ԱՄԱՌՆ ԱՆՑԱՎ
Ամառն անցավ, նայի՛ր, ամառն անցավ,
Անցան թրթիռները գգվող սյուք ու հովի,
Կարոտներիս վրա թախծոտ մի շող իջավ,
Եվ անձրևը լացեց՝ նման հրեշտակի:
Հանդերի մեջ, հեռվում, մի նժույգ վրնջաց,
Մի թևաթափ երազ մարեց կոպերիս տակ,
Ես չիմացա ինչպե՞ս և արդյոք ո՞ւր գնաց
Ամառն իմ արևոտ, ամառն իմ հերարձակ:
Եվ տխրեց իմ հոգին, դարձավ պաղ ու մաղձոտ,
Կորուստներիս վրա նորերն ավելացան,
Ո՛չ արև ինձ մնաց, ո՛չ էլ՝ սիրո նարոտ,
Եվ ապրած օրերս կարծես իզուր անցան:
***
Գնում ես, չգիտես բայց, թե ուր,
Գալիս ես, չգիտես, թե ինչու,
Խոհերդ խառնակ են ու տխուր,
Խոհերդ ճնշում են մեկմեկու:
Մե՛րթ այստեղ ես մտքով, մե՛րթ այնտեղ,
Ո՛չ ներսից ես կարծես, ո՛չ դրսից,
Թվում է՝ թողել ես տուն ու տեղ,
Թվում է՝ խռովել ես քեզնից:
Ճամփադ՝ փուշ, ճամփադ՝ խոչ ու ավազ,
Իսկ շուրջդ ստվերներ են ցավի,
Չգիտես՝ կես ճամփից ետ դառնաս,
Թե՞ տանես սև խաչը քո բախտի:
Եվ այդպես մոլորված ու նոթի,
Հոգուդ մութ վիհերում դեգերում,
Գնում ես, ետ գալիս անտեղի
Եվ տեղդ չես գտնում այս կյանքում:
***
Մեր տան բակում կապած մի սև գառ է մայում.
Ասում են՝ մատաղ են ինձ համար անելու…
Հորս ձեռքը բռնած կանգնել եմ ու նայում,
Նայում եմ, թե հետո ինչ է կատարվելու:
Նայում եմ ու տեսնում սուր շեղբը դանակի
Եվ շապիկիս վրա ցայտող շիթերն արյան,
Լացով տուն եմ մտնում ու չգիտեմ՝ լացի՞,
Թե՞ իմ խղճի ձայնն է զարկվում պատերին տան:
Հետո փորձում եմ ես իմ շապիկը մաքրել
Եվ մերոնց նախատել կատարվածի համար,
Բայց սիրտս չի զորում, և ուզում եմ փախչել,
Գնալ մի ուրիշ տեղ, հեռու, մի այլ աշխարհ…
…Տարիներ են անցել… Ու չեմ հիշում հիմա,
Թե ինչպես ավարտվեց օրն այդ իմ մանկության,
Բայց թվում է, թե դեռ իմ շապիկի վրա
Մնացել է մորթված գառան արյունը այն:
ԳՆՉՈՒԱԿԱՆ ԱՄԱՌ
Հաճախ թվում է ինձ, թե իմ աչքերի դեմ
Գլորվում է երկձի գնչուական մի սայլ,
Գլորվում է, անցնում արդյոք ո՞ւր՝ չգիտեմ,
Ո՞ւր է արդյոք տանում ճանապարհը անծայր:
Քայլում են ձիերը լույսի, շողի միջով,
Հնչում է թախծածոր երգը գնչուական,
Ու սայլի մեջ նստած աղջիկները խմբով
Կրկներգում են. «Արի՛, սերս ես քեզ կտամ»:
– Արի՜,- կանչում են ինձ,- արի՜, օտարակա՛ն,-
Ծաղիկներ են նետում դեմքիս, ոտքերիս տակ,-
Արի՛ գնանք այնտեղ, ուր սերը նախնական
Ամոքում է ամեն կսկիծ ու տառապանք…
Եվ անցնում է այդպես թափառախումբը ողջ,
Հեռանում է, ելնում երկինքները վերին՝
Թողնելով իմ հոգում կարոտի նոր բողբոջ
Ու բաժանման մի նոր տխրություն անմեկին:
Ռոզա Առաքելյանին
ԱՊԱՐԱՆԻՑ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՉՀԱՍԱԾ
Ապարանից Ծաղկահովիտ չհասած՝
Բուքը բռնեց… ճանապարհին մնացի:
Եղանակի այդ չար խաղից դառնացած՝
Ես ոչ թե ինձ, այլ իմ բախտը ձաղկեցի:
Ուզում էի մարտյան օրվա հետ քայլել,
Թեթևանալ հոգի մաշող հոգսերից,
Հոգսեր, որոնք ո՛չ գարուն են ճանաչել,
Ո՛չ էլ մի պահ հեռացել են ինձանից:
Բայց ո՜ւմ մտքով կանցներ, որ օրը հանկարծ
Կփոխվեր մի սաստիկ բուք ու բորանի,
Կկորչեին ձնծաղիկները ծաղկած՝
Ձյուների մեջ ու ոռնացող տարերքի:
Վերից, վարից օձագալար ընթացքով
Սուրում էին ձնահյուսքերն հերարձակ,
Եվ թվում էր՝ մեկը ձայնում էր ահով.
«Պահպանի՛ր ինձ, ո՜վ Տիրամոր հրեշտակ»:
Ո՛չ առաջ էր գնալ լինում, ո՛չ էլ ետ,
Կանգնել էի ցրտից, ահից կուչ եկած,
Կատակում էր կարծես դաժան բախտն ինձ հետ՝
Ապարանից Ծաղկահովիտ չհասած:
***
Բերեցին, կապեցին ուսերիս,
Ասացին քոնն է այս սև խաչը,
Ասացին մի՛ տնքա, սիրելի՛ս,
Լավ թե վատ, հենց սա է եղածը:
Ասացին տար հլու-հնազանդ,
Կատակ չէ բախտի հետ վիճելը,
Ասացին այդ ո՞ւմ է հաջողվել
Ջնջել իր սեփական ստվերը:
Հասկացա՝ իզուր է վիճելը,
Իզուր է ճչալը, գոռալը,
Երբ շուրջդ քարեր են լուռ ու մունջ,
Երբ ոչ ոք չի լսում քո ձայնը:
Ու հիմա՝ առած իմ ուսերին,
Տանում եմ ես ծանր իմ խաչը,
Տանում եմ, իսկ թե ո՞ւր՝ չգիտեմ,
Ո՛չ ես եմ տեղ հասնում, ո՛չ խաչը:
***
Տնազ է այս կյանքը, հո կյանք չէ,
Ապրում ենք, իբր թե ապրում ենք,
Մեր ցավը մեր մահից էլ թանկ է,
Չգիտենք՝ դեռ քա՞րշ գանք, թե՞ մեռնենք:
Անտեղի է գուցե հուսալը,
Թե պիտի վերևից մեզ լսեն,
Մեր «հայ-հայն» անցել է, լոկ «վայը»,
Լոկ «չոռն» է մնացել մեզ արդեն:
Եվ սմքած գրաստի պես հիմա
Հևում ենք հոգսերի բեռան տակ,
Փոշի ենք կուլ տալիս ակամա,
Քամի ենք ծամծմում շարունակ:
Ո՞վ գիտե, եղբա՛յր իմ, ո՞վ գիտե,
Թե որքա՞ն ենք այսպես ապրելու,
Ա՜խ գուցե ժամանակն հասել է
«Մեռած ենք, թաղված չենք» ասելու:
***
Գլորվում է կծիկը խոսքի՝
Գիլ-գլոր, գիլ-գլոր վերից վար,
Ճառում են, բարբաջում են էլի
Դեմքերն այս և՛ ծանոթ, և՛ օտար:
Չգիտեն, թե ի՜նչ են կորցրել,
Չգիտեն, թե ի՜նչ են ման գալիս,
Դանակը ոսկորին է հասել,
Իսկ իրենք լեզվին են զոռ տալիս:
Գիլ-գլոր, գիլ-գլոր, այ քեզ բան,
Հո լեզվով երկիր չես կառուցի.
Ի՜նչ ասեմ ձեզ, պարապ ձեռքե՛ր ջան,
Որ կարոտ եք լույսի ու հացի:
Հոգսերի տարափ է ներքևում,
Իսկ վերում լեզվախաղ է, ծնծղա,
Կծիկի ծայրը չի երևում,
Դե եկ ու, հավա՛տ իմ, մի՛ ոռնա:
ԴԱՌՆԱՄ ՆՈՐԻՑ ԱՍԵՄ
Ո՛չ հյուսիսն է մի բան, ո՛չ արևմուտքը,
Երկու կողմն էլ կարծես ապրելս չեն ուզում.
Հյուսիսից դաղում է ինձ ցրտաշունչ բուքը,
Արևմուտքից կյանքս վիրուսներ են խուժում:
Չեն թողնում ուշքի գամ, ճնշում են շարունակ,
Շարունակ ինձ իրենց բռան մեջ են պահում,
Ստիպում են դառնալ հլու մի հպատակ,
Ապրել այնպես, ինչպես իրենք են կամենում:
Դաշնակից է իբր մեկն իրեն համարում,
Մյուսը՝ ջատագով մարդու ազատ կյանքի,
Բայց տեղն եկած տեղը ինձ ոտնատակ անում,
Թողնում են մնամ նույն պարտապանը ցավի:
Հիասթափվել եմ ես արդեն նրանց վարքից
Եվ իմ խեղճությունից, որ ծպտուն չի հանում,
Չնայած որ հանի, ինչ փույթ ինձ դրանից,
Ով է հիմա խեղճի խոսքը հաշվի առնում:
Այդուհանդերձ, նրանց ես չեմ մեղադրում,
Մեղավորը ես եմ, որ անխոհեմ եղա՝
Սուր կռելու տեղակ ես ջանքերն իմ բազում
Վատնեցի քսակս կուռք սարքելու վրա:
Հիմա մենակ եմ ես, անհուսորեն մենակ,
Եվ իմ դառը փորձը ինձ հուշում է փոխվել,
Ձեռ քաշել հյուսիսից, արևմուտքից խառնակ
Եվ իմ գլխի ճարը ինքս ինձնով տեսնել:
***
Դատարկություն, դատարկություն ու թախիծ,
Ու պաղ արև ու պաղ օրեր ու խոհեր…
…Ոմանք կրկին թոզ են փչում վերևից՝
Խոստանալով բարեփոխել կյանքը մեր:
Փուչ խոստումներ, դատարկ բակեր ու տներ,
Պատուհաններ՝ խաչված փայտե ճաղերով,
Եվ ճոճանակ, որ պաղ քամուց շունչ առել,
Օրորվում է սրտաճմլիկ ճռռոցով:
Հեռացել են մարդիկ վաղուց այստեղից,
Հեռանում են այլ վայրերից և՛ հիմա,
Քանզի նրանք էլ հույս չունեն, թե վերից
Ինչ-որ մեկը իրենց ցավը կհոգա:
Կյանքը այստեղ դարձել է խուլ զառանցանք,
Արտագաղթը նաև քո դուռն է թակում,
Ու թվում է, թե այս խամրող երկնի տակ
Ժամանակը դատարկությամբ է չափվում:
***
Հողմաղացներ են շաղված աչքերիս դեմ երևում,
Միջնադարում եմ կարծես, ագարակում ինչ-որ մի…
Պատշգամբիս դեմ մեկը իր էշին է փալանում՝
Բակում դես-դեն վազվզող աղմուկի տակ սագերի:
-Բարև,- ձայնում եմ,- Սա՛նչո,- ճանաչելով ես նրան,-
Ժամանակներն այս ո՞ւր են մեզ բերել ու հասցրել,
Այս շփոթի մեջ, ասա՛, ախր ինչպես իմանամ՝
Դո՞ւ ես եկել ինձ այցի, թե՞ ինքս եմ քեզ այցելել:
Ներկա, անցյալ, ա՜խ, այնպես խառնվել են իրարու,
Որ չգիտես ներկայո՞վ, թե՞ անցյալով ես ապրում,
Մե՛րթ թվում է՝ կանչում է քեզ անցյալի մի ուրու,
Մե՛րթ ներկայի ստվերն է համառորեն հալածում:
Միջավայր է երկուստեք ու մի կիսված սիրտ, Սա՛նչո,
Չգիտես ո՞ւր ես ապրում, ի՞նչ օրի ես, ի՞նչ հալի,
Չեն տարբերվում իրարից մտորումներն իմ ու քո.
Նույն հողագունդն է ու նույն մորմոքները հին ցավի:
Տա՛ր ինձ, Սա՛նչո, ուզում եմ ժամանակից դուրս ելնել,
Տա՛ր, բարեկա՛մ, ես արդեն կարծես ինձ չեմ ճանաչում,
Վախենում եմ ինքս ինձ ուրիշի հետ շփոթել
Ու մոռացվել ներկայի և անցյալի արանքում:
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Մտքով ուրիշ տեղ եմ, սրտով՝ մի ուրիշ տեղ,
Երկատվել եմ կարծես ճեղքված ծառի նման,
Արմատներս թեև դեռ խրված են այստեղ,
Բայց ես, հավատացեք, ես այստեղ չեմ, չկամ:
Սիրտս թափառում է Աստված գիտի, թե ուր,
Միտքս խարխափում է կյանքի մութ վիհերում,
Օրերս անցնում են մեկը մեկից տխուր
Եվ ինձ ի մի բերել ես չեմ կարողանում:
Ես ինձ հետ չեմ արդեն գուցե հազար տարի,
Գուցե հազար տարով ես հեռու եմ ինձնից,
Իմ մեջ մորմոքում է ցավը բաժանումի,
Եվ բարբառում է մի կորստի հին կսկիծ:
Իմ ցրված հայացքը ով էլ հիմա տեսնի,
Կզգա, որ ոչ միայն ես ինձ եմ կորցրել,
Այլև այդ ամենը, որով կյանքում պիտի
Կարողանայի ես ինձ հետ մեկտեղ ապրել:
Հիմա այսպես կիսված իբր ապրում եմ ես,
Իմ միտքն ու սիրտն արդեն խորշակներն են խուժում,
Ու մեռնում եմ դանդաղ, մեռնում՝ այն ծառի պես,
Որ կանգուն է թեև, բայց էլ չի կանաչում:
***
Պատուհանները աջից ու ձախից ինձ են խայթում,
Իսկ ես անցնում եմ նորից ցեխերի մեջ խրվելով,
Ա՜խ, այս գյուղը կարծես իմ ջղերի հետ է խաղում,
Կարծես ամեն ոք այստեղ իմ դեմ լցված է քինով:
Շառլըռուա չէ, ինչ խոսք, խղճուկ գյուղն այս ինձ համար,
Ոչ էլ Կարս է, որ նստեմ մի այգու մեջ ստվերոտ,
Մոռանամ շուրջս, մարդկանց, մոռանամ հոգս ու աշխարհ,
Գնամ լույսի հետևից, դառնամ ոգի ու կարոտ:
Այստեղ ամեն մի քայլն իմ դեպի անկում է տանում,
Ամեն երազս այստեղ դատապարտված է մահվան,
Այստեղ, ավա՜ղ, ո՛չ իմ հա-ն, ո՛չ էլ չէ-ն են հասկանում,
Համատարած ամլություն ու նախանձ է անսահման:
Եվ խրված այդ նախանձի ու ցեխերի մեջ կպչուն,
Ելք եմ փնտրում, որ գոնե անեղծ հոգին իմ փրկեմ,
Բայց փնտրտուքն իմ համառ միշտ անտեղի է անցնում,
Եվ թվում է՝ ուր որ է հոգիս պիտի կորցնեմ:
ՍԵՎ ԵՐԱՄ
Քար նետեցի դաշտի մեջ հավաքված սև երամին,
Երամը վեր բարձրացավ չարագուշակ կռռոցով.
Ագռավների երամ էր, այն երամը, որ կրկին
Եկել էր օրս խեղեր անտանելի իր վարքով:
Առավոտները հաճախ նրանք այդտեղ են իջնում,
Ու հաճախ եմ ես տեսնում նրանց խնջույքը դժնի,
Տեսնում եմ, թե ինչպես են լղպոր լեշը բզկտում,
Ինչ մոլուցքով են կլլում ամեն պատառը մսի:
Տեսնում եմ… Եվ հոգուս մեջ նողկանքի հետ ու ցավի
Արթնանում է մի սև հուշ տատիս պատմած հուշերից.
«Ներքևից թուրքն էր կտրում, իսկ վերևից ցիների,
Ագռավների երամն էր սահում քոչի հետևից…»:
…Չգիտեմ ո՞ւր է հիմա տատիս հոգին դեգերում,
Չգիտեմ ո՞ւմ է սգում ու հեկեկում դառնագին,
Բայց թվում է նա հիմա ինչ-որ տեղից ինձ տեսնում,
Հավանություն է տալիս իմ ամեն մի նետումին:
Ու նետում եմ ես նորից ձեռքիս քարը երամին,
Քարս թռչում է, քարս ոխ ու ցասում է դառնում,
Բայց այս անգամ էլ, ավաղ, այն չի դիպչում թիրախին,
Գնում, գնում է այդպես և օրերի մեջ կորչում:
ԿԱԿԱՉՆԵՐՍ
Կակաչներս տրորելով Չարն անցավ,
Անցավ՝ թողած ոտնահետքերն արյունոտ,
Օրս տխրեց, օրս ինձ հետ խեղճացավ՝
Իբրև ցավս, վիշտս կիսող մի ծանոթ:
Ամայություն տիրեց շուրջս, իսկ իմ մեջ
Կակաչներս հեկեկացին կիսաձայն,
Կակաչնե՜րս… երազանքներն այդ իմ խեղճ,
Որոնք այդպես գետնամած էլ մահացան:
Ի՜նչ ասեմ ինձ. ուշացա ես երևի,
Երևի թե մեղավորը ես եղա,
Որ չզգացի մոտալուտը չար շնչի,
Չհասցրի կանխել, թե ցավ ու թե մահ:
Եվ մինչ օրս, կյանքի տաքին, թե պաղին,
Տխրության մեջ, թե խնդության մեջ անհագ,
Թվում է, թե հեկեկում են վերստին,
Լաց են լինում կակաչներս կրծքիս տակ:
ԱՆՈՐՈՇ ԶԳԱՑՈՒՄ
Լույսն ու մութը հոգուս մեջ խառնվել են իրարու,
Ոչ գիտեմ լույս է, ոչ` մութ, ոչ քնած եմ, ոչ` արթուն,
Թվում է, թե ուր որ է, կմարի տենչն ապրելու,
Էլ չեն լինի երազներ, էլ չի լինի հղացում:
Երազների փոխարեն կմնա պաղ մի լուսին
Եվ մի թշվառ մուրացկան` կանգնած մայթին դիմացի,
Որ կձայնի` գթացե~ք, ողորմացե~ք հիվանդին,
Սակայն խոսքերը նրա, ավա~ղ ոչ ոք չի լսի:
Հետո քամին կսուրա փողոցներով վեր ու վար,
Եվ երկնքից աստղերի փշրանքներ ցած կթափվեն,
Դու քեզ կզգաս միայնակ, դու քեզ կզգաս որբ, օտար`
Այս անորոշ օրերի, այս անհեթեթ կյանքի դեմ:
Ոչ ոք էլ քեզ չի հիշի, շուրջդ կիջնի լռություն,
Հոգուդ պատկերն անգամ կխամրի պաղ մայթերին,
Լոկ ստվերները գուցե հաղորդվեն քեզ, քո հոգուն,
Ստվերները մահաշունչ, ուղեկիցներդ վերջին:
Ու կթվա քեզ, թե դու ստվերի մեջ ես ապրում,
Ապրում ես եղկ գորշության և ամլության մեջ թաղված
Եվ քեզանից քիչ այն կողմ, ինչ-որ մի մութ անկյունում,
Ինչ-որ մեկի խորհրդով մահավճիռդ է պահված:
ՑԱՎԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Ցավերից այն կողմ կապույտ լճեր են,
Ճերմակ կարապներ՝ լճերի վրա,
Լճերի շուրջը թավ անտառներ են,
Անտառների մեջ՝ փերի ու հմա:
Ով ոտք է դնում այդտեղ, ասում են,
Երանության մեջ է կյանքը անցնում,
Ապրում է խաղաղ, անհոգ ու անքեն՝
Ցավերը թողած անցյալի գրկում…
Երանի ես էլ հասնեի այդտեղ,
Ընդմիշտ մնայի այդ հրաշք վայրում,
Ապրեի լույսի, հովի պես թեթև,
Ինչպես լինում է դա երազներում:
Մտերմանայի փերիների հետ,
Նրանցից մեկը իմ սիրտը գերեր
Եվ մթնշաղին ինձ մի արահետ
Անտառի միջով նրա մոտ տաներ:
Հետո խարույկը բոցկլտար մթում,
Չորս կողմը հրե ծաղիկներ սփռեր
Եվ անտառի այդ խաղաղ անկյունում
Համբույրս փերու շուրթերին հանգչեր:
***
Եկել էր, չիմացա, թե ով էր
Եկել էր, կանգնել էր միայնակ,
Ասում էր՝ պտտվիր, կարուսել,
Ցնորք է այս կյանքը ու խաբկանք:
Ցնորք է, ասում էր, հասկացի´ր,
Ոչ ես կամ, ոչ դու կաս, ոչ էլ նա.
Ուղղակի փոշի ենք ցանուցիր,
Փոշի ենք՝ ինքներս մեզ վրա:
Եվ արժե՞, ասում էր, տառապել,
Ամեն ինչ ընդունել սրտին մոտ,
Հերթերի մեջ գլուխ կորցնել,
Երթերից տուն դառնալ առավոտ:
Ո՞ւմ է պետք այս խաղը, ո՞ւմ է պետք,
Ո՞վ է մեր ճակատը պաչելու…
Հիվա՞նդ ենք, հիվա՞նդ չենք, չգիտենք,
Մահն եկավ՝ բոլորս ենք չվելու:
Իսկ մինչ մահ դեռ պիտի հղանանք
Ինչ-որ սին երազներ ու հույսեր,
Դեռ պիտի կորցրածը ափսոսանք,
Դժգոհենք ինչ որ դեռ չենք գտել:
Չար ծա՞ղր է, չար կատա՞կ, ո՞վ գիտե.
Մեր երգը էն գլխից ենք երգել…
Եղել ենք, չենք եղել, նույնը չէ՞.
-Պտտվի´ր, պտտվի´ր, կարուսել: