Նա կեսգիշերվա խոր քնի մեջ էր, երբ լսեց դռան թակոցը, որը գալիս էր աներևույթ հորիզոնից: Դանդաղ ելավ անկողնուց և առանց հետաքրքրվելու՝ ով է ու ինչ է ուզում, բացեց դուռը: Աստիճանավանդակի հարևանուհին էր՝ արձակ գիշերանոցով: Ամուսինը մի քանի տարի առաջ էր մահացել՝ նրան ժառանգելով հավերժական չքավորություն: Քրջանոցում ծախծխել էր տան եղած-չեղածը, գիշերանոցն էլ կտար, եթե առնող լիներ:
– Սովածությունից քունս չի տանում, իսկ դու լավ էլ քնում ես, հոգնեցի դուռը ծեծելուց, արդեն ուզում էի վերադառնալ իմ տունը, կարծեցի մեռել ես,- ասաց հարևանուհին:- Սա երկիր չի, թոշակս հա ուշացնում են, մի պատառ բան տուր, ուտեմ ու գնամ քնեմ: Ինչի՞ գիշերանոցս չես առնում, էժան եմ տալիս, թե՞ ուզում ես՝ նվիրեմ ու մնամ էգ շան պես տկլոր:
Խոհանոցում հարևանուհին հաց ու պանիր կերավ: Քաղցր թեյ խմեց: Դարձյալ ախորժակով կերավ, գոհունակ ժպտաց և ասաց.
– Բարև, Սիլվա:
Հարևանուհին մինչև առավոտ աշխարհից անջատված քնեց: Իսկ Սիլվան քնահարամ եղավ, ոչ մի րոպե աչք չկպցրեց, նայում էր մութ առաստաղին և տեսնում մեծ քաղաքի այն փողոցները, որտեղով ամեն օր աշխատանքի էր գնում: Ըստ սովորության՝ տունդարձին մտնում էր նույն սրճարանը, նստում ապակեպատ կլոր նույն սեղանի մոտ, անշտապ խմում նույն դառը սուրճը, բավականությամբ ծխում երկար ու բարակ գլանակով նույնանուն սիգարետը, հետևում հեռուստատեսիլի խոշոր էկրանին մեղմ երաժշտության ներքո նորաոճ լողազգեստներ ցուցադրող գեղեցիկ կանանց և փորձում ընտրել իր լողազգեստը, թեև լողալ չգիտեր: Սիլվան արդեն հեռացել էր անհոգ երիտասարդությունից և այժմ հոգով ու մարմնով գտնվում էր ծաղկուն կնոջ դաշտում՝ կարոտելով այն տղամարդուն, որն իրեն սիրի, որին ինքը սիրի ավելի շատ՝ ծովի ու երկնքի չափ, խեղդվեն իրար մեջ, մեռնեն ու ապրեն:
Ծնողները մահացել էին ավտովթարից, երբ դպրոցական էր: Նրան մեծացրեց հորական տատը, որից երկու սենյականոց այս բնակարանը մնաց՝ քաղաքակենտրոնի բազմահարկ շենքերից մեկի վեցերորդ հարկում՝ կահավորված հին, բայց հարմարավետ իրերով: Տանն ամեն ինչ խնամված էր ու մաքրամաքուր: Պատուհանից երևում էր Արարատը: Արևը նախ և առաջ շողեր էր արձակում աստվածաշունչ լեռան ձյունափառ գագաթին: Սիլվան մանկավարժ էր, ինքնուս դաշնակահար, հակառակ շատերի՝ ուրիշներին չէր պարտադրում իր ներկայությունը, միայն, դեռևս պատանեկությունից, մի հոգեմոտ ընկերուհի ուներ՝ Մարին, որի առջև ի վիճակի էր անկեղծանալու: Զարմանալի բան, նա որքան գեղեցիկ էր ու կանացի, տղամարդիկ այնքան կույր էին նրա նկատմամբ, օրինակ՝ դպրոցի հիմար տնօրենն ու ֆիզիկայի ավելի քան հիմար ուսուցիչը, որոնք գնացին-ամուսնացան աշխարհի թերևս ամենատգեղ աղջիկների հետ: Եղավ՝ մեկը նրան սեր խոստովանեց: Մի քանի հանդիպումից հետո Սիլվան հասկացավ, որ նա միայն իր մարմնով է ոգևորված, նույնիսկ փորձեց բռնաբարել: Դա Սիլվայի լուսավոր զգացմունքներում խոր հիասթափություն առաջացրեց տղամարդկանց նկատմամբ, կարծում էր՝ բոլորն էլ այդպիսին են: Պիտի անցներ բավականին երկար ժամանակ, որ այդ դեպքը մոռանար և նույնիսկ, Մարիից թաքուն, որոներ իր երազանքի տղամարդուն, հավատում էր՝ նա ինչ-որ տեղ ապրում է, և իրենք մի օր կհանդիպեն:
– Դու ես մեղավոր,- ասաց Մարին,- քեզ ցուցադրել չգիտես: Ռեստորանի փորձառու մատուցողուհին անհամ ուտելիքն էլ այնպիսի գայթակղիչ ձևերով կդնի առաջդ՝ գեղեցիկ ափսեի մեջ, ոսկեզօծ դանակ-պատառաքաղով, որ մատներդ էլ կուտես: Եթե ես մի քիչ ունենայի քո կանացի հմայքից, հիմա տասն անգամ ամուսնացել էի:
– Ես քեզնից լավը չեմ:
– Նորից չամուսնանա՞մ,- հարցրեց Մարին:
– Դու հիանալի ամուսին ունես:
– Արի նրան տամ քեզ,- ասաց Մարին կես լուրջ ու կատակ:
– Գժվեցի՞ր:
– Երբեմն գժվելս գալիս է:
– Ինչո՞ւ երեխա չես ունենում, նա կլինի քեզ ու ամուսնուդ նման գեղեցիկ:
– Չե՞ս տեսնում, ինձ նվիրել եմ գիտությանը:
Մարին բնագետ էր և ձգտում էր դոկտորության: Նրա ամուսինը, դարձյալ բնագետ ու արդեն դոկտոր Թաթուլ Ժիրանյանը, համալսարանի ճանաչված դասախոսներից, հետաքրքիր ու ներկայանալի տղամարդ էր՝ խաժ աչքերով, բարձրահասակ, մարմնամարզիկի ջլուտ կազմվածքով, կատարյալ կինոաստղ, գուցե միայն Ալեն Դելոնը կարող էր նրա հետ մրցել: Երբ Սիլվան դիտում էր Դելոնի մասնակցությամբ ֆիլմեր, Թաթուլն էր աչքին գալիս, իսկ նրան նայելիս՝ տեսնում էր Դելոնին: Եթե երկուսից մեկին ընտրելու հնարավորություն լիներ, Սիլվան, հավանաբար, կանգ կառներ Թաթուլ Ժիրանյանի վրա, բայց այդ ընտրության դուռը խուլ կողպված էր. Ալեն Դելոնը՝ հեռու երկրում, իսկ Թաթուլը՝ սիրելի ընկերուհու ամուսին, լողալ էլ իմանար՝ չէր կարող հաղթահարել այդ փոթորկուն ծովերը և հասնել երանելի ափ: Չի կարելի ասել, թե այս զգացողությունը Սիլվայի համար անքուն տեսիլք էր, երբեմն էր միայն ի հայտ գալիս, անցնում մի կարճ ժամանակային տարածություն, որի ընթացքում նա շիկնում էր, ամաչում ինքն իրենից և դառնում ավելի նուրբ ու գեղադեմ:
Ամուսինները ցանկալի հյուր էին: Մեկ-մեկ էլ նա էր նրանց այցելում: Ավելի հաճախ ընկերուհիները հանդիպում էին երկուսով, այդ ընթացքում Մարին այնքան էր բացախոսում, որ ականջներդ կկարմրեին ու լսածիդ չէիր հավատա, կարծես մենաթատրոն. Մարին՝ ոգևորված մենակատար, Սիլվան՝ ապշահար հանդիսատես: Հատկապես գայթակղիչ էին այդ թատրոնի այն պահերը, երբ Մարին կանացի հպարտությամբ էր խոսում իր և ամուսնու Կաբիրիայի գիշերներից…
Սիլվան հետևում էր հեռուստացույցի լուրերին, երբ լսեց դռան թակոցը:
– Տնիցդ բորշի հոտ առա,- ասաց հարևանուհին, որ մերկ մարմինը ծածկել էր ձմեռվա կարկատած վերարկուով, թեև շոգ ամառ էր:- Գիշերանոցը ծախեցի: Վերարկուս կառնե՞ս:
– Մերկ կմնաս, տիկին Վարդուշ:
– Սա երկիր չի, բոլորը վերարկու ունեն, կոշիկ ու գլխարկ,- Սիլվային մեկնեց ալյումինե թասը:- Շատ չէ, երկու օրվա բորշ լցրու, մսո՞վ է:
– Հավի ապուր բրնձով:
– Սիրում եմ բրձով ապուր և հավի բուդը:
Սիլվան թասը բերնեբերան ապուր լցրեց:
– Բուդը մոռացար, անխիղճ… Մերսի… Գնամ ուտեմ ու հանգիստ քնեմ: Բարի գիշեր:
Մարիի պատմությունները մեծ տպավորություն էին գործում Սիլվայի վրա և նրա մեջ առաջացնում ցանկամոլ զգացողություններ, որոնք նա փորձում էր ընկերուհուց թաքցնել: Եկավ մի ժամանակ, երբ ընկերուհու պատմածների ազդեցությամբ Սիլվայի տեսիլքները դարձան ավելի առարկայական, արդեն ցանկանում էր Մարիի տեղն զբաղեցնել Թաթուլ Ժիրանյանի անկողնում… Սիլվան, որքան էլ փորձում էր անտարբեր երևալ, արդեն չէր կարողանում ընկերուհուց թաքցնել հոգու ալեկոծությունը, որ արտահայտվում էր զարմանքի ու հիացմունքի գույներով, այդպես թատրոնի զգայուն հանդիսատեսն է վերաբերվում իրեն հուզմունքներ պատճառող բեմական տեսարաններին: Ուզում էր խոսել, թեկուզ մեկ խրախուսիչ ձայն, բայց բառը խեղդվում էր կոկորդում: Դա էլ Մարիի աչքից չվրիպեց:
– Չես հավատա, ես դժբախտ եմ, նա մարդ չի, դինոզավրից էլ գազան,- իրենց անկողնային սիրո մի նոր դրվածք մանրամասնորեն հիշելով՝ ասաց Մարին:- Ուզում եմ մի սովորական ամուսին, դրանից լավը չկա, չեմ ցանկանում բոլորից տարբերվել, եթե մարդիկ իմանան՝ ում հետ եմ ամեն օր պառկում, ինձ խելագարի տեղ կդնեն:
– Բաժանվիր նրանից,- անակնկալ ասաց Սիլվան,- մեղք ես:
– Ինչո՞ւ բաժանվեմ,- զարմացավ Մարին,- շատ կանայք երազում են իրենց կողքին մի Թաթուլ ունենալ: Չեմ բաժանվի: Ես սիրում եմ նրան, նա նաև իմ երջանկությունն է, չե՞ս հասկանում:
Սիլվան խանդեց Մարիին և ցանկացավ նրա չափ երջանիկ ու դժբախտ լինել, նույնիսկ դժբախտությունը գերադասեց երջանկությունից, դժբախտությունից հաճելի գլխապտույտ առաջացնող հոտ առավ:
Կիրակի: Լսվում էր արևոտ երկնքում արագորեն թևածող ծիծեռնակների ճչյունը: Դուռը թակեցին: Սիլվան կարծեց՝ դռան ետևում գտնվում է ոչ թե հարևանուհին, այլ Թաթուլ Ժիրանյանը, սիրտը հուզված բաբախեց, եկել է իրեն դժբախտությամբ երջանկացնելու: Աստիճանավանդակում կանգնած էր միջին տարիքի վայելուչ մի տղամարդ՝ ձեռքին շքեղ ծաղկեփունջ: Նա իր մերկությունը հնամաշ վերարկուով ծածկած տիկին Վարդուշին բնավ նման չէր:
– Գազի ծառայությունի՞ց եք,- շփոթվեց Սիլվան:
– Ես ձեր մասին պատմվածքի հեղինակն եմ,- սիրալիր ժպտաց տղամարդը և ծաղկեփունջը մեկնեց նրան:
– Ներս եկեք, սուրճ հյուրասիրեմ:
– Մեկ ուրիշ անգամ,- հրաժարվեց տղամարդը և հեռացավ:
Մի քանի օրից Սիլվան հայտնեց ընկերուհուն այս դեպքը՝ տարօրինակ այցելուին ներկայացնելով երևակայական այնպիսի գունագծերով, որոնք իրականում գոյություն չունեին:
– Հիանալի տղամարդ է, ճիշտ իմ ճաշակի,- ասաց Մարին:- Մեզ ծանոթացրու: Եթե դու չես ուզում նրա հետ ամուսնանալ, ես կամուսնանամ, վերջապես կազատվեմ իմ դինոզավրից:
Ծանոթություն տեղի չունեցավ, որովհետև պատմվածքի հեղինակն այլևս չհայտնվեց: Ձմեռը եկավ-գնաց առատ ձյուներով, որի ընթացքում հարևանուհի Վարդուշն ապրում էր քրջոտ վերարկուի մեջ ու երազում մի օր վաճառել այն և մսով բորշ եփել: Գարնան սկզբին Սիլվայի բնակարանի դուռը թակեցին: Դա Վարդուշը չէր և ոչ էլ պատմվածքի հեղինակը, այլ՝ գազի սպասարկման գրասենյակի ճաղատ ծառայողը: Այդ օրը մի քանի անգամ դռան խփոց եղավ: Մատաղի փող էին հավաքում, հիվանդ բուժելու փող, խնդրում հաց տալ, առաջարկում առնել մոմ, ճաշատեսակների գունավոր ամսագրեր ու ժավելի հեղուկ: Մեկն էլ, որ մտավորականի տեսք ուներ, ասաց՝ «Ինձ գնեք, տիկին, էժան եմ»: Շատ բան էր վաճառվում, բայց առնող չկար: Սիլվայի մտքով էլ անցավ իրեն վաճառել, ինչքա՞ն միայնակ մնա, գուցե ընկնի մի կարգին գնորդի ձեռք:
Դա հիրավի պատմական ժամ էր թե՛ պատմվածքում և թե՛ Սիլվայի ու Մարիի կյանքում, ինչ-որ չափով՝ նաև Թաթուլ Ժիրանյանի:
– Քո Թաթուլից բաժանվեցի,- ասաց Մարին և, նկատելով ընկերուհու շփոթվածությունը, ավելացրեց,- ուրախ չե՞ս:
– Հիմա ի՞նչ ես անելու,- կարկամեց Սիլվան:
– Արդեն ամուսնացել եմ:
– Այն մարդո՞ւ… որն անցյալ տարի ինձ ծաղկեփունջ նվիրեց:
– Չէ հա, նա ո՞վ եղավ, իմ ներկա ամուսինը քաղաքական գործիչ է, ես ձեզ կծանոթացնեմ, շատ կհավանես:
Շուտով Սիլվան Թաթուլ Ժիրանյանի հանդեպ իր զսպված զգացմունքներին ազատություն տվեց: Ամեն ինչ մոռացած, նույնիսկ պատմվածքի հեղինակին, միայն Թաթուլի մասին էր մտածում՝ հիշելով ընկերուհու գայթակղիչ պատմությունները. հիմա Մարին չի նեղանա, եթե ես մտերմանամ նրա նախկին ամուսնուն, Աստված ինձ հիանալի հնարավորություն է տվել փոխելու իմ կյանքը, ի՞նչ անեմ՝ նեղանում է՝ նեղանա, արդարացում էլ գտավ՝ կյանքը մարդուն միայն մեկ անգամ է տրվում, ինչո՞ւ ինձ զրկեմ ցանկալի վայելքներից, չէ, հիմար եմ, բայց ոչ Մարիի չափ:
Սիլվան այնքան էր ոգևորվել, որ առաջինը նախաձեռնեց Թաթուլ Ժիրանյանին մոտենալու քայլերը՝ նրան հրավիրելով տնային ճաշի և իր սիրելի սրճարանը: Ընտիր զգեստ հագավ, բարձրակրունկ կոշիկ, որ Թաթուլից ցածրահասակ չերևա, խնամքով շպարում էր դեմքը, սկսեց օգտագործել ֆրանսիական օծանելիք, որը հեռվից էլ էր հաճելիորեն բուրում: Նա շուտով զգաց տղամարդու անտարբերությունն իր հանդեպ, ու սիրտը դող ընկավ. մի՞թե չի մոռանում Մարիին և հիմա ինձ ի վիճակի չէ սիրելու: Մտքում ատելու պես թշնամացավ Մարիին, որ նա շարունակում է կանգնած մնալ իր ու Թաթուլի միջև: Տղամարդու սառնությունն ու Մարիի այդ ներկայությունը Սիլվայի հոգում ավելի բորբոքեցին Թաթուլի նկատմամբ սերը: Մի ուշ երեկոյան, երբ հաչ էին տալիս փողոցային անտեր շները, Թաթուլ Ժիրանյանը Սիլվային ուղեկցեց մինչև տուն և չնայած նրա թախանձագին խնդրանքին՝ ներս չմտավ: Բաժանման վերջին պահին Սիլվան փարվեց նրան, ջերմորեն համբուրեց և ծխախոտի թանձր հոտ ու համ զգաց: Մինչև լույս առավոտ նա երանության մեջ էր այդ հոտից:
Կինը պարտվելիս երբեմն դիմում է ծայրահեղ փրկիչ գործողության: Թաթուլի կամքին հակառակ՝ Սիլվան ամուսնացավ նրա հետ, և նույնիսկ պսակադրությունը տեղի ունեցավ Սուրբ Հովհաննես եկեղեցու խորանի առջև, առանց վկաների: Քահանայի՝ Թաթուլին ուղղված խաչակիր հարցին՝ «Տե՞ր ես այս կնոջը», ընդամենը գլխով մի թեթև, աննշմարելի շարժում արեց, իսկ Սիլվան նույն հարցապնդմանը հուզված ասաց իր ու Թաթուլի անունից՝ «Տեր ենք»: (Ծեր քահանան Սիլվային այնքան հավանեց, որ մտքով անցավ կնոջից բաժանվել ու նրա հետ ամուսնանալ):
Սիլվան զանգահարեց ընկերուհու բջջայինին և անհամարձակ հայտնեց իր ու Թաթուլի ամուսնությունը:
– Սիրելիս, կներես:
– Ինչքա՞ն ժամանակ է,- հե-տաքրքրվեց Մարին:
– Մեկ շաբաթ:
– Երեք շաբաթից նորից զանգ տուր,- զվարթաձայն ասաց Մարին:- Ես մի քանի օրով գնում եմ Լոնդոն՝ գիտաժողովի: Քեզ ցանկանում եմ քաղցր մեղրամիս:
– Մեղրը թթու լինո՞ւմ է,- զգալով ընկերուհու ձայնի ծաղրական շեշտադրությունը՝ հարցրեց Սիլվան:
– Դառն էլ է լինում,- ասաց Մարին և խոսակցությունն առաջինը ընդհատեց՝ Սիլվային տխրություն պատճառելով:
Թաթուլ Ժիրանյանը մի քանի առօրեական հագուստով տեղափոխվեց Սիլվայի բնակարան, չմոռացավ վերցնել նաև սև, կարմիր ու սպիտակ թիթեռ փողկապները, որոնք երբեմն օգտագործում էր հանդիսավոր միջոցառումների ժամանակ:
Նրանց առաջին գիշերը կուտ ընկավ, ինչպես լավաշը թեժ թոնրում, որ Սիլվայի համար անակնկալ եղավ: Հաջորդ օրերն էլ ոչնչով աչքի չընկան: Թաթուլը մեկ-մեկ համբուրում էր կնոջը, մետաքսից էլ սառը ձեռքերով նրբորեն շոյում նրան և չէր հասնում երանելի վերջաբանին: Նրան աշխուժացնելու Սիլվայի բոլոր փորձերը զուր էին անցնում, Թաթուլը, ինչպես նրան նկարագրում էր Մարին, կարծես Թաթուլ չլիներ, բոլորովին ուրիշ մի մարդ… Սիլվայի հոգին արտասվեց: Դա ավելի ծանր դրամա է, քան երբ մարմինն է լաց լինում:
Մի օր Թաթուլ Ժիրանյանը կնոջ տնից գնաց ու այլևս ետ չեկավ, իբրև կրթված մարդ՝ չցանկանալով նրան վիշտ պատճառել:
Լոնդոնից վերադառնալով՝ Մարին չսպասեց ընկերուհու ձայնին, ինքը զանգահարեց.
– Բարև, ինչպե՞ս ես…
– Վատ,- կարճ ու կտրուկ արձագանքեց Սիլվան:
– Այսինքն…
– Մենք բաժանվեցինք: Ինչո՞ւ էիր ինձ խաբում:
– Հասկացիր, քույրիկս, ես ինձ էի խաբում… Կնոջ համար շատ նվաստացուցիչ է իմպո ամուսինը, ամաչում էի իմ բախտից, ամաչում էի նայել մարդկանց աչքերին, կանացի հպարտությունից դրդված՝ ցույց էի տալիս, թե Ժիրանյան Թաթուլի նման տղամարդ աշխարհում ոչ եղել է ու ոչ էլ կլինի, փորձում էի արժանապատիվ կին մնալ, ներիր, ես քեզ սիրում եմ, խնդրում եմ՝ ներես, երկուսս էլ դժբախտ եղանք:
Ոչ մեկին հայտնի չէ՝ Սիլվան ներե՞ց Մարիին, թե՞ ոչ:
Տիկին Վարդուշն ի վերջո վաճառեց հնամաշ ու ցեցակեր վերարկուն հարևան շենքից մի մեծահարուստ կնոջ, որը «Մերսեդես» էր քշում, եփեց մի ղազան մսով բորշ, դողացող ձեռքով լցրեց ալյումինե թասն ու տարավ Սիլվային: Դռան խփոցին պատասխան չեղավ: Նորից թակեց: Կեսօրին բորշը տաքացրեց ու դարձյալ մոտեցավ դռանը: Ոչ մի շշուկ ու շրշյուն: Հաջորդ օրն ու մի քանի օր շարունակ Վարդուշը տաքացնում էր Սիլվայի բորշն ու դուռը ծեծում՝ «Բաց, ախչի, քեզ համար մսով բորշ եմ բերել»: Եվ այդպես՝ մի ամբողջ շաբաթ: Վարդուշը զանգահարեց թաղի ոստիկանին և նրան հրավիրեց իր տուն՝ բորշ ուտելու, ասաց՝ «Դուռը չի բացում»: Հետաքրքրասեր կին ու տղամարդ հարևաններ հավաքվեցին, որոնցից ոչ մեկին չհաջողվեց դուռը բացել, կոտրել էլ չէին համարձակվում: Ոստիկանը զանգահարեց Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ «Տանտիրուհին ներսում է, բայց չի ուզում դուռը բացել»: Շուտով համապատասխան մասնագետ եկավ և, տարբեր բանալիներ փորձելով, դուռը բացեց՝ արժանանալով ներկաների ծափահարություններին:
Առաջինը ներս մտավ տիկին Վարդուշը և տաք գոլորշի արձակող բորշով ալյումինե թասը դնելով խոհանոցի սեղանին՝ բարձրաձայն կանչեց՝ «Ախչի, արի բորշ կեր»: Հետո մյուսները բնակարան մուտք գործեցին:
Բնակարանը մաքուր ու կոկիկ տեսք ուներ, որը ներկա կանանց նախանձը շարժեց: Ննջարանում անկողինը պատված էր նախշակար երիզներով կարմիր ծածկոցով: Դաշնամուրի սև ու սպիտակ ստեղները բաց էին ու լռակյաց, նոտակալին՝ Վերդիի «Ռեքվիեմի» երաժշտական գրառումից մեկ էջ: Ճաշասենյակի սեղանին, հախճապակե թաղարում ծաղկեփունջ կար, որի ծաղիկները թեև չորացել էին, բայց պահպանում էին իրենց երբեմնի վառ գույներն ու բուրմունքը: Սիլվան տանը չէր:
Այդ օրերին պատմվածքի հեղինակը «Գրական թերթում» մի լուր կարդաց. «Դավթաշենի կամրջից մի կին է նետվել ձորը, նրա դեմքն այնքան աղավաղված էր, որ հնարավոր չեղավ ինքնությունը պարզել»: