ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, թարգմանիչ
ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Դիմափոխություն
Երեկոյան մարդը վերնագիր է չկարդացած գրքի,
շենքերի շարքերը` կարկամախտ,
բառերը դիմակ են փոխում,
ու դեմքերն՝ անցողիկ հանգամանք…

Քամին բողոքում է
տերևաթափի սուտ լեգենդի դեմ:
Հոգնած ափերս իջնում են չքնաղ ծնկներիդ:-
Համենայնդե՛պս…

Վարդի անունը
Հարսնացու՝ քողերով ալ-
նշան լացի,
կանգնել ես ճամփի վրա
քո սիրածի:

Լսո՞ւմ ես. հեռու հեռվից
դոփում է ձին.-
չի կանչում ոչ ոք, ավա՜ղ,
ահից բացի:

Թրթռուն-թեթև սրտիկ,
ճաքեցիր վաղ,
քո այգու պատից անդին
ձմեռ է, վա՛րդ:

Կանգնե՛լ ես,- կա՛ս,- անհուզում՝
հարսնացու հա՛ր:-
Էլ ուրիշ ո՞ւմ է սազում
մահը այդքան…

Նշաններ
Էս շոգած ամառվա մասին
մի բաժակ գարեջուր կհիշվի,
Հյուսիսի աղջկա պես ճերմակ
ձմեռվա մի փաթիլ-երազում,

ու վտիտ ստվերներ, որոնց տակ,
օգոստո՛ս, օրերդ կհաշվեն
և իրենց տեսիլքներն անհստակ
փողոցի շները տիրազուրկ£

Կհիշվի օրացույցը պատի՝
թերթ առ թերթ էս տարին էլ խմող,
էն ո՞վ է, որ պիտի կարկատի
հավատի հիմնասյուն ու դռներ,

ամառը շոգում է անշտապ՝
քրտինքի շարոցը ճակատին,
և ապրելն անհեթեթ է այնքան,
որ նույնիսկ անհարմար է մեռնել…

Թեթև նայի
Կաթիլ-կաթիլ,
կյանք առ կյանք
արի ապրենք,
քանի կանք,
քանի անձրև է,
թրջվենք,
քանի սիրուն են,
շրջվենք,
ու թե ցավը կամենա,
սրտի տեղը իմանանք,
ու թե աստղը կամենա,
գտնենք ճամփան երկնիվեր
և x օրվա z ժամին
0 կետում հայտնվենք –
թեթև-թեթև ու թրջված
ճամփի կապույտ արցունքով,
ձկների պես, որ շրջված,
բայց հասնում են մի օր ծով…

Ի վերջո
…աշնան իմաստնությամբ ծանրացած այս բերքը
կդառնանա ծառին՝ ցրտերից վաղահաս,
կամաց կծերանա իր մեջ,
բայց չամիչ դառնալու փոխարեն
կբռնի չարության ձեռքը
ու թույն կթրմի անվերջ
ձմեռային պտուղ սիրողների համար,-

ինչպես աճյունն անգամ հարազատի,
երբ հատում է գիծը ոգու և կեցության,
ինչպես անտաղանդ սերենադով դուրս աղերսվող սերը,
ինչպես շապիկը լաջվարդ, որ հանճարեղ Ակսելը,
որպես պարտության դրոշ,
պարզեց սիրո, կյանքի, տիեզերքի վրա…

Քմահաճույք
– Իմաստ ունի՞…
– Չունի՛, չունի՛…
(արձագանք)
Իմաստ ունի՞, երբ վաղուց են բացակա
Բանաստեղծը, Խեղկատակը և Արքան…

– Իմաստ ունի՞, գերապատի՛վ արքա Լիր,
իմաստունի ճակատը՝ գոց որձաքար:
Ես, իհարկե, ոտից գլուխ հարգալից,
բայց գլխից ոտ՝ անարձագանք հարցական…

Խենթությունը խևությամբ է ավարտվում,
խևությունը՝ Ֆ. Նիցշեի երազով:
… Թումանյանին, որ գրեց «Շունն ու կատուն»,
ընթրել է մի երկտարեցի երիզորդ:

Ֆրանսուա Վիյոն
Անառակ ու հարբեցող,
համարյա ճաղատ:
Կյանքը անցավ հեշտ ու ցոփ.
ո՞ւմն ես, կախաղա՛ն:

Լրբանալով լրբի հետ,
գողին գողակից,
մի քանի երգ՝ վերջին ե՞լք
մահվան ծուղակից:-

Խաղը ձերն է, բախտն էլի
իմ կողքով անցավ,-
կախ է տալիս դռներից
գրպանները ծակ:

Ու գնում է գլխիկոր,-
բոլորին ի տես,-
որ բերի ծակ գլխարկով
հերվա ձյունը – ձեզ:

Գնում է մեն ու մենիկ,
անստվեր անգամ,
անհաջողակ անվանի
ու մահապատկան:

Եղեք մի քիչ ողորմած
(թեկուզ կատակով),
մինչև մահը ողորմա
կանեփաթոկով:

Ֆրանսուան է: Անանուն
Ֆրանսուա Վիյոն,
զրույցի պես հինավուրց,
որ չի հնանում:

Ամենատեր ու անտուն,
արքա՛ աներկիր,
մի քանի երգ ողջ կյանքում,
ու կյանքը – երգին:

Աստղաթափ
Աստղերն ընկնում են հատիկ-հատիկ,
երկինքը՝ սև ու սնանկացած,
ու լուսաբացի քթարմատին
տարակուսանքի կնճիռներ կան:

Եվ ինձ քամին է տարուբերում.
մաշված շապիկն եմ քո հուշերի,
որ ձանձրացել է կարկատվելուց
ու լվացքատան մշուշներից:

Աստղերն ընկնում են հատիկ-հատիկ:
Ահա վերջինն էլ: Մնաս բարո՛վ:
Փռիր շապիկը ցանկապատին՝
քեզ վերջին անգամ ճանապարհող:

Pro domo sua
– Գնացող-եկո՞ղ…

– Չէ՛, նիգած դռներ:
Անկարեկից օր:
Ճանապարհներին
կանաչ է բռնել և անանցավոր
լռություն:
Մեռնե՛լ…

Դեռ կրակում են ինչ-որ տեղ, սակայն
օտարական են անձրևներն: Այսպես.
շենքեր,
շենքերում՝
բնաբուսական-մամռա-կուսական
կանաչահանդես:
Ու տեսիլքներ են նախապատմական
Ձկան վախճանից՝ Ջրհոսը. մի Կին,
մի Տուն Ավանում, երկու Երեխա
ու Ծննդյան օր հունիսի 1-ին:

– Հետո՞:

– Այսքա՛նը: Կրակում են դեռ
կաղապարներում քերականական:
Նախադասություն-նախակյանք-անդեմ:
Անձրևներ-Մարկես-Մակոնդո-երկար…

Չորեքշաբթի՝ տաք ջրի օր
Կլողանամ, կսափրվեմ,
տանու շորեր կհագնեմ ու
տեղը տեղին կպատրաստվեմ
միտք անելու կամ մեռնելու:
Կփակեմ դուռ, կոպ ու օդանցք,
ինձ կփակեմ ճերմակներում,
ինչպես ձորի մշուշն օտար
կապկպում է ճերմակ ներուն:
Քայլ կանեմ ու քայլի չափով
կմոտենամ-կհեռանամ,
քայլ կանեմ ու եկած ճամփով
իմ պատկերից կվերանամ:
Մաքուր-մաքուր, մեղքը թողած,
անձնագրով հրեշտակի,
որ դեպորտի ոչ մի սողանցք
մաքսատունը չպարտակի…

***
Ինձ դեռ ձեռի հետ երկինք կտանեն
Նավապետը ժիր, Ագռավն ու Լեռը,
ջրասավանով դեռ կպատանեն
մեղքի մետաֆոր ջրհեղեղները,
և ամեն անգամ, երբ կաթիլ-կաթիլ
գարնան անձրևը պահպանի արթուն,
բանաստեղծություն կդառնամ անտիպ
ինտերնետային որևէ թերթում…

 

ՆՐԱ ԿԱՆԱՉԱԳԵՂ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Ե՞րբ եմ ընթերցել իմ բանաստեղծ եղբայր Ներսես Աթաբեկյանի առաջին ստեղծագործությունը: Թե չեմ սխալվում` ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի պատի թերթում: Եվ հաջորդող 90-ականներն արդեն եղել են իր ներկայությամբ` «անփորձության» հետք իսկ չթողնելով, որպես մեր գրական ամբողջին թթվածին մատակարարող կանաչագեղ տարածություն:
Բանաստեղծական բազում տաղանդավոր շարքեր, վերձիգ պոետական ժողովածուներ – մինչև «Երկրապտույտը», ռուսաց 20-րդ դարի գրականության էջեր` պոեզիա թե արձակ` թարգմանված սքանչելի – մինչև Վասիլի Գրոսմանի կոթողային «Կյանք և ճակատագիր» երկհատոր վեպ-էպոպեան: Եթե «Երկրապտույտը» հարաբերեմ սայաթնովյան «թամամ աշխար պըտուտ էկա» կիսատողի հետ, պիտի հավաստեմ, որ թե՛ այդ աշխարհի մի մասն եմ` ընթերցողս, թե՛ նա պտույտ է արել այդ աշխարհում` բախվելով ամեն մի անկատարության, ինչից ցավ կզգար յուրաքանչյուրս: Այսինքն` բանաստեղծի դրաման մեր ժամանակների դրաման է, և այն բազմաձայն տարածվում է, ասես երգչախմբային երաժշտություն, ջերմացնում է` չայրելով, ընդգրկուն է` երկրային թավ նշաններ ցուցանելով, ժամանակային է` Անհայտի հասցեականությամբ, գունեղ է` զգայական նրբին բազմատոներով… Ահա, ընդամենը այս մեկը.

Մատանկար
Գիշերը շատ երկարեց,
ու թվում է` վերջ չունի,
Աստված մութ է նկարել
սիլուետով թռչունի,
ես էլ սուտ եմ նկարում
նկարածին Աստըծո`
լուսադեմին սպասող
մի քիչ գարուն,
մի քիչ ծով,
և առկայծող վերջնաստղի
վերջին շնչի մոտերքում`
ամպի նման անմարմին
ու մահվան պես թեթև քուն,
երազն ո՞ւմն է, ես չկամ,
ես սահմանը հատեցի,
ո՞ւր է թռչում աղջկա
դեղնաբաշով կարմիր ձին,
ո՞ւր են հուշում դժգունող
եզրագծերը սևի,
իմ երազում երազած
ուրիշինն էր երևի
սերդ, որ ինձ չսիրեց
ճիշտ այսպիսի մի գիշեր,
ու որ ոչինչ չհիշեմ
(Աստըծուց չեն նեղանում)
Աստծո մատով նկարած
սիլուետ է ձևանում…

Եթե նույնիսկ թվա, թե սնկային համատարած «ամորֆիզմին» ինքն էլ է հարում, չարաչար սխալված կլինեք, որովհետև նրա ձևը խորք է իջեցված… իբրև հիմք: Եվ սա արդեն մատնում է վարպետությունը:
Իմ գրչեղբորը 60 տարեկանում տեսնում եմ մանկան անմիջականությամբ, պատանեկան անդավ ախպերությամբ, ջահելության մեկնարկին ոտքը դրած ու համարձակ, հասունությամբ խոհակալված` իր ջերմությունը փոխանցող գրամշակութային մեր միջավայրին… Եվ ծանրաբեռ սևեռված այս անորոշ-զառանցագին սքանչելիքին` Երկիր մոլորակին:
Ձեռքդ դալար մնա, և գրկաբաց գաս ի մեզ, սիրելի՛ Ներսես:

Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

ԱՍՏԾՈ ԱՉՔԵՐԻՆ ԱՆԹԱՐԹ ՆԱՅԵԼՈՎ

Թումանյանի բանաձևածը մեզ համար կարգախոս եղավ` ամենաբարձր արժեքը ՄԱՐԴ լինելն է:
Իր գիրը մարդու ներսից եկավ` ապրածով, զգացածով, երազած ու փայփայածով: Աշխարհի գրականության հետ չափվելիս մեր շուրջը եղած վեհերոտների պես չկարկամեց, չերերաց – հայացքը շրջել, Տիգրան Մեծի թագի արևափայլը տեսել էր, Մաշտոցի արարչականությամբ փառավորվել ու Նարեկացու աղոթքով զորացած` հայ տղամարդ է, ով իր ապրեցնող, շքեղ խոսքն էր ասելու: Գրականության շեմին վերվարող էն օրապակասների պես իր գրի դիմաց փառք ու ծափեր մուրացող չէր: Բոլոր ճշմարիտ գրողների նման` ծափն էլ, սերն էլ ինքն էր բերել ու անմնացորդ նվիրում է:
Զառանցանքը գյուտի տեղ թմբկահարող, հավակնություններն իրենց անվաստակ ինքնությունից բազմապատիկ ծանր մատուցող այսօրվա կայտառ միջակությունն, այնուամենայնիվ, ինքնաբերաբար զգաստանում է` Ներսես Աթաբեկյան բանաստեղծի ստեղծածին հաղորդվելով`
…Գուցե ինձ չգտնես, բայց հիշիր
(ես արդեն չեմ հիշում, թե որտեղ)`
Քեզ շոյեց ձեռքերով ուրիշի,
Ուրիշի մատներով հոտոտեց:

Ու վերջին գիշերվա թասի մեջ
Սև վարդը բացվում է անվրդով:-
Նորից հե՞տ: Եվ այնտե՞ղ: Հազի՜վ թե…
Անձրև է ու տխուր առիթով:

Աշուն է: Դեղինը չեմ սիրում:
Բայց կանչդ խփում է անվրեպ
Ճիշտ նրան, ով պառկեց լուսերում,
Ու նրան, ով մեռնել սովորեց:
Աստծո այս ասույթում` այս հրաշք մոլորակում, խավարը ցրող իր նման երևույթները շատ չեն, քամու հետ գալիս ու անհիշատակ անց են կենում` ուզվորի իրենց փեշակով նյութին գերված ու ինքը, բանաստեղծի իր բարձունքից դառնությամբ շպրտում է`
Դուռը բացվում է,- մտավ չարչին,
դուռը փակվում է,- չարչին գնաց-
Բուն Հայաստանից` չերեզ Լաչին
չարչին արթուն է, մարդը` քնած:
Քաղաքական կապկությունները մի շահեկան հանգրվանի չէին հասցնելու, և նորից Բանաստեղծն է իր վտանգված Հայրենիք-տղուկի ձեռքն ամուր բռնելու, որ ներս ու դրսի քանդարարները հուսահատ չքվեն, որ էն քնած մարդուն զարթնեցնի ու երկրի` նաև իր հավելած ոգեղենությանը տեր կարգի:
Արևմուտքում ստեղծվող այսօրվա խեղճուկրակ գրականությունը, մարդկային արժեքներից օտարվելով, գահավիժում է դեպի անպտղության վիհերը. բառը, պատկերը երևակայությանդ կամայականությամբ իմաստավորիր կամ էլ թող էդպես` վերացարկված չքվեն` իբր թռչուն էին, ու չընկալեցինք: Բայց կան, որ կուրորեն անորոշությանն են մղվում, և անսեռներն առաջնորդում են իրենց փսխանքով հիպնոսացած հիվանդ հոգիների կառավարելի ընթացքը: Այս անհամացող աշխարհի օվկիանոսում Հայոց գիրը, որի այսօրվա պատվավոր մշակներից մեկն էլ իմ 30 տարվա չքնաղ ընկերը` Ներսես Աթաբեկյանն է, կարող է փրկօղակ լինել:
Տարիներն անցնում են, ու մենք նույն անուղղելի խենթերն ենք, ու մեր գավերի շրխկոցն ամենքին է հասնելու: Գիտեմ, որ ինձ հետ միասին Աշոտ Ալեքսանյանը, Վահագն Սարգսյանն ու Գարիկ Էվոյանը թասերը զարկելու են թասիդ ու ասեն` շնորհավո՜ր 60-ամյակդ, մեր շքեղ ընկեր:
Հոբելյանական տարեդարձդ լավ առիթ է` նորից գրքերդ կթերթենք, ու տողերդ մոգական լապտերների նման կլուսավորեն մթնած անկյունները մեր հոգիների:
Եվ հիմա ճիշտ ժամանակն է 50-ամյակիդ առթիվ իմ գրած ձոնը 60-ամյակիդ էլ հնչեցնեմ:

Ներսես Աթաբեկյանին

Դժվարն առաջին 50-ն անցնելն է,
Հաջորդներն արդեն հեշտ են տրվում-
100-ը կյանքի չքնաղ անձրևն է`
Ծիածանվում ենք վերևներում:
150-ը սպասման բեռն է,
200-ը չի երևում,
300-ը կատարյալ մերն է`
Պտղավորվում ենք նույն տեղերում-
Ամիսներ հետո հին կարուսելն է`
Օրորոց, դպրոց, կյանք, թրևում…
Դժվարն առաջին նվաճված սերն է,
Հաջորդներն արդեն հեշտ են տրվում:

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։