Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու, դոցենտ
«Հոգու տեսադաշտ դառնալու համար // բառերը երկար ճամփա են անցնում // հաղթահարելով մեկուսարանը ոգու և արյան // կանխորոշում են մի նոր ժամանակ և տարածություն»,- ասում է Ռոբերտ Եսայանը, և «Սահմանագիծը, որն ընդգծվում է որպես բանաստեղծական պատկեր, տագնապ է, որի մեջ ապրում և ստեղծագործում է արվեստագետը»։
Իհարկե ամենևին էլ ոչ պատահականորեն Ռոբերտ Եսայան բանաստեղծի և այս գրքի վերաբերյալ էջերը իր իսկ տողերով են՝ նրա մի հարցազրույցից։
Մեր կողքին Բանաստեղծն է և իր Արցախը՝ աշխարհում հարազատ բնօրրանը, բույնն իր երազների ու ծննդյան։
«Արահետներդ ցավից արձակված նետեր են ոխի, // պատմագիր քարեր, որ գլորվում են վիհը մեղկության, // ընդվզող արյան կոչը լեռներում չի դառնա մոխիր, // հողից համբառնող ոգու երկինքը ձայնն է փրկության»։
Նա է՝ պայքարի պատրաստ ոգով, ամենահաս Հույսի ուղեկցությամբ, որ «երկնակոհակ շնչառությունն է» բառի, և ամենից ամենակարևորը՝ հայի համար՝ բանաստեղծի շուրթերից. «Թեև ճանապարհս անցնում է անվերջ զոհասեղանով, ուսերով բերում եմ արևածա՜գն Արցախի…»։
Իսկ թվագրված – ժամանակագրված է «քաղաք Գյումրի»։
Զգայուն ժամանակը սահմաններ չի ճանաչում, և Հույսը տարածության կամ այդ սահմանների հեռավորության հետ բնավ աղերսներ չունի։ Ապա ասես ժամանակից ու տարածությունից դուրս գրքում էջվում են օրերը՝ Շուշի և Գյումրի՝ առաջին հայացքից գուցե պարզ, բայց խորքում ամեն ինչի մասին՝ տող առ տող՝ սարսուռների հերթագայությամբ։ «Շուշի ի՜մ քաղաք // և ունայնության աչքերում վառվող // երկու մոմ – երկու // բառ կամ խնդություն // Սուրբ եկեղեցու լուռ հաղորդություն»։
Շուշիից Գյումրի, իսկ կապող օղակը, որ այս պարագայում բանաստեղծության առումով նաև ու առաջին հերթին փրկօղակն է նրա, ինքը՝ մեծն բանաստեղծությունն է։ Ասվածի վկայությունը նրա տողերն են, որտեղ էլ նշմարվում է գրողի՝ «ցավի սահմանը»։ Իսկ «Ո՞վ է որոշել սահմանը ցավի…», ցավ, որի լույսից բանաստեղծը իսկապես երազներ է քամում։ «Ցավից մի քայլ վար, ցավից մի քայլ վեր – չկա խաղաղ վայր»։
Հույսի ու ցավի մեջտեղում՝ խորխորատից մինչև հառնումը Լույսի՝ ինքնատիպ անչափ և անկրկնելի։ Անշուշտ ցավի աղբյուր – ակը պատերազմն է՝ իր հետևանքներով, և եսայանական գրիչը կարող էր այսքան ցավաշատ ու այսքան գեղարվեստորեն ներկայացնել սեփական մաշկով զգացած ու ապրած իրականությունը, ներկայացնել սեփական լռության և ճիչի գունապնակով, որ միով բանիվ նրա բանաստեղծական աշխարհն է։ Եվ ցավն ամենուր է, աղոթքներից մինչև լույսի ակունք, ասել է՝ հոգու բոլոր նրբագույներով բանաստեղծը ասես տոնում է ցավի ծնունդն ու մկրտությունը՝ ընդգծելով նույն ցավի անընդգրկելի սահմանները՝ բյուրեղ առ բյուրեղ։
«Աշխարհի վերջին ճգնավորի պես մեկն աղոթում է խցում իմ մաշկի…»,- ահա կրկին նրա գտնված բառերի իրական աշխարհը։ Եվ ուրիշ ո՞վ, եթե ոչ նույն ինքը՝ բանաստեղծը կարող է սեփական բառերով արժևորել սեփական բառերը. «Բառը բանաստեղծի համար մե՛րթ աղոթքի խորան է, մե՛րթ պայքարի ու մաքառման խրամատ»,- վկայում է Ռոբերտ Եսայանը։
«Մի աստղ իմ միջով վերադառնում է։ Ես նրա երկինքն եմ, իսկ ինքն իմ հոգուց բխո՜ղ առաջին բառը։ …Ինձնից ազատվե՞լ են տողերս՝ ապրելով նոր կյանք… Ցա՜վ է անջատումը»։
«Քառաձայն պատարագ», և աղոթք խնկաբույր, հավատի, հույսի ու «գալիքի նուռ»՝ կորզված այսօր, իսկ գերակշռողը հավատն է իհարկե։
Ուրեմն, մի կողմից՝ բանաստեղծն ու իր մեծարժեք պատկերներին ծնունդ տվող բառերը, մյուս կողմից՝ բանաստեղծն ու իր ցավը, մեծ հաշվով՝ հայի ցավը՝ այսօրեական ցավոք։ Քնարական հերոսը ներհյուսված է հայրենի ջղերին՝ Երկիր Արցախին. «Գիտեմ- // դրախտն հիմա // երկնքում է // և Արցախում // և մտքերիս սպիտակ // պատերով են վեր բարձրանում // մրջյունները տենչանքներիս // գուցե մի օր հասնեմ ելքին // տիեզերքի // հասնեմ հենց այս բառով- // Արցախ»։
Ասվածի ամբողջացումը կրկին նրա տողերն են՝ ամայության լուռ ու ճչացող վկաները՝ «Ակամա ուղեկիցը» բանաստեղծությամբ. «…Ես քայլում էի իմ ետևից // (և տագնապ էր փողոցը) // իսկ շունը վազում էր // (աննպատա՜կ, մտամոլո՜ր) // իր մենակության տարածության մեջ // և ուղեծիրում իր անափ Տենդի։ // Վազո՜ւմ էր աշխարհի բողոքն ու խիղճը»։
Բայց և՝ «Կբարձրանա նորից անտառը վրեժի // և կխոսի հողը փոթորիկով ոգու». տողերը գրված են Շուշիի պարսպին՝ ուժի ու հզորության պարիսպ՝ իրական և բանաստեղծական։
Նույն հերոսի ոգու և ուժի մարմնացումն է «Ռեքվիեմ» պոեմը՝ «…ելնում են հողաթմբից ծաղիկներ // Ոսկորի…» բնաբանով։ Գործ, որ, սակայն, միևնույն ժամանակ ամրապինդ հավատի ու չմարող հույսի կառույց – պատումն է՝ հույժ լավատեսական վերջաբանով, «պատմության ճիչից արթնացած երազ»՝ Անհունի կանչ Հայաստանին ձոնված երգը։
Սեր, հիշողություն, ցավ, ծնունդ բառի, բառը՝ հաղորդության միջոց, աղոթք ու պատարագ, և իհարկե պատկերները նրա՝ ինքնատիպ ու յուրօրինակ.
«Երբ բռնում եմ ձեռքդ // և համբուրում երկնքի շնչառությունը // քո գգվանքներից ձկներ են ցայտում // գետի մեջ հույզի…»։
«…մի ծիտ ջուր է խմում // ափից հրեշտակի»։
«Ինքս իմ հավատի միակ բնակիչն եմ… // Վանդակն ինքն իրենից դուրս է, // Թռչունն ինքն իրենից դուրս է… // և թևավորվում է հիշողությունը լույսի»։
Ընդամենը մի քանի օրինակ, և ակնհայտ է եսայանական պատկերաստեղծման ինքնատիպությունը, պատկերներ, որոնք ընդգրկում են ամբողջը՝ երկրից երկինք՝ տիեզերահուն ու տիեզերաչափ և դուրս այդ չափումներից էլ, ասել է՝ ներսում՝ ինքն իրենից դուրս այդ վանդակում։
«Ինքնահաղթահարման ճիչերից // կարմրում էին գագաթները հույսի, // տագնապի հագուստը պատռվում էր // ամենաթեժ կետում…»։
Բանաստեղծություն, որտեղ ներքին երկու «ես»-ի պայքարը, սիրո դրսևորում – պատկերը, թե «Անհունը միայն մի բառ ունի՝ սեր», գտնված բառի արժևորումը, թե «Խաչակնքող բառն ինձ ժպտաց ճանապարհի բաց խորանից», և բոլոր նրբահյուս զգացողություններն ու զգացմունքները հասնում են աղոթքի վեհության։ «Ուզում եմ հասնել ինձ // իմ միջով // ևս մի աստիճան- // և որպես մարդ կշարունակվի // տիեզերքը // կշարունակվի // որպես մրջյուն // որպես ծառ»։
Ընդհանրապես ուշագրավ է գրողի բառազգացողությունը, ըստ այդմ էլ՝ տրամաբանական տրոհումներն ու բառաշեշտերը։ Մեծ հաշվով՝ գիրքը իսկապես մի ուրույն աշխարհի մատուցվող բազում իրակություններն են՝ անպարագիծ ու անսահման՝ գրողի բանաստեղծական երևակայությանը համահունչ։
Իսկ վերջում…
Դեռ որքա՜ն տողեր կային, որոնց մասին կարելի էր երկար խոսել, և որքա՜ն մտքեր, որոնց մասին պետք է լռել՝ պերճախոս, եսայանական լռությամբ…
«Արդ թուղթն իմ ճակատն է, // որին մակագրողը // ո՛չ ես եմ, ո՛չ էլ դու, // այլ մեր միջև ապրող Հրեշտա՜կը հոգու»,- Ռոբերտ Եսայան։