Եղիշե Չարենցը «Զվարթ գիտություն» բանաստեղծությունը գրել է 1937 թ. մարտի 28-ին` իր ծննդյան 40-ամյակը լրանալու կապակցությամբ: Չափածոյից առաջ դրված արձակ համառոտ շարադրանքում բանաստեղծը ներկայացրել է իր ծանր վիճակը, նշելով, որ իր ծննդյան տարելիցը և գրական գործունեության քսանհինգ- ամյակը դիմավորում է «Մենակ ու հալածական», «աքսորյալ սեփական հայրենիքում»` «դաժանագույն եռանդով սեփական նախարարների և պետերի` հայրենի երգակիցների դեռ մնացած մի քանի խեղճերի հախուռն ցնծության ներքո…»:
1936-1937 թթ. Չարենցը հաճախակի է անդրադառնում ժամանակի երգի խնդիրներին` շարունակելով խորացնել երգի տեսությունը, որն այնքան վարպետորեն արել էր «Էպիքական լուսաբաց» ժողովածուում: Սակայն փոխվել էր իրադրությունը: 1937-ի ռեպրեսիաների շրջանում վտանգվել է հայրենի երգը, և նրա փոխարեն ծնծղաներ են հնչում, որը մահվան է տանում «մեր երգը վսեմ» («Ասում եմ ես ձեզ` չունի»): «Ներբող երգողներին»-ում «երգակից խեղճերին» նա անվանում է տխրահռչակ, եղկ, քսու, խեղկատակ, մտքի ճորտ, ոգու ստրուկ:
«Զվարթ գիտություն». Չարենցը նկատի է ունեցել տրուբադուրների արվեստը և միաժամանակ Նիցշեի համանուն գրքի վերնագիրը` ցուցանելով բանաստեղծության առնչությունը գերմանացի փիլիսոփայի երկի ինչ-ինչ տրամադրությունների հետ:
Մեծ բանաստեղծը դեռևս ստեղծագործական վաղ շրջանից առնչություններ ուներ Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» երկի հետ: Իսկ ահա «Զվարթ գիտություն» բանաստեղծությունը վկայում է, որ Չարենցին հարազատ է Նիցշեի նույնանուն երկը: Այդ հարազատության հիմքում ծանր տառապանքն է, որ խոշտանգում է բանաստեղծի հոգին: Նիցշեի «Զվարթ գիտությունը» գրքի երկրորդ հրատարակության նախաբանում խոսվում է խոշտանգող տառապանքի պատճառ հանդիսացող «արմատական մեկուսացումի» մասին:
Չարենցը «Զվարթ գիտություն» բանաստեղծությունից առաջ դրած արձակ խոսքում, ինչպես նշել ենք, ներկայացնում է իր «արմատական մեկուսացումը», «մենակ ու հալածական» վիճակը, սեփական հայրենիքում աքսորված լինելը:
Նիցշեի գրքի հեղինակային նախաբանում նշված է, որ «արմատական մեկուսացումի» պայմաններում ճանաչողությունը դառն է ու ցավագին: Ճանաչողության դառնությունն ու ցավագնությունը բնորոշ են կյանքի վերջին տարիներին Չարենցի գրած բանաստեղծություններին:
Հիշատակված նախաբանում «Զվարթ գիտություն» վերնագիրն այսպես է բացատրվում. «ասել է թե խրախճանները մի ոգու, որը զարհուրելի մի ճնշման է դիմացել – համբերատար, խիստ, սառը, առանց հանձնվելու, բայց և առանց հույսի…»: Նախաբանում նաև նշված է. «Ողջ գիրքը ոչ այլ ինչ է, քան որպես զվարթություն` երկարատև ինքնազսպումից ու թուլությունից հետո վերադարձող ուժերի ցնծություն…»:
Ահա և Չարենցը «Զվարթ գիտություն» վերնագրով ակնարկել է իր վրա կրած «զարհուրելի» ճնշումը և իր դիմանալը` «առանց հանձնվելու», «զվարճանք երկար` զրկանքից ու անզորությունից հետո»: Նման զվարճանքն արդեն մռայլ ու հեգնական է:
Պարոդիկ հնչերանգը, փողոցային երգչի զավեշտական արվեստը, նրա ծաղրածուությունը «զվարթ գիտության» այն շերտն են, որոնք թաքցնում են խոշտանգումներին հաջորդող երկարատև «ինքնազսպումն ու թուլությունը» և «վերադարձող ուժերի» պատրանքը: Այդ պատրանքը մռայլ է ու հեգնական, երկիմաստ:
«Երգակից մի քանի խեղճերը» զուրկ են «շնորհներից երկնային»: Այդ երգակիցների երգը, հանձին փողոցային երգչի, հնչում է, ինչպես Նիցշեի գրքի նախաբանում է ասված, «տոնավաճառային գոռում-գոչյունով»:
Չարենցի բանաստեղծության դառը զվարճությունը դաժան մեկուսացումի և ծանր փորձությունների հետևանք է: Փողոցային երգչին բանաստեղծը կասկածանքով իր երկվորյակն է համարում: Դա հոգեկան երկվության արդյունք է, ողբերգության մեջ մի ակնթարթ պարոդիկ զվարճանքի ցանկության դրսևորում: Խոսքն այն երկվության մասին է, որի հիմքում սեփական գոյության զգացողության արդեն երկարատև կորուստն է:
– Երբ ուղեղս փնտրում է ինձ… («Ես ամեն առավոտ, երբ հանկարծ»)
Բանաստեղծի համար ինքնության կորստից վերադարձը հազվադեպ պահերի է, որը հաջողվում է «Խուլ ինքնատրման, ինքնամոռացման, ինքնահանգչման մեջ» (հիշյալ նախաբան):
– Չի կարող,- հենց այդպես պատահել,//Որ հանկարծ աչքերս բանամ -//Եվ – իսկապես – արթնանամ,-//Եվ զգաստ, երբ շուրջս նայեմ -//Վերջապես զգամ, որ իրոք//Վերջացել է արդեն զառանցանքը… («Ես ամեն առավոտ, երբ հանկարծ…»)
Երկրորդ հրատարակության նախաբանում, որտեղ սեղմ արտահայտվել են Նիցշեի գրքի կարևոր կողմերը, ասված է. «Սոսկ մեծ ցավն է վերջին ազատարարը ոգու»: Վերջին բանաստեղծություններում Չարենցի ոգին, անցնելով ամեն կարգի խոշտանգումների միջով, ազատագրյալ է: Ըստ Նիցշեի, հանճարի մոտ «ինքնապահպանման բնազդն ասես ծխնիներից ընկած է» («Չաստվածների մթնշաղը»): Հանճարի «ծխնիներից ընկած» վիճակն արտացոլվել է Չարենցի անտիպ ստեղծագործություններում, որոնցից պարզ է դառնում, որ բանաստեղծը դիմանում է «զարհուրելի երկար մի ճնշման»` «խուլ ինքնատրման, ինքնամոռացման, ինքնահանգչման մեջ»:
Քանիցս վկայված նախաբանում նշված է. «… թե մենք ցավի առջև տեղի տալով քաշվելու ենք արևելյան Ոչնչի մեջ, այն կոչվում է Նիրվանա… Կյանքի հանդեպ վստահությունը հօդս է ցնդել…»:
– Արդեն վաղուց է, որ ես մատնված եմ այս//Զառանցանքի նման անիրական կյանքին: -//Եվ իոգի նման ծալապատիկ նստած`//Վարժեցնում եմ ոգիս հայեցումի անկիրք…//Պարզ` ստիպում եմ ինձ` կամքիս ուժին վստահ`//Ճաշակելու համար անեզրական հանգիստ,//Ինչպես որ այդ հնդիկ իոգին է վայել,-//Իմ սեփական պորտին` լուռ` ժամերով նայել: («Պոեմ անվերնագիր»)
«Իմ սեփական պորտին` լուռ` ժամերով նայել». բանաստեղծի նիրվանան Ոչինչն է: «Զվարթ գիտություն» բանաստեղծության բնաբանն է` «… եւ կերգեր ձեռամբ»: Այն տեղ է գտել նաև «Լերան աղոթքը» պոեմում («որ երգեն ձեռամբ»): «Զվարթ գիտություն» բանաստեղծության մեջ փողոցային երգիչն է երգում «իր ձեռամբն», սակայն նրա երգածը «նույն անշնորհք երգն էր»: Չարենցի բանաստեղծության երգչի «անքանքար» երգը ունկնդիրներին մի վայելք է պարգևում, որը Նիցշեի գրքի նախաբանում այսպես է բնութագրված. «Օ՜, այլևս ինչ նողկալի է քեզ վայելքը, այն բռի, բութ, գորշ վայելքը, ինչպես որ այն սովորաբար հասկանում են վայելողները, մեր «ուսյալները»:
Փողոցի երգիչը «շնորհներից երկնային» «միանգամայն զուրկ» է: Այդ երգը ոգու անանց մերկության, գռեհկության ծնունդ է, որը պարգևում է «բռի, բութ, գորշ» վայելք: Դա ժամանակի երգի պարգևած վայելքն է: Բանաստեղծը երգչին անվանում է իր ի վերուստ մերժված արվեստակիցը և հեգնորեն` «զվարթ գիտության» քուրմ:
Չարենցը ժամանակի երգն ու երգչին մերկ է տեսնում: Բանաստեղծի մեջ ամեն ինչի հանդեպ կասկած է ձևավորվել: Քաղաքական կասկածը արտահայտվեց «Դեպի լյառն Մասիս» պոեմում:
Ինչպես ասել ենք, «Զվարթ գիտություն» բանաստեղծության ավարտին հեղինակը կասկածով փողոցային երգչի մեջ տեսնում է իրեն: Պատճառը երևի այն է, որ այդ երգիչը ամբողջությամբ տրված է իր դերին, երգը նրա համար «ֆենոմենալ» է, «ի վերուստ իբրև դաշինք ու նշան»: Բանաստեղծը երգչի մեջ մի գաղտնիք է տեսնում, որը «ոտից գլուխ մի պոետ է դարձնում նրան իսկական», թեպետ «ստրուկն այդ» երկնային շնորհներից զուրկ է: Հեղինակին գրավել են փողոցային երգչի ազատությունը, ունկնդիր ունենալը: Այս ամենով հանդերձ եթե երգիչը սեփական անձի կրկնակ է թվում, ապա ավելի ստույգ նա իր հակոտնյան է (եսենինյան «սև մարդը»):
Չարենցի բանաստեղծությունը, որպես «զվարթ գիտություն», նրա ապրած ողբերգության դիմակն է:
«Պոեմ անվերնագիր»-ում դիմելով ճակատագրին` բանաստեղծը դժգոհում է, որ ճակատագրի տախտակների վրա «չնչին մի գիր» «հելլենական չկար»: Փոխարենը կային «Այլ նշաններ կոպիտ – Ծուռ հետքերի նման կույր դիցուհու բոպիկ»: «Նշաններ կոպիտ – ծուռ հետքեր…». այդ մենք տեսանք փողոցային երգչի «արվեստում»: Վերջինիս Չարենցը հակադրում է ապոլլոնյանը` մաքուր արվեստը : «Զվարթ գիտություն» բանաստեղծության մեջ կոպիտ երգն է ծաղրածուի շուրթերին, հակաապոլլոնյանը: Ներքուստ դա դիոնիսոսյան արտիստականություն է: «Պար, թեթևություն, ծիծաղ` ահա թե ինչով է իրեն արտահայտում Դիոնիսոսը» (Ժ. Դելյուզ, «Նիցշե», «Զվարթ գիտությունը», Երևան, 2005 թ., էջ 444): Չարենցի բանաստեղծության երգիչը դիոնիսոսյան «ֆիգուր» է` բանաստեղծի թվացիկ նմանակը:
«Մեծ բանաստեղծներն իրենց մեջ բազմաթիվ անձինք են կրում, ոմանք միայն մի, սակայն մեծ»,- Նիցշեի «Զվարթ գիտությունը» գրքի 350-րդ ասույթն է: Ահա և Չարենցն իր մեջ կրում է փողոցում երգողին, դառը զվարթություն մարմնավորողին: Այս ամենը ցույց է տալիս, որ «աղետալի վիճակներն են խթանում փիլիսոփայությունը» (հիշյալ նախաբան): Չարենցի վերջին շրջանի բանաստեղծությունները գրված են «աղետալի վիճակների խթանումով»:
Նիցշեի «Զվարթ գիտությունը» գրքի նախերգանքում կա երգիծական մի քառատող («Գրել ոտքերով»):
– Միայն ձեռքով չէ, որ գրում եմ ես,//Ոտքն էլ է ուզում գրել մշտապես:
Չարենցը նմանատիպ հեգնանք է օգտագործել «Զվարթ գիտություն» բանաստեղծության մեջ.
– Այդպես տուփն է անհաճո, նկարազարդ, ոճավոր,-//Շինված… անձեռն կույրի մեծահանճար ոտքերով…
Չարենցի վերջին բանաստեղծությունները ընդհանուր շատ բան ունեն, երբեմն իրար շարունակություն են թվում: Ասելիքը, ասես տարբերակներով, մեկից մյուսին է փոխանցվում:
«Զվարթ գիտություն»-ին հարազատ տրամադրություն ենք տեսնում «23.X.1936» վերնագրված բանաստեղծության մեջ: Նրանում բանաստեղծը գոհություն է հայտնում Տիրոջը` իրեն պարգևած «մուսաների անեղծ մտերմության» համար: Սակայն սրբազան պարգևը «անագորույն մարդկանց» թվում է`
– Մի տխմարի, մի ցոփ արարածի տրված//Աններելի լպիրշ իրավունք`// Ուրիշների մահու և ժանտախտի ժամին…//Պարերգություն մերկոտն բամբիոնածափ…
Բերված քառատողն ասես բնութագրում է «Զվարթ գիտություն» բանաստեղծության երգչի երգը: Սակայն այդ բնութագիրը բանաստեղծի երգին տրվում է «արևազուրկ մարդկանց» կողմից, որոնց խոհերը «մռայլ» են, կյանքը` «անժպիտ»:
Չարենցը ներքուստ պաշտպանում է իր երգը` ծնված «մուսաների անեղծ մտերմությունից»: Բանաստեղծը ճշմարիտ երգի համար ընտրում է տառապանքի ուղին («…չիք ուրիշ ուղի` տառապանքից ուղիղ»):
Նա համոզված է, որ անեղծ երգի համար բանաստեղծը պետք է խոշտանգի անգամ իրեն:
– … Դու պիտի կյանքըդ գոցես//Եվ խոշտանգես անգամ քեզ… («Զվարթ գիտության»)
Նման տողերով բանաստեղծը բաժանվում է «Զվարթ գիտություն» բանաստեղծության իր կասկածելի նմանակից:
Տեղին կլինի հիշատակել Նիցշեի «Զվարթ գիտությունը»-ի նախերգանքում ասվածը.
– Կգրավեն, կսիրեն – մինչ հոշոտեն քեզ հետո…