Արտաշես ԱՐԱՄ

***
Դու քեզ խաղաղ պահիր
Եվ անխռով նայի՛ր
Քո՛ ապրածին…

Ակնթարթերն այն ջի՛նջ…
Դու սպասիր աննի՛նջ…
Լուսաբացին…

… Ձեր թոնրատան շե՛մքը,
Եվ մայրիկիդ դե՛մքը
Աստեղածին…

Թոնրաշրթի լաթին
Մայրդ ծալապատիկ
Նստա՛ծ… Իսկ դու հածի՛ր…

Պահի հրապո՛ւյրը
Եվ արբեցնող բո՛ւյրը
Ծաղիկ հացի…
29.07.2024

Այստեղ և հիմա
Գրաֆիտի
Կորտասարին

Կավճանկարել շենքի պատերը,
Փութկոտ քայլերով հեռանա՛լ, փախչե՛լ…
Կավճանկարել լույսի փաթիլը
Եվ նույն փաթիլից հընթացս կառչել…

…Մինչ նա` թխահե՛րն ու լռակյա՛ցը
(Աշխարհի բոլոր ուրուների պես)
Հեռվում քո առջև իր դուռը բացել
Եվ սրտատրոփ սպասում է քե՛զ…

…Եվ Առեղծվածից ածանցվածը` կի՛ն,
Նա՛ և նրա վա՛ռ գլուխգործոցը…
…Ահա՛ կիզո՛ւմ են քո միտքն ու հոգին, –
Հրի ծվենն ու կրակի բոցը…

Վառ կանա՛չ, կարմի՛ր, լաջվա՛րդ, փիրո՛ւզ, ու
Խզո՛ւմի պահը լայնք ու երկայնքի…
…Գուցե թե պե՞տք էր մեռնել Փարիզում`
Արժևորելով իմաստը կյանքի…
22.09.2023

Մելս Սանթոյանի հիշատակին

Դեռ թևածում է հա՛վքն էն վիրավոր
Եվ չի՛ գտնում իր վայրէջքի կետը…
Ինչ-որ խո՛ւլ` կսկիծ, տագնապ մի` ցավո՛տ,
Եվ ժամանակի վարարուն գե ՛տը…

…Նաիրյան բառ ու պատկերին ի խույզ,
Դու քո կյա՛նքն էիր գրավադրել,
Իսկ կյանքդ համակ մաքրամաքուր` հույզ
Եվ ընդելուզված` գորով ու տարերք…

Էդ քո խենթ սիրտն է ծիրերում ծա՛վի`
Վիրավոր հավքի կերպարանք առած…
…Անչափելի էր չա՛փը քո ցավի
Եվ անցնում էիր դու թևատարած…

…Կարեվեր հա՛վքն է օդում թևածում,
Եվ հույսն անեզր տրոփո՛ւմ է խուլ…
Դարձյալ տխո՛ւր է մեր Փոքրիկ Ածուն,
Եվ նո՛ր, խորախո՛ր վերքերն են մխում…

…Բայց պահակետում վերստին Ինքն է,
Մեր անզիջո՛ւմը, ըմբո՛ստը, արի՛ն…
Եվ ծավալվում է հայոց Երկինքը,
Խմբվում են քաջերն հայոց աշխարհի…

Մելս Սանթոյանը, որդին` Գևորգի,
Ահա ձայնում է բարձրից իր լուսե,
– Հայոց Այրուձին նորի՛ց կվարգի,
Եվ հաղթե՛լու ենք… ուզեն, թե չուզեն…
17.01.2023

Լուսինեին
Ողջույն, Կիթերուհի , ինչպե՞ս է կյանքը քո,
Ձանձրալի չէ՞ արդյոք աստվածուհի լինել,
Չապրել մարդ էակի հույս ու երազանքով,
Եվ ցնորքին տրված, չընթանալ Լե՛ռն ի վեր…

Չզգալ, թե ի՞նչ բան է բաժանումի ցավը,
Եվ կարոտից անլուր, թևաթափ կուչ չգալ…
…Թե բրուտի ձեռքում ինչպե՞ս է թաց կավը
Ձեռաց վերաձևում կենաց կան ու չկան…

…Երբ խոցվելով սրտի՛ց` նրա՛ն ես որոնում,
Ով կարող է պարզել քեզ ամոքիչ ափն իր…
…Դու` չփաստվա՛ծ, անէ և անվավեր անուն,
Մի՞թե հոգնեցնող չէ աստվածուհու դափնին…
28.05.2023 կիրակի

Ուշացած երգեր Գայանեին
Շառագույն հորիզո՛ն: Չինական հեքիաթնե՛ր,
Եվ կյանքը ծորո՜ւմ է մեղրի պես…
Երա՛զն իմ քո դեմքի առկայծուն հակինթ է,
Եվ անզոր մղումն իմ` դեպի քեզ…

Մինչդեռ դու քո հեռվում զայրացա՜ծ, ալեկո՜ծ,
Չես ուզում լսել իսկ անո՛ւնն իմ…
Ահա և դիպվա՛ծը, դիպվածի ծի՛լը` կոր,
Եվ ծա՛վի դարպասներն Անհունի…

Հասկացա՛, թերևս էն գլխից գիտեի,
Որ ունայն խեցի է կյանքը այս…
Հարսնյակը ասում է նոր ծնված թիթեռին.
«Գիտեի, որ մի օր պիտի գա՛ս…»:
04.09.2023

Ն
Շոպեն, «Պոլոնե՛զ»: Առկայծ կրակնե՛ր,
Եվ վերստին` դո՛ւ քո հասակով սեգ…
Ափն ի վեր փախչող զմրուխտ կոհակներ,
Եվ թախծաժպիտ աչքերը քո սեր…

Ողջը` մոտավո՜ր, ողջը` թեակա՜ն,
Միակ ստույգը դո՛ւ ես, Գայա՛նե…
Ցավը` անցողի՛կ, հույսը` տևակա՛ն,
Դու` մաքրամաքուր հոգի՛, գո՛յ անեղծ…

Բյուրեղապակե գնդիկները այն,
Որ գլորվելով բախվում են իրար…
Շոպե՛ն. «Պոլոնե՛զ»… բոցը երերա՛ց,
Տարրալուծվեցին գույն ու գուներանգ…
13.08.2024

Շ
Ձնհա՛լ է: Հալո՛ցք: Ձմեռը անցա՛վ…
Բայց ճմլվում է սիրտն ինչ-որ մեկի:
Պատուհանները բացվում են անձայն,
Մայթով անցնում է թխահեր մի կին…

Որտե՞ղ և ե՞րբ եմ այս դեմքը տեսել…
(Եվ ջրվեժները թափվում են անձայն…)
…Ինչ-որ խոզա՛ն և կարմրացոլ դեզե՛ր,
Կանացի ծնկնե՛ր, փե՛շ ու փեշածա՛լք…

…Ո՞վ էր, որ այդպես անցավ անխարիսխ,
Դեմքը գունա՛տ էր, հայացքը` բեկո՛ւն…
Խամրեցին պայծառ գույներն աշխարհիկ,
Տե՛ր, այդպես անզուսպ ո՞վ էր հեկեկում…
2024

Ո
Իմ երազի փերի՛, իմ կարոտի հասցե՛,
Միա՛կը անկասկա՛ծ, բայց կորուսյա՛լ, ավա՛ղ…
Դու ինձ` սատա՛ր բազուկ և ինձ հարահա՛ս ձեռք,
Այնպե՜ս կուզենայի մեկնել մեղքս քաված…

Գիտե՛մ քեզ այլևս չե՛մ տեսնելու, իմ լա՛վ,
Չեմ լսելու ձայնդ ջերմ ու հոգեպարար…
Այն ինչ ի՛մն էր իրոք, ճշմարտապե՛ս, իրա՛վ,
Հեռանալիս քեզ հետ թեթևոտն տարա՛ր…

Հիմա իբրև ֆակի՛ր, դերվիշ` թափառակա՛ն
Հայտնվել եմ վերջին այս կեռմանին, օ՛ կին…
Բա՛ռն էր ի սկզբանե, և եթե բա՛ռը կա,
Ուրեմն հարա՛տև է նաև՛ ինքը` հոգի՛ն…
20.07.2024

Չ
Գայանե՜, Գայանե՜, Գայանե՜…
Մի՛ լռիր, ձա՛յն հանիր, մեն մի` բա՛ռ…
Իմ վերջին հանգրվան-կայանը
Որտե՞ղ է, շը՛-շընջա մեղմաբար…

Հուշե՜րը, հուշերը՜, հուշերը՜,
Ուշացած իմ ցա՛վն ու զղջա՛նքը…
Հի՛շել եմ, հիշո՛ւմ եմ, հիշե՛լը…
Գուցե թե հոգե՛կ իմ, զուր ջա՛նք է…

Դեռ կգա՛մ աներեր խոստումով`
Չը՛-կրկնել նախկին մեծ սխալը…
…Եվ դալար ճյո՛ւղը այն. ոստը` նո՛ր,
Իսկ հետո` այրվե՛լն ու մխա՛լը…
20.11.2023

Պ
Մի հե՛գ, անհավես ավել վաճառող…
Նո՛ւյն, առավոտից քրտնած փողո՛ցն է…
Ձրի ժամանա՛կ, կանխավճա՛ր օ՛ր
Ձեն ձենի տված, թոկից փախածնե՛ր…

Բայց ահավասի՛կ դո՛ւ ես մտքումս.
Շնո՛րհս, գա՛նձս դու անփուտ ու թանկ…
Դու` հրաշագե՛ղ, լուսամետ գո՛ւյնս,
Անանց` Երանգն իմ խենթ պատանության…

Մի օր ե՛տ կգամ (անհրաժե՛շտ պահին)
Եվ Աբովյանով վա՛ր կիջնեմ կրկին…
Եվ դու դո՛ւրս կգաս այն նո՛ւյն Սրահից,
Իբրև` կործանի՛չ և իբրև` փրկի՛չ…
30.05.2024

Ջ
Ոչինչ չի՛ ավարտվում, վերջ ու վախճան չկա՛…
Անակնկալ ինչ-որ կո՛ր ու… Շրջապտո՛ւյտ…
Եվ Պատկերը քո մո՛ր… Տեսի՛լքն այն աղջկա
Հետո առինքնող Լո՛ւյս, տաք մի շո՛ւնչ ու փետո՛ւր…

Տեսի՛լքն այն աղջկա, ով քո պատանության
Քիվերի՛ց էր կառչել բարա՛կ իր մատներով
Եվ իր խաչն էր տանում անկոր ու լռելյայն,
Տոկո՛ւն, համբերատա՛ր, խոնարհ, զուսպ ու ներող…

Բայց դու խե՜նթ, քմահա՜ճ և՛ կո՜ւյր, և սնապա՜րծ,
Քամահրելով սե՛րդ` աշխարհաթող եղար…
Եվ Հազարան Հավքն այն թռա՛վ անվերադարձ`
Քեզ թողնելով դեռ տաք մոխրում քո անթեղած…

Պիտի կորցնեի՜ր, որ հետո ողջ կյանքում
Անհո՛ւյս դեգերելով, անլո՛ւր մորմոքայիր…
-Դու` բացառիկ Շնորհ, բայց դիպվածը այն կույր…
Ախար մի ժամանակ դու իմ կողքին կայի՜ր…
08.07.2024

Ռ
Հոգեվարքիս պահին գիսաստղը չի ծորա,
Ոչ մի նախանշա՛ն, ոչինչ չի՛ պատահի…
Թվելյաց հին մի՝ երգ ծեսով ասացողաց,
Ապա՝ Աստծո երկնի լազուր մի պատառիկ…

Հուսա՛մ, որ անցումը կկայանա խաղա՛ղ…
Անցնցում ու անգայթ, անվթա՛ր ու անթե՛ք…
Ապա՝ Հայոց Բերդի հիմքերին կուռ շաղախ
Դարձած մարմինը իմ՝ իբրև մարած անթեղ…

Եվ երկրային խռիվ խռովքներից անդին,
Հոգսերը թոթափած` հոգիս ճախրի պիտի…
Դեպի քե՛զ պիտի գա… ներշանքով անտի՛կ,
Զի նա քո աստղային հասցեն ստույգ գիտի:
18.04.2024

Հ.Գ. Ես կանցնեմ,//Եվ պա՛ղ, ամայի՛//Տարածության և ժամանակի մեջ//Կշարունակեն հնչել//Այն բառերը,//Որոնք//Աշխարհին և մարդկանց//Կպատմեն//Քո անապակ մաքրության//Քո խորը, անմեկնելի ներաշխարհի//Եվ անանց ու անխամրելի//Գեղեցկության մասին,//Ի՛մ Գայանե…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։