Արևշատ Ավագյանի բանաստեղծական աշխարհը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

 

Գեղանկարչական պատկերագրերով համեմված՝ բանաստեղծությունների երկու, առավել քան հայրենականչ ժողովածուներ՝ հրատարակված 2017 և 2018 թվականներին: Մեր ժամանակի հանրահայտ ու շնորհառատ մտավորական, գեղանկարիչ, բանաստեղծ ու հրապարակախոս Արևշատ Ավագյանի երկամյա ստեղծագործական, ներաշխարհային կյանքի փոթորկումներից ծնված, բայց խաղաղահոս մտորումների արգասիքներն են դրանք, որոնք նրա նախնիների հայրենապաշտ կյանքից մինչև այսօրվա իր պատվարժան գոյությունը ձգվող արմատներ ունեն:
Իսկ ի՞նչ է արմատը, որ իրականության մեջ հատուկ լինելով բնության աշխարհին՝ տեղափոխվել է գեղագիր բանաստեղծի ստեղծագործական աշխարհ՝ դառնալով շաղախ հայրենաշինության համար բարձրաձայնվող նրա մտահոգությունների համար: Եվ մի՞թե հայրենաշինությունը տնտեսության զարգացման, գիտական հայտնագործությունների, քաղաքակրթական առաջադիմությունների կամ բանակաշինության փաստացի ներկայությունն է՝ առանց ամրապինդ ոտքերին կանգնած տոհմածառերի ու հայրենատների: Առավել ևս, ինչպե՞ս կարող են գոյություն ունենալ թվարկված առաջինները, եթե չլինի այն ամենը, ինչի մասին խոսում է Արևշատ Ավագյանը, որը արմատներին հենված տոհմածառերի ու նրանց վրա ծաղկող հայրենատուն կոչվող ծաղիկն ու բերքն է։
Հենց այդ բերքով է, որ սնվում է Հայոց Կենաց, այլ խոսքով՝ Կյանքի կամ Հավերժության ծառը: Իսկ մենք՝ բոլորս, մեկ մարդու նման, զինվորներն ենք Հայոց Հավերժության ծառի.
Հայրենատները//պիտի պահպանենք մենք՝//հայ գենի, արյան ու սիրո//պայծառ հոգեգույներով զորացած,//հայ զինվորներս//մեր հայրերի ու մայրերի Հոր՝//Տիեզերքի Տիրոջ օրհնությամբ…
Տոհմածառ։ Այս խոսքը միայնակ ծառի մասին չէ, որ կարող է ձգտել առանձնության՝ ինքն իր մենությունը ցուցադրելու համար չխնայելով ոչինչ:
Խոսքն այստեղ Կենաց ծառի մասին է, որ ոչ թե միավոր, այլ՝ միավորում կամ միություն է: Միայնակ ծառը Կենաց ծառ լինել չի կարող, որովհետև դրա համար նրա վրա ճյուղավորման շարունակություն է պետք, այնպիսի շարունակություն, որն իր մեջ նոր ծնվող ճյուղերի անընդհատություն է ենթադրում։ Որը բարոյական արժեքների վրա հենված, լույսն ստվերից սահմանազատող, մեկը մյուսով բարին ամուր բռնած ու հավուր պատշաճի կազմավորված՝ մի ամուր գոյաձև է, անընդհատ շարունակվող գոյաձև:
Մենք հավերժական ենք//մեր հոր ու մոր,//մեր զավակների,//մեր նախորդների//ու հաջորդների//հարահոս ու հարատև//անվերջանալի շղթայում։//Օղակ-օղակ//իրար ամրակապվող ժամերի,//օրերի ու տարիների//դարակազմիկ ընթացքով //մենք գալիս //ու գնում ենք հաղթական,//վերընթաց կյանքի//հավերժության ճամփաներով։
Տոհմածառն է, որ վերընթաց է բացվում, բազմանում, փարթամանում է նոր ճյուղերով, որոնք իրենց հերթին հիմք են դառնում այլ ճյուղերի համար: Իսկ հիմնասյուն համարվող ծառի՝ վեր ձգվող բնի վրա յուրաքանչյուր տոհմ հայրենական մի տուն է, Հայրենատուն գաղափարի մի վեհատես պատկեր:
Այդպես, Հայրենատների մոլորակը, հայրենատներով ամբողջական տեսք ստացած, մեր Կենաց ծառն է դառնում՝ մեր շարունակվող կյանքը: Կյանք, որն Արևշատ Ավագյանի՝ տեսողական կամ անտես պատկերներով մատուցած ասելիքի մեջ շատ արևային է, նախշազարդված է բարության ելևէջներով ու գեղանկարչից մեզ հանձնված թղթին խորհուրդ-խոսքերի հետ զիգզագվող գծերով այնքան գեղեցիկ սեր է դառնում… օղակվում է մանրիկ շրջանակներով՝ որպես ինքն իրենով շրջանակվող անմահության խորհուրդ, ազնվորեն առաջ տանող ուղիղ գիծ ու ճանապարհ է պատկերում կամ անկեղծ իրավիճակներով լի անցումներ, որ հանդարտահոս ընթացումներով մի վիճակից մյուսն են տանում, ու այդպես շարունակ…
Գեղագետ մտածողի պատկերացրած մոլորակը ուրույն անցումների, փոխակերպումների աշխարհ է, որտեղ՝
Բառերն իմաստավորվում,//արժեքավորվում են խոսքի մեջ://Ձայնը, եթե բառ չի դառնում, //Հնչյունը, եթե չի դառնում երգ,//Գիծը, եթե տառ, թիվ չի դառնում,//Աշխարհը լցվում է աղմուկով, կամ՝//Դատարկ լռությամբ…
Ապրելով մեր ժամանակներում՝ Արևշատ Ավագյանը, միևնույն ժամանակ, այդ ուրույն մոլորակի՝ Հայրենատների մոլորակի բնակիչն է և խոսում, պատմում է նրա մասին՝ իր ազնիվ կենսագրության հուշերով շաղախելով այդ մոլորակի բոլոր անկյունները:
Ինչ կա ավելի վսեմ, քան մոլորակների շքերթի մեջ իր գոյությունը «Արարչական հաղթաշունչ լեզվով» հաստատած հայոց հայրենատների մոլորակի գոյությունը, որտեղ՝
Հայոց լեռնային աղբյուրների//Սառնորակ շշուկները գնում,//Խառնվում են //Համաշխարհային ծովերի//Փրփրաբաշ ու ալեբախվող//Ծովի ջրերին…
և որտեղ՝
Կամուրջներ չհանդուրժող//Արաքս գետի կողքին լեռնացած//Արարատ լեռը//ալեհավաքն է արդարության,//որ աստղաշխարհների ձայնը//հաղթականչի պես//սփռում է հողագնդով մեկ…
Ընդամենը վեհաշո՞ւնչ է… երազայի՞ն է ասված…
Ես կասեի՝ առավել քան իրական է, երբ համոզվում ես բանաստեղծի դիրքորոշման ճշմարտության մեջ: Իսկ Արևշատ Ավագյանի դիրքորոշումը տոհմածառերով շենացող Հայրենատների մոլորակ կերտելն է: Նրա պատկերացրած տոհմածառերի ճյուղերին միայն տոհմական ազգանունն իրար փոխանցած մարդկանց անուններ չեն, ինչպես լինում է սովորաբար, այլ՝ հոգեշահ ու ազնվագույն արժեքների անուններ, որոնք շատ ազնիվ ու հայրենաշունչ մղումներով տեղավորվում են բառ-խորհուրդների մեջ, ինչպես՝ տուն ու ընտանիք, երկինք ու երկիր, ժամանակ ու անմահություն, ծնված երազանք ու ցավոտ ափսոսանք: Նրա պատկերացրած տոհմածառերի կյանքին կենսականորեն ուժ են հաղորդում այնպիսի ծրագրեր, որ չեն գրվում թղթին, այլ՝ խոսում են մարդկանց հոգիների հետ.
Հայոց լեռներից բխող//սառնորակ ու մաքրամաքուր//աղբյուրների ընթացքի հետ//մենք դեպի դաշտավայրերը,//այգիներն ու այգեստանները//պիտի գնանք՝//մեր նորաշեն ընտանիքների,//հայոց լեզվով խոսող//մեր նորածին զավակների//կամքը, ոգին զորացնող հայրենապաշտ ուժով։//Մեր երազած ծովերը պիտի գնանք//Մեր նավակներով, ծովակալներով,//Մեր կառուցած փրկատապանով,//Ռազմատապանով նորօրյա…
Ընդամենը վեհաշո՞ւնչ է… երազայի՞ն է ասված…
Ես կասեի՝ խոսքը դժվարին ուղու մասին է, առավել քան՝ դժվարին, որովհետև, տոհմածառերի բների վրա արդեն շատ տեսանելի առաջ է շարժվում վնասատու թշնամին։ Ու մենք անելիքներ ունենք, ու մենք՝
Որդնած, փչացած,//օտարածին վիրուսներով վարակված//մեր դաշտերն ու այգիները//պետք է բուժենք,//մաքրենք ու առողջացնենք…
Այստեղ ամեն ինչ ընկալումների այլ դաշտում է: Ճիշտ այնպես, ինչպես հողը, որ Հայրենատների մոլորակում ընկալվում է որպես լուսածին որդիներ ծնելու մի տարածք, մի դաշտ։ Որդիներ, որ Երկնային Հոր որդիներ լինելով հանդերձ՝ ոչ թե երկինքը, այլ՝ Երկիր մոլորակը վայելքի սիրով զարդարված բնակության տարածք դարձնելու առաքելությունն ունեն.
…Նրանք մայր հողից//ծլարձակած լուսածին //էակներ են,//զավակներն են Արարողի,//ով երկնային անմահ Սիրո//անսահման եզերքներն է բացում//հողածին ժառանգների համար՝//երկրային դրախտում ապրելու,//սիրո պտուղները վայելելու//և երկնային սիրո սերմերով//Երկիր մոլորակում //բազմանալու համար…
Սակայն՝ Հայրենատունն ահազանգում է։
Ի՞նչ վտանգ է սպառնում նրան, ո՞վ է թշնամին, և որտեղի՞ց կարող են խախտվել այնքան վեհապանծ մեր տան հիմքերը։ Այդ մասին մի խնդրանք, հորդոր ու կոչ է Արևշատ Ավագյանի «Հայրենատան ահազանգ»-ը՝ ուղղված նորօրյա մոլորակի դռները փակել փորձող նրա բնակիչներին։ «Մի փակեք դռներն ինձ վրա», «Ես շնչահեղձ կլինեմ», «Բաց թողեք օդանցքները», մեր պարզ ու գեղեցկագույն հայերենով գրված բառերն այս չափածոյում իրենց այնքան ազդեցիկ ներթափանցումներով դեղ ու բալասան են դառնում ընթերցողների հոգիներում՝ Հայրենատուն տանող ճանապարհը միշտ կանաչ պահելու համար։
Ավելի քան ազդեցիկ ուրիշ ի՞նչ խոսքերով կարելի է խոսել ահագնացող այն ցավի մասին, որ ահա, ասես, ֆիլմի ոչ թե մեկ կադրի պատկեր, այլ՝ մի ամբողջ ֆիլմի ցուցադրություն է դառնում ընթերցողի աչքի առջև։ Ֆիլմ՝ բառերով, ֆիլմ, որ լի է անցանկալի ու անտանելի ապրումներով.
…մի թողեք, որ սարդերը//ոստայն հյուսեն ձեր նախնիների//տանիքների տակ,//որ լռության մեջ չհամրանան//ձեր չլարած ժամացույցների ձայները…
Ապրելով մեր ժամանակներում՝ Արևշատ Ավագյանն, իսկապես, մի ուրիշ մոլորակի բնակիչ է։ Հրատարակած երկու ժողովածուներով նա հաղորդում է այդ մոլորակի անունը, պատասխանում իր համար նախապատրաստվող այն հարցերին, թե ի՞նչ է հայրենատունը, ինչպե՞ս կարող է այն հայրենիք մարմնավորել կամ ներդաշնակվել հայրենիքի հետ։ Ինչպե՞ս կարող է հոգեղենացվել այդ տունը և նույն այդ՝ հոգեղեն ձևով տարալուծվել հայրենիքի նյութական գոյության մեջ։
Հիշյալ ժողովածուներում ընթերցողը կգտնի հայրենի տան անվերջ վերադարձի իմաստասիրությունը, որի գաղտնարանները բացողը մեր ժամանակներում իր ուրույն ձեռագրով արդեն հանրության համար հարգարժան իմաստասեր, գեղագետ Արևշատ Ավագյանն է։ Նրա սեփական գոյության կերպը, որի վկաներն ենք մենք, Հայրենատուն անվամբ ծաղկած ծառի է նման, որ թևերը բացած պատրաստ է պտղավորվելու այդ տան ամեն ծաղիկ շոյող մեր հայացքներով։ Այնքան հոգեղեն է նրա գեղարվեստի մեջ իր տեղը գտած անգամ ամենափոքրիկ կետը, աննշան թվացող շրջանակը, ծաղկահյուս զիգզագներով թրթռացող շնչառություն դարձող գիծն ու գծագիրը… Եվ այնքան ազնիվ է խոսքը, որ նրա բանաստեղծությունը կանգ չի առնում բառի տիրույթում, այլ, ասես թե, անէանում է ընթերցողի ներաշխարհում այնպես, ինչպես անտառի ստորոտից բարձրացող գոլորշին է անձրևից հետո լեռը բարձրանում, փարվում թաց ծառերին՝ սպասելով արևի հետ իր հանդիպումներին…
Հիշյալ ժողովածուները շտեմարաններ են, գեղարվեստորեն շնչող հոգետներ, որտեղ իր ելումուտն ունեցող ամեն ընթերցող այնտեղից մի հոգեհարազատ բեռով է դուրս գալիս՝ դրված իր մտքի, հոգու ու սրտի մեջ, որպեսզի նրանով կարողանա ամուր պահել հայրենատան հիմքերը։
Արևշատ Ավագյանի գեղանկարչությունը, որով համեմված են բանաստեղծական երկու ժողովածուները, հին հմայիլների ներկայության բավականություն է հաղորդում դրանք թերթող ընթերցողին։ Նրա գեղանկարի արվեստը արդեն արարչագործված Տիեզերքը ստեղծագործապես համակարգելու՝ նրա շնորհի վկայությունն է: Բանաստեղծն այստեղ մանրանկարի վարպետ ստեղծագործող է:
Որտե՞ղ է հայ մարդն՝ իրեն տրված սրտով, սիրով, շնորհներով… Ահա նա՝ Հավերժական Տիեզերքի քառախորհուրդ բաժանման պատկերի մեջ, որին հանդիպում ենք «Հայրենատների մոլորակ»-ի էջ 106-ում: Արարչատուն, Աստղատուն, Վերնատուն համակարգի շարքում չորրորդ պարունակը կամ խորհուրդը այդ երեքի արմատային հատվածում գտնվող Հայրենատունն է, և հենց այնտեղ է հայ մարդը: Նրա սրտում սեր է, գլխին՝ հավերժորեն պտտվող արև։
«Բանաստեղծական խոսքի և գեղանկարչական պատկերագրերի լեզվով փորձել եմ հայոց մշակույթի լույսը վառել մեր տոհմածառերի երկրում և Հայրենատների մոլորակում»,- գրում է Արևշատ Ավագյանը առաջինի օրգանական շարունակությունը կազմող երկրորդ՝ «Հայրենատների մոլորակը» ժողովածուի նախաբանում։ Իմ կարծիքով, գեղագետ գրողի կողմից դա ոչ թե փորձ, այլ՝ մեծ պատասխանատվության հետ զուգահեռված ստեղծագործական շնորհների մի հոսող գետ է, իսկապես մշակութային հոսք ունեցող մի վարար ու գեղեցիկ գետ։
Կյանքի հարափոփոխ ընդհատումների մեջ չընդհատվող ժամանակի մասին է Արևշատ Ավագյանի գեղագրությունը՝ բառերի ու պատկերների միջոցով։
Երբ քամին օրորում է//դեռ կանաչ արտի հասկերը,//ցորենի կիսահաս հատիկների մեջ//արթնանում են քնած բնազդները//գաղտնագրված լույսերի…

– – – – – – – – – –
Ցորենի արտի,//հաց դարձող ալյուրի//և ավյուն դարձող//ապրումների միջով է անցնում//մտքափոխվող կյանքի//չընդհատվող ժամանակը։
Տարվա եղանակների փոխաբերական իմաստասիրությունը նորություն չէ գրականության մեջ, երբ եղանակային դրսևորումներով, հաճախ, բնութագրվում են մարդկային զգացմունքները, գոյության առանձին ձևերը և այլն։ Արևշատ Ավագյանի պոեզիայում, այդ առումով, գեղեցիկ նորությունն այն է, որ մարդկային կյանքի ճիշտ փոխաբերությունների մեջ տեղավորվող եղանակներն այստեղ մի ընդհանուր միություն, նույն տանիքն ունեն, որի տակ դեռ մեկը չավարտված՝ սկսվում է մյուսը։ Այդ մասին նրա «Տոհմածառերի երկիր» ժողովածուի 83-րդ էջում տեղ գտած «Եղանակները» չափածոն բանաստեղծին հատուկ ոճային բնութագրումով կարող ենք ինքներս կոչել «Եղանակատուն»։
Ամեն բան այս երկնքի տակ կարող է տեղավորվել հավերժական շրջապտույտի մեջ, որպես առանձին միավոր՝ իր շուրջը պտտվող ներքին ու արտաքին երևույթներով։ Ելնելով շնորհաշատ գրողի պոետական ու գեղանկարչական այս գաղափարագրից՝ միևնույն ժամանակ, կարող ենք վստահորեն ասել, որ նրա մտքի ու հոգու կիզակետում, անշուշտ, որպես առաջնային է Հայրենատուն կոչվող միավորը։
Տիեզերքում ամեն բան անկորնչելի է՝ արձանագրված ճիշտ իր տեղում։ Այն ամենն, ինչ հոսում է մեր կողքով ու ներսով, հավերժության մեջ իր անունն ունի։ Անանուն ոչինչ չի կարող մտնել այնտեղ ճիշտ այնպես, ինչպես անանուն մարդ չի կարող լինել։ Ահա և հավերժության պարզ ու մտերմիկ ձևակերպումների մեջ այնքան հոգելիություն կա.

Բոլոր երջանիկ, դժբախտ//ու ցանկալի օրերը//անուն ունեն//մարդկային պատմության //մեր կենսագրության մեջ…//Անձրևով, քամով //ու կարկուտով լցված օրերը//մարդկային կյանքի//երկնային ու երկրային//կենսագրության մեջ,//իրենց հետագիծն ունեն,//իրենց թվային, գրային//տեղն ու դերն ունեն//հավերժության էջերում…
Ահա թե ինչպիսին է գեղագետ մտածողի խոհը, անվերջ վերադարձի մեջ ամեն բան համակարգելու, իմաստային նրբություններով խոսելու նրա շնորհն ու արթուն միտքը։
«Մշակույթով բարեշրջել ապրած միջավայրը» խոսքերը նպատակակետ են լինելու հայ մտավորականի, մշակույթի մարդու համար, ինչպես Արևշատ Ավագյանն է այդ նպատակը դրել իր առջև, ու այսօր անուրանալի է նրա՝ բարեշրջումների արդյունք հանդիսացող այս ժողովածուների գոյության իրավունքը։
Այս ժողովածուները վկայում են, որ 2017 և 2018 թվականներն արգասաբեր են եղել բանաստեղծ-արվեստագետի համար, բայց դա չի նշանակում, որ այս երկու տարիների նրա մշակութային նշանակալից ունեցվածքը ստվեր է գցում նրա այն կենսագրության վրա, որը լի է ստեղծագործական աշխատանքներով ու դրանց տրված գնահատականներով։ Այդ մասին ծանոթանում ենք գրողի կենսագրության թվային համառոտ տարեգրության միջոցով, որով ամփոփվում է «Հայրենատների մոլորակը» ժողովածուն։ Ամփոփիչ այդ տարեգրությունը ճշմարիտ մտավորականի, մշակույթի մարդու, բանաստեղծ, հրապարակագիր, նորովի մատուցումների գեղանկարիչ անհատի կյանքի մի մեծ ծով է, որի բառային խորքերում լող տալու ընթացքում, երբ զգաս, թե ինչպես է արագանում շնչառությունդ, կրկին ետ գնա դեպի այն երկու հանդարտահոս գետերը, երկու ժողովածուները, և հանգստացրու շնչառությունդ՝ հայրենյաց տոհմածառերի գոյության հնարավորության բարեբեր խոսքերով։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։