Թովմա քահանա (Վահան) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ԱՂԵՐՍ
Հայր գիշերի, Հայր ցերեկվա,
Դու կազմում ես ցանկը օրվա,
Դու շտկում ես կարգը թերի,
Հայր խավարի, Հայր լույսերի:

Հայր հավերժի, Հայր վայրկյանի,
երթն ու չափը Քո չեն կանգնի,
կաս Դու ամեն պահ ցանկալի,
Հայր գալիքի, Հայր անցյալի:

Ի՞նչ կլինի՝ ձեռքին դնես
ճենճոտ շորով այն անցորդի
մի կտոր հաց, հետն էլ օրհնես,
որ աղբարկղում հաց չփնտրի:

Ի՞նչ կլինի՝ Դու ողորմաս
զինվոր կորցրած այն պառավին,
որ ցավերը չանեն մաս-մաս,
որ ճրագը նորից վառվի:

Ի՞նչ կլինի՝ Դու կասեցնես
ազգի աճող խենթությունը,
մղձավանջը մեզնից տանես,
լցվի մութ դատարկությունը:

Երազ դառնա, երազ դարձնես
նախագահին, վարչապետին,
ոստիկանին, գողին, սրբին,
պարկեշտ կանանց, վերջին լրբին:

Երազ դառնա, երազ դարձնես
անկախ, անտեր մի պետություն…
Տես, աղերսով դիմում եմ Քեզ,
Հայր տեսանող, Հայր մշտարթուն:

ՔԱՄԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Քամիների երկիր:
Քամիների ժամանակ:

Աչքերդ բացելուն պես
փչում է,
փողոցներում վազում է այն:

Մտքերում է այն,
խոսքերում բոլոր:

Սիրտը
չոր թուփ է
նրա ճանապարհին:

Տանում է այն ամեն ինչ
ինչ-որ տեղ,
որտեղից վերադարձ չկա:

Փակիր աչքերդ
և լսիր:

Ո՜ւ՝ երգում է փողոցը,
ո՜ւ՝ երգում են ռադիոն
և հեռուստացույցը:

Ուուո՜ւ… գանգատուփն է երգում,
որտեղ ժամանակին
գաղափարներ կային:
ԼՈՒՐԵՐ ՌԱԴԻՈՅՈՎ
Խոսքեր, գաղափարներ…

Մթնոլորտը բաղկացած է
ձեր գորշ ամպերից:

Նրանք ճնշում են մեզ վրա,
նրանք խեղդում են մեզ:

Մենք
չռված աչքեր ենք՝
երկինք նայող:

Մենք
ասթմատիկ թոքեր ենք,
լայն բացված բերան՝
ագահորեն օդ փնտրող:

Մենք
երկնաքերերի արանքում
դեմքեր ենք այլայլված՝
հուսակտուր ճիչ.
– Խոսքե՜ր, գաղափարնե՜ր…
աշխարհին
հնարավորություն
տվե՜ք…

Աշխարհին
հնարավորություն
տվեք
ապրելո՜ւ:

ԽՑԱՆՈՒՄ
Օդանավակայանից
քաղաք ենք գալիս մեքենայով
երեկոյան չորս կողմում
մեքենաներ խցանում
ՖՄ-ով երգում են
ամերիկյան աստղերը
ես ննջեցի և բամբակների մեջ
հեռվից լսվում էր ամերիկյան
ջրաներկված սոուլը
ես արթնացա իսկ խցանումը
շարունակվում էր դանդաղ
շարժվում էինք ռադիոյով արդեն
լուրեր էին հաղորդում
և մի տղամարդ այնտեղ ասում էր`
անհեթեթ անհեթեթ
երեկոյան դանդաղ երթի տակ
մեքենաների առկայծող լույսերի տակ
ես նորից ննջեցի
և ինչ-որ տեղ բամբակների խորքից
հնչում էր ձայնը`
անհեթեթ անհեթեթ…

Ես արթնացա ոստիկանական
մեքենայի շչակից
փողոցի ձախ մասում
գետնին մարմին էր
սպիտակ սավանով ծածկված
որի վրա վարդի պես բացվել էր
կարմիր արյունը
ձեռքը աղջկա դուրս էր եկել սավանի
տակից` ձեռքը կարմիր մանիկյուրով
փայլուն կարմիր քարով մատանիով
– գեղեցիկ պատկեր-
մարդիկ հավաքված
սուլում էր ոստիկանը
քշում ամբոխին մենք դանդաղ
անցանք և ես այլևս չքնեցի
իմ աչքերը կլորացել են
ծամոն ուզո՞ւմ ես՝ ասաց վարորդը
ոչ՝ ասացի սևեռված հորիզոնին
չռված աչքերով
ապուշացած լապտերներով
ամերիկյան ուրախ աստղերն են
երգում թեթև ջրաներկված սոուլ
ես այս երգը շատ եմ սիրում՝
ասաց վարորդը
իսկ շուրթերս անձայն ասացին՝
անհեթեթ անհեթեթ

բառ
բաղկացած
երեք վանկից

ՇԵՂՈՒՄ
Իմ ուշադրությունը – ախ, այդ
անճար, անօգնականը-
շեղվում է
կնոջս հարցից դռան բացվածքին
շեղվում է ուշադրությունս
Սանիտեկ աղբարկղերի շարքի վրա
որի վերևում արևը կուրացնում է
ես քայլում եմ ճանապարհով դեպի
կանգառ ուշադրությունս շեղվում է
կանգառի անուշադիր մարդկանց վրա
– ի՞նչ ասաց կինս-
իմ ուշադրությունը շեղվում է
ավտոբուսի վրա ուղևորների
կանգառների հնչող ռաբիս երգի
– կինս ի՞նչ ասաց-
ես վազում եմ զեբրայով և
ուշադրությունս
շեղվում է փողոցում սպասող
մեքենաների
վրա ուշադրությունս շեղվում է
ավտոբուսում հնչող ռաբիս երգի
վրա
– արևը կուրացնում էր
աղբարկղերի շարքի
վերևում – ախ այդ ավտոբուսի
երգը
իսկական թույն բայց
ուշադրությունս
նորից շեղվում է

և օրը դեռևս առջևում է
իմ ուշադրությունը շեղվելու է
շատ բաների վրա ես
չեմ հիշելու ոչինչ

որովհետև կյանքը
անընդհատ շեղում է
ուշադրությունս և ես
նույնիսկ չեմ հասցնում
հասկանալ հատկապես
ինչի վրա

ԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ ՏԵՂԵԿԱՆՈՒՄ ԵՄ ԷՌՆԵՍՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
Կյանքն անհեթեթություն է:

Դեռ երեկ
ծիծաղում էր նա,
պատմում կյանքի իր պատմությունը,
և նույնիսկ
շոշափելի էր նա,
ուներ հոտն իր, գույնը…

իսկ այսօր
ասում են՝ նա չկա,
փետրվարին է մահացել,
և տանը նրա
դատարկություն է:

Ասում են՝ նա
անսպասելի ընկավ
և նույնիսկ
խոսքերով էլ չխախտեց
այն անհեթեթ
լռությունը:

Ավտոբուսում
մի տղամարդ թերթ է կարդում,
հանգիստ քնած են երկու կին,
պատուհանում էլ
ծավալվում է
մշուշի միգամածությունը:

ԳԱՌՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ՄԱՀԸ
Երբ օրերից մի օր մտնեմ տիեզերքն
անծայրածիր,
կկարողանա՞մ գտնել նրան այնտեղ:
Թափորների շարքում հոգիների այն
ցանուցիր
Գառնիկն՝ ինչպես ծղոտ,
ինչպես մի ծեղ,

ինչպես աստղափոշի աստղաբույլի
տարածքներում,
ինչպես երազի մեջ կորած ասեղ:
Փողկապով ու կոստյումով էր նա
վերջին իր օրերում,
և ժպտուն դեմքին ուներ սև բեղ:

ՓԱԿ ԱՐԿՂ
Արթնացել ես
փակ արկղում
ինչ-որ տեղ`
խորության մեջ:

Եվ հենց այդտեղ է,
որ պետք է գտնես
Աստծուն,
երբ օդ չկա,
և ձայնդ ոչ ոք
չի լսում:

ԲԱՐԻ ԵՐԵԿՈ, ԱՇԽԱՐՀ
Բարի երեկո,
շոուների լուսավառություն
այնտեղ` ներքևում,
կենտրոնում քաղաքի:

Բարի երեկո, մոլորակ,
ուրախ հումորի համաստեղություն,
որտեղ ծիծաղը զնգզնգում է,
ինչպես ընկած մետաղյա կափարիչը
դատարկ դահլիճում:

Ծիծաղիր, ծիծաղիր
մինչև քնելը,
երբ քեզ առաստաղից կնայի
գիշերվա անթարթ աչքը:

Փակում ես աչքերդ, բայց այնտեղ
մութ կերպարանքները
մետրոյի թունելներով
գնում են առաջ արագ քայլով,
ետ են գալիս արագ քայլով,
ոմանց արանքներից ծիծաղում են
սպիտակադեմ առլեկիններ,
լալիս են սպիտակադեմ պյերոներ,
պոդիումի գունագեղ,
զավեշտ շպարվածքով
մոդելներն են շքերթում,
երգում է փայլփլուն շորերով
երգչուհին՝ դրված ձայնով, ատամները
փայլում են աստղերի բոլորակում…

Բացում ես աչքերդ` առաստաղից
նայում է գիշերվա
անթարթ աչքը,
նայում ես պատուհանից`
շոուների լուսավառությանը,
հումորի համաստեղությանը…

Բարի երեկո, աշխարհ:

Դու օրեցօր
ավելի ես հիմարանում:
Սայլը զառիվայրից ցած է
գլորվում,
և ջախջախումը մեծ է.
մինչև ամենափոքր ծլեպը,
մինչև տաշեղը
ամենաթեթև:

ԿՂԶԻՆԵՐ
Գուցե օվկիանը կենցաղի
գործում է հրաշքներ,
գուցե այս կյանքը զվարճանքի
համար է այսուհետ,
չկան խութեր, չի հարուցում
ոչինչ էլ խնդիրներ,
կարող ես ամեն ինչ ստանալ
հիմա և առհավետ,

բայց մենք, չգիտես ինչու,
փնտրում ենք կղզիներ,
որտեղ սրբություններն են
մեր անպետք հորում թաղվել,
լողում ենք օվկիանում և
շրջանցում ճոխ սեղաններ,
և երազում ենք օրերից մի օր
այնտեղ հասնել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։