Նոյեմբերի 10-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ գրական հանդիսություն՝ նվիրված արձակագիր, լրագրող Դավիթ Սարգսյանի ծննդյան 60-ամյակին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով Դ. Սարգսյանին, նշեց. «Ազնիվ հոգի, որը շարունակում է հոր՝ Մկրտիչ Սարգսյանի մաքուր հոգու տոհմային շառավիղը և պատանեկան տարիքից պատմվածքներ, ապա և հրապարակախոսական հոդվածներ գրելով հաստատում, որ ոչ թե պարզապես հոր զավակն է շարունակում գրել, այլ՝ նրա ստվերի տակ ունի ինքնատիպության որոշակի պահուստ և պիտի արտահայտի դա» և հրապարակեց ՀԳՄ վարչությաւն ուղերձը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ուղերձը կարդաց Գայանե Սամվելյանը, որտեղ մասնավորապես նշված էր. «Մեր գրականության անկախության փուլում Դ. Սարգսյան գրող-գործչի դերային հանձնառությունը չափազանց կարևոր է, ձեր ստեղծագործությունները առանձնանում են տեղ-տեղ դասական ավանդույթներով, տեղ-տեղ նորարարություններով… 1998-2011 թթ. Հայաստանի Ազգային գրադարանը Ձեր ղեկավարությամբ առաջին անգամ իր պատմության ընթացքում աշխարհին ներկայացավ որպես անկախ և ինքնիշխան պետության տպագիր մշակույթի և տեղեկատվության շտեմարան: Այդ տարիներին կյանքի կոչվեցին բազմաթիվ ծրագրեր, որոնք միջազգային գրադարանային կազմակերպությունների շարքում մեծ ճանաչում և հեղինակություն բերեցին Մայր գրադարանին»:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հավաստմամբ` «Եթե փորձենք ամփոփ ակնարկ նետել նրա կենսագրությանը, գրական հասարակական գործունեությանը, կտեսնենք, որ իր կյանքի բոլոր հանգրվաններում նա կանգնած է գրի, գրքի, ընթերցանության, մշակույթի կենտրոնում: Այլ հարթությունում չես կարող պատկերացնել Դավիթ Սարգսյանին»:
Ռեժիսոր, ՀՀ ժող. արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի գեղ. ղեկավար Երվանդ Ղազանչյանը ևս արժևորեց Դ. Սարգսյանի գործունեությունը Ազգային գրադարանում, որը դարձել էր մշակութային կենտրոն և ապրում էր բազմազբաղ կյանքով: Նա գնահատեց գրողի հումորը կյանքի բոլոր դրվագներում:
Լիպարիտ Սարգսյանն անդրադարձավ «ԳԹ»-ում տպագրված Դ. Սարգսյանի «Պատմվածք չգրելու մասին» գործին, որտեղ արծարծված են մշակութային կյանքի գրեթե բոլոր մտահոգիչ խնդիրները: «Հետաքրքիր մտահղացմամբ, հետաքրքիր շարադրանքով Դավիթը կարողացել է բոլորիս մեջ առկա դժգոհությունը, բողոքը արտահայտել, թե ինչու այնպիսի տրամադրություն չենք ունենում, որ հաճախակի մոտենանք գրասեղանին»,- ասաց նա:
«Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի ուղերձը փոխանցվեց գրողին: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ուղերձը ներկայացրեց գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը:
Ելույթ ունեցան նաև Արտաշես Շահբազյանը, Գյումրիի Հովհ, Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը, Հայկական հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանը, Մանկավարժական համալսարանի գրադարանի վարիչ Տիգրան Պետրոսյանցը, «Մուսալեռ» հայրենակցական բարեգործական միության նախագահ Պերճ Ղազարյանը, արձակագիր Վահան Սաղաթելյանը, Արևշատ Ավագյանը, Թորոս Թորանյանը: Սրտառուչ խոսքով ելույթ ունեցավ գրողի մայրը՝ Ելենա Մկրտչյանը:
Սերգուշ Բաբայանը հատվածներ կարդաց Դ. Սարգսյանի ստեղծագործություններից:
Երաժշտական կատարումներով ելույթ ունեցան Գուսան Հայկազունը, Արսեն Համբարյանը, Գրիգոր Սաֆարյանը:
Շնորհակալական խոսք ասաց Դավիթ Սարգսյանը:
Երեկույթը վարում էր Գայանե Սամվելյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ