«Կեցությունը և Տոնո Տալյանը» երկի կառուցվածքային առանձնահատկությունները / Կարեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

 

Հրաչյա Սարիբեկյանի «Կեցությունը և Տոնո Տալյանը» երկը կարևոր նշանակություն ունի հեղինակի ստեղծագործության համատեքստում: Մեր խորին համոզմամբ՝ հենց այս երկում են գծագրվում հեղինակի գրական-գեղարվեստական նախասիրությունները և պատկերակերտման առանձնահատկությունները, որ հետագայում իրենց տարբեր դրսևորումներն ունեցան մյուս ստեղծագործություններում։ Գաղափարական բովանդակությունն իր ընդգրկունությամբ պայմանավորել է հետաքրքիր կառուցվածք և կերպավորման արվեստ: Մեր վերլուծության ընթացքում հիմնականում կկիրառենք կառուցվածքաբանական մեթոդը։
Հետազոտության նպատակը այս ստեղծագործության կառուցվածքային տարրերի ներքին հարաբերությունները բացահայտելն է։ Տեքստը վերլուծելիս հիմնականում կօգտվենք մեր «Հավանականի և իրագործվածի փիլիսոփայական հայեցակերպերը գրական երկի կառուցվածքում» հոդվածի հիմնադրույթներից։ Այդ պատճառով նպատակահարմար ենք համարում նշված հոդվածից կատարել որոշ մեջբերումներ, որ ավելի պարզ ըմբռնվի Հ. Սարիբեկյանի սույն ստեղծագործության կառուցվածքաբանական վերլուծությունը։ Այսպես, վերը նշված հոդվածում կատարել ենք գեղարվեստական պատկերի վերլուծություն՝ հիմքում դնելով հավանականի և իրագործվածի տիրույթների փիլիսոփայական հիմնավորումները։ Հոդվածում նշել ենք. «Բոլոր այն պատկեր-գործողությունները, որոնք ծնունդ են ցանկության և ենթադրության, համապատասխանում են կյանքի բնական օրինաչափություններին և չեն համընկնում իրագործված գործողությունների հետ, պատկանում են հավանականի ոլորտին։ Հավանականի ոլորտը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրագործվածից որոշակիորեն տարբերվող, կյանքի բնական օրինաչափություններին համապատասխան, տվյալ երկում հիշատակվող, բայց չիրագործված գործողությունների հանրագումար»1։ Հավանականի ոլորտի պատկերները դասակարգել ենք մի քանի սկզբունքով։ Մեր հետազոտության տեսանկյունից առավել հետաքրքրական են այն դասակարգումները, որոնք կատարվել են ըստ իրագործման հավանականության և ըստ իրագործվածի հարթության պատկերների հետ ունեցած հարաբերությունների։ Ըստ առաջին սկզբունքի դասակարգելիս առանձնացնում ենք իրագործելի հավանականը և անիրագործելի հավանականը. «Եթե հավանականի հարթության պատկերը ունի հակադրություն իրագործվածի հարթության վրա, ուրեմն՝ գործ ունենք անիրագործելի հավանականի հետ, իսկ եթե բացակայում է այդ հակադրությունը, ուրեմն՝ հավանականի հարթության պատկերները իրագործելի են»2։ Ըստ երկրորդ սկզբունքի դասակարգելիս ստանում ենք փոխարկելիական և շարունակելիական հարաբերություններ. «Այսպես, եթե հավանականի հարթության գործողությունը իրագործվածի հարթության պատկերին հարաբերվում է անցյալի մեջ, ուրեմն՝ առկա է փոխարկելիական հարաբերություն։ Եթե հավանականի պատկերը իրագործվածին հարաբերվում է ապագայի մեջ, ուրեմն՝ այդ հարաբերությունը շարունակելիական է»3։ Փոխարկելիական հարաբերություններն իրենց բնույթով փոխբացառող են, իսկ շարունակելիականները՝ փոխլրացնող։ Այդ հոդվածում համառոտ անդրադարձ ենք կատարել նաև Հ. Սարիբեկյանի «Կեցությունը և Տոնո Տալյանը» երկին։ Այստեղ կփորձենք կատարել առավել խորքային քննություն՝ պատկերային համակարգը ներկայացնելով ըստ վերը բերված հիմնադրույթների։
Նախ և առաջ պիտի կարևորել ստեղծագործության թեման և գաղափարական բովանդակությունը: Մեզ հետաքրքրող խնդրի տեսանկյունից սրանք առաջնային են, քանի որ կերպավորման արվեստի ու կառուցվածքի առանձնահատկությունները պայմանավորված են հենց սրանցով: Լայն առումով, ստեղծագործությունն առհասարակ մարդկային կյանքի մասին է, ավելի կոնկրետ՝ դրա տարբեր հարթությունների. «Այն, ինչ կոչվում է մարդկային կյանք, բաղկացած է երեք հարթություններից, որոնցից երկուսը՝ ժամանակից ու տարածությունից դուրս չգիտակցված հնարավորը և հնարավոր չիրագործվածը, իսկ մեկը՝ ժամանակի ու տարածության մեջ հնարավոր իրագործվածը՝ հաճախ նույն ինքը՝ վատնած ժամանակը»4։ Այս հատվածն ինչ-որ առումով բանալի է ողջ ստեղծագործության համար: Այստեղ շատ որոշակիորեն գծագրված է բովանդակային առանձնահատկությունը: Պարզ է, որ գործ ունենք ոչ թե իրականության որևէ ոլորտի կամ տարբեր ոլորտների, այլ՝ ընդհանրացված իրականության և իրականությունից դուրս գոյություն ունեցող երևույթների բախման կամ համագործակցության հետ: Իրականության և իրականությունից դուրս գտնվող երևույթների հակա­դրությունները առաջ են բերում հավանականի և իրագործվածի, անցողիկի և հավերժի տարակերպ հարաբերություններ: Ասվածից ենթադրելի է, որ այս ստեղծագործության կառուցվածքային նկարագիրը կարելի է ներկայացնել վերը բերված հոդվածում ընդհանրացված սկզբունքներով։ Իրականության տիրույթում պատկերված յուրաքանչյուր երևույթ ունի այլ հարթության վրա գտնվող որևէ հակադրություն: Առաջին գլխում մենք հստակ տեսնում ենք իրականությունից դուրս գտնվող որոշակի երևույթներ, որոնք կարող ենք դիտել իրագործելի և անիրագործելի հավանականի համապատկերում: Հեղինակի բնորոշմամբ՝ դրանք չգիտակցված հնարավորի և հնարավոր չիրագործվածի արտահայտություններ են: Պարզ է, որ Տոնո Տալյանի՝ իրականության տիրույթներում չկարդացած գրքերի ընթերցումը, գիրք գրելու հանգամանքը և կնոջ նվաճումը դուրս են իրագործվածի հարթությունից: Իրագործվածի հարթության վրա գտնվող Տոնո Տալյանի ճակատագիրը որոշակիորեն հակադրվում է չգիտակցված հնարավորի ոլորտին: Տոնո Տալյանի նմանակը իր տարբեր դրսևորումներով ներկայացնում է անցյալի կամ անորոշ ապագայի որևէ իրողություն, որ պատկանում է մեկ այլ հարթության: Այսպես, եթե Տոնո Տալյանի գրած գիրքը, չկարդացած գրքերի ընթերցումը և կնոջ նվաճումը ներկային հարաբերվում են անցյալի, ապա լոգարանի դիակը՝ անորոշ ապագայի մեջ: Առաջին դեպքում հստակ կարելի է նկատել իրագործվածի և հավանականի ցայտուն հակադրությունները, որոնք բացառում են այլ հարթությանը պատկանող դեպքերի ներթափանցումը իրականություն: Դրանք անիրագործելի հավանականի արտահայտություններն են. «Գրքերի մեջ նկատեց ևս մեկը, հեղինակ՝ Տոնո Տալյան: Վերցրեց գիրքը, ծանոթագրության մեջ կարդաց իր կենսագրականը: Բայց չէ՞ որ ինքը գիրք չի գրել, այդպիսի փաստ իր կենսա­գրության մեջ չկա: Եվ այդ պահին Տոնո Տալյանը հասավ պայծառացման ու հասկացավ, որ կա մեկ ուրիշ Տոնո Տալյան, որ ապրում է մեկ այլ հարթության վրա՝ ժամանակից ու տարածությունից դուրս»5: «Տոնո Տալյանը մտավ ննջասենյակ: Հոգնած էր, քնել էր ուզում: Անկողնում դարձյալ այդ նմանակն էր՝ մի կնոջ հետ սիրախաղ անելիս: Ճանաչեց. այն կինն էր, ում սիրում և ցանկանում էր»6:

image001

Երկրորդ դեպքում գործ ունենք իրագործելի հավանականի հետ, քանի որ պատկերված գործողությունը ներկային հարաբերվում է անորոշ ապագայի մեջ և չունի որևէ հակադրություն իրագործվածի հարթության վրա. «- Հիշո՞ւմ ես,- ժպտաց դիակը,- երեկ դու լողանալիս ցանկություն ունեցար կտրել երակներդ: Դու ես ինձ կենդանություն տվել, Տոնո՛: Բայց ես դեռ տկար եմ, թեև քաղցկեղի նման կարող եմ լափել ուղեղդ»7:
Մենք կարող ենք սահմանել այս երկու հարթություններին պատկանող պատկերների երկտիպ հարաբերությունները: Այսպես, առաջին դեպքում գործ ունենք փոխարկելիական հարաբերությունների հետ, քանի որ դրանցում առկա է փոխբացառման հանգամանքը։ Իսկ երկրորդ դեպքում հարաբերությունը շարունակելիական է, քանի որ առաջ է բերված անորոշ ապագայի տիրույթը, որը լրացնում է իրագործվածի իրադարձությունները։
Այժմ փորձենք ընդհանրացնել գեղարվեստական այն հնարները, պայմանականությունները և ոլորտները, որոնք ծառայում են անիմանալիի արտահայտմանը և չգիտակցված հնարավորի ու հնարավոր չիրագործվածի պատկերմանը: Հ. Սարիբեկյանը դրանք արտահայտել է գեղարվեստական ամենատարբեր հնարներով, իրականության և վերիրականության ամենատարբեր հակադրամիասնություններում. պատրանք (գլուխ առաջին, Տոնո Տալյանի նմանակ, դիակ, զուգարանում նստած երեխա), երազ (գլուխ երկրորդ, հանդիպում մահվան հետ, կերպար-նախատիպային Տոնո Տալյանների հանդիպումը), մահ (գլուխ երկրորդ, իրական Տոնո Տալյան և մահ), գեղարվեստական իրականություն (գլուխ երրորդ, իրական Մինաս Մինասյան և Մինաս Մինասյանի գեղարվեստական կերպար, գլուխ չորրորդ, նախատիպ Տոնո Տալյան և կերպար Տոնո Տալյան):

Իրականի և անիրականի երկաստիճան հակադրություններ

image002

Երկու դեպքում էլ գեղարվեստական ելակետային հնարը երազն է, որը, սակայն, բացահայտվում է վերջում: Երկու դեպքում էլ իրականության մեջ ամփոփվածը և իրականությունից դուրս գտնվողը ներկայացնում են անցողիկի և հավերժի հակադրու­թյունը:
Գեղարվեստական կերպարը հավերժ է՝ ի հակադրություն տարածության և ժամանակի տիրույթում գտնվող մարդու, և մահը հավերժ է՝ ի հակադրություն մարդկային կյանքի: Երկու դեպքում էլ այս հակադրության հիմքը մարդ արարածի մահկանացու լինելու հանգամանքն է:
Դառնանք առաջին պարբերությանը: Հեղինակը տարածությունից և ժամանակից դուրս գոյություն ունեցողը բաժանել է ենթաոլորտների (չգիտակցված հնարավոր և հնարավոր չիրագործված): Տարածության և ժամանակի մեջ գոյություն ունեցող հնարավոր իրագործվածը հաճախ նույնացվում է վատնած ժամանակին (գլուխ առաջին): Փորձենք իրականությունը նույնպես բաժանել ենթաոլորտների: Հաճախ բառը հուշում է, որ վատնած ժամանակի և իրականության միջև լիակատար համապատասխանություն չկա: Վատնած ժամանակը իրականության ենթաոլորտն է: Փորձենք սխեմայի տեսքով ներկայացնել վերն ասվածը՝ իրականության մյուս ենթաոլորտը պայմանականորեն համարելով արդյունավետ ժամանակ (հեղինակը չի խոսում այս ենթաոլորտի մասին):

image003Տոնո Տալյանի չգրած գիրքը չգիտակցված հնարավորի դրսևորումն է (անիրագործելի հավանական), ինքնասպանությունը՝ հնարավոր չիրագործվածի (իրագործելի հավանական), զուգարանում նստած երեխան՝ վատնած ժամանակի: Ինչպես չկա արդյունավետ ժամանակի հիշատակումը, այնպես էլ բացակայում է դրա գեղարվեստական արտահայտությունը: Սա ցույց է տալիս, որ ինչպես չկատարվածն էր գերիշխում իրականությանը, այնպես էլ իրականության մեջ վատնումն է գերիշխում արդյունավետությանը (դարձյալ հիշենք հաճախ բառը):
Բովանդակային այսօրինակ բարդությունը պայմանավորել է կերպարային յուրօրինակ մտածողություն: Առհասարակ գեղարվեստական կերպար հասկացությունն այստեղ երբեմն ծառայում է որպես անիրականի ոլորտի արտահայտիչ, և գեղարվեստական կերպարն այդ առումով ինչ-որ չափով հակադրվում է մարդուն: Մարդն ամփոփված է տարածության և ավարտուն ժամանակի տիրույթներում, այնինչ, գեղարվեստական կերպարը հավերժի ոլորտին է պատկանում։
Վերը նշված ոլորտների հերթափոխն ու հեղհեղուկությունը պայմանավորել են կառուցվածքային հետաքրքիր հնարներ: Այդ առումով ուշագրավ են մի գլուխը մյուսով փոխարինելու, արդեն իսկ գրված գլուխը հերքելու, դրա ընդհանուր մոդելով նոր գլուխ կառուցելու եղանակները։ Հիշատակության է արժանի նաև սարիբեկյանական նուրբ հումորը։ Վերջինս հաճախ արտահայտվում է փակագծերում նշված այս կամ այն արտահայտության կամ գլուխը եզրափակող նախադասությունների միջոցով: Առաջին գլուխը եզրափակող նախադասությունն ինչ-որ առումով կարելի է համարել գործողությունն առկախ թողնելու հումորային «արդարացում». «Այդ պահին ես ծխախոտ էի վառում, իմ մի պահ անուշադրության պատճառով կորցրեցի հերոսիս, ինչի համար ներողություն եմ խնդրում քեզնից, իմ ընթերցող»8: Այսինքն՝ կարող ենք պնդել, որ հումորը նույնպես նպաստում է հետաքրքիր կառուցվածքային հնարների դրսևորմանը։
Այսպիսով, Հ. Սարիբեկյանի այս երկի յուրաքանչյուր պատկեր ներկայացված է հակադրությունների համակարգում: Իրականության մեջ ամփոփվածի հարաբերությունն անիրականի ոլորտի հետ ստեղծել է հետաքրքիր և բազմաբարդ պատկերային համակարգ։

————————————–
1. Կ. Մանուչարյան, Հավանականի և իրագործվածի փիլի­սոփայական հայեցակերպերը գրական երկի կառուցվածքում, Լեզու, խոսք, իրականություն, նվիրված լեզվաբան-փիլիսոփա, ակադեմիկոս Էդուարդ Աթայանի ծննդյան 85-ամյակին, Երևան, 2017, էջ 388-389։
2. Նույն տեղում, էջ 392։
3. Նույն տեղում, էջ 394-395։
4. Հրաչյա Սարիբեկյան, Գուշակություններ հայելիներով, Երևան, 2003, էջ 64:
5. Նույն տեղում, էջ 65:
6. Նույն տեղում:
7. Նույն տեղում, էջ 66:
8. Նույն տեղում:

One thought on “«Կեցությունը և Տոնո Տալյանը» երկի կառուցվածքային առանձնահատկությունները / Կարեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։