ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հովիկ-ԳրիգորյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ԱՉՔԸ ՓԱԿԵՑ
Աչքը փակեց օրը կամաց,
Բաց աչքերիս քուն չի գալիս,
Օրերն անցան կարոտամած,
Բայց կարոտս տուն չի գալիս:

Այսպես կամաց փոխվեց տարին,
Տարի եկավ, տարի անցավ,
Ում կուզեի տեսնել նորեն,
Ա՜խ, այլևս ետ չդարձավ:

Ում կուզեի իմ խինդը տալ
Կամ թե կիսել արցունքն աչքիս,
Անցան, անցան անվերադարձ`
Մաշված հուշեր թողած հագիս:

Աչքս կարոտ ինչ-որ մեկի,
Օրը կամաց աչքն իր փակեց,
Լուռ գիշերվա այս ուշ ժամին
Տեսնես ո՞վ էր դուռս թակեց:

ԻՄ ՀՈԳԻ
Մի՛ վրդովվիր, սիրելի՛ս,
Մի՛ նեղանա, իմ հոգի,
Ես այսպիսի խենթությամբ
Դեռ չեմ սիրել ոչ ոքի…

Թող որ հպվեն ձեռքերս
Քո քնքշաբույր նռներին,
Թույլ տուր հպվեմ հմայքիդ
Գաղտնարանի դռներին:

Ծաղիկներին քո հոգու
Ցողեմ կարոտն իմ երգի,
Ու վիրավոր սիրտս հեգ
Թող սրտիդ հետ համերգի:

Մի՛ վրդովվիր, սիրելի՛ս,
Մի՛ նեղանա, իմ հոգի,
Ես այսպիսի խենթությամբ
Դեռ չեմ սիրել ոչ ոքի:

ԵՍ ՔԱՅԼՈՒՄ ԵՄ
Տունս դարձրին հրո ճարակ,
Հրդեհեցին արտս հասուն,
Սառեց արցունքն իմ աչքերի՝
Իբրև երկնի վիշտ ու ցասում…

Սարերի չափ ցավեր բերող
Բարբարոսներ եկան, անցան…
Ծառս շուքով հասակ առավ,
Հերոսնե՜րս անմահացան:

Այս էլ քանի հազար տարի
Ես քայլում եմ` Լյառն իմ դիմաց,
Տեսնես ե՞ս եմ աշխարհին պարտք,
Թե՞ աշխարհը ինձ պարտք մնաց…

ԿՈՄԱՆԴՈՍԻՆ
(Արկադի Տեր-Թադևոսյանին)
Ինչպիսի ճամփա, ինչ ճակատագիր
Ունեցար կյանքում,
Ղարսեցու որդի, քո հայրենաբաղձ
Կարոտը լուսե
Քեզ ետ բերեց տուն:
Տուն, որ այրվում էր կրակների մեջ,
Արցունքի, լացի,
Ուր մխիթարող դեռ ոչինչ չկար,
Ոգեղեն մեր սուրբ անուրջից բացի:

Տուն վերադարձար՝ բերելով քեզ հետ
Իմաստությանդ փորձը վիթխարի,
Մերկացրիր սուրդ նենգ
թշնամու դեմ,
Ինչպես Դավիթը Սասունասարի…

Թշնամու վայրագ խաժամուժի դեմ
Հյուսվեց լեգենդը Արցախ աշխարհի,
Շուշին մոր նման՝ մեկնած թևերն իր,
Աղերսում էր քեզ.
– Հրաձիգներիդ փողն ինձ դարձրու…
Որդի՛ս, կրակիր…
Մայրիկիդ տեսար` ավերված վանքի
Սուրբ խորանի մեջ`
Իր մոմը վառած աղոթում էր լուռ
Վահագն առ Աստված…
Եվ Տիգրան Մեծի հայրական ձեռքը
Օրհնանքի նման իջավ քո ուսին,
Վարդան զորավարն արթնացած
քո մեջ,
Ճամփա էր հարթում իր նոր
հերոսին՝
Իր Կոմանդոսին:

Փա՜ռք քեզ, զորավար,
փառք զինվորներիդ,
Որ ընկան մարտում
Փա՜ռք զինվորներիդ,
որ շարունակեն պիտի
Մեծ երթը դեպ նոր հաղթություն…

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԳ
Թող օրհնյալ լինի
Հողագունդն այս ծեր,
Օրհնյալ լինեք դուք`
Աշխարհի մարդիկ,
Որ սև օրերին
Իմ եղեռնազարկ,
Դարձաք ինձ ընկեր,
Եղբայր ու տանիք…

Հյուրընկալության
Համար` շատ գոհ եմ,
Թող Աստված օրհնի
Ձեր տեղն ու տունը,
Տառապանքի սև
Ճամփան անցել եմ,
Կանչում է Մասյաց
Իմ միակ տունը:

Ճամփորդ չեմ ընկած
Աշխարհքից աշխարհ,
Ա՜խ քանդվի իմ տուն
Քանդողի տունը,
Ավեր, ավարից
Դարձած մի նշխար
Կանչում է Մասյաց
Իմ միակ տունը:

Հայոց աշխարհն է
Կարոտից շիկնել,
Չարն է մտել իմ
Դրախտի այգին …
Մի՞ թե աշխարհին
Ջրհեղեղ է պետք,
Որ չարի արնոտ
Հետքերը մաքրի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։