքի, միևնույն է, այդ ամենում առկա է արդի գիտատեխնիկական նվաճումների ալգորիթմը: Այդ են վկայում ոչ միայն գրքի բաժինների խորագրերը, այլև բանաստեղծություններից շատերի վերնագրերը: Դիցուք. «Կենսաբանական համակարգիչն ընդդեմ սինթետիկ ուղեղի», «Հոգուս ԴՆԹ-ն փրկեց մարմինս», «Սերը մեդիտացիա է կարոտի աչքերում», «Սենսորային ադապտացիա», «Պոետական մեդիտացիա» և այլն, և այլն: Եվ սա բնական է. զարգացած մարդն այսօր առանց այդ հասկացությունների, իրողությունների առաջ գնալ չի կարող: Որ երկիրն առաջընթաց գրանցի այս ասպարեզում, նա կհայտնվի ապագայում: Իսկ գրականությունը, ինչպես ասում են, ոչ միայն կյանքի հայելին է, այլև առաջմղիչ ուժը: Եվ պետք է արժանապատվորեն կատարի իր առաքելությունը:
Ժողովածուի «Երազանքների ալգորիթմներ» բաժնում տեղ է գտել արձակ բանաստեղծություն՝ «Նվաճված դրախտ երկնքի ու երկրի սահմանագծին» վերտառությամբ, որը կարելի է համարել հեղինակի և սույն ժողովածուի հավատամքը: Հեղինակի գրական հերոսը հայտնվել է դրախտում՝ հոգու հավերժական կացարանում, որտեղ «մարդիկ ապրում են Աստծո և բնության հետ ներդաշնակ՝ զերծ հիվանդությունից ու մահից: Կենդանիներն ու թռչուններն առանց վնասելու շփվում են մարդկանց հետ: Այստեղ խոսում են աստվածերեն»: Հրաշագեղ պարտեզում նա տեսնում է Երկնային Հորը՝ լուսապայծառ աչքերով և մանկան ժպիտով: Երկնային Հայրն ասում է. «Երկրի վրա բնակվող բոլոր զավակներիս կարոտել եմ և ուզում եմ քեզ նման գրկել բոլորին։ Ես նրանց տվել էի այնպիսի դրախտ, ինչպիսին այստեղ է, բայց նրանք այնքան էլ հոգատար չգտնվեցին, և մենք հեռացանք իրարից։ Նրանց փոխանցիր, որ շուտով բոլորս միասին լինելու ենք նվաճված դրախտում»: Հուսանք, որ Աստծո խոսքն անպայման իրականություն կդառնա: Չէ՞ որ նա անսխալական է:

Մի կարևոր դիտարկում ևս. «Հիգիենիկ երազներ» գողտրիկ ժողովածուն գտել է իր բազմափորձ, նրբաճաշակ ու արժանավոր «Արմավ» հրատարակչին. գիրքը գրավիչ է նաև արտաքին ճոխությամբ. ձևավորող Արշալույս Արզումանյանը կազմի և բաժինների պատկերազարդման համար օգտագործել է բրիտանացի գեղանկարչուհի Ժոզեֆին Ուոլլի գործերից, որոնք կարծես ստեղծվել են հատուկ այս նպատակով՝ այնքան համահունչ են գրքի ոգուն:

Որպես ամփոփում՝ խորհուրդ կտամ բոլորին՝ երիտասարդներին, անգամ տարեցներին, անպայման կարդալ այս գիրքը, քանզի դուք դրանում կգտնեք ոչ միայն այսօրվա մեր իրականությանը համահունչ, արդի գրականությանը հարիր նորարարական գաղափարներ, այլև ևս մեկ անգամ կվայելեք սիրո և հավատարմության, նվիրումի և արարումի, հաճույքի և հիացման զգացողություններ՝ արտահայտված հեղինակի երևակայության համարձակ թռիչքներով: Այո՛, Լիլիթը թարմություն, նոր շունչ է բերում գրականություն: Ամենակարևորը. նա ասելիք ունի: Շնորհավո՛ր մուտքդ գրական աշխարհ, Լիլի՛թ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։