ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
Ռազմիկ Գալստյանին
ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
***
Աղմուկը քնած է քարի մեջ,
Մի՛ արթնացրու,
Թե չես կամենում ունկերիդ ճիչը
Երկինք բարձրանա:
Շշուկներ, խոսքեր,
Ջուրը հանում է երկինքներն ի վեր,
Եվ մի զարմանա, որ նրանք հանկարծ
Թափվում են գլխիդ կարկուտ դառած,
Անձրևի նման կամ ձյունի փոխված,
Սիրո շշուկներ, մարդասեր խոսքեր,
Բարի մաղթանքներ թող հնչեն քեզնից…
Եվ պատերազմին ոչը ասա քո,
Կարո՞ղ ես, մարիր նրա աչքերի
Հուրը ավերիչ,
Քանզի ռումբից, արկ ու ականից
Անմեղ արյունդ է հողը ըմպելու:
Եվ քանի դեռ կյանքը ապրում է քո մեջ,
Եսդ մոռացած՝ քեզ նմանների
Համար ապրիր դու…
***
Առավոտը
Մաքրությունն իր
Ինձ տվեց,
Եվ կեսօրը հուրն իր սրտի
Նվիրեց,
Եվ երեկոն
Ետ չմնաց նրանցից՝
Իմաստություն պարգևեց:
Գիշերվա դեմ
Դեռ պայքարի կելնեմ ես,
Որ իմ հոգու լույսն անաղարտ
Թողնեմ ձեզ:
***
Եվ ամեն գիշեր քնելուց առաջ,
Հրճվանքի ու ցավի խառնուրդով,
Մնաք բարովի խոսք եմ ես հղում
Արար աշխարհին՝
Տասնամյակներիս ազնիվ բարձունքից:
Անթիվ հուշերի հախուռն աղմուկից
Մեկ-մեկ զատում եմ հնչյուններ զուլալ.
Այդ նրանք են, թույլ են տվել ինձ,
Որ ես կառուցեմ իմ ապրած կյանքի
Պալատն անաղարտ:
Թե բախտս բերի, դարձյալ արթնանամ,
Անխոտոր կանցնեմ միևնույն հունով,
Գուցե թե մարդոց ծիրի մեջ մնամ,
Վերից պարգևված երկնառաք գույնով:
***
Ճամփան կորել է անլույծ անհայտում,
Այրված հողում ոչինչ չի աճի,
Ձեր փախեփախից նեռ սիրտ է խայտում,
Գերեզմանում եք տաք շունչը խաչի:
Ջրերին նայում Ատլանտականի,
Ի՜նչ երազներ եք հևքով գուրգուրում,
Միայնակս, արդ, ի՞նչ պիտի անի,
Հայոց կրակն է քիչ-քիչ մարմրում:
Խաբուսիկ գրկում օտար աշխարհի,
Հուշ ու հիշատակ կմարեն մեկ-մեկ,
Էլ զավակներ չեք սիրված ու բարի,
Քանզի ետ չեք գա, երբեք ու երբեք:
Այրող կարոտի գլուխը գրկած,
Մասսի նկարը պահած աչքադեմ՝
Արդյոք ձեր կյանքը չե՞ք սեպի արկած,
Եվ փնտրտուքը՝ ուրու մի անդեմ:
***
Անդրանիկի հետ գիշեր ու ցերեկ
Հսկումի աչք ես հողիդ սրբազան,
Սև կրկնություն, ավաղ, հենց երեկ
Դարձյալ կյանք մարեց
ձեռքով այլազան:
Թումանյանի հետ գթությամբ համակ,
Հեգ գիքորների բախտն ես լացում.
– Նրանք չեն դառնում…
ընթերցված նամակ,
Անտես կորչում են սև անցուդարձում:
Եվ Տերյանի հետ աշնան ծառուղով
Շրջում ես տխուր, խնդում ես թախծոտ,
Անցնում ես կյանքի մթին քառուղով,
Հոգուդ մեջ՝ հազար արևի կարոտ:
Եվ ունկերիդ մեջ քո Մայր Տաճարի
Ղողանջները զիլ, երկնի պես հստակ,
Քեզ դուռն է տանում Նարեկ հանճարի.
– Հոգիդ բժշկի Մատյանն անհատակ:
Հպարտության հետ մեր եռագույնի
Դեռ ելնելու ես գոռ դարերն ի վեր,
Անցած գետերը՝ ոխի ու թույնի
Պիտ ծաղկեցնես Երկիրդ ավեր…
***
Կիջնի պահը գերերկրային
Աչք կփակվի աշխարհատես,
Ոլորտներում բիլ-երկնային
Ի՞նչ վճիռով կհայտնվես:
Ո՞վ կափսոսա, և կասի ո՞վ,
Որ քեզ երբեք չեն տեսնելու,
Դու այդ անհայտ ճանապարհով,
Գիտե՞ս, ո՜ւր ես դու հասնելու:
Այստեղ գոնե խոսքը խոսքին
Ագուցում ես բառ-գամերով,
Հետևում ես կյանքի հոսքին,
Եվ հրճվում դար-ժամերով:
Եվ ո՞վ գիտի, և ո՞վ կասի,
Երբևիցե էլ կգա՞ս ետ.
Թե՞ գետի մեջ հորդ օրհասի
Կորչելու ես հար ու հավետ:
***
Մութ է ահարկու, խավար է չորս դին,
Դահիճդ եկել, կարմիր է հագին,
Անսիրտ մարդկության աչքերի դեմ կույր
Կամենում է տալ քեզ մահի համբույր:
Դու՝ աստվածընծա զավակը Նոյի,
Անվարան նետվիր կռվի մեջ գոյի,
Եվ ազատության տենչով հրեղեն
Շամփրի՛ր նրա իղձը օձեղեն,
Թույլ չտաս դառնան որդիքդ գալիք
Չարքերի ձեռքին՝ նվաստ խաղալիք,
Վարդանի նման հայեղեն ելիր,
Որ… չհայտնվես գրքի մեջ կարմիր:
Հոբելյանական բարեմաղթանքների հետ «Արագած աշխարհը» շնորհավորում է Ռազմիկ Գալստյանին՝ նոր «Ընտրանի» ժողովածուի լույս ընծայման և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի արժանանալու առթիվ:
ՌԱԶՄԻԿ ՉԵՍ՝ Ո՞Վ ԵՍ…
Շնորհավորական բացիկ
բանաստեղծ Ռազմիկ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Բա՛րև, Ռազմիկ եղբայր.
Ապրելու-արարելու ութսունամյա ծննդատոնդ շնորհավոր: Գիտեմ, հոբելյանիդ առիթով շատ զանգ-մաղթանքներ ես ստացել, ողջույնի, մեծարումի ջերմ խոսքեր՝ մեկը մեկից յուրովի, էությամբ՝ նման: Ի՞նչ հավելեմ այդ մաղթանքներին, «հարյուր տարվա» իմ ընկեր:
Կյանքի ճանապարհին շատ չենք հանդիպել, բայց հանդիպելիս կամ հեռախոսազանգելիս ազնիվ ու անկեղծ մաղթանքները քիչ չեն եղել: Հա՛, այս պահին իմաստավորեցի, որ քո ծնողները անունդ հենց այնպես Ռազմիկ չեն դրել. ռազմիկ չես՝ ո՞վ ես: Թաթուլ Կրպեյան Ազգային հերոսի ծննդավայր գյուղում ապրած-մեծացած, հետո ողջ կյանքդ դժվար քայլերով Հայոց մայր քաղաքում հիմնավորված ռազմիկ չես, ո՞վ ես: Ազգի բանակում զինվոր ես եղել, ծառայել հայրենանվեր ռազմիկի պես և հետո ողջ կյանքում գրական «մարտադաշտում» համեստ կեցվածքով գրչակիր ռազմիկ ես եղել…
Անաղմուկ, աննկատ էլ ստեղծագործել ես. գրել ես սիրո, կարոտի, հավատի երգեր, հայրենախոս նվագներ՝ ամփոփված «Ակնթարթների անմահություն», «Վարք ոգու», «Արևի հնձան», «Հոգու ճանապարհ», «Ներաշխարհի խոհեր» և այլ ժողովածուներում: Ընթերցողական գնահատանքի խոսքերն էլ ջերմ են եղել, բայց գրաքննադատ գործընկերներս ժլատ, անգամ անարդար են եղել քո ստեղծագործական հետաքրքիր ճանապարհին անդրադառնալու, այն արժևորելու հարցում: Ների՛ր, բայց դրանում դու էլ ես մեղավոր: Ա՛խր, չափազանց համեստ ես, արածդ շատերի պես չես ծնծղահարում-թմբկահարում, բայց մայրաքաղաքի «Երրորդ մասի» քո տանը ծնված երգերը, հավատա՛, հավատավոր ընթերցողներիդ սրտերում հնչել են ի սկզբանե ու հնչում են առ այսօր: Անձամբ ինքս եմ դրանում համոզվել:
Թվում է՝ շատ բան չեմ ասել, մեծարումի առավել արժանի խոսքեր: Իսկ ցանկությունս է, որ կյանքդ երկար երկարի, և ստեղծագործական քո եռանդն էլ երբե՛ք-երբեք չմարի: Համարյա բանաստեղծական այս երկտողով ավարտում եմ բացիկ-նամակս և ջերմորեն կրկին շնորհավորում իմ հայրենակից այն գրողի ութսունամյա ծննդատոնը, որին սրտանց եղբայր եմ անվանում:
Քո՝ Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր